+374 99 12 80 82 Հինգշաբթի - 12 Դեկտեմբեր 2024

ՎԵՐՆԵՐ ՊԱՆՏՈՆ | Օբյեկտի և միջավայրի ֆունկցիոնալ ներդաշնակեցում


     20-րդ դարասկզբի  արևմտյան  դիզայնի  ընդհանրացնող  հատկանիշներից է   դեռ կոնստրուկտիվիզմից եկող`  ֆունկցիան որպես ձև  ընկալելու և նախագծելու   փորձը, ինչը կարող ենք տեսնել  թե’ հայտնի դիզայներական  դպրոցների և թե’  առանձին արվեստագետների  որոնումներում:   Ձևը ենթադրում էր նյութին հարազատություն, ինչն իր հերթին արդյունավետորեն ընդգծում էր հայտնի նյութերի արտահայտչականության և հնարավորությունների լայն կիրառումը:  Նախագծվող օբյեկտում  ֆունկցիան ենթադրում էր ձևի մաքսիմալ պարզություն, երկրաչափական  պարզ  ֆորմաների համադրում: Գույնն  այս դեպքում առավելապես հանդիսանում էր   օբյեկտայնացված ֆունկցիաի  երեսպատում կամ  նյութ-ֆունկցիա նախագծման ամենահատկանշական օրինակներում ընդհանրապես  մերժվում էր`  պահպանելով նյութի բնական  ֆակտուրային` թեկուզև հղկված և մշակված արտահայտչականությունը:  Հարմարավետություն և  կառուցվածքային  թափանցելի պարզություն ապահովող որոնումների  այս կողմնորոշող պահը  բավական լայն պատմական ընթացք ունեցավ նախագծման և կիրառական անգերազանցելի  օրինակների ներկայացմամբ, ինչպես և թույլ տվեց ֆունկցիոնալի  դյուրացման, օգտակարն առավել հարմար և  կիրառելի դարձնելու  ցանկությունը  դիզայնի  ընդհանուր հասկացության մեջ  որպես ամենաբնորոշող  առանձնահատկություն կանխորոշելու:  Այս միտումը  թերևս մեկնաբանելի է նաև կոնստրուկիվիզմն ամփոփող ժամանակի  հասարակական  կոմունիկացիաների նոր  վերափոխումներով, ինչը որոշակիորեն սինթեզն էր  նոր տեխնոլոգիանորի միջոցով  հատուկ ֆունկցիոնալ պահանջի ռեալիզացման համար   ընտրված հարմար նյութը  օբյեկտ1  վերակառուցելու աշխատանքի   մարքսյան   մոդելի  և  անհատի  հասարակայնացման,  ներհարաբերությունների ծրագրային փոփոխությունների հաստատման2:

Rodchenko-001

Ալեքսանդր Ռոդչենկո, Բանվորների ակումբի մոդել, 1925

     Ամեն դեպքում դժվար չէ նկատել  նախագծման այս  տիպի  ուշադրությունը  օբյեկտի ֆունկցիոնալ  հարմարավետության վրա, որտեղ  վերջնական արտադրանքը  պետք է համահունչ լիներ իր տեղադրելի տարածքում: Այստեղ, սակայն,   համահնչությունը  առավել նշանակում էր  համապատասխանեցում քան  ներդաշնակում. համապատասխանեցում ընդհանուր ֆունկցիային կամ իր առանձին անհրաժեշտությանը  տարածքում:   Երկրաչափական ֆորմաների, զուգահեռ-խաչվող ռիթմերի աշխատանքով հետաքրքրվածությունը  նախագծողներին  ձգում էր  առավելագույն ֆունկցիայի մեջ նվազագույն ձևագոյացումների: Սա իր համահնչությու-նը  գտավ    տարածքի  պլանավորման  և  դասավորման մեջ,   որտեղ,   սակայն,   ելնելով   նախապայմանավորող ֆունկցիոնալ ընդհանուր  պահանջից,  առանձին օբյեկտների ներդաշնակությունը սովորաբար կորցվում էր`  գերակա ֆունկցիոնալ համապատասխանության տարվածությամբ: Այսպիսի նախագծումը, ինչպես նկատեցինք,  բաց էր թողում նաև  օբյեկտի ապրանքային լուծման մի ամբողջ սպեկտր  լուծումներ և,  ինչն ամենահատկանշականն էր, ընդհանուր միջավայրում   պասիվացնում էր իր սկզբնական հատուկ ներկայացումը:

     Տարածքի այսպիսի  լուծումն  իր պարզ երկրաչափական, կանոնիկ ֆորմաների համադրմամբ  ներդաշնակեցվում էր  առավելապես լանդշաֆտի կամ արտաքին միջավայրի հետ և ոչ իր ներքին համակարգում:  Այսպիսի ներդաշնակեցումն ավելի  համադրելի էր արտաքին և մեծ մասշտաբների հարաբերություններում, ինչի  հնարավորությունը տալիս էին էքստերյեր/լանդշաֆտ  կամ    ընդհանուր շրջապատի և սահմանափակ տարածքի կայուն հարաբերությունները: Տարածքի ներքին հարաբերութուններում  հեշտ է տեսնել օբյեկտների  շարժական լինելու,  ընդհանուրի մեջ ամբողջի հետ  ակտիվ դերի և առաջնային ֆունկցիայի  ուղիղ      մեկնաբանման      տարրալուծման      անհրաժեշտությունը:

Pantone-001

Վերներ Պանտոն – Սրահ «Geometria 1»

   Սա    առաջ     է   քաշում ժամանակակից3  միջավայրի դիզայնի նոր խնդիրներ:  Արևմտայն դիզայնի տարբեր դպրոցներ տարբեր լուծումներ տվեցին այս  խնդրին:  Որոշ դեպքերում միջավայրի ինքնավարման այս միտումը տվեց  շլացնող և պայթյունի հասնող  ընդգծված արտահայտչականություն, ինչը շատ դեպքերում  ձևի և գույնի փորձարկումներում  հասնում էր  նեգատիվ  ընթերցման և  դրա պարզության կորստին: Այս շարքում սկանդինավյան դպրոցը  60-70-ականներին  մեծ նվաճումներ ունեցավ, որոնցից  առավել հատկանշականները կապվում են հայտնի դանիացի  նորարար Վերներ Պանտոնի հետ:

Verner-Pantone

Վերներ Պանտոն

         1955թ-ին  իրեն մեծ ճանաչում բերած  <<Կոն>> աթոռը   արդյունքն է վերը նշած  նախագծման հիմնարար փոփոխության: Պահպանելով  երկրաչափական պարզությունը`  Պանտոնը  շրջում է  սկզբնական մարմնի  սովորական ընթերցումը`  հաղորդելով օբյեկտին նոր էրգոնոմիկ հնչեղություն:

Verner-Pantone-001 Verner-Pantone-002


Դիտարկելով հեղինակին ճանաչում բերած օբյեկտի վերաներկայացման ստեղծագործական նմանօրինակ հնարը, այնուամենայնիվ, պետք է նշել, որ Պանտոնը պատկանում է ժամանակակից  դիզայներական այն դպրոցին, որտեղ առանձին օբյեկտները, ունենալով իրենց կարևորությունն ու հատուկ անդրադարձը` ի վերջո միայն տարածքի ընդհանուր միջավայրի մաս  են որպես գոյանում: Տարածքի այս հետաքրքիր ըմբռնման արդյունքում  միջավայրը ինքը սկսում է ընկալվել որպես օբյեկտ:  Միջավայրի <<օբյեկտային>> ընկալումը տարածքի այս տիպի առաջնային ֆունկցիոնալությունը փոխարինում է  էսթետիկ հարմարավետությամբ, ինչը, դառնալով  ստեղծագործական երևակայության և  ֆորմալ  ազատ փորձարկումների լայն դաշտ,  արդեն  ենթադրում է  միջավայրի և օբյեկտի նոր հարաբերություն, որը և կարող ենք անվանել օբյեկտի և միջավայրի ներդաշնակության նոր միտում:

Verner-Pantone-003

Վերներ Պանտոն – Ինտերիեր

Եվ քանի որ այս խնդրի որոնումներով տարված  հեղինակների աշխատանքները միջավայրի ընդհանրացման իրենց հավակնություններով հասան միջավայրը որպես ամբողջություն և  մարմնի ընկալմանը, ապա     ինչպես կարող ենք տեսնել Պանտոնի ինտերիեր աշխատանքներում  փոխվում են արդեն միջավայրի առանձին էլեմենտները, որի արդյունքում և   դրանց սովորական  ֆունկցիաները:  Պանտոնը   վերափոխելով սկզբնական էլեմենտի  ֆունկիցան` պատերը  և  կահույքը միաձուլում է իրար, որտեղ  նստատեղերը դառնում են պատի հարթությունից դուրս ելնող օրգանական   ֆորմայի  սերտաճման մաս:  Այսպիսի կենդանի միջավայրը` որպես ամբողջական մարմնի ընկալման  ձևամտածողությունը,  հնարավորություն եղավ  ֆորմայի առավել էսթետիկ և ոչ առաջնային ֆունկցիոնալ  շեշտադրմամբ:    

Verner-Pantone-004

Վերներ Պանտոն – Ինտերիեր

  Հետաքրքրական է, որ ֆորմայի ազատ մեկնաբանումը  միջավայրի և առանձին օբյելտների մշակման  ընթացքում  հեղինակին  առաջարկեց  ֆակտուրային և գունային արտահայտչականության խնդիրների լայն հարթույթներ, որի արդյունքում, ինչպես հատկանշական է հենց Պանտոնի օրինակում, օբյեկտի ձևավորման մեջ առավել ընդգծվեց գույնը:

Verner-Pantone-005

Վերներ Պանտոն – «Vision»

Գունային տարբեր կոնտրաստային հարաբերություններին4 ավելացավ նաև լույսի` որպես  գունային հարաբերությունների արտահայտչի  ընգծման  հնարավորությունը::  Զարմանալի չէ ուստի   60-70-ականների լուսամփոփերով և  լուսատու օբյեկտներով Պանտոնի հատուկ հետաքրքրվածությունը, որոնց մշակված տարբերակների թիվը հասնում էր  25-ի:

Verner-Pantone-006 Verner-Pantone-007 Verner-Pantone-008 Verner-Pantone-009 Verner-Pantone-010

Օբյեկտի և միջավայրի ներդաշնակեցումը, առանձին էլեմենտների օրգանական սերտաճումը այսպիսով  դառնում է  ձևագոյացող առարկայի5 բառացի ֆունկցիոնալ ազատագրման  հարթություն, ինչը և կարող ենք անվանել   օբյեկտի և միջավայրի ներդաշնակեցման ֆունկցիա: Հեաքրքրական է, որ  ֆունկցիոնալ դիզայնին այդքան անհրաժեշտ երկրաչափական ձևերի  արտահայտիչ  կառուցվածքնեըն  այս զարգացման մեջ առավել են  կենդանանում, իսկ առանձին առարկաների  դիզայնով հետաքրքրվածությունը ոչ միայն չի նվազում  հեղինակի մոտ, այլև արդեն իր մեջ ներառում է նոր  տեսակի  միջավայրի ընդհանուր գիտակցումը:

Verner-Pantone-011

Վերներ Պանտոն


 

1 –  Այս դեպքում կիրառելի է նաև  արտադրանք   որակումը:

2   Այս բնորոշումն  արևմտյան  կոչելու հնարավորություն ունենում ենք  հենց արևմտյան  դիզայնի  20-րդ դարի զարգացման հիմնական ուղեծրերը ընդհանրացնլիս, որտեղ այսպես թե այնպես  սովորաբար ներկա էր կոմստրուկտիվիզմի  հիմքում   ֆունկցիան բնորոշող ձև-նյութի լայն կիրառումը:

– Ըստ էության  միջավայրի և  ինտերյեր դիզայնի արդի պատմությունը  հենց  այստեղ է իր տեղը զիջում  ժամանակակից  դիզայնին:

4 –  Հետաքրքրական է, որ  գունային հարաբերությունների որոնումները և դրանց ներառումը  միջավայր Պանտոնին թույլ տվեցին  միջավայրը ընկալել  << Բնանկար>>, բնանկար` <<…որը չի ցանկանում միայն  ֆունկցիոնալ լինել>> կամ  որպես  <<ինտերակտիվ տնային լանդշաֆտ>>:  Իսկ ավելի ուշ շրջանում կհանդիպենք արդեն  ֆորմայի ֆակտուրային արտահայտչականությունը շեշտող լույսի կիրառմանը:

5  – Դրան նպաստում էր նաև Պանտոնի կողմից  ժամանակի նորագույն նյութերի կիրառումը  (պլաստիկ, պլեքսիգլաս, ֆիբերգլաս, ապակի, պենոռեզին, պոնիպրոպիլեն, սինթետիկ հյուսվածք և այլն):



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով