+374 99 12 80 82 Ուրբաթ - 04 Հոկտեմբեր 2024

Մշո Ճառընտիր


Բազմադարյան հայ մանրանկարչության կարևորագույն հուշարձաններից է  Մշո Ճառընտիրը կամ Տոնականը: Լինելով ամենամեծ հայկական մագաղաթյա ձեռագիրը՝ վերջինս պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 7729 համարի ներքո: Ճառընտիրը բովանդակում է ճառեր, քարոզներ, ներբողներ, ուղերձներ, կանոններ և զրույցներ, պատ­մա­կան բովանդակություն ունեցող շարադրանքների հատվածներ, ամփոփում է համաքրիստոնեական, ինչպես նաև հայ սր­բերի վկայաբանությունները՝ համակարգված ըստ քրիստոնեական տոների:

Մշո Ճառընտիր

Մշո Ճառընտիր

Մշո Ճառընտիրը 12-րդ դարի վերջին պատվիրել է Բաբերդի տեր՝ Վասուսի և Հռիփ­սի­մեի որդի՝ պարոն Աստվածատուրը:

Ձեռագիրն օրինակվել է գրիչ Վարդան Կարնեցու և նկարազարդվել Ստեփանոս ծաղկողի կողմից: 1202 թվականին ձեռագիրը հիմնականում պատրաստ էր, ավարտված չէր միայն հիշատակարանը: Այդ ժամանակ սկսվում է Իկոնիայի սուլթան Ռուքն-էդ-Դինի արշավանքը, որի ժա­մանակ ավերվում է Բաբերդը: Ձեռագրի պատվիրատու`Բաբերդի տանուտեր Աստ­վածատուրը սպանվում է, նրա ունեցվածքը թալանվում է, իսկ նրա պատվերով գր­ված ձեռագիրն ընկնում է Խլաթի թյուրք դատավորի ձեռքը:

Մշո Ճառընտիր, Քրիստոսը պատվիրատուի հետ,  Մկրտություն, Ծնունդ,  1 բ, 65x52

Մշո Ճառընտիր,
Քրիստոսը պատվիրատուի հետ,
Մկրտություն, Ծնունդ,
1 բ, 65×52

Վերջինս այն տանում է Խլաթ և հայտարարում ձեռագիրը վաճառելու իր մտադրության մասին: Մշո Առա­քե­լոց վանքի վանականները ձեռագիրը փրկագնելու համար հանգանակություն են սկսում, և 4000 արծաթ դրամով ձեռագիրը փրկագնվել է և տարվել Մշո Սուրբ Առաքելոց վանք: Այստեղ՝ 1205 թվականին ձեռագիրը կազմվել է, գրվել է հիշատակարանը, ուր շարադրվել է վերը բեր­ված պատմությունը: Այս տվյալները պատահական չեն և դա ցույց է տալիս, թե ինչ արտակարգ մատյան էր Մշո Տոնականը և´ իր սրբությամբ, և´ իր գեղարվեստական ձև­ավորմամբ:

Հետագայում ևս ձեռագիրն ունեցել է ոչ պակաս դրամատիկ ճակատագիր: 1915 թվականին Մեծ Եղեռ­նի ժամանակ, երկու մասի բաժանված ձեռագիրը փրկվել է:

Ձեռագրի մի մասը գաղ­թական երկու հայ  քույրեր իրենց մեջքին կրելով, մեծ դժվարություններով այն հասցրել են Երևան, երկրորդ մասը գտել է ռուսական բանակի սպա Նիկոլայ դե Ռոբեր­տին, ով այն տարել է Թիֆլիս և նվիրել հայկական բարեգործական ընկերության թա­նգարանին: Հետագայում ձեռագրի եր­կու կեսերը հանձնվել են Էջմիածնի ձեռագրատանը և Երևանի Գրականության թանգարանին: Այժմ երկու կեսն էլ, ինչպես վերը նշվեց,  7729 համարի  ներքո գտնվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մա­տե­նա­դարանում:

Հսկա ձեռագիրը գրելու համար մշակվել են հա­մապատասխան չափեր ունեցող մագաղաթե թերթեր, որոնցից յուրաքանչյուրի հա­մար օգտագործվել է մեկ հորթի կաշի: Մագաղաթյա հսկայի յու­րաքանչյուր թերթ ունի 70.5սմ х 55.5 սմ մակերես: Այսօր ձեռագիրը պահվում է երկու մա­սով. առա­ջին մասը կշռում է 15.2 կգ, երկրորդը՝ 12.3կգ: Մշո Ճառընտիրն ամբողջությամբ ունի  27.5կգ քաշ: Ձե­ռա­գիրը գր­ված է խո­շոր, ուղղագիծ երկաթագրով:

 Մշո Ճառընտիր, Մուտք Երուսաղեմ, 325 բ, 23x37

Մշո Ճառընտիր, Մուտք Երուսաղեմ, 325 բ, 23×37

Մշո Ճառընտիր, Լուսանցազարդ, 89 բ, 12x10

Մշո Ճառընտիր,
Լուսանցազարդ,
89 բ, 12×10

Մշո Ճառընտիր, Գլխազարդ, 265 ա, 23,5x12,5

Մշո Ճառընտիր, Գլխազարդ, 265 ա, 23,5×12,5

Մշո Ճառընտիր,  Գլխազարդ, 203 ա, 14,5x13

Մշո Ճառընտիր,
Գլխազարդ,
203 ա, 14,5×13

Մշո Ճառընտիր, Լուսանցազարդ, 315 բ, 25x12,2

Մշո Ճառընտիր, Լուսանցազարդ, 315 բ, 25×12,2

Ի սկզբանե ձե­ռագիրն ունեցել է 660 էջ, իսկ այսօր այն միայն 627-ն է: 17 թերթ պահվում է Մխիթարյան միաբանության Վենետիկի, մեկ թերթ՝ նույն միաբանության Վի­են­նա­յի մատենադարաններում: 1958 թ. ձեռագրի երկու թերթ ձեռք է բերվել Ռուսաստանի պետական (նախ­կին` Լենինի անվ.) գրադարանը և փոխանակման կարգով 1979 թ. հանձնվել Մաշտոցյան Մա­տե­նա­դարանին: Մնացած թերթերը կորսված են:

 Մշո Ճառընտիր, Գլխատառ, 144 բ, 8,8x20

Մշո Ճառընտիր, Գլխատառ, 144 բ, 8,8×20

Ձեռագիրն ունի ընդամենը  չորս թեմատիկ ման­րա­նկար: Մատյանի սկզբում կա երեք հորինվածք պարունակող մի մանրանկար էջ: Էջի վե­րին մասում պատկերված է Քրիստոսը` պատվիրատուի հետ և Մկրտության տե­սա­րանը, իսկ ստորին մասում` Ծնունդը և Մոգերի երկրպագությունը: Թերթը, որի վրա նկարված են այդ երեք պատկերները, վնասված է՝ վերին և ստորին ձախ եզրերը, ցա­վոք, պատռված են: Իսկ չորրորդ մանրանկարը ներկայացնում է Մուտքը Երու­սա­ղեմ տեսարանը, որը զբաղեցնում է ողջ էջի միայն վերին հատվածը:

Ձեռագիրը զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով, գլխատառերով և զարդագրերով, որոնք հարստացնում են և ճոխացնում են հրաշագեղ մատյանի  գեղարվեստական հարդարանքը:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով