+374 99 12 80 82 Երեքշաբթի - 23 Ապրիլ 2024

Թարգմանական գործի, ժամանակակից գրականության և Դեն Բրաունի ստեղծագործության մասին… Զրույց Արթուր Մեսրոպյանի հետ


«Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ վերջերս լույս տեսավ Դեն Բրաունի՝ առայժմ մինչև 52 լեզվով թարգմանված և 19 միլիոն օրինակով հրատարակված ժամանակակից թրիլլերը՝ «Ինֆեռնոն»՝ Վահե Արսենի թարգմանությամբ: Դեռևս 2013թ.՝ հրատարակման տարում, այն դարձավ «USA TODAY»-ի թիվ 1 բեսթսելլերը: Գրողի առաջին հիթը՝ «Դա Վինչիի ծածկագիրը»՝ կրկին բազմամիլիոնանոց տպաքանակով, բեսթսելլեր էր դարձել 2004թ. և 2006թ.: Անգնահատելի է Դեն Բրաունի՝ սիմվոլների և համաշխարհային արվեստի հանդեպ մեծ կիրքը՝ հանձին ֆլորենտացի մեծագույն բանաստեղծի՝ Դանտե Ալիգիերիի: «Դժոխքը»՝ «Ինֆեռնոն», որն «Աստվածային կատակերգության» առաջին մասն է, ոգեշնչել է ամերիկացի գրողին՝ ստեղծելու կոդավորումներ և ահասարսուռ ուղերձներ ոչ միայն Ալիգիերիի գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում: Դեն Բրաունի այս նորահնար աշխարհը հայ ընթերցողին ներկայացավ իր ողջ խորհրդավորությամբ: Այս առիթով մենք զրուցեցինք «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանի հետ:

Որքանո՞վ ես կարևորում բեսթսելլերների թարգմանությունը հայերեն և հայ ընթերցողին  որքանո՞վ է դա անհրաժեշտ ըստ քեզ:
Dan-Brown-Inferno-003Նախ կցանկանայի հստակեցնել, որ բեսթսելլեր ասվածը չի վերաբերում որևէ գրական ձևի կամ ժանրի, ոչ էլ անպայմանորեն ենթադրում է գրքի որակի բարձր կամ ցածր մակարդակ. այն ընդամենը նշանակում է վաճառքի մեծ ծավալներ գրանցած գիրք: Բեսթսելլերները լինում են ծայրահեղ տարբեր թե՛ իրենց որակական արժանիքներով և թե՛ «կյանքի» տևողությամբ: 2014 թ. հայտնի վլոգեր Զոի Սյուգը գրեց «Girl Online» վեպը, որը, չունենալով լուրջ գրական արժեք, առաջին շաբաթում վաճառվեց 78 000 օրինակ՝ գերազանցելով անգամ «Հարրիի Փոթերի» ցուցանիշը: Մյուս կողմից համաշխարհային բեսթսելլերներ են Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» կամ Թոլքինի «Մատանիների տիրակալը»: «Զանգակ» հրատարակչությունը գրքի բեսթսելլեր լինելու հանգամանքը դիտարկում է որպես դրա տարածվածության ցուցիչ: Եթե գիրքը բեսթսելլեր է, ապա ամենայն հավանականությամբ այն քննարկվում է աշխարհի տարբեր Գրքի ակումբներում, դրա մասին գրվում են հոդվածներ, կարծիքներ, դրա հիման վրա նկարահանում են ֆիլմեր, ու այն շատ թե քիչ ազդում է գրական հոսքի վրա: Մենք՝ որպես հրատարակչություն, փորձում ենք աչքից բաց չթողնել բեսթսելլերները ու սեփական փորձով ենք արդեն չափում տվյալ գրքի գրական արժեքը: «Զանգակի» համար կարևոր է ընթերցողներին ներկայացնել այնպիսի գրքեր, որոնք կարդում ենք ամբողջ աշխարհում ու քննարկում, սակայն պայմանով, որ այդ գիրքը տեսանելի ապագայում դեռ կմնա «ակտիվ» ու գուցե ուղենշի նոր ժանրի կամ ենթաժանրի մեկնարկը: Իրականում շատ կարևոր է զգալ գրական հոսքի ազդակները՝ ձեռքը պահելով գրականության զարգացման զարկերակին:

Presentation-of-Dan-Brown-Inferno-poster

Բեսթսելլերները հիանալի միջոց են՝ կապ ստեղծելու տվյալ պահի գրական թրենդների հետ ու տեղյակ լինելու գրական անցուդարձից: Գրականությունը կենդանի շարժում է, ու պետք է կարդալ ոչ միայն դասական դարձած անքննելի գրական կոթողներ, այլև նաև այն, ինչ գրվում է հիմա, ինչի մասին խոսում են այսօր, ինչը հերթեր է առաջացնում բոլոր մեծ գրախանութներում՝ զգալու համար ժամանակի գրական շունչը: Հակառակ դեպքում հնարավոր է, որ ստեղծվի «ընթերցողական կտրվածություն» ժամանակակից գրականությունից, ինչն էլ կարող է հանգեցնել նրան, որ ժամանակակից գրականությունը դառնա անհասկանալի: Շատ կարևոր է կարդալ ու ծանոթանալ այն գրականությանը, որը կարդում են աշխարհում, որպեսզի ի վիճակի լինենք ինքնուրույն գնահատական տալու:

Թարգմանչական աշխատանքի առանձնահատկությունները ժամանակակից գրականության պարագայում:

Dan-Brown-Inferno-004Գրական թարգմանությունը այն թելն է, որն իրար է կապում տարբեր ազգերի գրականությունը, ու հենց թարգմանիչներն են թերևս «կերտում» համաշխարհային գրականությունը: Սա չափազանց կարևոր ու պատասխանատու գործ է, ու «Զանգակը» շատ զգույշ է մոտենում թարգմանական պրոցեսին: Իրականում այն սկսվում է շատ ավելի առաջ, քան թարգմանչի հետ պայմանագիր կապելն ու բուն թարգմանությանն անցնելը: Նախ անհրաժեշտ է ուսումնասիրել գրական շուկան՝  հաշվի առնելով հայաստանյան ընթերցողի գրական պահանջներն ու կարիքները, փորձել կանխատեսել ընթերցողի հնարավոր հետաքրքրությունները ու այդ մի քանի անհայտով հավասարման մեջ ճիշտ կողմնորոշվել հարյուր հազարավոր գրքերի մեջ և ընտրել համապատասխան գիրք: Շատ կարևոր է ստեղծել վստահելի կապեր արտասահմանյան գրական գործակալների, հրատարակչությունների ու հենց գրողների ու թարգմանիչների հետ և շարունակաբար զարգացնել այդ հարաբերությունները: Ժամանակակից գրականություն թարգմանելն ունի իր առանձնահատուկ դժվարությունները: Թեպետ առաջին հայացքից այն ավելի դյուրընկալելի է լեզվական մակարդակում, սակայն բավական մեծ դժվարություն են ներկայացնում ժամանակակից սարքերի ու հասկացությունների հայերեն թարգմանությունը, օտար մշակույթի անշոշափելի առանձնահատկությունների վերարտադրությունը հայերենով, ինչու չէ, նաև հայհոյախոսություններն ու կատակները: Այստեղ էական է, որ թարգմանիչը ոչ միայն տիրապետի օտար լեզվին ու հայերենին, այլ նաև զգա թարգմանվող հեղինակի ոճը ու որոշակի չափով կրի հեղինակի երկրի այսօրվա մշակույթը, տեղյակ լինի այդ երկրի պատմությանն ու ավանդույթներին, սոցիալ-տնտեսական ու քաղաքական վիճակին: Շատ կարևոր է, որ թարգմանիչը զգա հեղինակին: Հաշվի առնելով այս նրբությունները՝ «Զանգակը» փորձում է թարգմանիչներին առաջարկել այնպիսի գրքեր, որոնք հոգեհարազատ կլինեն նրանց, չէ՞ որ ի վերջո թարգմանիչը գրքի երկրորդ հեղինակն է դառնում:

Ինչու՞ հատկապես այս գիրքը:

«Զանգակ» հրատարակչությունը մեծ կարևորություն է տալիս հայ ընթերցողի ու համաշխարհային գրական կարևոր տեղաշարժերի միջև կապին: Մենք ցանկանում ենք, որ մեր ընթերցողն ունենա հնարավորություն հայերեն կարդալու ժամանակակից գրականությունը: Սա նաև փոխում է գրքի հանդեպ վերաբերմունքը, թույլ է տալիս գրքին նայել ոչ միայն որպես անցյալի մեծ մտածողների հետ շփման միջոց, այլ հաղորդակցություն հենց հիմա, մեր կողքին ապրող ու մեր խնդիրները բարձրացնող գրողների հետ: Dan-Brown-Inferno-001Դեն Բրաունի «Ինֆեռնոն» մեծ արձագանք է գտել ամբողջ աշխարհում հատկապես իր արծարծած խնդիրների շնորհիվ: Երկրագնդի գերբնակեցումը համամարդկային խնդիր է, որի դեղատոմսը դեռ գտնված չէ: Այս հարցը տարբեր լուծումների հնարավորություն է ենթադրում, որոնցից ամենասարսափելին դառնում է վեպի առանցքը: Սա մի հարց է, որ վերաբերում է բոլորիս՝ անկախ ազգությունից կամ բնակության վայրից: Մեզ նաև գրավեց «Ինֆեռնոյի» պատումի ինտելեկտուալ թեթևությունը: Դինամիկ ընթացք, իրար հաջորդող դեպքեր, չես հասցնում հանգիստ շունչ քաշել, ու նորից ամեն ինչ կտրուկ փոխվում է: Գրեթե մինչև վերջ գլխի չես ընկնում, թե ինչպես ամեն ինչ կավարտվի: Հատկապես հետաքրքիր է վեպի լուծումը: Դեն Բրաունը ոչ միայն հսկայական ինֆորմացիա է տալիս Ստամբուլի, Վերածննդի Ֆլորենցիայի ու Վենետիկի մասին, այլև խթանում է սկսել ինքնուրույն ուսումնասիրել պատմության անկյունները ու ինչ-որ անտեսանելի կապեր գտնել: Շատ հետաքրքիր է նաև կապը Դանտեի «Աստվածային կատակերգության» հետ: Բոլոր դարաշրջաններում Դանտեի հավերժական պոեմը ընթերցվել է տվյալ ժամանակի խնդիրների տեսանկյունից: Բրաունն առաջարկում է «Կատակերգությունը» կարդալ այսօրվա խնդիրների համատեքստում: Ու արդյունքում ստացվում է առեղծվածներով լի սյուժե ու դինամիկ ընթացք, որը վարպետորեն փոխանցել է հայերեն վեպի թարգմանիչը՝ Վահե Արսենը:

Dan-Brown-Inferno-005Ըստ քեզ ո՞րն է «Ինֆեռնո» -ի ամենակարևոր ուղերձը իր ընթերցողին:

Կարծում եմ, որ «Ինֆեռնո» վեպում մի քանի ուղերձ կարելի է հստակ առանձնացնել: Նախ Երկրի ռեսուրսների անխնա ու անդադար սպառման հարցն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Վեպում կա դրվագ, որտեղ գլխավոր հերոսներից մեկն ասում է, որ մարդիկ հակված են ժխտողականության: Մենք ժխտում ենք այնպիսի սարսափելի երևույթների հավանականությունը, ինչպիսիք են երկրաշարժերը, պատերազմներն ու անգամ մեր հնարավոր մահը, որովհետև այդքան սթրեսի մեր ուղեղը պարզապես պատրաստ չէ դիմակայելու: Երբ սկսում ենք երկար մտածել նման հարցերի մասին, հաճախ մեզ բռնեցնում ենք այն պահին, որ անկախ մեզնից՝ շեղվում ենք ինչ-որ առօրյա ու լուծելի խնդրի վրա: Վեպում նշվում է, որ մի փորձի արդյունքում պարզվել է, որ մարդիկ ավելի հաճախ պատրաստ են ինտերնետում դիտելու կատուների մասին զվարճալի վիդեոներ, քան համաշխարհային օվկիանոսի մակարդակի մասին պատմող հետազոտություններ: Սակայն խնդրից երես թեքելը, չնկատելը դեռ չի նշանակում, որ այն չքանում է: Վեպը կարդալիս հասկանում ես, որ Երկրից փախչելու տեղ չունես, ու պետք է պատասխանատու վերաբերվել մեր շուրջը կատարվող իրադարձություններին: Անձամբ ինձ՝ որպես գրականությամբ զբաղվող մարդու համար հետաքրքիր էր նաև տեսնել, թե ինչպես կարելի է «Աստվածային կատակերգությանը»  նոր շունչ տալ ու վերաիմաստավորել այն: Կարծում եմ, հաջորդ անգամ Դանտե կարդալիս արդեն այլ աչքով կնայեմ մի շարք տեսարանների:

Dan-Brown-Inferno-006Ներկայացրու Դեն Բրանունին  որպես գրող և հատկապես նրա ոգեշնչումը Դանթե Ալիգիերիից որքանո՞վ է կարևոր իր ստեղծագործության մեջ առհասարակ…

Վեպը գրելիս Դեն Բրաունը հսկայածավալ ուսումնասիրություն է արել, քննել ու համադրել անթիվ փաստեր ու այս «դաշտային» աշխատանքից հետո է ստեղծել «Ինֆեռնոն»: Եվ ընդհանրապես ծանոթանալով Դեն Բրաունի գրականությանը ու նաև հետևելով նրա հարցազրույցներին՝ տեսնում ենք, թե նա ինչ հետևողականությամբ ու մեծագույն պատասխանատվությամբ է մոտենում իր գործին: Կարծում եմ, չափազանց բարդ է շոշափել այնպիսի հանճարների անուններ, ինչպիսիք են Դա Վինչին, Միքելանջելոն, Վազարին, Դանտեն, բացահայտումներ անել «Խորհրդավոր ընթրիքը» կտավում, գտնել մասոնական հետքեր Կապիտոլիումում, նոր նշանակությամբ ներկայացնել «Աստվածային կատակերգությունը», դիտարկել Վատիկանի գործունեությունը նոր հայացքով ու այս ամենն անել հնարավորինս հիմնավոր ու առանց մտացածին կեղծիքների: Այսպիսի գործ անելու համար պետք է գտնել ծանրակշիռ աղբյուրներ, դրանց մեջ ստեղծել ներքին կապ և ունենալ մեծ տաղանդ՝ այդ ամենը մատուցելու հանրությանը մատչելի լեզվով: Դեն Բրաունի վեպերում ներկայացվող վայրերը, կերպարները, արվեստի գործերն ու փաստաթղթերն իրական են. մեզնից շատերը կարող են այցելել այդ վայրերը ու տեսնել, զգալ այն «նյութը», որով Բրաունը կերտել է իր վեպերը: «Աստվածային կատակերգությունը» դարերի ընթացքում ոգեշնչել է շատ հանճարների (Ուիլյամ Բլեյք, Գյուստավ Դորե, Ավգուստ Ռոդեն, Սալվադոր Դալի և այլք) ստեղծելու ոչ պակաս հանճարեղ գործեր, և ակնհայտորեն Դեն Բրաունի համար էլ Դանտեն ներշնչանքի աղբյուր է դարձել: Վերջինս անուղղակի դառնում է «Ինֆեռնոյի» գլխավոր հերոսներից մեկը ու լրացուցիչ լիցք է տալիս վեպին:

Իսկ ոDan-Brown-Inferno-002րո՞նք են «Զանգակ» հրատարակչության հետագա պլանները թարգմանչական գործում …

«Զանգակը» մեծ կարևորություն է տալիս թարգմանական գրականությանը: Կարծում ենք, որ թարգմանական գրականությունը հիանալի միջոց է՝ ծանոթանալու համաշխարհային գրականությանը, և հնարավորություն է տալիս դրան արձագանքելու: Այն օգնում է ձևավորելու սեփական վերաբերմունք ժամանակակից գրականության հանդեպ: Այս առումով մենք կարևորում ենք նաև տարբեր պատճառներով հայերեն չթարգմանված դասական գործերի թարգմանությունը: «Զանգակ» հրատարակչությունը մասնավորապես ձեռնարկում է բնագրից արված թարգմանություններ ու այս տարի արդեն անգլերենից արված թարգմանությամբ հրատարակեց Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» Արամ Արսենյանի թարգմանությամբ: Ընդամենը մի քանի օր առաջ տպարանից դուրս եկավ Շեքսպիրի «Լիր արքա» պիեսի գրականագիտական լրամշակված տարբերակը, որը կատարել է Արամ Թոփչյանը: Շուտով կհրատարակենք Ռեյ Բրադբըրիի «451 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի» վեպը Լուսինե Հարոյանի թարգմանությամբ: Վեպը թարգմանվել է բնագրից, ու ընթերցողները հաճելիորեն կզարմանան՝ տեսնելով, թե ինչպես է նոր շունչ ստացել այս վեպը: Ինձ համար շատ հոգեհարազատ «Եվ արձագանքեցին լեռները» վեպը, հեղինակ՝ Խալեդ Հոսեինի, թարգմանիչ՝ Անուշ Սեդրակյան, նույնպես լույս կտեսնի եկող տարվա սկզբին:

Ավելի երիտասարդ ու կրտսեր ընթերցողներին նոր տեսքով կներկայացնենք երկար սպասված «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» և «Վինի Փուի» երկրորդ հատորը Ալվարդ Ջիվանյանի թարգմանությամբ: Իսկ գարունը կդիմավորենք Սփայրիի «Հայդիի» հետ: Իհարկե, սրանք առաջիկա հրատարակությունների միայն մի մասն են, իսկ մնացածը արդեն կներկայացնենք ամբողջ տարվա ընթացքում:   

Լուսանկարները տրամադրել է «Զանգակ» հրատարակչությունը:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով