+374 99 12 80 82 Հինգշաբթի - 21 Նոյեմբեր 2024

Ծովու ավետարանի արծաթյա կազմը


1332 թ. Սարգիս Պիծակի նկարազարդած «Ծովու ավետարանի» (N 2649/34) կազմը շքեղ մի գործ է, որը պատրաստվել է Գրիգոր քահանայի պատվերով, ձեռագրի նկարազարդումներից երկու տարի անց՝ 1334 թ., Սսում: Այն արծաթից է, ոսկեջրած:

Առաջին երեսին խաչելության տեսարանն է, որտեղ ներկայացված է Քրիստոսը՝ գլուխը դեպի ձախ թեքած, խաչազարդ լուսապսակով: Խաչափայտը, որի հորիզոնական թևերին ելնդավոր տառերով գրված է «ՅՍ», «ՔՍ», հաստատված է Գողգոթայի բլրին, որտեղ և երևում է Ադամի գլուխը.  ներքևից իբրև ետնախորք քաղաքի շենքերն են:

Ծովու ավետարանի արծաթյա կազմը, Խաչելության տեսարանը

Ծովու ավետարանի արծաթյա կազմը,
Խաչելության տեսարանը

Քրիստոսի աջ կողմում կանգնած են երեք կանայք, որոնցից մեկը, որն ավելի մոտ է նրան և ձեռքերը վեր է բարձրացրել, Աստվածամայրն է:

Երկրորդ կինը, որի դեմքին նկատվում են արտասուքի կաթիլներ, ներկայացված է վերնազգեստի քղանցքը դեպի երեսը բարձրացրած, որը սգո նշան է, իսկ երրորդը տխրադեմ է, ձեռքերը կրծքին խաչած: Քրիստոսի ձախ կողմում Հովհաննեսն է՝ գլուխը աջ ձեռքին հենած, ձախով ավետարանը բռնած, և մի զինվորական՝ հարյուրապետը՝ վահանը ձախ թևին, աջ ձեռքը դեպի Քրիստոսը պարզած: Խաչի հորիզոնական թևերից վեր երևում են երկնային լուսատուները՝ արևն ու լուսինը, իսկ անկյուններում սավառնում են երկու հրեշտակներ, որոնցից ձախինը՝ իբրև սգո նշան, ձեռքը տարել է դեպի այտը: Տեսարանը եզերում են շրջանակները՝ բուսական զարդաձևերով; Անկյուններում՝ շրջանակների մեջ, չորս ավետարանիչներն են: Վերջիններիցս բացի տեսանելի են նաև սբ. Սարգսի և սբ. Գևորգի, Դավթի և Սողոմոնի պատկերները: Շրջանակների մեջ առնված մնացած կերպարներն անծանոթ են:

Կազմի երկրորդ երեսին պատկերված է Քրիստոսի ծննդյան տեսարանը: Կա արձանագրություն, որը տեղեկություն է տալիս կազմի ծագման և ստացողի մասին: Հորինվածքում տեսնում ենք բարդ և զարգացած պատկերագրություն: Կենտրոնում՝ քարայրի մեջ, Տիրամայրն է:

Ծովու ավետարանի արծաթյա կազմը, Ծննդյան տեսարանը

Ծովու ավետարանի արծաթյա կազմը,
Ծննդյան տեսարանը

Վարպետը մեծ հմտությամբ է ներկայացրել Մարիամի զգեստի ծալքերը: Նրա առաջ խանձարուրքով պատած մանուկն է՝ դրված զարդարուն մսուրքում՝ դեպի ուր իրենց գլուխներն են մեկնել էշն ու եզը: Այրի բացվածքի առաջ ծունր են իջել երեք մոգերը՝ շքեղ հանդերձանքով, իրենց ընծաներով: Քարայրի գլխին կանգ է առել ութ ճառագայթներով աստղը, որի երկու կողմում երկուական հրեշտակներ են:

Այրի բացվածքի հակառակ կողմում ներկայացված են երեք հովիվները: Ներքևում տեղ է գտել լոգանքի տեսարանը, իսկ ձախ մասում Հովսեփն է՝ գլուխն աջ ափի մեջ առած, մտախոհ: Տեսարանը վերցված է երկու շերտից բաղկացած շքեղ շրջանակի մեջ: Մեկը ներկայացնում է արմավենիկի և նրա ցողունների ոլորապտույտների շարք՝ օղակներով և հանգույցներով, մյուսը՝ ելնդավոր գրերով արձանագրությունն է:

Շրջանակի չորս անկյուններում մարդկային դեմքեր են՝ վերևում՝ Զաքարիան և Եզեկիլը, իսկ ներքևում՝ հավանաբար Եսային և Մաղաքիան:         Գարեգին Հովսեփյանը կարծում է, որ խաչելության և ծննդյան տեսարաններն արվել են տարբեր վարպետների կողմից, քանի որ ավելի մեծ վարպետություն է ցուցաբերված կազմի երկրորդ երեսը ձևավորելիս: Ծովու ավետարանի կազմի վրա դրվագված տեսարաններն ընդհանրութ-յուններ ունեն 13-14-րդ դարերի հայկական մանրանկարչության հետ:

Աղբյուրներ

Յովսէփեան Գարեգին, Մի էջ հայ արուեստի և մշակոյթի պատմութիւնից, Հալէպ, 1930

Չուգասզյան Լևոն, Երուսաղեմի հայ արվեստի գանձերը, ՊԲՀ, 1980, Nº 2

Narkiss Bezalel, Armenian Art Treasures of Jerusalem, Jerusalem, 1979

 

 



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով