+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Լուսինե Սարգսյան. Ռեժիսուրան առաջին հերթին մասնագիտություն է և չունի սեռային դասակարգում


Կինոռեժիսոր Լուսինե Սարգսյանի դեբյուտային՝ «Շքամուտք» կինոալմանախի մասին ծավալուն հոդված արդեն հրապարակել էինք: Հետաքրքիր ու հանրամատչելի կինոմտածողության տեր կին ստեղծագործողի մասին վաղուց տեղեկություն չունեինք: Որոշեցինք ուղղել այդ սխալը: Կինոգետ Միքայել Մարգարյանը զրուցեց Լուսինեի հետ: Արդյունքը՝ անիմջական և ջերմ շփումն էր

 Դեբյուտային «Շքամուտքից» անցել է երկու տարի: Այսօր ի՞նչ հուզումնառատ կինո սպասենք Ձեր կողմից:

 – Շնորհակալ եմ գնահատականի համար: Իրականում ինձ համար բոլոր ժամանակներում գերխնդիր է մարդու հոգեբանությունը: Այս անգամ փորձել եմ ներկայացնել կնոջ հոգեբանության մի փոքր հատված՝ մենակության զգացողությունը, իր առօրյա դրսևորումներով:

Lusine-Sargsyan-001

  Ի՞նչ ասել է լինել կին ռեժիսոր, կարծես, «տղամարդկային» այդ ստեղծագործական իերարխիայում:

-Կա մի ճշմարտություն, երբ պրոֆեսիոնալ ես, բոլորը գրկաբաց ընդունում են քեզ: Ռեժիսուրան առաջին հերթին մասնագիտություն է և չունի սեռի դասակարգում: Ամենակարևորը ռեժիսորի բնավորություն ունենալն է, իսկ դա տրված է թե՛ կնոջը, թե՛ տղամարդուն: Իհարկե որոշ մասնագիտությունների դեպքում տղամարդկային իերարխիան գերիշխում է ամբողջ աշխարհում: Խնդիրը կարծում եմ մտածողության մեջ է: Մեր վիճակը շատ ավելի լավ է համեմատած կին օպերատորների, դեկորատորների, լուսավորողների և շատ այլ մասնագետների հետ:

Տարբեր նախագծերում եղել եք երկրորդ ռեժիսոր, ե՞րբ հասկացաք, որ արդեն ժամանակն է խոսել սեփական կինոլեզվով:

– Սեփական կինոլեզվի մասին մտածում էի դեռ կրթական շրջանում: Ես սովորել եմ 90-ականներին. այդ տարիներին ֆիլմարտադրության հնարավորությունները սահմանափակ էին, գրեթե չկային: Որևէ կինոխմբում հայտնվելը արդեն մեծ հաջողություն էր: Փորձաշրջան անցնելուց հետո ինձ վերցրեցին աշխատանքի և հետո աստիճանաբար դարձա ռեժիսոր, իհարկե դրա համար պահանջվեց 10 տարի:

Որքան մասնագիտանում ես, այնքան դժվար է լինում սեփական ֆիլմ սկսելը, բայց միևնույն ժամանակ նույնքան էլ հեշտ է լինում քո ետևից տանել մի ամբողջ ստեղծագործական խումբ: Իմ ճանապարհը եղել է փուլային (ռեժ. օգնական, ռեժ. ասիստենտ, երկրորդ ռեժիսոր և բեմադրող ռեժիսոր) և դա ինձ շատ է օգնում: Սեփական կինոլեզուն արտահայտելու հատուկ դրթապատճառներ չեն եղել:

Դա ի սկզբանե եղել է նպատակային:

Lusine-Sargsyan-002Lusine-Sargsyan-003


Ո՞րն է, բացի ֆինանսից, ներկա հայկինոյի խոցելի կողմը:

-Ներկայիս հայկինոյի խոցելի կողմերից է որակյալ մասնագետների պակասը: Եթե ուշադրություն դարձնեք գրեթե բոլոր ֆիլմերում նույն մարդիկ են աշխատում, քանի որ փորձառու մասնագետները շատ քիչ են: Դա վերաբերվում է բոլորին, սկսած սցենարիստներից, վերջացրած վարորդներով և պրոդյուսերով՝ ով ի դեպ ընդհանրապես բացակայում է: Շատ կարևոր է նաև որակավորման հանձնաժողովը, որի բացակայության արդյունքում այսօր ունենք զգալի քանակությամբ խոտան:

Ոգեշնչումը հաճախ է այցելության գալիս:

– Եթե այս հարցը տայիք կինոյում աշխատող ցանկացած փորձառու մասնագետի, պատասխանը կլիներ նույնը – կինոն ապրելակերպ է: Այդ իսկ պատճառով ոգեշնչվել կարող ես ամեն վայրկյան, ցանկացած հետաքրքիր իրավիճակից:

Ո՞ր մարդկային արատի հանդեպ եք ամենից ներողամիտ և ո՞ր մեկը երբեք չեք ներում:

– Կինն իր բնույթով հակասական է, ներել կարող է ամեն ինչ, բայց մոռանալ երբեք: Հազվադեպ եմ ներում դավաճանությունը, իսկ ներողամիտ եմ ըստ տրամադրվածության:

Lusine-Sargsyan-004

–  Կա՞ առանձնահատուկ արվեստի գործ, որին վերադառնում եք ժամանակ առ ժամանակ:

 – Չէի ուզենա առանձնացնել արվեստի որևէ գործ, ինձ համար կան արմատավորված արժեքներ արվեստի բոլոր ճյուղերում:

Ձեր պատկերացումը երջանկության մասին:

-Երջանկություն է, երբ կարողանում ես ժպտալ ցանկացած փորձության դեպքում:

-Շնորհակալություն…



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով