+374 99 12 80 82 Երեքշաբթի - 12 Նոյեմբեր 2024

Երկու արվեստագետի երկխոսություն | «Փլուզում և ներդաշնակություն» | Արա Հայթայան և Նոբուհիրո Օհարա


Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում հունիսի 20-ին տեղի ունեցավ Արա Հայթայանի և ճապոնացի արվեստագետ Նոբուհիրո Օհարայի համատեղ  «Փլուզում և ներդաշնակություն» ցուցահանդեսի բացումը:

 


Արա Հայթայանը գրում է.

«2009թ.-ի դեկտեմբերին Բելգիայի Գենտ քաղաքի սրճարանում սկիզբ առած երկխոսությունը երկու արվեստագետներին՝ Նոբուհիրո Օհարային և Արա Հայթայանին հուշեց իրենց տեսակետը արտահայտել միացյալ ցուցադրությամբ: Իրենց զրույցի թեման արդի արվեստի բնույթի փոփոխականությունն ու նորաստեղծ ձևերի քննությունն էին: Արվեստագետներից յուրաքանչյուրը համամիտ էին արդի արվեստի ինքն իր հետ հակասության մեջ գտնվելու փաստի հետ: Մի բան, որ մերօրյա արվեստագետին մղում է անդադար վերանայելով փլուզելու և ներդաշնակելու սեփական եզրը…»                                                          

 

«Արվեստագիր»-ը ներկա էր այս «երկխոսությանը» և իր հարցերն ուղղեց արվեստագետներին:

 


_Պարոն Օհարա, բարի գալուստ Հայաստան. Այսպիսով, ինչն է կապում ձեզ հայկական մշակույթի հետ, միայն Արա Հայթայանը, թե՞ կան նաև այլ կապեր կամ նմանություններ հայ և ճապոնական մշակույթների միջև:

 

Ն.Օհարա.

_Արան շատ կապեր ունի ճապոնացի արվեստագետների և պատկերասրահների հետ և ես էլ նրանցից շատերին գիտեմ: Նախորդ անգամ երբ մի խումբ ճապոնացի արվեստագետներ Հայաստնում էին, ես չկարողացա միանալ նանց, սակայն այս անգամ Արան առաջարկեց համատեղ ցուցահանդես ունենալ և դա ինչ-որ առումով նպատակային էր ինձ համար: Ես հետաքրքրված եմ հայկական մշակույթով: Ես մտածել եմ մեր կրոնների մասին: Արվեստագետի համար շատ կարևոր է կրոնը: Ճապոնացիներն ունեն շատ առեղծվածային կրոն՝ Շինտո, ինչը բավականին յուրահատուկ տեղ է զբաղեցնում ճապոնական մշակույթում: Եվ հայերն ունեն քրիստոնեությունը, որը շատ կարևոր դեր ունի ամբողջ աշխարհում և այս առումով Հայաստանն ինձ համար բանալի-երկիր է, քանի որ այն դեռևս անհիշելի ժամանակներից քաղաքակրթությունների խաչմերուկ է հանդիսանում:

 


_Ո՞րն է ձեր գեղագիտական ուղղվածությունը կամ որտեղից է այն գալիս՝ ավելի շատ արևելքից թե՞ արևմուտքից:

 

Ն.Օհարա.

_Իհարկե իմ ինքնությունը ճապոնական է, ես ճապոնացի արվեստագետ եմ: Բայց այսօր աշխարհում շատ յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել: Զարգանում են նորագույն տեխնոլոգիաները, նոր գիտակարգեր են առաջ գալիս և շատերը կարծում են, որ համակարգիչը և արհեստական ինտելեկտը շուտով առանձնահատկություն ձեռք կբերեն և կդառնան «Աստված»: Ես այդպես չեմ կարծում: Մենք դեռ պետք է մտածենք թե ի՞նչ է առանձնահատկությունը և ի՞նչ է Աստված: Սա շատ կարևոր հարց է ամբողջ աշխարհում: Այսպիսով մենք պետք է պայքարենք և մրցակցենք արհեստական իտելեկտի ստեղծած արվեստի հետ. Մարդ-արվեստագետը պիտի մտածի այն հարցի շուրջ թե ինչու՞ է ինքը մարդկային էակ-արվեստագետ.Սա է իմ հիմնական հարցադրումը արվեստում.

 


_Ի՞նչ է «պարապ»-ի (void) գեղագիտությունը:

 

Ն. Օհարա.

Պարապ»-ը ասիական (չինական, կորեական, ճապոնական, հնդկական) ավանդական մտածողության մոտեցում է: Հնդկաստանը գտավ «զրոյի» կոնցեպտը, իսկ չինական մշակույթը՝ «դատարկության» կոնցեպտը. դատարկությունը, որ նույնականացնում է ամեն ինչ: Սա հիմնային կոնցեպտ է Արևելյան Ասիայի ժողովուրդների համար և այն ներթափանցում է Ասիայի ժողովուրդների կյանք և արտահայտվում նրանց վարքագծում: Ողջ մշակույթը կառուցված է այս կոնցեպտի շուրջ և այն շատ տարօրինակ է եվրոպացիների համար: 

 

_Ի՞նչ ապագայի համագործակցության պլաններ ունեք կապված Հայաստանի և հատկապես Արա Հայթայանի հետ:

 

Ն. Օհարա.

_Ես առաջին անգամ եմ Հայաստանում, առաջին օրը ես հաճելիորեն զարմացած էի: Հայակական արվեստը շատ մոտ է ինձ և եթե հնարավորություն լինի կրկին գալ Հայաստան ևս սիրով կանեմ դա:

 


_Ի՞նչն է այդքան միավորում ձեզ, և ի՞նչը առիթ հանդիսաավ համատեղ ցուցահանդես ունենալու համար:

 

Ն. Օհարա.

_Ես արվեստաբան չեմ, բայց ես հասկանում եմ Արայի արվեստի հատուկ նշանակությունը արվեստի պատմության մեջ: Գրեթե բոլոր երկրներում արվեստը սահմանված է իզմերով, բայց Հայաստանում գործում է ավելի մարդասիրական սիստեմ, ինչը արվեստագետներին էլ ավելի օրիգինալ է դարձնում:

 

Ա. Հայթայան. 

_Կարծում եմ մեզ կապում է հենց մոտեցումը «պարապ»-ի (void) հանդեպ: Իմ զգացողությունն այսօրվա արվեստի հանդեպ այնպիսինն է, որ այն շատ լուրջ ու նուրբ ասպեկտներ է ուսումնասիրում, որպեսզի կարողանա առաջ գնալ: Այն չի կարող առաջ գնալ ճակատային: Շատ նահանջներ են հարկավոր, որպեսզի հետո նոր խոսք ասվի, նոր ձևեր ստեղծվեն: Ամեն արվեստագետ փնտրում է իր  տեսակի մտածող կամ իր տեսակի, բայց որը նաև տարբեր է, որպեսզի ինքը տեսնի իր տեսակի տարբերությունները: Մեր զրույցների ժամանակ,  հանձինս պարոն Օհարայի ես տեսա մեկին, ով մոտ է իմ մտածողությանը: Մենք նույն կերպ ենք մտածում այն մասին, թե  ժամանակակից արվեստում ներկա լինելու համար ի՞նչ վերլուծություններ են հարկավոր անել, ի՞նչ դիրքորոշումներ է պետք ձևակերպել անցյալի, այսօր ստեղծվող և ապագայի արվեստի նկատմամբ: Թե ինչպե՞ս պիտի արվեստագետը հարաբերվի դրանց հետ և դրա հետ մեկտեղ ի՞նչ կենցաղավարություն պիտի իր համար ապահովի, որպեսզի հենց այդ  հարցերին կարողանա  հետևողականորեն հետամուտ լինել:Եվ թե որքա՞ն պիտի կազմի երևացող արվեստի մասը, կլինի դա ավանգարդ կամ ակտուալ արվեստ և կամ որքանով պիտի լինի լաբորատոր մասում: Որպեսզի արվեստագետն այսօր կարողանա ուսումնասիրել անցյալի կատարվածը և արժևորել ներկան, պետք է հասկանալ, թե կենցաղավարության ինչ տարբերակներ կան, որոնք թույլ կտան ստեղծել արվեստի հենց այն պրոդուկտը, որը կլինի էկվիվալենտ իր գաղափարներին և դիրքորոշմանը: Օրինակ իմ հրաժարվելը կտավից, ինչ-որ առումով կապված է հենց դրա հետ: Թուղթն ինձ հնարավորություն է տալիս անցնել այդ վերլուծությունների միջով՝ պահպանելով արտիստիզմի իմ պատկերացրած տարբերակը, ապահովել մտքի արագություն և ունենալ այն ինտիմ կապը նյութի (թուղթ, տուշ, տարածություն, խորություն) հետ, որը ես ուզում եմ: Այսինքն՝ արվեստ անել ուսումնասիրելով հենց նյութը,  ինչով որ աշխատում ես և նյութը համարել ասելիքի կրողը, թղթի տեսակը համարել առաջին խոսք, որից հետո դու երկրորդը պիտի ասես այդ նույն թղթի և տարածության վրա: Այսպիսով, արվեստի այս  ինչ-որ առումով թաքնված խոսքի, ոչ ճակատային, ոչ դեկլարատիվ ճանապարհի ընկեր  և համակիր, ես պարոն Օհարային տեսա, և ցուցահանդեսը եղավ մեր վերջին տարիների զրույցների արդյունքը 

_Շնորհակալություն…

   

 

 

 


Ցուցահանդեսը բաց է մինչև 2018թ. հունիսի 30-ը, մուտքն ազատ է:

Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

Հասցե՝ Մաշտոցի 7


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով