+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Ակնարկ սելջուկյան արվեստի հիմնախնդրի մասին:


Քոչվոր սելջուկ թյուրքերը ծագում են օղուզական քընըք ցեղախմբից, անվանումը գալիս է իրենց առաջնորդ Սելջուկի անունից: Ինչպես նշում է 11-րդ դարի հայտնի գիտնական Մահմուդ ալ-Քաշգարին, դեռևս 7-րդ դարում ներկայիս Աֆղանստանի սահմանների մոտ բնակվում էին օղուզական 24 ցեղեր, որոնք ժամանակի ընթացքում ենթարկվելով կրոնական տարբեր հոսանքների՝ Միջին Ասիայում գերակշռող արաբ բնակչության ազդեցությամբ 920-960-ական թվականներին, այնուամենայնիվ, ընդունում են իսլամ: Մահմեդականության ընդունումն ամրապնդում է թյուրքերի դիրքը տարածաշրջանում և հիմք դնում հետագա հաղթարշավի համար: Սելջուկյան տիրակալությունն աստիճանաբար ձևավորվում է 10-11-րդ դարերում Փոքր Ասիայից մինչև Հնդկաստան ընկած տարածքներում, սակայն 11-րդ դարում ներքին երկպառակտությունների և գահակալական կռիվների արդյունքում այն աստիճանաբար մասնատվում է առանձին սուլթանությունների և ամիրայությունների:

Անդրադառնալով սելջուկյան արվեստի հիմնախնդրին՝ անհրաժեշտ է նշել, որ դրա ուսումնասիրությունը մեծ կարևորություն ունի, քանի որ այդ մասնավոր, դինաստիկական-էթնիկական տերմինի տակ թաքնված է արևելյան արվեստի մի ուղղություն, որն աչքի է ընկնում հուշարձանների հսկայական քանակով և բազմազանությամբ: Այդ ուղղությունն ավելի քան երկու դար զարգացել է մի տարածքում, որն ընդգրկել է Փոքր Ասիան, Անդրկովկասը, Իրանն ու Միջին Ասիայի մեծ մասը: Այս հիմնախնդիրն էլ ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հուշարձանների ստեղծմանը մասնակցել են բազմաթիվ ժողովուրդներ, սակայն դրանք բոլորը կրում են ընդհանուր՝ «սելջուկյան» անվանումը:

Տապանաքարեր Խլաթում, Բիթլիս, Թուրքիա

Տապանաքարեր Խլաթում, Բիթլիս, Թուրքիա

Այս և հետագա ակնարկներում ինչպես ընդհանրական, այնպես էլ մասնավոր օրինակներով փորձ կկատարվի անդրադառնալ սելջուկյան արվեստի պատմության այն էջին, որն անմիջական կապ ունի հայ արվեստի հետ: «Սելջուկյան արվեստում» հայկական ճարտարապետական և քանդակային ձևերի առատությունը և գեղարվեստական բարձր որակը մեծամասամբ պայմանավորված են այն մասնակցությամբ, որ ունեցել են նշված հուշարձանների կերտման մեջ Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջաններից Փոքր Ասիա գաղթած հայ վարպետները: Սելջուկյան տիրապետության ժամանակաշրջանում ստեղված արվեստն, առհասարակ, տալիս է ձևերի անթիվ բազմազանություն, հիմնականում՝ ճարտարապետության մեջ, և, կախված այն բանից, թե աշխարհակալության որ տարածքում են ստեղծվել քննվող հուշարձանները, դրանցում կարելի է տեսնել նախորդ շրջաններում զարգացած տեղական արվեստի ընդհանուր, գերիշխող ձևերը: Գիտական շրջանակներում վաղուց արդեն նշվել է «սելջուկյան» հուշարձանների կապը հայկական և վրացական շինարարական արվեստների հետ, իսկ որոշ առանձին ձևեր հանդիսանում են հայկական ձևերի անմիջական վերարտադրություն [1, էջ127]: Այս ժամանակաշրջանը աշխարհին տվել է հոյակապ ճարտարապետներ, որոնց հայկական անուններն արաբական տառերով թողնված են Իկոնիայի սելջուկյան կառույցների շքամուտքերին: Այս ժամանակաշրջանը տվել է նաև հմուտ վարպետներ, ովքեր իրենց շքեղ զարդանախշերըը կրկնում էին մուսուլմանական մզկիթի կամ հայկական եկեղեցու գավթի հարդարանքում: Եվ թերևս անհիմն չի լինի քննվող ժամանակշրջանին և տարածքներին պատկանող արվեստի գործերի «սելջուկյան» անվանումը պայմանական համարելը, քանի որսելջուկ թյուրքերը, հաղթող լինելով հանդերձ, ենթարկվել էին հաղթվածների զարգացած քաղաքակրթությանը: Բավարար հիմքեր չունի նաև այն տեսակետը, թե Կովկասի և Փոքր Ասիայի հնագույն հայկական տարածքների՝ սելջուկյան տիրապետության շրջանում կերտված հուշարձանները  այլ տեղերից եկած և իրենց հետ արվեստի այլ ձևեր բերած վարպետների աշխատանքի արդյունք են: Հետագայում սելջուկյան և բյուզանդական արմատներից օսմանական արվեստի առաջացումը դեռ հիմք չի տալիս այդ արվեստը թուրքական կամ թյուրքական համարելու համար[2, էջ 10-11]

Շարունակելի…

Գրականություն

  1. Якобсон, А. Л., Сельджукские отклики на темы армянской средневековой архитектуры, Историко-филологический журнал, № 4, 1983, стр.127
  2. Орбели И., Проблема Сельджукского искусства, II Международный симпозиум по армянскому искусству, Академия наук Армянской ССР, Институт Искусств, Ереван, 1978, стр. 10-11


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով