+374 99 12 80 82 Երկուշաբթի - 25 Նոյեմբեր 2024

Հայ բնանկարիչ Խաչատուր Եսայանը և իմպրեսիոնիզմը


Խաչատուր Եսայան

Խաչատուր Եսայան

Խաչատուր Եսայանը (1909-1977)  20-րդ դարի հայ գեղանկարչության անվանի արվեստագետներից է, նկարիչ, որն ունի իր միան­գամայն առանձնահատուկ ստեղծագործական դեմքը: Կարսում ծնված, Երևանի գեղարվեստա- արդյունաբերական տեխնիկումում ուսանած նկարիչը հարստացրել է բնանկարի ժանրն իր նոր նվա­ճում­նե­րով:Եսայանի արվեստը սնվել է Եղիշե Թադևոսյանի ավանդույթներով: Թադևոսյանի նման Եսայանը կարողացել է մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին: Նա ունի Հայաստանի բնությունը պատկերող մի շարք հրաշագեղ բնանկարներ, որոնք իրենց կատարման սկզբունքով և գույներով  իմպրեսիոնիստական բնույթ են կրում:

Ինչպես գիտենք, իմպրեսիոնիզմը 19-րդ դարի արվեստի ուղղություններից է: Impresion` տպավորություն – այսպես էր կոչվում Կլոդ Մոնեի բնանկարներից մեկը` «Տպավորություն.Արևածագ» (1872թ.): Այստեղից էլ ծագում է իմպրեսիոնիզմ տերմինը:  Իմպրեսիոնիստները շրջադարձ կատարեցին արվեստում:  Նկարչական այս մեթոդը հարստացրեց գեղանկարչությունը` հաղորդելով թարմ շունչ և կենդանություն:  Նկարիչ իմպրեսիոնիստները, այսպես կոչված, իրականությունից սահուն տեսողական տպավորություններ հաղորդելու իրենց ձգտման պատճառով, միանշանակ իրենց ներդրումն ունեցան իրապաշտական գեղանկարչության գեղարվեստական միջոցների զարգացման գործում [1, էջ 14]:

Խաչատուր Եսայան, Զբոսայգում, Արզնի

Խաչատուր Եսայան,
Զբոսայգում, Արզնի

Իմպրեսիոնիստներն ուսումնասիրում էին լուսավորության բնույթն օրվա տարբեր ժամերին, գույնի վրա լույսի ներգործությունը: Նրանք նկարում էին բացօթյա, նախապատվությունը տալիս էին անմիջական տպավորությամբ աշխատանքներ ստեղծելուն: Նրանց գործերին բնորոշ են եթերային գույները:   Իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչներն են Կլոդ Մոնեն, Կամիլ Պիսարոն, Ալֆրեդ Սիսլեյը, Օգյուստ Ռենուարը: Իմպրեսիոնիստական գծեր կային նաև Էդգար Դեգայի, Էդուարդ Մանեի մոտ:

Իր բնանկարներով  Խաչատուր Եսայանն իմպրեսիոնիզմի ուղղության մեջ նոր ոճ և երան­գա­վո­րում  է բերել: Նա հայ կերպարվեստի ասպարեզ է մտել որպես նրբազգաց բնանկարիչ, որպես ինտիմ, կամերային բնույթի բնանկարի լավագույն ներ­կա­յա­ցուցիչներից մեկը:  Կամիլ Կորոյի պես Եսայանն էլ իր բնանկարները լցնում է անձնա­կան քնարական տրամադրությամբ (ի դեպ, Կորոն «տրամադրության բնապատկերի» հիմ­նադիրներից է):

Khachatur-Yesayan-kesor

Խաչատուր Եսայան,
Կեսօր

Գեղանկարչական զանգվածի թեթևու­թյուն, թրթռուն օդայնություն և գույնի լուսապատկերային մաքրություն. ահա Խաչատուր Եսա­յանի մի շարք  բնանկարներին բնորոշ այն հատկությունները, որոնք այդ աշխատանքները մոտեցնում են իմպրեսիոնիստների գործերին [2, էջ112]: Նկարչի մի շարք բնանկարներում նկատվում է իմպրեսիոնիստներին հատուկ թափանցիկություն, լույսի ու ստվերի յուրօրինակ ներ­դաշնակություն: Իր լավագույն բնանկարներում Եսայանը  ֆրանսիացի իմպ­րե­սիո­նիստների, հատկապես Կլոդ Մոնեի պես կարողացել է հաղորդել արևի ջերմ ճա­ռա­գայթների փայլը, տերևների սոսափյունը, օդի թարմ հոսանքը, ջրի վրա հակվող ծա­ռերի մեղմիկ ռիթմը: Ինքը՝ նկարիչը, բազմիցս նշել է, որ իրեն հիացնում է Կլոդ Մոնեի ստեղծագործությունը:

Խաչատուր Եսայան, Աշուն

Խաչատուր Եսայան,
Աշուն

Սակայն Եսայանը չի կրկնօրինակել, այլ ընթացել է իր սեփական ուղիով: Եսայանը հայկական կերպարվեստի լավագույն պլեներիստներից  է: Նա բարձր է գնահատել գեղանկարի թարմությունը, կտավի մակերեսը չի ծանրաբեռնել ավելորդ ներ­կաշերտերով:  Եսայանի կտավների մեծ մասը լուսառատ է, դրանք, մաքուր են, անկեղծ, թարմ  ու  անմիջական: Նրա կտավներն ասես շնչում են, վրձնված են ազատ և սահուն, հնչեղ գունային նրբերանգներով: Եսայանի ստեղծագործությունները նպատակ չեն ունեցել ապշեցնելու դիտողին իրենց մեծությամբ ու կատարման արտասովոր եղանակով: Նա նախընտրել է փոքր չափի նկարներ, որոնք, չնայած այդ հանգամանքին,  մշտապես գրավել են դիտողին իրենց մեջ առկա էմոցիոնալ ուժով, ստիպել վերջինիս սիրել, երազել, խորհել, հիա­նալ՝ արթնացնելով տրամադրություն:

Խաչատուր Եսայան, Արզնի, բնանկար

Խաչատուր Եսայան,
Արզնի, բնանկար

Եսայանի բնանկար­նե­րում հաճախ բացակայում են մարդկային ֆիգուրները, եղած դեպքում էլ նա չի կոն­կրե­տացրել, անհատականացրել այդ կերպարները, մանրամասն չի պատկերել դեմ­քը, սակայն այստեղ տիրապետողը մարդն է, մարդկային բարդ բնավորության նկա­րա­գիրը՝ բնության գույներով, բնանկարի հնարավոր սահմաններում:

Իր` իմպրեսիոնիստական բնույթի  բնանկարներում Եսայանը  դրոշմել է  հայրենի բնաշխարհի գեղեցկությունները` Բյու­րա­կա­նի գողտրիկ անկյունները, Նոր­քի, Օշականի, Աշտարակի այգիները, Արզնին, Զանգեզուրը, Երևանը՝ իր ճարտարապետական հրաշալի կո­թող­նե­րով, նեղլիկ փողոցներով, տուֆակերտ շենքերի վարդագույնով, անձրևից հետո շր­ջա­պա­տի գույները ցոլացնող փողոցների հայելիով: Նա ներկայացրել է թարմաշունչ գա­րուններ, ոսկետերև աշուններ, հեզաճկուն բարդիներ, ծաղկած դեղ­ձե­նիներ ու ծիրանենիներ, լուսաշող առավոտներ ու զով երեկոներ [3, էջ 4]: Նշենք, որ եթե, օրինակ, Մարտիրոս Սարյանն իր բնապատկերներում հիմնականում ներ­կա­յաց­նում է խստաշունչ, վեհությամբ լի լեռները, ապա Եսայանն ավելի շատ նա­խա­պատ­­վությունը տալիս է հայրենի բնության ինտիմ անկյունները պատկերելուն:

Խաչատուր Եսայան, Բնանկար, Մայիս

Խաչատուր Եսայան,
Բնանկար, Մայիս

Սրանց հատուկ է տպա­վորության անմիջականությունը: Եսայանի բնանկարների մեծ մասին բնորոշ են մանր, մասնատված վրձնումները: Ահա դրանցից մեկը՝  «Աշուն» կտավը  (1946), որն  աչքի է ընկնում թեթև, օդալից տարածությամբ, գու­նա­յին խաղով: Մասնատված վրձնահարվածները ստեղծում են օդի թրթռունության պատ­րանք: Եսայանն այս կտա­վում օդով հագեցած, նրբերանգներով հարուստ մթնոլորտ է ստեղծել: «Կեսօր» աշխատանքում (1946) նա ևս դիմել է  իմպրեսիոնիզմի եղա­նակին` վերարտադրելով ծառերի ճյուղերի արանքից ընկնող արևի ճա­ռա­գայթների փայլը: Նկարն իմպրեսիոնիստական պայծառ, թարմ գույներով է հագեցած:

«Արզնիի բնանկար» աշխատանքը (1940-ական թթ.) լի է անսովոր թարմությամբ: Այս ստեղծագործության մեջ  զգացվում է Կլոդ Մոնեի բնան­կար­նե­րի ազդեցությունը:

Խաչատուր Եսայան, Ծիրանի ծառ

Խաչատուր Եսայան,
Ծիրանի ծառ

Բնությունից  ստացած թարմ ու անմիջական տպավորությամբ  է կատարված «Բնանկար. Մայիս»  աշխատանքը (1954),  որը նուրբ ու թափանցիկ  գույների խաղով ստեղծված, լավատեսական ու բանաստեղծական մի պատկեր է: Մեկ այլ հետաքրքիր գործ`  «Զբոսայգում. Արզնի»  աշխատանքը (1975) իր այգու փարթամ, կանաչ ծառերով, գունային թարմությամբ մեզ հիշեցնում է Կլոդ Մոնեի մի շարք բնանկարները: Սակայն պետք է նշել, որ ֆրանսիացի վարպետը, ի տարբերություն Եսայանի, չի խուսափել իր բնանկարներում մարդկային կերպարները ամբողջական ներկայացնելուց և անհատականացրել է դրանք: Նրա բնա­նկար­ներում մարդու ներկայությունը դիտվում  է  որպես բնապատկերի ներդաշնակ ու ան­բա­ժան մաս:

Եսայանի վերջին շրջանի գործերից է «Ծիրանի ծառ» բնանկարը (1976): Այս իմպրեսիոնիստական բնանկարում ծիրանենիների ծաղկաթերթերն ասես ձուլվել են ամպերին, հալվել օդում:

Այսպիսով, թարմ շնչով, երանգավորման նուրբ զգացումով, թափանցիկությամբ, մեղմությամբ, ան­մի­ջա­կան վերարտադրությամբ և լիրիկականությամբ են աչքի ընկնում Խաչատուր Եսայանի իմպրեսիոնիստական, օդով լցված  բնանկարները:

Աղբյուրներ`

  1. Ներսիսյան Լեմս, Բնանկար, Երևան, «Զագակ 97», 2011:
  2. Гюрджян Габриель, Зрелость – «Литературная Армения», Ереван, 1959, № 5, стр. 110-113.
  3. Հովհաննիսյան Ռ., Հայրենի բնության գովերգուն – «Սովետական Հայաստան», Երևան, 1959, 13 հոկտեմբերի, էջ 4:
  4. Սիլվիա Մանուչարյան, Մագիստրոսական ատենախոսություն, Ե., 2014:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով