+374 99 12 80 82 Երեքշաբթի - 19 Մարտ 2024

Զարդանախշերը հայկական գորգերում և տարազում


Ժամանակի ընթացքում հագուստը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, սակայն կան ընդհանուր բնորոշիչներ, որոնք անփոփոխելի են մնացել: Նույնիսկ օտար փոխառությունների դեպքում հայերը ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել գույների, ձևերի և ներդաշնակության մեջ: Տարազի յուրահատկություններից են ընտրված գույները և զարդանախշերը: Այս երկու բնորոշիչներով կարելի է նաև նկարագրել հայկական գորգերը: Տարազային համալիրը բաղկացած է մի քանի մասերից, որոնք լրացնում են մեկը մյուսին՝ կապվում իրար հետ զարդարման միջոցով: Տարազային համալիրի առանձին մասերի զարդանախշերին մենք հանդիպում ենք հայկական գորգերում, որը խոսում է այս երկու մշակույթներում պահպանված նախշերի իմաստաբանական նույնության և կապի մասին:

Ornaments-of-Armenian-carpets-and-national-costume-005

Կարինի կարպետ

Անդրադառնալով տարազի առանձին հատվածներին, հնարավոր է ավելի մանրամասն տեսնել այդ նմանությունները ու կապը: Այսպիսով, կանանց և տղամարդկանց շապիկների ասեղնագործ հատվածներն ունեին պահպանիչ նշանակություն: Զարդանախշը ընդգծում էր օձիքի, կրծքի հատվածը, ձեռքերի ու կողային բացվածքների եզրերն ու քղանցքը:

Տղամարդկանց շապիկը հիմնականում զարդանախշվում էր օձիքի բացվածքում ու կրծքի հատվածում, որն ուներ սիրտն անխոցելի դարձնելու, քաջությունը պահպանելու խորհուրդը: Կանանց կրծքամասի հավելյալ զարդանախշ հատվածը կոչվում էր դոշ կամ սրտանոց, որն ուներ կուրծքը պահպանելու խորհուրդը (կերակրող մոր կաթը պահպանելու իմաստը):

Ասեղնագործվում էր կանանց, հատկապես նորահարսի շապիկի քղանցքը, որն ուներ ինչպես չարի մուտքն արգելող, այնպես էլ բեղմավորումն ապահովող պահպանիչի նշանակություն: Առավել զարդարված էր լինում հարսանեկան շապիկը: Ասեղնագործություններն արվում էին արծաթելով կամ ոսկեթելով: Զարդանախշերը ունեին հիմնականում բուսական հարդարում:Տարազի գլխավոր մասերից մեկը գոգնոցն է: Ամենահարուստ զարդամոտիվներով գոգնոցներ կան Վանի, Վասպուրականի, Մեծ Հայքի, Արցախի, Զանգեզուրի տարազային համակարգերում: Այժմ Երևանի պատմության թանգարանում ցուցադրվող Վան-Վասպուրական տարազային համալիրի գոգնոցները արված են «թելթող» կոչվող կարպետագործական տեխնիկայով:Այս տեխնիկայով են արվել բազմաթիվ անկողնապարկեր, աղաքսակներ, խուրջիներ և այլն: Զարմանալի չէ այս նմանությունը, քանի որ անկողնապարկերը անմիջական կապ ունեն աղջկա հարսանեկան արարողության հետ: Սրանք օգտագործվում էին աղջկա օժիտի տեղափոխման համար:

Ornaments-of-Armenian-carpets-and-national-costume-001 Ornaments-of-Armenian-carpets-and-national-costume-002 ornaments-of-Armenian-carpets-and-national-costume-003


Գոտին բնորոշ է կանաց և տղամարդկանց տարազին: Հայոց մեջ օգտագործվել են գոտու տարբեր տեսակներ`սկսած շալե գործվածքներից մինչև կաշվեղեն ու մետաղական: Տուրուբերանի, Վասպուրականի և Փոքր Հայքի պատմազգագրական շրջաններում տղամարդկանց տարազային համալիրում շալե գոտիները, որոնք գծանախշ կամ խոշոր վանդականախշ, լայն ու երկար գործվածքներ էին, մի քանի անգամ փաթաթվում էին մեջքին: Այս գոտիները ծառայում էին իբրև գրպան, որի ծալքերում պահվում էին ծխախոտի քսակը (քիսան), ծխամորճը, հրահանը (չախմախ), զենքը և այլն: Հյուսկեն` գոտու մեկ այլ տեսակ, բնորոշ էր բարձր Հայքի կանանց տարազին: Խոսքը մետաքսաթել նուրբ, բարակ ու երկար գոտիների մասին է, որոնք երկկողմանի նախշերով էին, երբեմն թվագրված էին, ունեին հիշատակություններ:

Ornaments-of-Armenian-carpets-and-national-costume-004

Անկոնապարկի զարդանախշ

Ornaments-of-Armenian-carpets-and-national-costume-006

Նշազարդով հարդարված եզրագոտուց հատված


Ինչպես արդեն նշվեց, մեզ հայտնի բազմաթիվ զարդանախշեր նույնությամբ կրկվում են գորգային և տարազային հորինվածքներում, ամենահայտնի և տարածված զարդանախշը խաչի սիմվոլն է, որը ունի շատ հին պատմություն: Այս զարդանախշին հանդիպում ենք շատ ժողովուրդների մոտ, ուսումնասիրողների մի խումբ խաչը դիտարկում է որպես արևի սիմվոլ, չորս տարրերի՝ բնության չորս ուժերի գաղափար, որը և դրված է քրիստոնեություն հիմքում: Բացի խաչահիմք զարդանախշերից գորգագործության մեջ և տարազային հագուստում, բազմաթիվ են հայերեն մեծատառ «Տ» հիշեցնող զարդանախշը: Վարդան Թեմուրճյանը, ով ուսումնասիրում էր հայկական գորգերը, այս զարդանախշը դասում է վիշապ հիշեցնող սիմվոլների դասին, որը առաջացել է վիշապի ոճավորված սիմվոլի հապավումների «ուղղումների հետևանքով»: Վիշապի պաշտամունքը սերտ աղերսներ ունի ջրի պաշտամունքի հետ: Այլ ուսոմնասիրողներ պատկերը կապում են օձի պաշտամունքի հետ: Սակայն ըստ Հարություն Քյուրտյանի, ով բազմաթիվ հոդվածներ ունի նվիրված վիշապագորգերին, կարծում է, որ սխալ է վիշապին և օձին նույնեցնել, քանի որ վիշապի պաշտամունքը տարբերվում է օձի պաշտամունքից:Չնայած այս երկու հակասական գաղափարներին, այս պատկերի բազմաթիվ ոճավորումների մենք հանդիպում ենք հայկական արվեստում, որը կրում է նույն գաղափարը՝ բեղմավորության, առատության սիմվոլներ:

Ornaments-of-Armenian-carpets-and-national-costume-007

Վան-Վասպուրականի գոգնոցից հատված

Տարազային ևս մի տարածված սիմվոլ` նշազարդ կամ կոկոն, որը պղաբերության անենատարածված ոճավորումն է ինչպես տարազի, այնպես էլ գորգերի մեջ: Օժիտի համար պատրաստվող գորգերը, կարպետները, հագուստի ասեղնագործված հատվածները հարդարված են եղել այս՝ սերմի խորհուրդը կրող զարդամոտիվում: Կարևոր և շատ հանդիպող մեկ այլ զարդանախշ է կենաց ծառը, որի ամենաոճաորված տարբերակներին հանդիպում ենք հայկական զարդարվեստում:Մետաքսաթել գոտիների հիմնական պատկերը կենաց ծառն է, երբեմն այն այնքան է ոճավորվում, որ ստանում է ծաղկամանաձև հորինվածք, որը պտղաբերության, աճի գաղափարի խորհուրդն ունի: Հին աշխարհում հավատալիքային պատկերացումներում ծառերը կնոջ անձնավորումն են, ինչպես օրինակ սպիտակ կեչին` սլավոնական ժողովուրդների մեջ: Հայոց մոտ այդ դերը կատարում է ուռին: Ուռին նաև ծաղկազարդի կենտրոնական առարկան է: Գորգային զարդանախշերում ևս կենաց ծառը գրավում է առաջնային տեղ: Այս սիմվոլին հանդիպում ենք ինչպես ամբողջ գորգադաշտում, այնպես էլ առանձին զարդագոտիներում: Զարդարվեստի մի ամբողջ անսամբլ է պարունակում Վան-Վասպուրականի գոգնոցը: Խաչեր, վեցանկյուն ռոմբեր, աստղեր, թռչնի պատկերներ, կեռեր և վեցանկյուն աստղեր: Նշված բոլոր զարդամոտիվները կարող ենք հանդիպել գորգագործության մեջ: Այսպիսով, հայկական կիրառական արվեստի մաս կազմող, սակայն իրենց նշանակությումբ ծիսական երկու իրերի՝ տարազում և գորգերում առկա են նույն զարդանախշերի մի ամբողջություն, որը խոսում է ավանդույթները պահպանելու, սերնդներին փոխանցելու կարևոր գաղափարների մասին:



Մեկ մեկնաբանություն
  1. Нина Гальфингер

    28 Օգոստոս 2016 13:53

    Уважаемая Астгик!
    В Вашей статье приведена иллюстрация серии рисунков “дерево в вазе”. Она мня очень интересует, так как на музейном предмете – ноже – аналогичное изображение. Не могли бы Вы сообщить мне максимум информации – источник иллюстрации, что изображено на иллюстрации – это не пояса?, а также как автор называет элементы этих рисунков – “дерево”, “ваза” или иначе.Заранее спасибо!

    Պատասխանել

Պատասխանել Нина Гальфингер-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով