+374 99 12 80 82 Շաբաթ - 20 Ապրիլ 2024

Իմպրեսիոնիզմը որպես երաժշտական ուղղություն


Հոդվածի հեղինակ՝  Մարիամ Գաբիկյան

Երաժշտագետ


claude-monet-impression-sunrise

Կլոդ Մոնե, Տպավորություն, արևածագ, 1873թ.

Իմպրեսիոնիզմը 19-րդ դարի 70-ական թթ. Ֆրանսիայում ծագած գեղարվեստական ուղղություն է, որն արտահայտվեց գեղանկարչության, այնուհետև գրականության, թատրոնի և երաժշտության ասպարեզում։ Երաժշտական իմպրեսիոնիզմը ծագեց 19-րդ դարի 80-ական թթ․ վերջին՝ առաջին հերթին իր արտահայտումը գտնելով Կլոդ Դեբյուսիի արվեստում։ «Իմպրեսիոնիզմ» տերմինի կիրառումը երաժշտության մեջ կարելի է պայմանական համարել։ Իմպրեսիոնիստ կոմպոզիտորների երաժշտության մեջ գլխավորը տրամադրության փոխանցումն է, հազիվ նշմարելի հոգեբանական վիճակի արտահայտումը։ Սա մոտեցնում է իմպրեսիոնիստների երաժշտությունը պոետ-սիմվոլիստների արվեստին։ «Իմպրեսիոնիզմ» տերմինը հետագայում ընդգրկվեց երաժշտական երևույթների լայն շրջանակ ինչպես ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Կ․Դեբյուսիի, Մ․Ռավելի, Պ․ Դյուկայի, Ֆ.Շմիտի, Ժ․Ռոժե Դյուկայի և այլ ֆրանսիացի կոմպոզիտորների երաժշտության իմպրեսիոնիստական գծերը արտահայտվեցին բանաստեղծական պեյզաժի պատկերման ձգտմամբ (Կ.Դեբյուսի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը», «Նոկտյուրներ», «Ծովը», Մ. Ռավելի «Ջրի խաղը», «Դափնիս և Քլոյա» և այլն):  Բնությանը մոտ լինելը, այն նուրբ զգացմունքները, որոնք առաջանում են ծովին, անտառին, երկնքին նայելիս ըստ Դեբյուսիի կարող են արթնացնել կոմպոզիտորի ֆանտազիան, կյանքի կոչել ձայնային նոր հնարքներ, նոր տեխնիկա, որն ազատ կլինի ակադեմիականություններից։  Երաժշտական իմպրեսիոնիզմի մյուս ոլորտը ֆանտաստիկան էր, որը ծնվեց անտիկ դիցաբանությունից, կամ միջնադարյան լեգենդներից ու Արևելքի ժողովուրդների էկզոտիկ աշխարհի պատկերներից։ Իմպրեսիոնիզմի էսթետիկան իր ազդեցությունն ունեցավ երաժշտական բոլոր հիմանական ժանրերի վրա (օպերա, դաշնամուրային մանրանվագներ, վոկալ մինիատյուրաներ, սիմֆոնիկ էսքիզներ)։ Իմպրեսիոնիստ կոմպոզիտորների արվեստը հարստացրեց երաժշտական արտահայտչամիջոցների ներկապնակը։ Դա առաջին հերթին վերաբերում է հարմոնիային։ Երաժշտության մեջ ուժեղացավ յուրաքանչյուր ձայնի, տեմբրի, ակորդի նշանակությունը։ Յուրահատուկ թարմություն էր երգային, պարային ժանրերին դիմելը` վերցված Արևելյան երկրներից, Իսպանիայից, աֆրոամերիկյան ջազի նոր ձևավորվող ձևերից։ 20-րդ դարի սկզբին իմպրեսիոնիստական երաժշտությունը սկսեց տարածում գտնել նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս` յուրաքանչյուր երկրում ստանալով տվյալ երկրին բնորոշ սպեցիֆիկ ազգային գծեր։ Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին Իգոր Ստրավինսկին, Սերգեյ Պրոկոֆևը, Բելա Բարտոկը հիմք դրեցին «հակաիմպրեսիոնիստական» ուղղությանը, և չնայած իր կարճ կյանքին իմպրեսիոնիզմը հեղափոխություն մտցրեց երաժշտության աշխարհում։­­­


Կ. Դեբյուսիի «Լուսնի լույս» ստեղծագործությունը.



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով