+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Նուարդ Ավե. Խորը դեպի օդ


Հեղինակ՝   Նուարդ Ավե


 

Չնահանջե՛լ, չնահանջե՛լ։

Ձե՛նդ, չխնդրե՛ս՝ չեմ նահանջի, ազատագրվում եմ, ազատվում եմ, ինքնաթողվում եմ, քրտնաթույր մարմնով ինքնամերժվում եմ, մեռնում եմ: Սու՛ս, լայն փակիր աչքերդ ու տես երկինքը, շնչիր ու առ լուսինը երակներիդ մեջ, թող հոսի, թող լուսնանաս, վերացիր:  Հանգստի պահին փոթորկված ծով դարձիր ու հոսիր, անվերջ, կապտիր, որ չկարմրես հիմա, երբ կրակ ես: Շնչիր, սիրելիս, օդը, թերևս միակ այլախոհը այս գաղջացած աշխարհում: Օդը, որ ընտրել է ջուր կամ կրակ չլինելը, որ ընտրել է ամենախոցելին, որ չի խոցում, որ ալիքվում է ձայնիցդ ու հասնում մաշկիդ, հպվում տարիներով խոնջացած, փտած, աղակալած ու նեխած մաշկիդ, բացում պատուհանը, քամոտում ներսդ, քեզնից քամում է քեզ, որ ինքնանաս: Սիրելիս, բացիր թեւերդ ու գոռա, գոռա քո ձայնի ողջ լռությամբ ու ազատիր մտքերդ մարմնիդ շղթաներից, ազատիր քեզ քեզնից: Հոսում է երկինքը, պտտվում անվերջ ու ծովի ջրերը էլ չեն գալու քեզ մոտ, նայիր ծովին, մամռակալած եսդ նա կտանի իր հայելիով, նայիր ու թող հոսեն արցունքները, արցունքները, որ տանեն տանդ պատերին մաշված լուսանկարները, ծխահամ պատերդ ու մաքրեն քեզնից տարիների մաղձը: Պառկի՛ր հողին, որ զգաս երկինքը: Չնահանջել, միշտ առաջ, մի՜շտ, բայց մեղեդին կանգնեցրու, երբ ուզում ես դու հնչել տիեզերական սիմֆոնիայում, քարակերտդ փլուզիր, որ ճախրես: Փակիր աչքերդ, ես կոպերիդ տակ իմ երազահամ վարսերով կնկարեմ կղզի, կնկարեմ, իսկ դու զգա հպումներս հոգնառատ բիբերիդ, լայն կբացեմ, որ լողամ այնտեղ: Փակի՛ր աչքերդ, որ մտնեմ ծովդ, որ լողամ ձկներիդ հետ: Մեռիր, սիրելի՛ս, որ ապրես․ մի անգամ ապրելու համար հազար անգամ մեռնել է պետք…

Deep-to-the-air


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով