+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 25 Դեկտեմբեր 2024

Վիրջինիա Վուլֆ, «Ուրվականներով տունը», զրույց Արմեն Գասպարյանի հետ


Հոկտեմբերի 7-ին  Միրզոյան գրադարանում  տեղի կունենա «Դարակ» հրատարակչության «Սաֆո» մատենաշարի հերթական գրքի` Վիրջինիա Վուլֆի երկար սպասված «Ուրվականներով տունը» պատմվածաշարի շնորհանդեսը: Այս առիթով զրուցեցինք հրատարակչության տնօրեն Արմեն Գասպարյանի հետ:

Virginia-Woolf-1882-1941-001«Դարակ» հրատարակչությունն արդեն երկրորդ անգամ թարգմանում է Վիրջինիա Վուլֆի ստեղծագործություններից «Սաֆո» մատենաշարի շրջանակներում: Ինչու հենց Վուլֆ, և ինչու հատկապես այս ժողովածուն:

Ամեն ինչ պայմանավորված է «Սաֆո» մատենաշարի նպատակադրություններով. այն է` ներկայացնել կին հեղինակների, որոնց միջոցով կբացահայտվեն ու կբարձրաձայվեն ոչ միայն կանանց հիմնախնդիրը, այլ նաև երևան կգա կինը որպես գրական կերպար և հերոս: Առաջին գիրքը, ինչպես գիտեք, Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» ընդարձակ էսսեն է, որը անդրադառնում է հենց այս խնդիրներին: Գիրքը թերևս լավագույնս նախաբան է հանդիսանում «Սաֆո» մատենաշարի համար: Երկրորդ գիրքը` «Ուրվականներով տունը», արդեն պատմվածքների ժողովածու է: Այս գիրքը լրացնում է առաջինին այն իմաստով, որ արդեն փոքր արձակի միջոցով ցույց է տրվում, թե գեղարվեստական ոլորտում հենց Վիրջինիա Վուլֆը ինչպես է անդրադառնում այն խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնում էր «Սեփական սենյակում»: Այսպես ասած` առաջինում դրված է գաղափարը, երկրորդում դրա իրացումը` գեղարվեստական ստեղծագործության միջոցով: «Սաֆո» մատենաշարով մենք դեռ էլի կներկայացնենք Վիրջինիա Վուլֆին, բայց մատենաշարի երրորդ գիրքը Վուլֆ չի լինի:

Virginia_Woolf_signatureԻնչպե՞ս կբնութագրես այս ժողովածուն  ու առհասարակ Վուլֆին 20-րդ դարասկզբի գրականության համատեքստում և Վուլֆին որպես ժամանակի եզակի կին հեղինակներից:

Վուլֆն ընդհանրապես քիչ է անդրադարձել պատմվածքի ժանրին: Նա հայտնի է ավելի շատ իր վեպերով: Ժողովածուի պատմվածքների մեկ երրորդն անգամ չի տպագրվել նրա կենդանության ժամանակ: Այս իմաստով ժողովածուն արդեն գալիս է լրացնելու Վիրջինիա Վուլֆի ստեղծագործական դիմագիծը և բացահայտելու ստեղծագործական լաբորատորիայի որոշ դրսևորումներ: Վիրջինիա Վուլֆը 20-րդ դարասկզբի մոդեռնիստական` մասնավորապես Գիտակցական հոսքի գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունները բազմաթիվ արահետներ են բացել: Այս համատեքստում, եթե դիտարկում ենք Վուլֆի ստեղծագործությունը, այլևս էական չի դառնում նրան որպես կին հեղինակ հատուկություն տալ: Ամեն դեպքում նա գրականության պատմության ամենանշանավորներից է:

virginia-woolf-conversation-with-armen-gasparyan

Ի՞նչ պատմվածքներ կան գրքում: Գիտեմ, որ ժողովածուի կառուցվածքը ևս հեղինակի ցանկությամբ է: Ինչո՞վ է այն առանձնահատուկ:

Ժողովածուն տպագրվել է հեղինակի մահից երեք տարի հետո ամուսնու` Լեոնարդ Վուլֆի նախաձեռնությամբ: Լեոնարդ Վուլֆը գրքի առաջաբանում նշում է, որ ժողովածուի այս կառուցվածին համաձայնություն է տվել Վիրջինիա Վուլֆը: Ժողովածուն բովանդակում է 18 պատմվածք, որոնցից առաջին վեցը առանձին գրքով տպագրվել են 1921-ին «Երկուշաբթի կամ երեքշաբթի» ժողովածուով: Հաջորդ վեց պատմվածքները 1922-41-ին մամուլում տպագրված պատմվածքներն են: Վերջին վեց պատմվածքները առաջին անգամ տպագրվել են միայն այս ժողովածուում, որոնցից չորսը Վիրջինիա Վուլֆը անգամ չի հասցրել վերջնական մշակման բերել: Այս ժողովածուն հետաքրքրական է նաև նրանով, որ այստեղ ընդգրկված գործերը պատկանում են Վիրջինիա Վուլֆի ստեղծագործական տարբեր փուլերի:

virginia-woolf-a-haunted-house-002

virginia-woolf-a-haunted-house-001


Ո՞րն է գրքի  կարևորագույն ուղերձը ընթերցողին:

Գրքում առկա տասնութ պատմվածքները տարբեր ուղերձներ ունեն: Մեծ գրողների ու մեծ ստեղծագործողների առումով դժվար է հատուկ ուղերձներ առանձնացնել: Այդ ուղերձները բազմաշերտ են ու բազմաբովանդակ: Սակայն հայ ընթերցողին պետք է ասել, որ այս գրքով կարելի է ճանաչել Վիրջինիա Վուլֆի ստեղծագործական մեծ թափը և այն կօգնի մուտք գործել Վուլֆի խորհրդավոր աշխարհ:

Ի՞նչ գրականության կարիք ունի այսօր հայ ընթերցողը: «Դարակ» հրատարակչությունը փորձում է բավարարել ընթերցողների պահանջները, թե՞ ձգտում է թելադրող լինել:

Մենք փորձում ենք հայերենով մատուցել այն ստեղծագործությունները, որոնք արդեն մեծ հետաքրքրություն են վայելում ընթերցողների շրջանում, սակայն այդ հետաքրքրությունները շատ մեծ են, ուստիև` մեր ընտրությունը կարող է թելադրող թվալ: Ամեն դեպքում ընթերցողը և հրատարակչությունը մշտապես պետք է երկխոսության մեջ լինեն:

virginia-woolf-a-haunted-house-004 virginia-woolf-a-haunted-house-003


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին Միրզոյան գրադարանում (հասցե՝ Մ. Մկրտչյան 10) տեղի կունենա գրքի շնորհանդեսը: Միայն շնորհանդեսի ժամանակ գիրքը կվաճառվի 2000 դրամով: Հաշվի առնելով այն, որ շատ ընթերցասերներ ցանկություն ունեն իրենց դարակում ունենալ նաև Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը», այս գիրքը նույնպես կվաճառվի 2000 դրամով:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով