+374 99 12 80 82 Երեքշաբթի - 10 Դեկտեմբեր 2024

Ազգայնականության դերը հայ հոգևոր մշակույթում


Պատմության ընթացքում տարբեր ազգեր ու ժողովուրդներ ունեցել են դրացիական հարաբերություններ կամ նվաճվել են այլ ազգերի ու ժողովուրդների կողմից:

Պատմական այս անժխտելի իրողության արդյունքում նրանցից շատերը հաճախ դարձել են միևնույն մշակույթի կրողներ՝ ձեռք բերելով համանման կենսապայմաններ:

Սրա արդյունքում ծնվել են մտածողության համանման ձևեր: Դրանք էլ անխուսափելիորեն ներթափանցել են սեփական հոգևոր մշակույթի առանցքային ճյուղեր: Զարգացվածության առավել բարձր մակարդակ ունեցող նվաճողները կամ դրացի պետությունները դարձել են այս հարցում թելադրող, պարտադրող: Իսկ հակառակ պարագայում՝ փոխառել են նվաճվածների կամ դրացիների մշակութային ձեռքբերումները:

Փոխառող կողմը կամ վերցրել և ընդունել է նույնությամբ կամ հարմարեցրել է իր կենսազգացողությանը: Շատ դեպքերում ընդունել և գործածել է առանց ըմբռնելու, քանի որ «չըմբռնված ձևը ամենաընդհանուրն է և հասարակական զարգացման որոշ աստիճանի վրա կարող է գործածվել ամենքի կողմից»: Սակայն առանց ըմբռնելու կամ ըմբռնելով օտարից չարդարացված փոխառման յուրացումն երբեմն հանգեցնում է բացասական հետևանքների:

Փոխառող կողմը, կրկնօրինակելով, վերարտադրելով կամ սեփականին պատվաստելով օտար մշակութային տարրերը, իրեն օտարացնում է սեփական համապատասխան տարրերից: Եվ երբ այդ գործընթացը ստանում է զանգվածային և շարունակական բնույթ, խաթարվում է ազգի հոգևոր մշակույթի ինքնությունը:

Իսկ որո՞նք պիտի լինեն օտարամուտ տարրերի ներհոսքը սահմանափակելու, չափավոր ու անվտանգ դարձնելու, զսպելու կամ, հարկ եղած դեպքում, կանխարգելելու մեխանիզմները:

Հասկանալի է, որ հետևանքների վերացմամբ խնդրին լուծում չի տրվի, ուստի պիտի քննենք պատճառները: Վերջիններից նշենք հիմնականն ու կործանարարը՝ օտարամոլությունը, և այն դիտարկենք հայի էթնիկական ինքնության համատեքստում:

Օտարամոլությունը, սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր, տարբեր չափերով դրսևորվել է հայ էթնոսի դիմագծում և վտանգել նրա էթնիկական ինքնությունը:

«Հայ ազգի օտարամոլության դրդապատճառներն են՝ պետականության կորուստը, զանգվածային արտագաղթը, հայերի սփռված լինելը, միասնական մշակված, լիարժեք ազգային հայեցակարգի բացակայությունը և գլոբալացումը:

Հայ էթնոսը, տևական ժամանակ ապրելով օտարների տիրապետության ներքո, չի ունեցել ինքնուրույն պետականություն և քաղաքական համակարգ, գոյատևման փիլիսոփայությամբ ձեռք է բերել թերարժեքության բարդույթ, առավել ևս՝ օտարամոլություն»:

Այս տողերը բնորոշ են հիմնականում հայրենիքում ապրող հայերին: Իսկ, ահա, գաղութահայության համար, ազգային ինքնության համատեքստում, օտար ազդեցությունները այլ մասշտաբների սպառնալիք են: Քրիստոնեական երկրների գաղութահայությունը ազգապահպանման հարցում ավելի ապահով է զգում և գործնականում չի կառչում իր հոգևոր մշակույթից:

Խոսելով օտար լեզվով, ձեռք բերելով օտար լեզվամտածողություն, հեռանալով սեփական հոգևոր մշակույթից՝ գաղութահայը պարտվում է ասիմիլյատիվ մարտահրավերներում և կորցնում է «կատարյալ» կամ գոնե «գործնականում լրիվ» էթնոկիր լինելու հնարավորությունները: Նա զրկվում է էթնիկականության բաղադրիչներից և վատագույն դեպքում դառնում՝ «զրոյական» էթնոկիր:

Նույնը կատարվում է նաև ոչ քրիստոնեական երկրների գաղութահայության հետ, պարզապես ավելի դանդաղ տեմպերով՝ հաշվի առնելով կրոնական փոքրամասնություն լինելու և դրանով որոշակիորեն մեկուսացած մնալու փաստը:

Ինչևէ, եթե գաղութահայի պարագայում հոգևոր մշակույթի միջոցով ասիմիլյատիվ մարտահրավերների հաղթահարումը դառնում է գրեթե անհնարին, ապա հայրենիքում ապրողի համար՝ ցայսօր ձևավորված գաղափարախոսություններից՝ ազգայնականությունը, այստեղ ունի փրկարար դերակատարում:

«Ազգայնականություն» հասկացությունը, ցավոք, ուղղակիորեն, երբեմն էլ անուղղակի կերպով հրամցվել է որպես բացասական երևույթ՝ նույնացվելով այլատյացության հետ: Այս նույնացումը համաշխարհային քաղաքականության ուղղորդման հետևանք է:

«Ազգայնականության թերագնահատումը կամ անտեսումը հանգեցնում է կոսմոպոլիտիզմի, գերագնահատումն էլ՝ ազգային սնապարծության, ազգայնամոլության»:

Մեր առաջարկած տեսության համաձայն՝ հայ հոգևոր մշակույթի օտարամուտ տարրերը պիտի մշակվեն ու անցնեն ազգայնական խողովակներով: Այս գործընթացը չի ենթադրում մերժում համաշխարհային մշակութային նվաճումներին, չի ենթադրում մեկուսացում, չի ենթադրում սեփական հոգևոր մշակույթի լճացում:

Ազգայնականությունը հայ հոգևոր մշակույթում մերժում է միայն այն օտար ազդեցությունները, որոնք տանում են էթնիկական ինքնության աղավաղման և դառնում են սպառնալիք: Ազգայնականությունն առաջարկում է անխուսափելի օտարամուտ տարրերն ազգայնացնել, իսկ հոգևոր մշակույթի կերտման ճանապարհը հնարավորինս զերծ պահել օտար ազդեցություններից: «Վա՜յ այն ծառին, վա՜յ այն բուսականին, որի արմատն անընդունակ է յուր հատակից ընդունելու և պատրաստելու յուր հյութը…» (Մ. Նալբանդյան):

«Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, ցեղը՝ ազգայնացնում է իր ընդունածը» (Գ. Նժդեհ): Ուրեմն այստեղ նույնպես պիտի որդեգրել «ցեղային» բարոյականը, չհեռանալ սեփականից, նորը ստեղծելիս՝ առաջնորդվել ազգայինով:

Ազգայնականությունը հոգևոր մշակույթում մեզ թույլ կտա ծավալել էթնոպաշտպանական շարժում: Պիտի վերարժևորվի «ազգայնականություն» հասկացությունը: Դրա ներդրումը հայ հոգևոր մշակույթում ո՛չ միայն կապահովի հանրային կատարյալ էթնոկիրություն, ո՛չ միայն կդառնա հզոր պատվար ազգային ինքնության սպառնալիքների դեմ, այլև՝ կլուծի պատմական, քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ հիմնախնդիրներ [1]:

 

  1. Օտար ազդեցությունները հայ հոգևոր մշակույթում. ազգային ինքնության հարցեր, «Հայագիտական հանդես» ՀՊՄՀ, 3 (37), Երևան, 2017, էջ 177

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով