+374 99 12 80 82 Շաբաթ - 21 Դեկտեմբեր 2024

[Որդան կարմիր] Հայկական ժամանակակից երաժշտության ընդհատակյա գործունեությունը. Զրույց խմբի բաս-կիթառահար Դավիթ Գալստյանի հետ


Հայկական ռոքի կարմիր բրենդ. «Որդան Կարմիր»: Խումբը կազմավորվել է 2004 թվականին՝ Վանաձորում: Կազմված է չորս անդամներից՝ Վահան Պողոսյան (վոկալ),Դավիթ Գրիգորյան (կիթառ), Դավիթ Գալստյան (բաս-կիթառ), Պայքար Չախոյան (հարվածային): Թողարկել է մեկ մինի և մեկ՝ ամբողջական ալբոմներ: Խումբը համերգներով հանդես է գալիս ոչ միայն երևանում, այլ նաև ՀՀ տարբեր քաղաքներում: Ներկայանում է ալտերնատիվ մետալլ ժանրում: Երգերի հիմնական գաղափարն է՝ «Հեղափոխություն մտքում, հեղափոխություն հոգում, հեղափոխությունը միակ ճանապարհն է հույսի ու լույսի.. »։ Այսօր մենք կզրուցենք «Որդան Կարմիր» խմբի բաս-կիթառահար՝ Դավիթ Գալստյանի հետ:

Vordan-karmir-001

– Ինչու՞ «Որդան Կարմիր»:

– Էս հարցը իմ չսիրած հարցերի թոփ տասնյակում ա, որովհետև 10 տարի պատասխանում եմ: «Որդան Կարմիր», որովհետև դա հայկական ա, դրանով մենք հայտնի ենք եղել աշխարհում, դա ժամանակից չի վախենում։ Փորձենք երաժշտության միջոցով էդ չխամրող գույները տալ մարդկանց:

– Ի՞նչ եք կարծում. ո՞րն է պատճառը,որ հայկական ռոքը ճգնաժամ է ապրում և ի՞նչ լուծումներ կառաջարկեք:

– Չեմ կարծում թե հենց ռոքն է ճգնաժամի մեջ։ Լավ էլ ստեղծագործում են մարդիկ։ Այլ բան է, որ մարդիկ քիչ են, հետևաբար դրանց մեջ քիչ են ռոք լսողները ու ավելի քիչ հենց քեզ լսողները։ Սա է ամբողջ գաղտնիքը։ Խնդրիը լուծելու միակ ելքը մարդկանց ներգաղթն է ։)

Vordan-karmir-003

Vordan-karmir-004


– Ռոքասերների մի խումբ պնդում է՝ «ռոքը ազատություն է», մյուս խումբը պնդում է՝ «Ռոքն ապրելակերպ է»:  Դուք ի՞նչ կասեք:

– Ինչպես ցանկացած այլ երաժշտություն, ռոքն էլ կերտում է իրեն հատուկ աշխարհայացքով մարդ։ Մի քիչ աջ մի քիչ ձախ, բայց մեկ ա մի ընդհանրություն ունեն։ Փողոցում տեսնում ես մեկին ու հասկանում ես, որ քոնոնցից է:

– Գաղտնիք չէ, որ բարմեն եք: Այդ ոլորտում էլ ե՞ք ստեղծագործում։

– Դե բարմեն ես աշխատեցի 6 ամիս։ Ինձ դուր էին գալիս մարդիկ, որոնց հետ շփվում էի, դրա համար էլ էդ գործն էր հաճելի։ Բայց եթե էդ տիպի մարդիկ չլինեին(իմոնցական), հաստատ չէի անի էդ գործը։ Ինձ մարդկանց բաղադրությունն էր հետաքրքիր, ոչ թե կոկտեյլներինը:

Հայկական իրականությունում կա մի արմատացած գաղափար.«արվեստն ու երաժշտությունը բավարար չե՛ն, հուսալի ու ապահովված կյանք ստեղծելու համար»: Ի՞նչ կասեք այս մտքի մասին:

– Եթե փոփ երգիչ չես, կամ ռեստորանում չես նվագում, մեծ առումով էդպես է։ Բայց դա նորմալ է։ Բոլոր երկրներում փոփ երաժշտությունը ամենաեկամտաբերն է, մերն էլ բացառություն չի։

Vordan-karmir-005

Vordan-karmir-002


– Ունե՞ք արդյոք ձևավորված իդեալ, ըստ որի կառուցում եք Ձեզ երաժշտական ուղին:

– Բոլոր երաժիշտներն էլ նվագում են հայտնի դառնալու համար և որովհոտև դա քեզ դուր է գալիս։ Հետո տարիների ընթացքում հասկանում ես,որ եթե հայտնի էլ չդառնաս, մեկ էլ չես կարող չնվագել, որովհետև դառել է կյանքիդ կարևոր իմաստը։

– Ունե՞ք արդյոք հստակ,ընդգծված գաղափարախոսություն: Եթե այո,ո՞րն է այն:

– Ունենք մեր գաղափարախոսությունը, բայց դա մի ուղղությամբ չի ու երկու բառով չի սահմանվում։ Ավելի ճիշտ կարելի ասել, որ ունենք սկզբունքներ, որոնց չենք դավաճանում. «Հեղափոխություն մտքում, հեղափոխություն հոգում, հեղափոխություն միակ ճանապարհն է հույսի, լույսի.. »։

– Ինչպես բոլոր արվեստագետների մոտ,այդպես էլ Ձեզ մոտ,կարծում եմ կլինեն ստեղծագործական ճգնաժամեր: Ինչպե՞ս եք հաղթահարում դրանք:

– Ավելի հաճախ հոգեբանական ճգնաժամեր են լինում, կյանքային որոշ էտապներում։ Դա էլ ամենքը տարբեր կերպ են ընդունում։ Մեկի մոտ ստեղծագործելու ցանկությունը կորչում է,մյուսի մոտ հակառակը՝ դա խթան է դառնում նոր երգ ստեղծելու(թեկուզ ոչ Որդան Կարմիրի համար)։

Vordan-karmir-007 Vordan-karmir-006


– Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ երաժիշտներին:

– Անկեղծություն ու աշխատասիրություն։ Սա է արվեստագետի կարևորագույն հատկությունները իմ կարծիքով։

– Ինչպե՞ս կսահմանեք, ի՞նչ է արվեստն ըստ Ձեզ:

– Արվեստը հոգիների հաղորդակցման միջոցն է։ Շշուկով խոսքն է, որ դղրդում է քեզ նմանների սրտերում։

-Վերջերս Ձեր ֆեյսբուքյան էջում տեղադրել էիք վանաձորյան ռոք խմբերի մի ողջ աստղաբույլ: Ինչո՞վ կբացատրեք Վանաձորի բեղունությունը ռոքի ասպարեզում:

-Պայմանավորված է Վանաձորի դեպրեսիոն տրամադրությամբ։ Էնտեղ կամ չես նկատում էդ աուրան, կամ գժվում ես, կամ դա դառնում ա ստեղծագործելու խթան։ Չգիտեմ ինչն ա, կամ ինչից ա, բայց դեպրեսիվ ա։ Բայց դա կզգաք մենակ երկար ժամանակ ապրելով։

– Ո՞րն է եղել «Որդան Կարմիր»ի կարևորագույն հաղթանակը:

– Դեռ մեր ճամփան չենք ավարտել, որ ասեմ կարևորագույնը որն է, բայց որ մենք կարող ուժ ենք, դա արդեն հաղթանակ է։

Լուսանկարները՝ Որդան կարմիրի ֆեյսբուքյան էջից

 

Կայք՝  http://vordankarmir.com


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով