+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Էդուարդ Խարազյան, «Նազարստան». Վաղուց չնավարկող մեր հայրենիք-նավը


Հատված Հ.Բարխուդարյանի «Էդուարդ Խարազյանի արվեստը» մագիստրոսական ատենախոսությունից

Ինքն իր Նազարստանի մասին ասում է. «երեխայություն արեցի», հետո ավելացնում. «ցանկանում էի ավելի հասկանալի դարձնել իրականությունը, բայց  ավելի անհասկանալի դարձրի»: Էդուարդ Խարազյանի մասին խոսելիս դժվար չէ շռայլել «բազմաբնույթ»,  «բազմակողմանի», «միշտ տարբեր» ու նման այլ արտահայտություններ… Եվ իրոք` է. Խարազյանն անընդհատ փոփոխությունների սիրահար է, որ նույնիսկ իր արվեստանոցն ամեն անգամ վերադասավորում է` կարծես իր փոքր աշխարհում անըդհատ փոփոխությունների ներքին պահանջն ունենալով:

Kharazyan-Nazarstan-001

Է. Խարազյան, Նազարստան, 1972

Նա փորձարկումների նկարիչ է, սիրում է խաղալ իր դիտողի երևակայության հետ: Էքսպերիմենտալ գործերում Է. Խարազյանը գտնում է իր առասպելի նորանոր ոլորտները: Այստեղ հարկ է հիշել հին հայկական մի հրաշալի հեքիաթ՝«Քաջ Նազարը»: Է. Խարազյանը կասկածում է միայն երկրորդականում, միայն մանրամասների մեջ, միայն որոշ ակցենտներում: Դրա մասին է վկայում դեռևս վաղ շրջանում կատարած «Նազարստան» նկարաշարը: Ավանդույթի նկատմամբ ունեցած խորը ակնածանքը արվեստագետին ավելի հեռուն են տարել և միախառնվելով նրա անհանգստություններին, ու ժամանակակից կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքին, ծնունդ է տվել մի շարքի, որ Է. Խարազյանի արվեստում զբաղեցնում է շատ կարևոր տեղ: Խոսքը «Քաջ Նազար» (1969թ.)  նկարաշարի մասին է: Սկզբում այն մանրապատումների արդյունք-գաղափար էր միան, և ավելի ուշ` իր արտահայտումը գտավ 1973թ. «Նազարստան» մեծադիր կտավում և դրան կից մի քանի այլ պատկերներում:

E.Kharazyan-2

Էդուարդ Խարազյանը «Նազարստան» կտավի առջև, 1972թ.

Ոգեշնչվելով հայկական ժողովրդական հեքիաթներից, հիմքում ունենալով նրա հերոսների գունագեղ, միշտ կենդանի կերպարները, Խարազյանը դրանց հաղորդել է ժամանակակից ոգի և երանգավորում, ստեղծելով ծիծաղաշարժ կերպարանքներով ու սուր իրադրություններով հարուստ մի շարք, ուր ամեն ոք կարող է հանդիպել իրեն ծանոթ իրական անձնավորությունների: Որքան էլ մեր հիշողության մեջ զուգահեռներ առաջանան հին վարպետների հետ, նկարչին խորապես ճանաչողների համար այդ կտավները, անկասկած, մնում են խորպես նրա սեփական վերաբերմունքի ու ընկալումների արդյունք: Չնայած, լինում են նաև պահեր, երբ կասկածները համակում են Է. Խարազյանի ողջ գոյությունը, և այդժամ նա սկսում է ցայտնոտի մեջ փնտրել, վերանորոգել իր արվեստանոցը: Նազարեստանն այս դեպքում հանդես է գալիս որպես աշխարհի փոքր մոդել, ինչպես կյանքի անվերջանալի հեքիաթ: Այս թեմայում կա նրա անվերջ մենակությունը, անվերջ չբավարարվածությունը նվաճվածով և ինքն իր հետ տարվող անվերջ երկխոսություն: Հայտնի հայկական հեքիաթը՝«Քաջ Նազարը», Է. Խարազյանի մոտ ձեռք է բերում նոր ընթերցում` ընդլայնելով նրա գեղանկարչության սահմանները: Եվ արվեստագետը դիտողին տանում է ավելի հասուն միջավայր` խոսելով Քաջ Նազարի մասին իբրև երկրի մասին: Սա կյանքից կամ հայրենիքից հիասթափություն չէ, սա ազգային պատմության ներսում ինքնաճանաչման մեդիտացիա է և այդ խորհուրդը կարելի է հասկանալ և ընդունել, կարելի է և մերժել: Մեկին դուր է գալիս անվերջ հիանալ իր հայրենիքով, իսկ մեկը դրան վերաբերվում է որոշակի ծաղրանքով: Հենց այս պատճառով էլ «Նազարստանը» առանցքային գործ է Է. Խարազյանի և 60-ականների սերնդի համար, որպես միանգամայն նոր հայացք: Սա ամբողջապես տարբերվում է հայրենիքի նկատմամբ այն հիացական վերաբերմունքից, որն ունեին Է. Խարազյանի սերնդակից մյուս արվեստագետները: Նազարստանը մեր թե հին, և թե նորագույն պատմությունն է, գրոտեսկային, խղճուկ ու խորը միաժամանակ: Կիսաֆանտաստիկ հումորով և այլասացությամբ ներթափանցված, ժամանակակից կյանքի բարոյաէթիկական բարքերը խարազանող և սրանց բարձրակետն ու ընդհանրացումը դարձավ մեծակտավ «Նազարստանը»: Վերջինս Խարազյանի համար հանդիսացավ վերջափուլային և լայն ճանաչում բերեց: Հեքիաթի և իրականության համադրմամբ նկարիչը դառը ժպիտով և փիլիսոփայական շեշտադրումներով «բեմականացնում» է կյանքի անտրամաբանական և անհեթեթ համայնապատկերը՝ մնալով ժողովրդական նիստուկացի, նրա միջավայրի և առարկայական նշանների արժանահավատության սահմաններում:

Kharazyan-Nazarstan-006

Է. Խարազյան, Մանրանվագներ, 1971

Դիտողին միանգամից գրավում են հետաքրքիր, ոչ իրական կերպարանքներն ու հայկական շունչը: Իսկ եթե դիտողը հումորի բավականաչափ զգացում ունի, ապա նրա համար առավել ևս դժվար կլինի բաժանվել այդ աշխատանքներից: Հումորը և հեգնանքը Է. Խարազյանի շատ գործերի անգնահատելի հատկանիշներից են, որոնք առանձնահատուկ շեշտվածությամբ բացահայտվեցին «Քաջ Նազար» շարքում և հատկապես` «Նազարստանում»:

Դեմիրճյանական պիեսի գեղանկարչական մեկնությունը, ավելի ճիշտ՝ նրա վերաիմաստավորումը, Է. Խարազյանին հնարավորություն տվեց ստեղծելու հայկական ժամանակակից նկարչության ինքնատիպ գործեր: Արվեստագետի ստեղծագործությունները, լինեն դրանք գրաֆիկական թերթեր, թե գեղանակրչական կտավներ, կատարված են իսկական արտիստիկությամբ: Այն նկարչի էության մեջ է, նրա հոգու հատկությունն է, դժվար, բայց ոգեշունչ աշխատանքի արդյունք: Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն երկարատև խոհերի և առավել երկարատև իրացման արդյունք է: Նազարեստանն այն ժամանակ ականի պայթյունի էր հավասարազոր: Մեծ չափերի հասնող նկարում սատիրիկ ձևով Է. Խարազյանը ներկայացրել է հայկական որոշակի հասարակություն: Փոքրիկ, անհանգիստ, տգեղ մարդուկներ, ինչ-որ բան գողացող, ինչ-որ բան հայտարարող: Խորհրդային տարիներին սա նորույթ էր, ու հրապուրում էր հասարակությունը: Մի մասն այն ընկալում էր իբրև ծաղրանկար: Նկարիչն այս թեման շատ մանրակրկտորեն է մշակել:

Ինչպես և Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսը (1923թ.), այնպես էլ Է. Խարազյանի «Նազարստանը» միանշանակ չընդունվեցին ժամանակակիցների կողմից: Զարմանալի չէ Է. Խարազյանի մեծ հետաքրքրությունը իր ժամանակների բարքերի, ապրելակերպի ու խնդիրների հանդեպ: Նա երբեք չի անտեսել այն, ինչ կատարվում է իր ժամանակներում, և փորձել է դա ցույց տալ իր արվեստում: Սակայն ցավոք` գործը միանշանակ չընդունվեց…. Այդպես ընդունվեց նաև Դ. Դեմիրճյանի պիեսը: Դա խոր, բազմահարուստ բովանդակությամբ մի երկ է, որտեղ փիլիսոփայորեն իմաստավորվում են այն օրենքներն ու նորմերը, որոնցով կառավարվում էր մասնավոր սեփականատիրական շահերի աշխարհը:

Kharazyan-Nazarstan-008

Է. Խարազյան, Մանրանվագներ, 1971

Kharazyan-Nazarstan-007

Է. Խարազյան, Մանրանվագներ, 1971

Kharazyan-Nazarstan-008

Է. Խարազյան, Մանրանվագներ, 1971


Իսկ այդ աշխարհը կատակերգության հեղինակի կարծիքով մի աշխարհ էր, ուր մարդը հասնում էր իշխանության բարձունքին, աղմկոտ փառքի և դառնում երկրների բախտի տնօրինողը ոչ թե իր տաղանդի և բացառիկ շնորհքի ուժով, այլ հանգամանքների պատահական հոսանքով: Դ. Դեմիրճյանի այս պիեսի մեջ նախկինում քննադատները ոչինչ չէին տեսնում բացի կատակերգությունից:

Այդպես և Է. Խարազյանի «Նազարստանը» մի ժամանակ որպես ծաղրանկար ընկալվեց: Սակայն երկու դեպքում էլ առավել խորքային իմաստը տեսնելու խնդիր կար: Պերսոնաժների հիմարությունը ու դրանց արդիականությունը ուղիղ համեմատական էին ու այնքան ակնհայտ, որ գուցե շատերը չէին ցանկանում դա ընդունել:  Իհարկե՝ հիմար է նա, այդ Նազարը՝ ժողովրդական իմաստուն հեքիաթի այդ հերոսը, և դրան ավելացրած նաև մի անհավատալի պարծենկոտ: Նրա խոսակցությունների թեման՝ իր մտացածին քաջագործությունների պատմություններն են: Իսկապես որ, համապատասխան փիլիսոփայությունն արդեն պատրաստ է:  Աշխարհում ամեն ինչ՝ և բախտավորություն, և փառք, և հաջողություն բոլոր գործերում, և իշխանություն, ամեն ինչ կախված է պատահականությունից և ոչ ոք չի նկատի քո հիմար լինելը:

Kharazyan-Nazarstan-003

Է. Խարազյան, Քաջ Նազար, 1972

Եվ իրոք, «արքա Նազարը» անխելքի մեկն է, և դա տեսնում են բոլորը:  Բայց բոլորին էլ այդպիսի մի հիմարավուն թագավոր է պետք, որն ուրախ է, որը հասել է նմանօրինակ անսահման իշխանության և լիապես բավարարված, որ ամեն օր կարող է կուշտ ուտել, ապա պառկել քնել և զարթնելով երևակայել, թե իր ձեռքերում է ամբողջ աշխարհի բախտը: Դ. Դեմիրճյանին հաճախ քննադատում էին, չմտածելով, որ «Քաջ Նազար» հեքիաթը ժողովրդական է և հենց ժողովուրդն է տվել այդ իրականության պատկերը:  Եվ եթե ժողովուրդը կարող է ծաղրել իր այս կամ այն «կառավարողին», այդ նշանակում է, որ նա վաղուց արդեն վերաճել է դրանից և ծիծաղում է ոչ թե իր վրա, այլ ոմանց քաղաքական կուրության, ոմանց միամտության, երրորդների հիմարության, չորրորդների համբերատարության վրա և այլն, որոնց մեղքով և որոշ ստահակներ, տգետ բախտախնդիրներ, լկտի պարծենկոտներ հոգում չունենալով ոչինչ, իրենց ձեռքն են գցում իշխանությունը և, իչպես ահա այս Նազարը, բռնադատում ժողովրդին:

Նույն նկարագիրն ունի և խարազյանական «Նազարստանը», որ ամբողջացնում է բոլոր այս մտքերը մեկ գեղանկարի շրջանակներում` գեղանկարչական միջոցներով ցույց տալով այս բոլորն ու ծաղրում, միևնույն ժամանակ քննադատում և մատնանշում արատավոր բարքերը: Դա նկարիչը կատարում է հասարակ գեղարվեստական միջոցներով: «Քաջ Նազար» շարքի գործերում կտավները «բնակեցրած» փոքրիկ, գորշ, տխեղծ արարածները ելումուտ են անում «Հիմարների երկրի» անիմաստ աշխարհում, որտեղ ցանված մետաղադրամներն աճում և առավոտյան ոսկե ծառեր են դառնում: Այդ մարդուկների անիմաստ գոյությունն առանձնապես բացահայտվում է նրանց չնչին գործարարության մեջ: «Նազարստանը» (1973թ.) պատկերում է քարերի վրա նավ հիշեցնող տարածության մեջ սերտաճած, արդեն չորացած ծառի շուրջ հավաքված «հիմարների աշխարհի» բնակիչներին:

Kharazyan-Nazarstan-002

Է. Խարազյան, Հերոսի ծնունդը, 1972

Ոմանք ծառն են բարձրացել, ոմանք ներքևում են, լողում, ուտում, նվագում ու երգում են` կարծես չնկատելով թե ինչ է կատարվում իրենց շուրջը: Առաջնային կարևորություն են ձեռք բերում ունտելիքն ու խրախճանքը, մինչդեռ հայրենիքը, որ այս դեպքում հեռվում երևացող լեrնոտ համայնապատկերով է արտահայտված՝ ամայի է, ու անտեր թողնված: Կտավի գունապնակը բազմազան է, գունային, լուսաստվերային անցումները նուրբ են, մարմարյա, թավշե հարթություններ են հիշեցնում՝ տեղ-տեղ հիպերռեալիստական և սյուրռեալիստական ձգտումներով:

Ավելի վաղ ստեղծված «Նազարի վախը» (1972), «Հերոսի ծնունդը»(1972) և «Հիմարների նավը» (1972)  կտավներում ներկայացված են այլաբանական, ընդհանրացված կերպարներ, որ ներկայացնում են նախ ինքը` վախկոտ հերոսը` Քաջ Նազարն իր պարադոքսալ անվանումով, ով  ավանակ հեծնած փորձում է անցնել իր վախերի միջով, ապա` ծառ բարձրացած վախկոտների, որ սարսափով ներքև են նայում և հերոս հռչակում նրան, ով չի ընկնում ներքև, մնում է կառչած ծառի ճյուղերից: Իսկ ներքևում նրանց սպասում են իրենց վախի մարմնավորումները: Հենց սա է ազգային հերոսի ունիվերսալացման ճանապարհը, միանգամայն նոր գեղագիտական պայմաններում: Հենց այսպես է ի հայտ գալիս հակասություն առաջին հայացքից հասարակ ու արդեն հարազատ ազգային հեքիաթի մեջ: Ահա այն երկիրը, ուր հերոս են հռչակվում վախկոտները, անարժանները, որ պայքարելու քաջություն չունեն, բայց բախտի բերմամբ հերոս են հռչակվում: Եվ ի վերջո` նկարիչը պատկերել է քարերին դեմ առած նավ, որ վաղուց արդեն չի նավարկում, բայց մարդիկ չեն էլ նկատում դա: Նրանք շարունակում են իրենց խրախճանքն ու զբաղմունքները այնպիսի հպարտ ու մեծամիտ կեցվածքով, որ միայն հիմարներին է հատուկ: Այստեղ հարկ է հիշել Հ. Բոսխի «Հիմարների նավը» (1490-1500) ստեղծագործությունը, ինչպես նաև գերմանացի գրող Ս. Բրանտի «Հիմարների նավը» պոեմը (1494թ.): Վերջինս պատմում է հիմարներով լի նավի մասին, որ ճանապարհ է ընկել դեպի «հիմար դրախտ»՝ Նառագոնիա:

Kharazyan-Nazarstan-004

Է. Խարազյան, Հիմարների նավը, 1972

Ալեգոիրիկ նավի վրա այդ ճանապարհորդությունը հայտնի է դիդակտիկ գրականության մեջ դեռևս 14-րդ դարից: Իսկ Բրանտի պոեմը սատիրիկ մեկնաբանման ու մոտեցման միջոց է այն ժամանակների հիմարությանը, անբռնազբոս վարքին ու ամենատարբեր արատներին. հարբեցողություն, այլասերում, օրենսդիրների ու հոգևորականների կաշառակերություն, չարամտություն և այլն: Պոեմի առաջին հրատարակությունը` Ա. Դյուրրերի գրավիուրաներով, համապատասխան թեմայով և պատկերներով, պատկերում են խեղկատակի հագուստով ու զանգակավոր գլխարկներով կերպարների, որ հիմնական տեսարաններում նավի մեջ են գտնվում: Վաղ քրիստոնեական խորհրդաբանությամբ նավը համարվել է եկեղեցու խորհրդանիշ, որտեղ հավատացյալը հանգստություն ու ապահովություն էր ձեռք բերում:

Այս խորհրդանիշի հրաշալի նախահիմք են Նոյան Տապանը, ինչպես նաև Քրիստոսի աշակերտների ձկնորսական նավակը: Ահա թե ինչու քրիստոնեական ճարտարապետության պատմության  մեջ եկեղեցու  այն հատվածը, որտեղ նստում են հավատացյալները կոչվում է նավ: Այսպիսով, «հիմարների նավը»  սյուժեն հին պատմություն ունի և երկակի մեկնաբանություն կարող է ունենալ: Անշուշտ Է. Խարազյանի մեկնաբանությունը ժամանակակից մտածողության արգասիք է, սակայն կան բաներ, որ անփոփոխ են դարերի ընթացքում, ինչպես և մարդկային հիմարությունը: Այն իր մեկնաբանմամբ ավելի մոտ է  Հ. Բոսխի ստեղծագործությանը, որտեղ վաղուց կանգնած, խրախճանքների նավը ստանում է համընդհանուր հնչեղություն: Մարդիկ ուտում են, խմում, երգում, չնկատելով, որ նավը վաղուց կանգնել է: Նրանցից ոմանք խեղկատակի, ոմանք կրոնավորի կերպար ունեն: Այստեղ, անգամ Հ. Բոսխի համանուն կտավին նայելիս կարելի է հիշել Դ. Դեմիրճյանի «Քաջ նազարից» տողեր. «Ի¯ի¯ի¯, այ-շի¯, ինչ քաջություն, ինչ խելք, զառափաթ, բախտն է բանը, բա°խտը: Բախտ ունիս, քեֆ արա, քոնն է աշխարքը: Քամին կպտտի, կպտտի՝ կբերի հարստությունը գլխիդ կածի… Ինչ էի անխելքացել, էնքան ժամանակ մնացել գեղում վեր ընկած: Մատս մատիս չեմ կպցնում: Կեր, խմի, քնի, վեր կաց գնա բախչում ման արի, եկ ճաշդ անուշ արա, հետո թինկը տուր բարձին ու նարգիլե քաշե»: Այսպիսի նկարագիր ունի և Է. Խարազյանի ողջ «Քաջ Նազար» շարքը:

E.Kharazyan-1

Էդուարդ Խարազյան

Հիմարների աշխարհ, հիմարներ, կերպարներ, որ անխելքության, ծուլության խտացումն են: Հետաքրքիր է հատկապես այդ կերպարների գեղանկարչական մեկնաբանումը: Բոսխի մոտ դրանք մարդկային կերպարներ են, բայց որպես այդպիսին մինչև վերջ մարդ չեն: Դրանք ունեն մարդուն հատուկ անտրոպոլոգիական, բայց ոչ լիարժեք մարդկային հատկանիշներ: Այդպիսին է նաև Է. Խարազյանի մոտեցումը: Նա իր կերպարներին տվել է թզուկների, հեքիաթային էլֆերի տեսք, որ միայն անտրոպոլոգիական ընդհանրություններ ունեն մարդու հետ. գլուխ, մարմին, վերջույթներ, դեմք ու հագուստ: Բայց դրանք լիարժեք մարդիկ չեն, չունեն անհատական գծեր ու դիմագիծ: Խարազյանը ավելի հեռուն է գնացել` դեֆորմացնելով, խախտելով իր կերպարների համաչափությունները և բնական չափսերը: Նրանցից ոմանք տեղավորվում են կաթսայի, ոմանք էլ գդալի մեջ, և դա ավելի դիպուկ է դարձնում աշխատանքը: Մարդն ինքն է կերակուրի վերածվում, երբ կորցնում է իր մարդկային դիմագիծն ու արժանապատվությունը, երբ կերակուրը, գերադասում է մարդկային բարձր արժեքներից, երբ քաղքենիանում է ու դառնում նյութապաշտ, երբ չի էլ նկատում, որ իր հայրենիք-նավն արդեն վաղուց չի նավարկում… Այսպիսով` 1923-ի դեմիրճյանական «Քաջ Նազարից» ուղիղ կես դար անց թեման չէր կորցրել իր արդիականությունը և  Էդուարդ Խարազյանը ստեղծեց իր Նազարստանը… Մնում է հուսալ, որ նոր «նազարստաններ» ստեղծելու անհրաժեշտություն ապագայի արվեստագետներն այնուամենայնիվ չեն ունենա…


Հասմիկ Բարխուդարյան

Արվեստաբան

Հատված «Էդուարդ Խարազյանի արվեստը» մագիստրոսական ատենախոսությունից

Երևանի Պետական Համալսարան , Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն

Երևան 2013


Գրականություն

Դեմիրճյան Դ., Երկերի ժողովածու, հատոր X, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ, 1985

Սովետահայ գրականության պատմություն, 1941-1964թթ., երկրորդ հատոր, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ, 1965

Խարազյան Է., կատալոգ, (նախաբանը Լ. Զաքարյանի),  Երևան, Հայաստանի նկարիչների տուն, 1982

Միքայելյան Կ., Գեղանկարչական և զգացմունքային հագեցածություն, Էդուարդ Խարազյանի մասին, «Սովետական Հայաստան՚»,  Երևան,1985, 1 փետրվարի, №26

Հայթայան Պ., Էդուարդ Խարազյան, դիմանկարի էսքիզներ, նկարչի ելույթի շուրջ, «Գարուն՚, Երևան, 2003, №12

Ангаладян Р., Армянский авангард внутри тоталитаризма, книга эссе, «Санкт-Петербург»,2006

Холл Дж. , Словарь сюжетов и символов в искусстве, Москва, «Транзиткниг», 2004

Микаелян К., Живое дыхание «Назарестана», к 65-летию со дня рождения, о персональной выстовке художника Э.Харазяна, его картине «Назарестан», «Новое время» , Ереван, 2004, 20 июля, №1115



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով