+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

«Մարկո Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում


2016 թ. հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» խորագրով ցուցահանդեսը։ Սա արվեստի կենտրոնի «Միջթանգարանային համագործակցության» 5-րդ ցուցադրությունն է։ Ներկայացված էին Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի ներքո գործող Միջին Արևելքի արվեստի թանգարանի արվեստի գործերը, ինչպես նաև աշխատանքներ մասնավոր հավաքածուներից և այլ հաստատություններից։

Մարկոս Գրիգորյանը հայկական ժամանակակից արվեստի զարգացման գործում բացառիկ դեր է ունեցել։ Ցուցահանդեսում ներկայացված էին արվեստագետի հողարվեստը, որը կարծես նրա այցեքարտն է։ Նշենք, որ Մարկոս Գրիգորյանը աշխարհում առաջիններից էր, ով սկսել է աշխատել այդ տեխնիկայով` հետագայում զարգացնելով և կատարելագործելով այդ արվեստը տարբեր տեսակի նյութերով։ Առհասարակ Մարկոս Գրիգորյանը լինելով «գիտնական» արվեստագետ, խորը և մանրամասնորեն ուսումնասիրում էր այն, ինչի հետ աշխատում էր` լինի դա ստեղծագործության նյութը կամ գաղափարը։ Դրա մասին է խոսում նաև Մարկոս Գրիգորյանի արվեստի մյուս գլխավոր և քիչ ուսումնասիրված կետը` գորգարվեստը։ Ուսումնասիրելով և վերծանելով հին գորգերը արվեստագետը սկսում է ստեղծել հայ ժամանակակից կարպետը, որտեղ հայկական զարդանախշը տրանսֆորմացվում է, վերակենդանանում և ձեռք է բերում երկրորդ կյանք։Marcos_Grigoryan_005 Օգտվելով ժայռապատկերներից, իր արևելյան արմատներից և հայկական դարավոր մշակույթից Մարկոս Գրիգորյանը ստեղծել աննկարագրելի գեղեցիկ գորգերի էսքիզներ, որոնցից շատերը նաև ինքնուրույն է գործել։ Արվեստագետը Հայաստանում գորգագործության արվեստանոց է հիմնել, որտեղ իր հեղինակած գորգերից զատ փորձեր է արվում վերականգնել հայկական մոռացված գորգերը։

«Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցահանդեսի կարևորության և ընդհանրապես մեծ արվեստագոետի աշխատանքների մասին խոսեցինք արվեստաբան Իվեթ Թաջարյանի հետ, որը նաև ճանաչում էր մեծ արվեստագետին.« Ինձ համար այսօրվա ցուցահանդեսը կարևորվում առաջինը նրանով, որ միջթանգարանային համագործակցության շնորհիվ կատարվում է այցելուների փոխանակում։ Այսօր, այստեղ ես հասկացա, որ շատերը տեղյակ չեն, որ կա Միջին Արևելքի թանգարան, առավել ևս կա Մարկոս Գրիգորյան արվեստագետ։ Սա արժևորման ևս մի միջոց է։ Անձամբ ինձ համար ցուցահանդեսը կարևորվում է նաև նրանով, որ այստեղ ներկայացված են ոչ միայն Մարկոս Գրիգորյանի անձնական հավաքածուից աշխատանքներ, այլև արվեստի գործեր, որոնք պահվում էին մասնավոր հավաքածուներում և շատ քչերին էին հասանելի։ Սակայն, ես հույս ունեմ, որ կգա մի օր, երբ արվեստագետի գեղանկարչական աշխատանքները, արված վերջին 20 տարիների ընթացքում, որոնք պահպանվում են ընտանիքի կողմից, հնարավոր կլինի ուսումնասիրել և ցուցադրել», – նշեց Ի. Թաջարյանը։

Marcos_Grigoryan_002Անդրադառնալով գորգարվեստին մեզ հետաքրքրում էր, թե արվեստագետի այն երազանքը, որ հայկական գորգարվեստում հայտնվեն նոր զարդանախշեր կկարողանա մեր օրերում ընկալվել և շարունակվել, Իվեթ Թաջարյանը պատասխանեց. «Ցավով պետք է նշեմ, որ հայ արվեստագետները և հասարակությունը նորը շատ դժվար է ընդունում։ Մարկոս Գրիգորյանը շատ խորը ուսումնասիրել էր հայկական գորգարվեստը, զարդանախշերը։ Իր ստեղծած գորգերում նաև օգտագործել այդ ամենը, սակայն ավելի պարզ և ժամանակակից հարթության վրա, պահպանելով նույնիսկ գորգերում օգտագործվող գույները։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ ես իմ ուսանողներից մեկին հանձնարարել էի պաշտպանության թեմա Մարկոս Գրիգորյանի գորգարվեստը, մի շատ հայտնի գորգագետ ասաց, որ սա գորգ չէ, գոբելեն է։  Հայաստանում դժվար է ընդունվում նորը, գորգ է համարվում միայն այն, ինչը ավանդապես մեզ հասել է։ Մարկոյի գորգերը հայկական չեն համարում։ Վստահ կարող եմ ասել, որ Մարկոս Գրիգորյանը հայ գորգարվեստի պատմության մեջ նոր էջ է բացել և իր ուսերին շատ ծանր բեռ է վերցրել, որը մինչև այսօր դեռ իր արժանի տեղը չի գրավել»։

Մարկոս Գրիգորյանի արվեստը ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու հաջորդ քայլը, ըստ Իվեթ Թաջարյանի, վերջինիս արվեստի ավելի խորը ուսումնասիրությունն է։ Ապագա երիտասարդ արվեստաբաններին էլ խորհուրդ է տալիս Մարկոյի արվեստը ուսումնասիրելուց առաջ մանարամասն իմանալ իրանական, հայկական և համաշխարհային արվեստը։

Մարկոս Գրիգորյանի աշխատանքները պահվում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Նա այն եզակի հայ արվեստագետներից է, ով մտածողություն է փոխել նաև համաշխարհային մշակույթի ասպարեզում։

Ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 28-ը։



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով