+374 99 12 80 82 Հինգշաբթի - 12 Դեկտեմբեր 2024

Հակոբ Անանիկյան – Ամենակոլորիտային քաղաքի նկարիչը


       Գեղարվեստական ինքնատիպ տաղանդ ունեցող նկարիչներից է Հակոբ Անանիկյանը(1919-1977): Նա իր նկարչական տաղանդը բացահայտել է 1966 թվականից  հետո, երբ թողնելով իր ծննդավայրը` Լենինականը, բնակություն է հաստատում Երևանում: Սակայն իր ստեղծագործություններում նա հավատարիմ է մնացել հարազատ քաղաքին` անվերջ վերհիշելով հին Գյումրու` Ալեքպոլ-Ալեքսանդրապոլի անցյալում մնացած, անցած-գնացած դեպքերն ու դեմքերը, կյանքն ու կենցաղը, անկրկնելի ոգին ու շունչը, բնիկ գյումրեցիների կերպարներն ու կոլորիտային տիպաժները: Անանիկյանի կտավները երկար աշխատված, պլաստիկորեն լավ մշակված ստեղծագործություններ են, որոնք աչքի են ընկնում խիտ քսվածքով, գունային թանձր շերտավորումով, զուսպ, մթին` հողագույն, կարմիր ու շագանակագույն, արծաթափայլ, գորշ և սև տոներն ու «թանգարանային» խավար ֆոները նկարիչը հաճախ աշխուժացնում է ավելի պայծառ, վառ ու լուսեղեն, կարծես առկայծող գունաբծերով: Տիրապետող մուգ տոնայնությունը ոչ թե դրամատիկ, մռայլ, այլ հանգստաբեր, ջերմ, կամերային հնչերանգ ունի [1, էջ 143-144]:

Hakob-Ananikyan03 Hakob-Ananikyan02

      Առաջին հայացքից կարող է թվալ, թե Անանիկյանի արվեստում գերիշխել է բնազդականը: Այս ենթադրությունը բխում է արտաքուստ տարերային, ազատ, նույնիսկ, որքան էլ պարադոքսալ հնչի, որոշ իմաստով վիրտուոզ ու ժամանակակից նկարչաեղանակից: Սակայն մինչև յուղաներկին անցնելը նկարիչը շատ երկար ճշտել է կամպոզիցիան, հստակել գծանկարը, ապա միայն սկսել նկարել` եռանդուն, ներշնչված, հետևելով ոչ այնքան գծանկարի ճշտգրտությունը, որքան ֆակտուրային, ճշմարիտ գեղանկարչությանը,  որը մենք երբեմն մոռացության ենք տալիս:

      Գեղանկարչական ֆակտուրան Անանիկյանի կտավներում չի վերածվել պարապ հրապուրանքի ու մանր նրբերանգման, այլ ձեռք է բերել հավասար լարվածություն: Երբեմն նկարիչը դիմել է էֆեկտների, բայց դրանք երբեք ինքնանպատակ չեն, բացահայտվել են նկարելու ընթացքում և հմայում են մի առանձին անկեղծությամբ` հնչեցնելով մուգ ֆոնի վրա շողացող գունաբծերի պայծառությունը:

     Միջին չափերի, հաճախ փոքրադիր, ստվարաթղթի, կամ կտավի վրա յուղաներկով կատարված աշխատանքների հերոսները, դրանցում գործող, կամ դիտողին պարզապես ներկայացող պերսոնաժները ոչնչով առանձնապես աչքի չընկնող, իրենց առօրյա գործերով զբաղված աշխատավոր մարդիկ են` քաղաքի արհեստավորական կամ մանրածախ-առևտրական խավերը կազմող վաճառողներ ու հացթուխներ, կոշկակարներ ու պայտագործեր, երկաթուղային դեպոյի աշխատողներ ու շինարարական բանվորներ,   քաղաքի նեղլիկ փողոցներով ֆայտոն քշող կառապաններ, ժողովրդական բանահյուսության, քաղաքային սրամիտ ֆոլկլորի, անեկդոտների հանրածանոթ հերոսներ և այլն:

Hakob-Ananikyan04Hakob-Ananikyan07Hakob-Ananikyan06

       Անանիկյանի ստեղծագործությունները բարեկամական ջերմացնող, անչար հումորով թաթախված, երբեմն զավեշտային տպավորություն թողնող իրավիճակներ և իրադրություններ, հնուց ավանդված, սովորույթ դարձած, ծեսի վերածված արարողություններ` ընկերական կամ ընտանեկան քեֆ, խնջույք, հավաք պատկերող, մի քանի դիպուկ շտրիխներով բնութագրված ժանրային տեսարաններ են: Այս թեմատիկայի լավագույն գործերից է «Պոլոզ Մուկուչը», որ պատկերված է գույմրվա սև տարազով,  հանդիսավոր դիրքով նստած աթոռին, գինու բաժակը ձեռքին, շուրջը գինու տակառներ: Թվում է` հերոսը շուտով շունչ է առնելու, ու սկսի իր կենացներն ուսրամտությունները, Գյումրվա  համ ու հոտով ու հումորով:

      Առավել մտախոհ կերպար է «Հացթուխ Սիմոնը»: Այստեղ կոլորիտը լուծված է ցորենագույնի, դեղինի, ու շագանակագույնի երանգներով, ինչը ընդգծում է թոնրատան գաղափարը, հացթուխի մասնագիտությունը: Դիտողն ակամայից զգում է թոնրի տաք հացի հոտը: Լավ ընդգծված են հացթուխի ձեռքերը, ով մտազբաղ նստած է իր թոնրատանը, կարծես հանգստանալու: Ինչպես և Անանիկյանի մյուս գործերում, կերպարը Գյումրվա տարազով է, ինչը ավելի է ուժեղացնում ազգային շեշտադրումը: 

    Գյումրվա կանանց ազգային տարազի պատկերման օրինակներից հետաքրքիր են «Հարսը», «Կաթ բերողը»  ստեղծագործությունները: Վերջինում նաև հետաքրքիր ճարտարապետական ֆոն կա, Գյումրվա տուն` փայտյա պատշգամբով: Գյումրին Անանիկյանը ներկայացնում է մուգ, դրամատիկ գունապատկերով, որը, սակայն, մռայլ հոռետեսական չէ:

      Իր գործերում նկարիչը ձգտում է ոչ միայն ազգագրական մանրամասների ճշտգրտության, այլև չքնաղ քաղաքի մթնոլորտի հաղորդմանը՝ ոչ սովորական սև-արծաթավուն գունապատկերի օգնությամբ:

    Կտավների գունային մթնոլորտի խստությունը, խտացումը նույնպես բխում է զգացողություններից, հուշերից. թրծված քարերի վրա հանգչող, տակը խարույկի մրից սևացախ խարույկի կաթսա, սև ֆայտոններ, պատկառելի գյումրեցիների սև զգեստներ, գոտևորված մթնած, թույլ առկայծող արծաթով և, վերջապես, հոյակապ տներ` կառուցված սև տուֆից ու զարդարված հարուստ քանդականախշերով:       Այսպիսին է ներկայացնում մեզ Գյումրին Հակոբ Անանիկյանը:  Այսպիսին ենք տեսնում նրա հայրենի քաղաքը բազմաթիվ կտավներում և չենք կարող չընդունել, չսիրել անկեղծորեն այդ սրտամոտ արձակ բանաստեղծությոնները` համեմված հուշերի աշխարհին այնքան բնորոշ հումորի ու թախծի երանգներով: Անանիկյանի արվեստում արժեքավորն այն է, որ նա չի հիմնվում այլ նկարիչների ստեղծածի վերաբերյալ իր ունեցած գիտելիքների վրա: Արվեստագետն իր կտավներում անդրադարձրել է այն, ինչը զգացել և իմացել է անձամբ, այն, ինչը կապված է հարազատ ժողովրդի ոչ հեռավոր անցյալի հետ [2, էջ 6-5]:

Գրականություն

1.Աղասյան Ա., Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում. Ե., 2009

2.Իգիթյան Հ., Հակոբ Անանիկյան, կատալոգ. Ե., 1978

3.Իգիթյան Հ., Հովնաթանյանից Մինաս. Ե., 2011



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով