+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 11 Դեկտեմբեր 2024

Լճաշեն-Մեծամորյան մշակույթի բրոնզե գոտիները նույն ժամանակաշրջանի քանդակներում


Հոդվածի հեղինակ` Սոնա Մանուկյան

Հնագետ


 

Հայաստանում պեղումների արդյունքում կամ պատահականորեն գտնվել են բազմաթիվ բրոնզե գոտիներ: Դրանց թվագրության հետ կապված ուսումնասիրողների կարծիքները հակասական են: Բրոնզե գոտիների այս մշակույթը ի հայտ է եկել մ.թ.ա. XIV դ.-ում և շարունակվել է նաև ուրարտական պետության պայմաններում (մինչև մ.թ.ա. VII-VI դդ.): Բրոնզե գոտիների կատարած գործառույթների մասին կարծիքները զանազան են, սակայն հիմնականում (հատկապես ռազմական և առասպելական տեսարաններով գոտիները՝ Ս. Եսայան) ընդունված է համարել ռազմիկների պաշտպանական սարքավորումների մաս՝ զրահի շարունակություն: Ս. Եսայանը կարծում է, որ դրանցից ոմանք պատկանել են քրմերի: Ամեն դեպքում դրանք իրենց կարող էին թույլ տալ իշխանական և հոգևոր՝ բարձր խավի ներկայացուցիչները:

Բրոնզե գոտիների դարձերեսին ամրացվում էր թաղիքե կամ կաշվե հիմք, որպեսզի ավելի հարմար լիներ դրանք կրելը, իսկ մարտի ժամանակ դա կարող էր թուլացնել հասցվող հարվածի ուժգնությունը [1]: Կաշին ենթարկվում էր համապատասխան մշակման՝ աղաղման [2]:

Այս գոտիների տարածման արեալը եղել է գրեթե ողջ Այսրկովկասը (ներկայիս՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջանի հյուսիսում և արևմուտքում): Հայաստանի տարածքում այդ ժամանակ տարածված էր Լճաշեն-մեծամորյան մշակույթը(մ.թ.ա. XVI դ. վերջից/ XVսկզբից-մ.թ.ա. VIII դ.), իսկ արդեն մ.թ.ա. VIII դ. այս տարածքները դարձան ուրարտահպատակ: Ըստ սյուժետային տեսարանների դրանք բաժանվում են մի քանի տիպերի՝ որսորդական, ռազմական, առասպելական, կենցաղային, տարերային շարժման: Հանդիպում են նաև միայն երկրաչափական նախշերով և հարթ՝ անզարդ գոտիներ: Ըստ լայնության գոտիները եղել են լայն և նեղ՝ 4-22 սմ:

Բացի հայտնաբերված բրոնզե գոտիներից, դրանց եղելության մասին են վկայում նաև ուշ բրոնզի դարի և վաղ երկաթի դարի մանրաքանդակների վրա եղած գոտու պատկերումները:

Նկար 1, Torosyan, Khnkikyan, Petrosyan, pl. XIV, n. 1.

Պեղումների ընթացքում գտնվել են կառքերի բրոնզե մանրաքանդակներ, որոնք թվագրվում են ուշ բրոնզի դարով (մ.թ.ա. XV- XIII(XII)դդ.): Դրանցից մի քանիսի վրա կան ռազմիկների քանդակներ՝ գոտու պատկերագրությամբ: Այսպես Շիրակավանի ուշ բրոնզե դարով թվագրվող N17 դամբարանից հայտնաբերվել է մարդու, առյուծի և թռչունների քանդակներից կազմված արձանախումբ(նկար 1):  Արձանախումբը գտնվել է աջ կողմի վրա թաղված կմախքի աջ ձեռքի մոտ: Այն կազմված է երկաստիճան պատվանդանից, որի ստորին թևերի վրա տեղադրված են թռչունների արձանիկներ, իսկ վերին թևերին՝ իրենց առացքի շուրջը պտտվող, առանձին պատրաստված հարթակների վրա ամրացված, մարդու և առյուծի քանդակներ: Մարդը, որը ձախ ձեռքում ճառագայթաձև գծերով զարդարված սկավառակաձև վահանիկ ունի, մերկ է: Այդ մերկությունը, որից երևում է նրա երկսեռ լինելը, չեն ծածկում գալարներով զարդարված գոտին և ուսագոտին, որից և ամրացված է ձախ թևի տակ տեղադրված կապարճը: Ուսագոտուց ցած երևում է ընդգծված կուրծքը: Մարդու աջ թևը ծալված է արմունկում, իսկ ձեռքը բռունցք է արված, որի մեջ ամենայն հավանականոթյամբ զենք է եղել, որը պահպանված չէ: Արձանիկի ոտքերին վեր բարձրացված քթերով կոշիկներ կան, իսկ գլխին սաղավարտի ելուստ է քանդակված [3]:

Նկար 2, Есаян 1980, pl. 40

Լոռի բերդի N 7 դամբարանից գտնվել է մարտակառքի բրոնզե մանրակերտ(նկար 2): Մարտակառքը լծված է երկու ձիերով, ունի քառակուսի ծավալեղ պատվանդան՝ սնամեջ է, կողքից արված են եռանկյունի անցքեր, իսկ վերից՝ ողղանկյուն: Պատվանդանի մեջ կան մետաղե երկու գնդիկներ, որոնք ունեցել են զանգակի դեր: Այն ունի երկար հիմք, որը վերջանում է խարսխի ձևով: Պատվանդանի վրա տեղադրված է երկանիվ մարտակառքը՝ լծված երկու ձիերով, որոնց առջև՝ ձողի վրա քանդակված է այծյամ (կառքը հետևում է այծյամին): Մարտակառքի թափքի երկու կողմերում կանգնած են մեկական ռազմիկ: Մի ռազմիկը պատկերված է այնպես, ասես ձեռքերում բռնել է սանձափոկերը: Նրանցից յուրաքանչյուրի իրանին պատկերված է գոտի, որոնցից կախված են մեկական դաշույններ:

Նման մարտակառքի մանրակերտ գտնվել է նաև Լճաշենում՝ միայն այն տարբերությամբ, որ Լճաշենի արձանադրոշների (շտանդարտ) վրա այծյամի փոխարեն եղջերու է քադակված (նկար 3): Հայաստանի տարածքից գտնվել են մարդակերպ արձանիկներ՝ թվագրվում են վաղ երկաթի դարով (մ.թ.ա. XII-VIII դդ.), և նույնպես ունեն գոտու պատկերագրություն: Այսպես Պառավաքարից գտնված ռազմիկի բրոնզե քանդակի իրանին պատկերված է լայն բրոնզե գոտի:  Կրկին Պառավաքարից գտնված ռազմիկի մեկ այլ բրոնզե քանդակի իրանին պատկերված է լայն գոտի, որից կախված է դաշույն: Երկու քանդակներն էլ ունեն ընդգծված ֆալլոս(նկար 4, 5):

Bronze-belts-of-Lchashen-Metsamor-03

Նկար 3,
Есаян1980, pl. 38, n. 1.

Bronze-belts-of-Lchashen-Metsamor-04

Նկար 4,
Есаян 1980, pl. 56, n. 2.

Bronze-belts-of-Lchashen-Metsamor-05

Նկար 5,
Есаян 1980, pl. 56, n. 7.


Հատկապես հետաքրքիր է այս շրջանի մի քանդակ՝ տղամարդու, գտնված Կապանից, որի վրա պատկերված են միաժամանակ 4 գոտիներ: Առաջին գոտին ուսագոտի է, երկրորդ գոտին կապված է կրծքի տակից, երրորդը՝ իրանին, չորրորդը՝ կոնքերին: Թույլ ընդգծված է ֆալլոսը(նկար 6):Տիեզերքի առասպելաբանական եռամասնական ուղղաձիգ կառուցվածքը բանահյուսական տարբեր աղբյուրներում բաղդատվում է հարկերի [շերտեր, ոլորտներ, ենթաշերտեր], ընդ որում  այս ոլորտների խորհրդանշական պատկերացումները փոխակերպվում են այդ ոլորտների միֆական բնակիչների, որոնք մեծ մասամբ գոտևորված մարդիկ են:

Bronze-belts-of-Lchashen-Metsamor-06

Նկար 6, Есаян 1980, pl. 51, n. 4.

Ս. Հարությունյանը գրում է «…ներքնահարկի մարդիկ գոտին իրենց ծնկներին են կապում,միջնահարկի մարդիկ, այսինքն` մենք, փորից վերև` իրանին, իսկ վերին հարկի մարդիկ` կրծքին: Ուշագրավ է աշխարհի ուղղաձիգ եռամաս կառուցվածքի հիմնական գոտիները մարդու մարմնի վրա, ներքևից վերև, գոտի կապելու դիրքով խորհրդանշումը, որ դարձյալ վկայում է տիեզերքի վերձիգ կառուցվածքը մարդու մարմնի դիրքով ու կազմվածքով պատկերացնելու ելակետը» [4]:

Կապանց գտնված նշված կավե քանդակից չի պահպանվել գլուխը, ձեռքերը և ոտքերը պահպանվել են կիսով չափ: Այն ունի թույլ ընդգծված ֆալլոս:

Մրգավանից հայտնաբերված բազալտե մարդկային քանդակի իրանին պատկերված է լավ ընդգծված վերադիր հաստ գոտի: Պատկերված է նաև նեղ ուսագոտի, որից կախված է ուղիղ սուր:(նկար 7-1)

Ջուջևանից գտնված մարդու արձանիկի վրա պատկերված է ոչ լայն ուսագոտի, որից կախված է ինչ-որ իր:Լավ ընդգծված են քանդակի ձեռքի մատները: Քանդակը մասամբ է պահպանվել՝ չկան ոտքերը և ուսերից վեր ընկած հատվածը (նկար 7-2):

Bronze-belts-of-Lchashen-Metsamor-07

Նկարներ 7-1, 7-2,
Есаян 1980, pl.47, n. 1, 2.

Կերենի(ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսականի ենթաշրջանում՝ համանուն գյուղի տարածքում՝ ՀՀ Կապան մարզկենտրոնից 12 կմ հարավ-արևելք) N 64 դամբարանից հայտնաբերվել է անգոբապատ թրծակավից պատրաստված տղամարդու սնամեջ արձանիկ: Արձանն ունի ուսագոտի և կոնքերին կապված գոտի: Թեթևակի նշված է ֆալոսը: Գոտուց դեպի ներքև են իջնում ուղղահայաց շարքերով կետազարդեր և եղևնազարդեր: Կապան քաղաքից ոչ հեռու գտնվող Թեղուտ հնավայրից գտնվել է նույն արձանիկից, որի վրա չկա ուսագոտի, իսկ գոտու հատվածը ցավոք կոտրված է (նկար 8):

Bronze-belts-of-Lchashen-Metsamor-08

Նկար 8, Gnuni 2014, n.1

Ինչպես նկատեցինք բոլոր քանդակներում գոտիներով «օժտված» ռազմիկները մերկ են, ընդծված ֆալլիկ հատկանիշով, հիմնականում՝ զենքերով: Ըստ Ս. Դևեջյանի մերկությունը ինքնին խորհրդանշում է այս քանդակների աստվածային կերպարներ լինելը: Նա առաջարկում է այս քանդակները կապել արևի պաշտամունքի հետ: Հաշվի առնելով որոշ քանդակներում ընդգծված երկսեռությունը, ապա կարելի է համաձայնվել այս կերպարների աստվածային լինելու գաղափարին: Ախթալայից գտնված բրոնզե գոտու(նկար 9) վրա պատկերված է թռչնի դիմակով և լայն հագուստով մի կերպար՝ կանգնած զույգ ձիերով լծված կառքի վրա՝ դեպի վեր պարզած ձախ ձեռքում պահում է սկավառակ:

Bronze-belts-of-Lchashen-Metsamor-09

Նկար 9, Esayan 1984, pl. 18, n. 58.

Աստղի բլուրից (Ենոքավան)գտնված բրոնզե գոտու (նկար 10)վրա պատկերված են կանացի կերպարներ՝ կանգնած ձիերով լծված կառքերի վրա, որոնք նույնպես վեր պարզած ձեռքերում պահում են սկավառակ՝ ներսում հավասարաթև խաչի պատկերով, մյուս ձեռքում՝ մտրակ (համատեքստում կան կեպարներ, որոնց մոտ այս սկավառակները ծառայում են որպես վահան): Նույն գոտու վրա կան ընդգծված ֆալոսով տղամարդկային կերպարներ, որոնք աղեղնավորներ են և իրենց գլխին ունեն արևային պսակներ: Բոլոր այս կերպարները կրում են առյուծի դիմակներ: Թվարկված նշանները՝ արևի սկավառակ, արևապսակ, առյուծների դիմակներ, բրոնզե գոտիների պատկերագրության մեջ մենկաբանվում են որպես արևի պաշտամունքի խորհրդանշաններ: Ուստի չի բացառվում քանդակված  ռազմիկներից ոմանց արևի խորհրդանիշ լինելու վարկածը:

Bronze-belts-of-Lchashen-Metsamor-10

Նկար 10, Esayan 1984, pl. 13, n. 42.

Ուսագոտիները և իրանին կապվող գոտիները քանդակների վրա շատ հաճախ համատեղվում են: Դրանցից տեղ-տեղ կախվում են զանազան առարկաներ՝ դաշույններ, կապարճներ, սրեր և այլն: Այսինքն կիրառության տեսանկյունից կարելի ենթադրել, որ բացի պաշտպանական գործառույթից, գոտին ծառայել է նաև որպես զենքերը պահելու միջոց:

Ինչ վերաբերում է Կապանից գտնված կավե քանդակին, ապա,ինչպես վերում նշվեց, սա կարող էր լինել տիեզերական եռամասնության արտահայտությունը՝ մարդու միջոցով:

Այսպիսով այս քանդակների մանրամասներից պարզ է դառնում, որ սրանք հասարակ ռեալիստական կերպավորումներ չեն միայն, այլ ստեղծվել են որպես միջնորդ  ուղղված վերերկրյա ուժերին: Հետաքրքիր է, որ գոտին կազմում է պաշտամունքային քանդակների բաղադրիչներից մեկը, ինչը ևս մեկ անգամ կարող է վկայել գոտու ծիսական գործառույթի մասին:


[1]Տվյալները ստացվել են որոշ գոտիների դարձերեսին պահպանված կաշվե մնացորդների հետազոտությունից (Կարմիր բերդում և Աստղի բլուրում)՝ Есаян С..  1967.

[2]Աղաղանյութ- աղաղ, դաբաղանյութ, մի նյութ, որ կազմված է ածխածնից, թթվածնից և ջրածնից: Առատ լինում է կաղնու կեղևի և շատ պտուղների մեջ, կիրառվում է կաշեգործության և բժշկության մեջ (տանին): Աղաղել՝ կաշվեղենը աղաղի մեջ դնել, դաբաղել:- Ժամանակակից Հայոց լեզվի բացատրական բառարան, Հ 1, Երևան 1969:

[3]Թորոսյան Ռ., Խնկիկյան Օ., Պետրոսյան Լ., էջ  46:

[4]ՀարությունյանՍ., 2004, էջ10:

Գրականության ցանկ

  1. Деведжян С.. Лори-берд 1, Ереван 1981.
  2. Դևեջյան Ս., Լոռի բերդի քրմի դամբարանը:- Պատմա-բանասիրական հանդես, № 3, 1986, 108-124:
  3. Есаян С.. Погребение № 14 Астхиблурского могильника.– Պատմա-բանասիրական հանդես, № 1, 1967, 221-226:
  4. Есаян. Доспехи Древней Армении, Ереван 1986.
  5. Esayan S. A..Gürtelbleche der älterenEisenzeit in Armenien.-Beiträgezurallgemeinen und vergleichendenarchäologie, Band 6, 1984 .
  6. Есаян С.. Скульптура древней Армении, Ереван 1980.
  7. Իսրայելյան Հ., Պաշտամունքն ու հավատալիքը ուշ բրոնզեդարյան Հայաստանում (ըստ հնագիտական նյութերի), Երևան 1973:
  8. Գնունի Ա., Կերենը քրմական դամբարանի պեղումները:- Բանբեր Երևանի Համալսարանի, N1, 2006, 215-217:
  9. Հարությունյան Ս., Հայ առասպելաբանություն, Բեյրութ 2004:
  10. Ժամանակակից Հայոց լեզվի բացատրական բառարան, Հ 1, Երևան 1969:
  11. Мартиросян, Армения в эпоху бронзы и раннего железа, Ереван, 1964.
  12. Թորոսյան Ռ., Խնկիկյան Օ., Պետրոսյան Լ., Հին Շիրակավան (1977-1981թթ. պեղումների արդյունքները), Երևան 2002:
  13. Урушадзе Н.. Древнегрузинское пластическое искусство, Тбилиси 1988.




Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով