+374 99 12 80 82 Կիրակի - 28 Ապրիլ 2024

Տնաքանդ Լարսն ու Տնաշեն Ջեքը


«Պերսոնա նոն գրատա» անողոք կնիքի վայրէջքից ու անժամկետ վտարումից 8 տարի անց Կաննի բարեգութ հովվանոցի կողմից մեղքերի թողություն ստացած համաշխարհային կինոյի անառակ որդին՝ Լարս Ֆոն Թրիերը, կազդուրված գարշապարով վերստին հպվեց փառատոնական կարմիր գորգին:

Որքան էլ ծեծված է պատմությունը, բայց կրկին պիտի վերհիշենք, որ տարիներ առաջ «Մելանխոլիա» ֆիլմի մամուլի ասուլիսի ժամանակ Ֆոն Թրիերը կեսկատակ կարեկցանքի և ապրումակցման խոսքեր մռթմռթալով Հիտլերի հասցեին, իսկույնևեթ անցանկալի անձ դարձավ Կաննի կինոփառատոնում:

Դրվագը հիշելը այս դեպքում ոչ թե փաստագրական հղում է, այլ հայեցակարգային կարևոր կոմպոնենտ:

«Տունը որը սարքել է Ջեքը» ֆիլմով Ֆոն Թրիերը Կանն է վերադառնում հենց այդ թեման ափի մեջ, բայց ոչ թե մեղա գալու, այլ ընդլայնելու՝ իրեն բնորոշ ռադիկալ սահմանագոտում, որտեղ էլ ավելի դժվար կլինի արժանանալ կրկնակի ներման:

Տպավորություն է, որ «թույլ տվեք պարզաբանեմ, թե ինչ նկատի ունեի» բացատրական կարճ նշագրումը պիտի տեղավորվեր 150 րոպեում:

Ֆիլմը ներկայացնում է սերիական մարդասպան Ջեքի հանցագործությունների շարքը դաժան և հիպերնատուռալիստական պատկերաշարով, միևնույն ժամանակ ֆոնթրիերյան ձեռագրային հումորով, որը վաղուց չէր եղել ո՛չ թե քողարկված կամ օժանդակ, այլ ցայտուն և ժանրային՝ Տարանտինոյի կամ Կիտանոյի ցինիզմով և հանդգնությամբ:

Սակայն Լարսը չէր լինի Ֆոն Թրիեր, եթե պատումը չփորձեր ընդլայնել ապոկալիպտիկ մասշտաբների: Դեպի դուրս գնացող խոլերիկ էպիկական վեկտորին միանգամից զուգակցվում է հեղինակի մերկ ու անկեղծ ինտրովերսիան, չէ՞ որ Ջեքը նրա ալտեր էգոն է, իսկ նրա սարքած տունը՝ Ֆոն Թրիերի գուցե ամենաինտիմ և ինքնմետ ֆիլմը, իսկ գուցե և ՝ ռեքվիեմը:

Այն չունի խրատական որևէ ուղերձ, որևէ գնահատական, նա պարզապես թավայի վրա ու խոշորացույցի տակ շուռումուռ է տալիս չարի գոյը, որը չի ընկալում որպես այդպիսին, քանզի «չարը» նույնպես գնահատական է, իսկ Թրիերը ոչ թե դասատու է, այլ կողմնակալ լաբորանտ:

Ինչու՞ կողմնակալ, քանի որ մարդասպանի և արվեստագետի մեջ նա դնում է վիճելի, բայց ռադիկալ հավասարության նշան, ինքնակամ պառկելով այդ ինքնախարազանման զոհասեղանին:

Ո՞վ է արվեստագետը, եթե ոչ մանիպուլյատորը, դեսպոտ, ճակատագրերի տնօրինող, նարցիս, մեգալոման: Հատկանիշներ, որոնք բնորոշ են ոչ միայն բռնակալին, այլ նաև Աստծուն: Ապա որտեղ է էական տարբերությունները իրական պատմական բռնապետերից կամ բիբլիական Աստծուց, երբ յուրաքանչյուրը ուզուրպացնում է իր ենթակայության դաշտը:

Այսպիսով, արվեստագետը և Սատանա է և Աստված: Դա չի ժխտում նաև Ֆոն Թրիերը հպանցիկ պսևդոինտելեկտուալ դադարներով, եսասեր, ինքնակրկնող գեղագիտությամբ, ալարմիստական ուղերձներով:

Ճանապարհները երկուսն են՝ Դրախտ կամ Դժոխք: Ֆոն Թրիերին վաղուց հարազատ է երկրորդը, ուստի՝ մարդասպան Ջեքն ու նույն ինքը՝  հյուսն Լարսը, Դանթեի և Վերգիլիոսի նման՝ Դելակրուայի, Բոսխի և Տիցիանի կտավներից կառուցած փայտե տնակը հրելով, խոյահարում են 8 տարվա ընթացքում ժանգոտել հասցրած դժոխքի դարպասները:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով