+374 99 12 80 82 Հինգշաբթի - 21 Նոյեմբեր 2024

Ոսկե Ծիրան |Երևանը կինո է շնչում


Երևանյան ծիրանառատ կինոտոնի մեկնարկն ազդարարեց ֆրանսահայ նշանավոր կինոգործիչ Ռոբեր Գեդիկյանի «Ամառանոց» նոստալգիկ ընտանեկան դրաման։ Ողջույնի խոսքում, փառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ 15-րդ հոբելյանը ոչ միայն ամփոփումն է անցած ուղու, այլև ուղերձ կինոսերներին․ «Առաջին ուղերձը դա սերնդնափոխությունն է, երկրորդը՝ կարևորագույն իրադարձությունների կենտրոնում լինելը։ Ինչպես գիտենք, այս տարի Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, և բնական է, որ փառատոնի բացումը ազդարարվում է մեր լավ բարեկամ, հանրաճանաչ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը, որը անցած տարի մասնակցել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում»։

Իր հերթին, երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը նշեց, որ «Ամառանոցը» Գեդիկյանի թվով 30-րդ ֆիլմն է, արժանացել է կինոաշխարհի ամենահին՝ Վենետիկի կինոփառատոնի կաթոլիկ համայնքի մրցանակի, իսկ նրա տիկինը ու անփոխարինելի մուսան՝ Անայիս Դեմուրյեն, ֆիլմում կերտած դերի համար նոմինացվել է ֆրանսիական Սեզար կինոմրցանակի։ Այն կարելի է համարել ռեժիսորի 1985 թ․ դեբյուտի անուղղակի շարունակություն։ Նրա բոլոր ֆիլմերը լցված են մարսելյան շնչով։

Բացման ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց փառատոնի հանդիսավոր բացումը, որը տեղի ունեցավ Ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում։ Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ Կինոտոնի պատվավոր հյուրն է անվանի կինոռեժիսոր Դարեն Արանաֆոսկին։ Մոտակա օրերին կցուցադրվեն նրա այցեքարտային ֆիլմերը, ինչպես նաև վարպետաց դասեր՝ ռեժիսորի մասնակցությամբ։


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով