+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Սարգիս Համալբաշյան. Հայկական թաղամաս


Ապրիլի 17-ին «Արվեստագիրը» Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում էր, որտեղ ներկայացվում էր Սարգիս Համալբաշյանի «Հայկական թաղամաս» խորագիրը կրող ցուցահանդեսը: Սարգիս Համալբաշյանը 1980-ական թվականների արվեստագետների նոր սերնդի ներկայացուցիչներից է: Դա մի ժամանակաշրջան է, երբ հայ արվեստում լուրջ տեղաշարժեր էին տեղի ունենում. ընկալումների բախումներ, նոր մոտեցումներ… Այդ ստեղծագործական գործընթացի մասնակիցն էր նաև Ս. Համալբաշյանը: Ներկայացված մեծադիր գեղանկարներում միավորվում են ժամանակային տարբեր հարթություններ: Բարդ, «բեմականացված ներկայացումները», տարբեր ժամանակաշրջաններից տարբեր ձևերի միջոցով ներխուժում են նրա արվեստ: Հաճախ նա բառացիորեն ցիտում է հին հայկական մանրանկարչական  ձևերը, դրանք ներդաշնակորեն բերելով իր կտավների հարթություն: Հին հայկական թաղամասերի շունչն ու կոլորիտը հեշտորեն հաղորդվում է այս և այլ ցիտումների շնորհիվ: Ս. Համալբաշյանը յուրովի է դասավորում իր կտավի տարածությունը, որտեղ առաջին հայացքից ոչ ներդաշնակ ձևերը ներդաշնակ են միայն Ս. Համալբաշյանի յուրահատուկ մոտեցման շնորհիվ: Հետաքրքիր են նաև ներկայացված գծանկարները, որտեղ ի տարբերություն գեղանկարչական աշխատանքների, ուր հիմնական արտահայտչամիջոցներից մեկը գույնն է, առաջին պլան են մղվում էքսպրեսիվ ձևերը, կերպարներն ու գծային խաղը:

Ցուցահանդեսի մուտքն ազատ կլինի մինչև ապրիլի 19-ը:

Լուսանկարները Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով