+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև


Սեպտեմբերի 16-ին «Արվեստագիրը» Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում էր, որտեղ  Հայաստանի Հանրապետության  մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվել էր ցուցահանդես  «Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով` նվիրված անկախության 23-րդ տարելիցին: Ներկայացված էին առավելապես երիտասարդ և միջին սերնդի արվեստագետների` հետխորհրդային շրջանի ժամանակակից հայ արվեստի ստեղծագործական գործընթացների գլխավոր դեմքերի ու ակտիվ մասնակիցների ստեղծագործություներ, ինչպես նաև, գեղարվեստական զարգացումն ավելի ակնառու դարձնելու համար ներկայացված էին 1960-80-ական թվականների արվեստագիտական սերնդի ներկայացուցիչների ստեղծագործություններ (Արտո Չաքմաքչյանի, Մարկո Գրիգորյանի և Հակոբ Հակոբյանի անկախության տարիներին արված աշխատանքները): Ցուցահանդեսի կազմակերպիչները` Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը ինչպես նաև համադրողները` Արման Գրիգորյանը և Արևիկ Արևշատյանը ևս ներկայացել էին իրենց ստեղծագործություններով: Ցուցահանդեսի հիմքում ազատության գաղափարն է, հաշվի առնելով 20-րդ դարի անկախության համար պայքարի վերջին բուռն տարիները, որոնք անշուշտ իրենց ազդեցությունն են ունեցել տարբեր բնագավառներում, այդ թվում և արվեստում: Ազատության գաղափարը իբրև հիմք ունենալով, համադրողները փորձել են շեշտել գաղափարական ու համակարգային փոփոխություները, որ տեղի են ունեցել անկախության տարիներին: Կոմունիզմի ու կրոնների ֆունդամենտալիզմն իբրև բռնության ընկալումից մինչև մերկության գաղափարն իբրև ազատություն, ետգաղութատիրական արվեստի գաղափարից մինչև արժանապատվությունն իբրև անկախության գրավական և անկախությունը, որպես երկրի զարգացման գրավական. ահա այսպիսի մեծ ընդգրկումով է ցուցահանդեսը մոտեցել անկախության գաղափարին և 1991թ.-ին հռչակված Հայաստանի 3-րդ հանրապետության 23-ամյա դժվարին ուղուն: Ներկայացված արվեստագետներից են` Կարեն Ալեքյանը, Սամվել Բաղդասարյանը, Հերիքնազ Գալստյանը, Արթուր Սարկիսյանը, Աշոտ Հարությույանը, Ռուբեն Գրիգորյանը, Կարեն Բարսեղյանը, Վահագ Համալբաշյանը, Արմեն Գևորգյանցը, Կարինե Մացակյանը, Թենի Վարդանյանը, Սահակ Պողոսյանը, Ազատ Սարգսյանը,  Ռուբեն Արևշատյանը, Գրիգոր Խաչատրյանը, Մհեր Ազատյանը, Արմինե Հովհաննիսյանը, Լևոն Ֆիջյանը, Տիգրան Խաչատրյանը, Տիգրան Մուրադյանը, Սոնա Աբգարյանը, Արշակ Սարկիսյանը, Վահան Ռումելյանը, Համլետ Հովսեփյանը, Աստղիկ Մելքոնյանը, Ալեքսանդր Մելքոնյանը, Դիանա Հակոբյանը և այլոք:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 25-ը:

Լուսանկարները՝  Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով