+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Խաչատուր Իսկանդարյանի արվեստը


   Խաչատուր Իսկանդարյանը  ՀՀ  վաստակավոր նկարիչ, քանդակագործ է, ով իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, մրցույթների, արժանացել պարգևների: Երևանում, 1923թ. ծնված արվեստագետն իր մասնագիտական կրթությունն ստացել է մայրաքաղաքի «Գեղարդ» տեխնիկումում, իսկ 1951թ. ավարտել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Իսկանդարյանը հասարակության ուշադրությունն իր վրա է գրավել սկսած դեռևս 1950-ականներից, երբ ցուցահանդեսներում հայտնվեցին նրա՝ ծավալով փոքր, միաֆիգուր ու բազմաֆիգուր ժանրային կոմպոզիցիաները («Պատանի երաժիշտներ», «Դաշտային խոհանոց»), նկարիչներ Հակոբ Կոջոյանի և Ռաֆայել Շիշմանյանի  դիմաքանդակային արձանիկները` կերտված նրա կողմից, «Պարուհիներ» քանդակաշարքը, «Քաջ Նազար» հեքիաթի արձանագործական պատկերազարոդումները: Այս աշխատանքներին բնորոշ է կյանքի կենդանի ընկալումը, մարդու նկատմամբ ունեցած անկեղծ ուշադրությունը, ջերմությունը, որոնք դրսևորված են քանդակագործության «գեղանկարչական» լեզվով:

   Խաչատուր Իսկանդարյանի քանդակագործական աշխատանքների շարքում առանձնանում են նրա դիմաքանդակները: Դիմաքանդակով նա սկսել է զբաղվել 1958-ից: Տարբեր տեխնիկաներով (բրոնզ, պղինձ, փայտ, քար, կոփածո ալյումին) կատարված նրա դիմաքանդակներն աչքի են ընկնում պլաստիկական լուծումների ընդհանրացված ամբողջականությամբ, դիպուկ են հոգեբանական բնութագրով:

Խաչատուր Իսկանդարյան, դիմաքանդակներ

    Հատկապես մտավորականների՝ քանդակագործ Սուրեն Ստեփանյանի, դերասան Արմեն Արմենյանի, վիրաբույժներ Ի. Իսահակյանի, Ք. Պետրոսյանի դիմաքանդակները ներթափանցված են ջերմ հուզականությամբ, որն էլ գրավել է դիտողին:

Khachatur-Iskandaryan-mayr-tereza

Խաչատուր Իսկանդարյան, Մայր Թերեզայի դիմաքանդակը,1989

   Նշանավոր է Մայր Թերեզայի դիմաքանդակը (1989), ուր ծեր, իմաստուն կնոջ կնճռոտ դեմքին բարությունն է դրոշմված:

Խաչատուր Իսկանդարյան, կենցաղային թեմաներով քանդակներից

   Դիմաքանդակային արձանիկներում Իսկանդարյանը վարպետությամբ ու սիրով ներկայացրել է իր ժամանակակիցներին, հայ մշակույթի անվանի գործիչներին (Նիկողայոս Նիկողոսյան, Գաբրիել Գյուրջյան, Բարթուղ Վարդանյան, Արամիկ Ղարիբյան, Ռաֆայել Շիշմանյան, Մարտիրոս Սարյան, Արմինե Կալենց): Նա, հանդես բերելով մասնագիտական հնարքներին տիրապետելու նուրբ ճաշակ ու հմտություն, յուրաքանչյուր անվանի բնորդի համար գտել է հետաքրքիր լուծում:Բավական առանձնահատուկ են Խաչատուր Իսկանդարյանի կենցաղային ժանրի քանդակները: Վերջիններս հիմնականում բազմաֆիգուր հորինվածքներ են, որոնք հաճախ պարունակում են բնանկարչական տարրեր: Դրանցում նկատվում է քանդակագործի հակումը դեպի ավելի սուր բնութագրումները, կերպարային ամբողջականությունը և արտահայտչամիջոցների հակիրճությունը [1, էջ 6]:

   Այս մանրաքանդակները կերտված են հորինվածքի ազատ դասավորմամբ, պլաստիկական նուրբ մշակումներով, աչքի են ընկնում զգացմունքայնությամբ և բովանդակության խորությամբ:

      Այս աշխատանքներից ուշագրավ են  «Քննարկում», «Հեծանվորդները», «Մկների ժողովը», «Անձրև», «Մանկապարտեզի երեխաները» պատկերաքանդակները: Կենցաղային թեմաներով արված այս խմբաքանդակներում վարպետորեն են ներկայացված մարդկանց դիրքերն ու դեմքի արտահայտությունները:

Խաչատուր Իսկանդարյան, Մինուտչիկ Ալեքսանը, 1980

Խաչատուր Իսկանդարյան, Թութ թափտվողները, 1986

         Շատ տպավորիչ է Իսկանդարյանի «Հուշեր հին Երևանից» շարքը: Հայ քանդակագործներից Իսկանդարյանը միակն է, ով ստեղծել է հին Երևանին նվիրված մանրաքանդակների շարք: Խոր բովանդակություն ունեն պլաստիկական տարբեր եղանակներով կատարված այս գործերը, որոնք ազգագրական արժեքներ են [2, էջ 9]: Իսկանդարյանը ներկայացրել է իր մանկության քաղաքի թաղերը, փողոցները, շուկան, թերթի կրպակը: «Մինուտչիկ Ալեքսանը», «Ծաղկավաճառը», «Դանակ-մկրատ սրողը», «Թութ թափ տվողները», «Ջրավաճառ Զատիկը», «Երվանդի ֆայտոնը», «Թերթի կրպակը», «Երաժիշտները», «Հուշեր հին Երևանից» շարքի լավագույն աշխատանքներից են:

Khachatur-Iskandaryan-hakop-meghapart

Խաչատուր Իսկանդարյան, Հակոբ Մեղապարտի հուշարձանը

Khachatur-Iskandaryan-caxkavachar1983

Խաչատուր Իսկանդարյան,
Ծաղկավաճառը, 1983

Khachatur-Iskandaryan-andzrev

Խաչատուր Իսկանդարյան,
Անձրև

      Խաչատուր Իսկանդարյանն ունի նաև մոնումենտալ քանդակներ: Նա հեղինակել է մոտ 20 հուշարձան, որոնք տեղադրվել են Հայաստանի տարբեր քաղաքներում ու շրջաններում: Դրանցից են Արմեն Տիգրանյանի, Ավետիք Իսահակյանի հուշարձանները Գյումիրում, Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին Վարդենիսում և այլն: Առանձնանում է հատկապես Հակոբ Մեղապարտի գրանիտե հուշարձանը, որը Երևանում տեղադրվել է 1987թ.:

Խաչատուր Իսկանդարյան, գեղանկարչական աշխատանքներից

Խաչատուր Իսկանդարյան, գեղանկարչական աշխատանքներից

Իսկանդարյանը զբաղվել է  նաև գեղանկարչությամբ, գրաֆիկայով: Այստեղ նրան հետաքրքրել է բացառապես բնանկարային ժանրը: Յուղաներկով, տեմպերայով, ջրաներկով, տուշով, պաստելով, խառը տեխնիկայով արված նրա բնանկարները և  քաղաքային բնանկարները  պատկերում են  Հայաստանի, Մերձբալթիկայի, Հնդկաստանի, Ճապոնիայի բնությունը, աչքի են ընկնում ազատ ու համարձակ կատարմամբ: Իսկանդարյանը վերարտադրել է  այդ վայրերի ինքնատիպությունը:

Նրա խեցեգործական աշխատանքներից նշենք Թումանյանի «Գիքոր» պատմվածքի թեմաներով արված գործերը և «Հին Ուզբեկստան» շարքը:

Գրականություն

 

  1. Խաչատուր Իսկանդարյան = Ցուցահանդեսի կատալոգ / խմբ.՝ Ա. Տոնիկյան/, Երևան, 1967:
  2. Խաչատուր Իսկանդարյան: Քանդակ, գեղանկար, գրաֆիկա / Կազմ. և առաջաբ.՝ Սյուզաննա Փիլոսյան /, Երևան, 2010:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով