Հոկտեմբերի 29-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեացավ վաստակաշատ արվեստաբան Պողոս Հայաթայանի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունները:
Պողոս Հայթայանը ծնվել է 1936թ. Բեյրութում, 1946թ. ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան: 1961-65թթ. ավարտել է Լենինգրադի Ի.Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան: 1961-65թթ. աշխատել է ԳԱ Արվեստի ինստիտուտում, 1965-70թթ. գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1970-82թթ. Հայաստանի հանրագիտարանում խմբագրելով 11 հատոր: 1982-87թթ. հանդիսացել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն, 1987-92թթ. Նկարիչների միության քարտուղար, իսկ 1992-98թթ. նախագահ: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, գրքերի: Հայ արվեստի շուրջ բազմաթիվ ելույթներ է ունեցել մամուլով, հեռուստատեսությամբ և ռադիոյով: 2012թ. պարգևատրվել է ՀՀ Մշակույթի Նախարարության Ոսկե մեդալով և «Մովսես Խորենացի» մեդալով: Մեծ է Պ. Հայթայանի ներդրումը հայ արվեստի վերջին կեսդարյա նվաճումների ուսումնասիրման ու արխիվացման գործում: Հայ արվեստի վերջին կեսդարյա ընթացքը, մասնավորապես «60-ականներ» բնորոշումը, որ դասական հասկացություն է դարձել հայ արվեստաբանության մեջ, իբրև արվեստի յուրատեսակ վերածննդի ժամանակաշրջան, անքակտելիորեն կապված է Պողոս Հայթայանի անվան հետ: Պողոս Հայթայանը իր ապրած տարիներով ստեղծեց արվեստաբանի յուրահատուկ, իր իսկ բնորոշմամբ` «չնկարող նկարչի» տեսակը: Նախընտրեց լինել առավելապես կենդանի խոսքի արվեստաբան: Բնույթով ազատական և ստեղծագործ` կանգնեց նորարարի և խիզախի կողքին:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին մշակույթի ոլորտի բազմաթիվ վաստակաշատ ներկայացուցիչներ, Պ. Հայթայանի ընկերներն ու բարեկամները, ընտանիքի անդամները, ոնդին՝ արվեստաբան և նկարիչ Արա Հայթայանը: Ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով պարգևատրեց վաստակաշատ արվեստաբանին ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով ու «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով. «Պողոս Հայթայանին ճանաչում եմ դեռ այն տարիներից, երբ հրավիրում էինք նրան հեռուստատեսություն՝ հարցազրույցների, և միշտ հիացել եմ նրա պատկերավոր խոսքով: Պողոս Հայթայանը կարողանում էր խոսքով գեղանկար ստեղծել և մեր երևակայությունն ուղղորդել դեպի գեղեցիկը: Շատ ուրախ եմ, որ պետության ու կառավարության անունից շնորհում եմ նրան այս պարգևը: Հուսանք, որ այն դպրոցը, որը հիմնել է Պողոս Հայթայանը, կունենա շարունակություն, որովհետև, ինչպես ինքն ասաց, քննադատությունից պետք չէ վախենալ, քննադատությունը բարի և կենարար հունդեր է սերմանում մեր մեջ»,_իր խոսքում նշեց նախարար, ինչին ի պատասխան Պողոս Հայթայանը հավելեց. «Ես ապշած եմ այս վերաբերմունքից ու չափազանց երջանիկ եմ, որովհետև՝ ինչ էլ անեք, ո′ր պատին էլ ձեզ խփեք, միևնույն է՝ հայ կերպարվեստը մեր պարծանքն է»:
Երեկոյի ընթացքում պերֆորմանսներով հանդես եկան քանդակագործ Աշոտ Հարությունյանը և նկարիչ Արթուր Հովհաննիսյանը:
no images were found
Լուսանկարները ՝ Հասմիկ Բարխուդարյանի
Թողնել մեկնաբանություն