+374 99 12 80 82 Երեքշաբթի - 10 Դեկտեմբեր 2024

Լեո Լեո-Վարդանյան. Արվեստը որպես արձանագրվող մեդիտացիա


Արվեստը մեդիտացիա է, որը չի ենթադրում առարկայի ժխտում, և ամեն իրական տարածք չէ, որ պարունակում է տեսանելի ձևեր: Կարծես թե աբստրակտ արվեստի խնդիրները մեդիտացիան լուծում է յուրովի: Այսպես` Լեո Լեոյի արվեստը ներքաշում է դիտողին մի յուրահատուկ մեդիտացիոն դաշտ, որտեղ կրկնվող համաչափ ռիթմը, գունային ցանցն ու ներդաշնակությունը  ուղղորդում են դիտողին դեպի հանգստություն և ազատագրում: Լեոյի աշխարհը շատ բազմազան է բայց ազնիվ: Եվ նա ազատորեն թույլ է տալիս մուտք գործել իր աշխարհ, զգալ իր հոգու ամենանուրբ վիբրացիաները` միայնակ մնալ իր ստեղծագործությունների հետ, զգալ, վերապրել ու վերացարկվել իրական աշխարհից: Առաջին հայացքից միատարր ու պասիվ թվացող մակերեսներն իրականում ներքաշում են դիտողին իրենց ամենախորը շերտերը, ազատագրում ու մաքրում մտքերը: Արվեստում ամենաթանկ զգացողություններն այն զգացողություններն են, որոնք բառերով հնարավոր չէ նկարագրել: Ահա այդ բառերով չնկարագրվող զգացողություններն են, որ Լեոն ցանկանում է դարձնել վիզուալ: Leo-Leo-Vardanyan-001Ըստ նրա` հնարավոր չէ խոսել այն ամենի մասին, ինչը զգացականի ոլորտում է: Կան անսահմանի գիտակցման հետ կապված զգացողություններ և ավելի նոր զգացողություններ, որոնք նկարչության միջոցով փոխարինվում են և դառնում տեսանելի: Այսինքն` մեդիտացիան դառնում է տեսանելի: Հետևաբար նկարչության միջոցով Լեոն արձանագրում է իր ուղղությունը, իր ընթացքը, և այսպիսով` արձանագրվում է մեդիտացիան: Ըստ նրա,  ամեն ոչ առարկայական նկարչություն չի, որ կարելի է անվանել աբստրակցիա, քանի որ զգացողությունները բավական ռեալ տարածքներ են և դրանք աբստրահված չեն, ինչպես երկնքի մի կտորը, որը իր մեջ պարունակում է անսահմանի զգացողությունը, չի պարունակում առարկայական ոչինչ, բայց կրում է անսահման տարածություն, որը ռեալ է: Ահա  այդ տարածությունները կան նկարչի մեջ, նրա հոգում ու սրտում: Անսահման տարածքներ, որոնց սահմանային վիճակները բավական փխրուն են: Նա երջանիկ է, որ որոշ զգացողություններ կարողանում է արձանագրել և իր մեդիտացիան նվիրել ուրիշներին:  Ցանկալի արդյունքի հասնելու համար Լեոն դիմում է տարբեր նկարչական մեդիաների և նա վստահ է, որ գտնվում է միևնույն տարածքում: Այսինքն` նյութը փոխելուց նկարիչը մնում է կենտրոնում, ընդհուպ մինչև երաժշտություն, վիդեո-արտ, ռելիեֆային գեղանկարչություն և այլն: Նկարիչը շատ մեծ կարևորություն է տալիս կատարողական արվեստին, էսթետիկ  բոլոր դրսևորումներին, բայց այդ ամենը նրա համար ոչ թե նպատակ է, այլ միջոց: Դրանք բոլորը հզոր միջոցներ են` արտահայտելու ներհայեցողական վիճակներ: Լեոն մեծ  ոգևորություն է ապրում, երբ հանդիսատեսը վերապրում  կամ վերադարձնում է իրեն այդ նույն զգացողությունները, որոնք նա արձանագրել է արվեստանոցում և շարունակում է արդեն ցուցասրահում`հանդիսատեսի հետ: Leo-Leo-Vardanyan-003Այսինքն` կատարվում է մի յուրահատուկ էներգետիկ շրջապտույտ: Այդպիսի մի շատ ինտենսիվ հնարքի է դիմում նկարիչը վիդեո-արտի միջոցով, երբ կտավը գտնվում է դիտողի և նկարչի արանքում և նրանց ժամային գոտին հավասարազոր է: Արդյունքում տեղի է ունենում էներգիայի անմիջական փոխանցում և կենդանի դիոլոգ նկարչի և հանդիսատեսի միջև` երաժշտության ուղեկցությամբ: Նույնիսկ երաժշտության առումով նկարիչն իրեն իրավունք է վերապահում գտնել գույներին համապատասխան հնչերանգներ և ստեղծել իր նկարչությանը համահունչ երաժշտություն: Լեոն պատմում  է, որ սանսկրիտի տերմինալոգիայում կա մի հայտնի արտահայտություն` «նե թի, նե թի», որը թարգմանաբար նշանակում է` «դա չի, դա չի»: Այսինքն` կան նուրբ վիբրացիաներ (նիրվանա, սամադհի, էքստազ և այլն), որոնք խոսքերով հնարավոր չէ նկարագրել: Երբ արևելքում որևէ մեկը դիմում է բառերի և ցանկանում է նկարագրել դրանք, իմաստունները նրան հիշեցնում են. «նե թի, նե թի ` դա չի, դա չի»: Այսինքն` դա բառերով հնարավոր չի նկարագրել:  Փաստորեն` նկարիչն ունի երջանիկ հնարավորություն ոչ թե բառերի, այլ տարբեր մեդիաների միջոցով արտահայտել իր զգացողությունները, ցույց տալ, արձանագրել, փոխանցել և վերապրել: Լեոն բավական սկզբունքային արվեստագետ է: Նա արդեն որոշակի նշաձող է սահմանել ինքն իր համար, և ոչ միայն իր, այլ այդ ոլորտում և արվեստի այդ սահմաններում գտնվող այլ արվեստագետների համար ևս: Նա համոզված է, որ նկարչի ստեղծագործությունը հենց ինքը նկարիչն է: Leo-Leo-Vardanyan-024Եվ եթե ընդունում ենք դա, ապա պետք է ընդունենք նաև, որ որքան շատ բան է ասում ստեղծագործությունը հեղինակի մասին, նրա ներաշխարհի, նախասիրությունների, հնչյունի, գույնի, տեմպերամենտի ու էմոցիաների մասին, այնքան այդ ստեղծագործության արժանիքն ավելի բարձր է, քան այն ստեղծագործությանը, որը սահմանափակվել է միայն էսթետիկայով, որտեղ նկաիչը կարծես թաքնվել է` սիրաշահելով հասարակությանը և ինքն ըստ էության բացակայում է: Լեոն նաև խորապես մտահոգված է, որ ցավոք, որոշ նկարիչների դուր է գալիս փախուստը իրական «Ես»-ի տարածքներից և  նրանց արվեստը հիմնված է տրամաբանության, ճաշակի, ինֆորմացիայի վրա և էներգետիկ տրանսֆորմացիայի առումով իրենից ոչինչ չի ներկայացնում: Ըստ նրա` ինչպես արվեստում, այնպես էլ կյանքում, մարդկային ամենավտանգավոր տիպը կեղծավորն է, քանի որ երբ հանդիպում ենք թեկուզ և վատ մարդու, ապա իմանալով դա` շեղում ենք ճանապարհը ու դրա մեջ կա որոշակի արժանիք, քանի որ տեսնում ենք այն, ինչ-որ կա: Պետք է նաև ընդունենք, որ եթե կա դեպրեսիվ մարդ, ապա կա նաև դեպրեսիվ արվեստ, հոգևոր մարդ` հոգևոր արվեստ, հիստերիկ մարդ` հիստերիկ արվեստ և այլն: Նրանց արժանիքը կայանում է նրանում, որ գոնե այս դեպքում նման արվետագետները արժանի են հարգանքի, քանի որ լավ կամ վատ նրանք նման են իրենց ստեղծագործություներին, չեն փորձում սիրաշահել հասարակությանը և հմուտ ձևով թաքնվել  մոդեռն և ճաշակով արված գործերի հետևում:  Իսկապես ուրախալի է, երբ նկարչի մոտ տեսնում ենք նրա արվեստի և հանդիսատեսի միջև անմիջական, լուռ դիալոգ` ինչպես Լեոյի ստեղծագործությունների պարագայում է: Իհարկե, նման արվեստը նկարչից պահանջում է կենտրոնացվածություն, խորաթափանցություն, ազնվություն առաջին հերթին ինքն իր հետ, առանց որի հնարավոր չէ որևէ տիպի տրանսֆորմացիա: Հակառակ դեպքում արվեստը դառնում է սոսկ իմիտացիա, ինչը Լեոն Լեոն, այսօրվա արվեստի ամենամեծ խնդիրներից է համարում:





Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով