+374 99 12 80 82 Երկուշաբթի - 29 Ապրիլ 2024

Փնտրելով հիմնական խնդիրը


Վերջերս Աբովյան 5/5 հասցեում կառուցվող «Կեմպինսկի» հյուրանոցի նածագծի շուրջ  ծավալվող ճարտարապետական քննադատությունները առիթ հանդիսացան խոսելու մի շարք խնդիրների մասին: Բացահայտ է, որ հիմնական խնդրում դիտարկվում է մեծամասամբ ճարտարապետական մասը և հիմնականում ոչ մասնագիտական լեզվով, բայց կան նաև մանրամասն մասնագիտական քննադատություններ (օրինակ՝ Կ. Բալյանի անդրադարձը իր ֆեյսբուքյան էջում):

Խնդիրը ավելի հասրակական է: Ճարտարապետության քննադատությունը հիմնական խնդրի դիտարկման վերջին փուլն է, ինչը մեր օրերի պրակտիկայում գրեթե արդյունք չի ունենում: Լավագույն դեպքում տվյալ ճարտարապետը իր հաջորդ նախագծերում հաշվի կառնի այդ քննադատությունները:

Խնդիրը  հիմնականում դիտարկվում է մասնագիտական տեսանկյունից և բաց է թողնվում, դիտավորյալ կամ ոչ (հիմնականում կամ չենք տիրապետում կամ չենք էլ տեսնում), խնդրի սկզբնաղբյուրը կամ դրա որոնումը: Ճարտարապետական խնդիրը ակամայից բերվում է առաջին պլան և դրանից շահում են միայն կառուցապատողն ու շահագործողը: Հիմնական խնդրի ոչ ամբողջական տեսանելիության հիմնական պատճառը, երբ խնդիրն արդեն հասցված է ճարտարապետականի, (երբ հիմնական խնդրի սկզբնաղբյուրը և մինչ ճարտարապետականին հասնելու հատվածը ինչ-ինչ պատճառներով աննկատ են մնացել) հիմնականում հեղինակության ազդեցությունն է: Այսինքն՝ թե կառուցող, թե քննադատող ճարտարապետները (մեր իրականությունում այդ պարադոքսը գոյություն ունի քանի որ չկան հստակ սահմանված էսթետիկ չափորոշիչներ, հիմնականում տեղի է ունենում երկկողմանի սպեկուլյացիա) հիմնվում են պատմության մեջ օբյեկտիվ պատճառներով հասարակության և մասնագիտության մեջ հեղինակավոր դիրք զբաղեցրած ճարտարապետի կառույցներին կամ փիլիսոփայությանը:

Հեղինակությունը վերածվում է «չափորոշչի», որը մասնագիտական տեսանկյունից քննարկելիս ընդունելի է, սակայն ժառանգած պատմական և քաղաքաշինական միջավայրը հասարակության համար հեղինակային ընդունելով՝ կարելի է սխալ հետևության գալ, թե ճարտարապետությունն է կերտում հասարակություն: Դա այդպես է երբ դիտարկում ենք ճարտարապետական միջավայրի արդեն գոյություն ունեցող շերտը, որը, բնականաբար, տվյալ ժամանակահատվածի հասարակության մեջ որոշ չափով հստակ ճարտարապետական տեսանկյուն է ձևավորել, բայց այդ ճարտարապետական միջավայրի ստեղծման պահին առաջին հերթին այդ ժամանակաշրջանի հասարակությունն է ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով թույլ տվել դրա գոյությունը:

 


Կոպիտ օրինակով կարելի է պատկերացնել որ Հյուսիսային պողոտան չի կարող նույն ճարտարապետությամբ կառուցվել Տոկիոյում, քանի որ ճապոնական հասարակությունը չի ընդունի դա: Չպետք է մոռանալ, որ հասարակության լայն շրջանակների սոցիալական վատ վիճակը, և հիմնականում դրանից բխող անտարբերությունը նման հարցերում, այդօրինակ ճարտարապետության առաջին «թույլատրողն» է: Ակամայից ամեն ժամանակաշրջանի հասարակություն իր օբյեկտիվ պատճառներով կերտում  է իր ժամանակաշրջանի ճարտարապետությունը:

Հետսովետական ժամանակաշրջանում առկա արդեն քաոսային կապիտալիզմի պայմաններում ձևավորված ճարտարապետության կերպարը, հասարակության լայն մասի համար ճարտարապետական տեսանկյուն է սահմանում և արդյունքում նմանատիպ նախագծերը ապրում են: Միանշանակ չպետք է բացառել ճարտարապետական քննադատությունը, բայց նախքան դրան հասնելը պետք է կարողանալ տեսնել խնդիրը ամբողջությամբ կամ գոնե դրա սկզբնաղբյուրը, այլապես քննադատությունը որքան էլ մասնագիտորեն հիմնավորված լինի, ապարդյուն է, քանի որ տեղի է ունենում հիմնական խնդրի միայն վերջնամասում:

Էսքիզները և լուսանկարը՝  հեղինակի:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով