Բուլղարիայում են գտնվում միջնադարյան բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, որոնցից շատերը ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այդպիսի մի հուշարձան է Բոյանայի եկեղեցին: Այն գտնվում է Վիտոշա լեռան ստորոտում, Սոֆիայի Բոյանա արվարձանում, որի տարածքում հնում գտնվել է Բոյանա անունով գյուղ-ամրոցը: Այս ամրոցը միջնադարում Սոֆիա քաղաքի պաշտպանական համակարգի 35 ամրոցներից մեկն էր հանդիսանում: Եկեղեցին ստացել է ամրոցի անունը, բայց իսկզբանե տաճարը նվիրված էր Նիկողայոս և Պանտելեյմոն սրբերին[1]:
Բոյանա եկեղեցին կառուցվել է երեք փուլերով՝ X դարի վերջինXI դարի սկզբին, XIII դարի կեսերին, XIX դարի կեսերին: Հնագույն հատվածը (արևելյան եկեղեցին) փոքր չափերի միախորան խաչաձև գմբեթավոր եկեղեցի է՝ կառուցված X դարի վերջինXI դարի սկզբին: Երկրորդ հատվածը, որը միանում է արևելյան եկեղեցուն, կառուցված է Սեբաստոկրատոր Կալոյանի և իր կնոջ՝ Դեսիսլավայի պատվերով՝ XIII դարի կեսերին: Այս կառույցը երկհարկանի եկեղեցի-տապանատուն է: Ստորին հարկաբաժնում գտնվում է ընտանեկան տապանատունը՝ կիսագլանաձև թաղով, երկու սարկոֆագներով հյուսիսային և հարավային պատերին: Վերին եկեղեցի-մատուռն իր արտաքին հարդարանքով նույնանում է արևելյան եկեղեցու հարդարանքին: Հիմնական առանձնահատկությունն արտաքին հարդարանքում մատուռը կերամիկական զարդանախշերով է զարդարված: Երրորդ հատվածը կառուցվել տեղացիներին կողմից XIX դարի կեսերին:
Եկեղեցի-տապանատունն ունի երկու որմնանկարչական շերտ: Առաջին շերտը ծածկում է արևելյան եկեղեցու պատերը և թվագրվում է XI-XII դարերով, սակայն այժմ այդ շերտիցմիայն հետքեր են մնացել: Որմնանկարների երկրորդ շերտը, համաձայն երկրորդ հարկի հյուսիսային պատին թողած պատվիրատուի արձանագրության, պատկանում է 1259 թվականին:Այս որմնանկարներով է, որ Բոյանայի եկեղեցին արժանացել է մեծ ուշադրության և գնահատանքի: Այս որմնանկարները ի հայտ են բերում միջնադարյան բուլղարական մշակույթի բացառիկ ձեռքբերումները: 240 կերպարների մեծամասնությունն առանձնանում են անհատականացվածությամբ, հոգեբանական խորությամբ, կենդանությամբ: Պատկերները կատարված են Տուռնովյան գեղանկարչության դպրոցի ոճով, ցավոք, նկարչի (նկարիչների) անուններն անհայտ են: Կ. Պոլսի ազդեցությունը դեռևս նկատելի է, չնայած որ արձանագրությունը, որն ուղեկցում է տեսարանները սլավոնական ձեռագրատառերով է: Ակնհայտ է՝ նոր հետաքրքրվածությունն անհատական զգացմունքների նկատմամբ, բնապատկերները փոխանցում են բնության իրական ընկալումը և պարզորոշ կերպով երևում են մարդասիրական միտումները, որոնք առկա են նաև Կ. Պոլսյան աշխատանքներում և իրենց շարունակությունն են գտնում այստեղ Քրիստոսի պատկերներում՝ « Տասներկու ամյա Քրիստոսը տաճարում», «Պանտոկրատորը» պատկերներն դրա ապացույցն են: Դեմքերը կերտված են նրբորեն՝ կիսատոներով: Այստեղ բացակայում է Ներեզիի որմնանկարների նրբագեղությունը, գույներն էլ այդչափ պայծառ, այդչափ գրավիչ չեն, բայց այդ ամենով հանդերձ այստեղ առկա է այն խիստ անձնականությունը և անհատականության զգացողությունը, որին ոչ մի այլ տեղ չեն հասել: Այս անհատական մոտեցումն ակնհայտ է առավել աշխարհիկ ներկայացվող տեսարաններում, իսկ առավել հոգևոր թեմաները ներկայացված են շատ ավելի վերացական մաներայով:
Չնայած նորամուծությունների Քրիստոսի կյանքից վերցված դրվագները դասավորված են համաձայն ավանդական դասավորվածության, ինչպես այն զարգացում էր ստացել Կ. Պոլսում Բարսեղ I-ի Նեայի եկեղեցում, այդպիսով Բոյանայում կարելի է նկատել բազմաթիվ ավանդույթների ու ազդեցությունների միախառնում: Նախ և առաջ առկա է պահպանողական բյուզանդական ոճը, որը դրսևորվում է դասավորության մեջ ու որոշ չափով նաև դիրքերում: Ապա տեսանելի է առաջադիմական, հումանիստական ոճը, որն առաջին անգամ իր զարգացումն է ստացել Ներեզիում և վերջապես կան տարրեր, որոնք հատկապես բնորոշ են Բուլղարիային՝ ավելի մուգ ներկապնակը և որոշակի իրապաշտականությունը, որը տարբերվում է Ներեզիի նրբագեղ մաներայից: Պատկերները շատ տարբեր են ժամանակի գեղանկարչական ոճից, հագեցած են հոգևոր խորությամբ, բայց շատ իրատեսական են: Այստեղ չկա նաև այն սերը դեպի դեկորատիվ մանրամասները, որը գերիշխում էր Կ. Պոլսում XIV դարում, օրինակ՝ Կահրիե-Ջամիի խճանկարներում ու որմնանկարներում:
Քրիստոսի կյանքից վերցված տեսարաններից բացի, կան տասնութ տեսարաններ, որոնք դրվագներ են պատկերում սբ. Նիկողայոսի կյանքից: Առաջին շինության գմբեթում ներկայացված է Քրիստոս Ամենակալը: Նրա պատկերի ներքևում՝ թմբուկի վրա, հրեշտակների պատկերներ են, իսկ առագաստներին՝ չորս ավետարանիչներինը: Հմուտ նկարիչն ուշադրությունը կենտրոնացրել է կերպարների դեմքի արտահայտության ուրվագծմանը և նրանց առանձնահատուկ հոգեվիճակի պատկերմանը: Գավիթում ներկայացված են եկեղեցու պատվիրատուների հետաքրքիր դիմանկարները, մասնավորապես Սեբաստոկրատոր Կալոյանի և իր տիկնոջը՝ Դեսիսլավայի պատկերները: Կալոյանն իր ձեռքերում է պահել եկեղեցու մանրակերտը, և այն պատրաստվում է հանձնել սբ. Նիկողայոսին: Դեսիսլավայի դիմանկարն ուրվագծված է գրաֆիկական գծերով՝ փոխանցելով նրա հոգու խաղաղությունը և իմաստությունը: Այստեղ ներկայացված են նաև Բուլղարիայի արքա Կոնստանտին Ասենը և թագուհի Իրինան: Այս չորս դիմանկարներն արված են մանրամասների ներկայացման մանրակրկտությամբ և պատմական դեմքերի պահպանված ամենահին դիմանկարներն են: Դիմանկարների ստեղծման համար օգտագործված տեխնիկան տարբերվում է կրոնական տեսարաններին վերաբերող մոտեցումներից. այսպես, դեմքերն առավել ամբողջական են կերտված և բաց երանգավորված հատվածները ավելի քիչ են, քան խորը սպիրիտուալիստական բնութագիր ունեցող տեսարաններում, նկարչի գեղարվեստական մտածողության մեջ հստակ տարբերակվում են նյութական աշխարհի, իրեն ժամանակակից կերպարները և աստվածային կամ հոգևոր սրբացված կերպարները[2]:
Բոյանայի եկեղեցու որմնանկարներում ամբողջանում են նախորդող երկու դարերի բյուզանդական և տեղական ավանդույթները: Պատվիրատուների դիմանկարները, այնուամենայնիվ, առանձնանում են նոր զգացմունքայնությամբ և նշանակալի չափով անհատականացվածությամբ: Բոյանայի մյուս որմնանկարներն արևմտյան ծագում ունեցող տարրեր են պարունակում, հատկապես հագուստի, զարդանախշի, զենք ու զրահի ներկայացման մեջ[3]:
Բոյանա ամրոցը այն եզակի պատմական հուշարձաններից է, որում լիարժեք պահպանված է արևելյան Եվրոպայի միջնադարյան ճարտարապետական և մոնումենտալ արվեստի մշակույթային ժառանգությունը: Եկեղեցին, ինչպես նաև ամրոցում գտնվող մի շարք այլ պատմական հուշարձաններ, գրանցված են ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:
[1]http://www.building.am/arm/page.php?id=242
[2]D. Talbot Rice Art of The Byzantine Era, London, 1963, page 187-194
[3]Helen C. Evans, William D. Wixon, The Glory of Bizantium: Art and Culture of The Middle Byzantine Era, A.D. 843-1261, , J. D. Alchermes The Bulgarians, page 321-335, 1997.
Թողնել մեկնաբանություն