+374 99 12 80 82 Ուրբաթ - 29 Մարտ 2024

Ի՞նչ է Մոնումենտան: Ո՞վ է Խուան Յոն Փինը:


Մոնումենտան մեկնարկել է 2007 թվականին Փարիզում: Սկզբում ամենամյա, իսկ 2014 թվականից երկու տարին մեկ կազմակերպվող այս միջոցառման վայրն անփոփոխ է. Գռան Պալե (Grand Palais), ժամանակակից արվեստի գրեթե բոլոր մեծ միջոցառումների անցկացման վայր (FIAC, Paris Photo, Art Paris Art Faire):

Մոնումենտան բացառիկ է նրանով, որ ամբողջ Պալեն կամ, ավելի լավ պատկերացնելու համար, 13.500 ք.մ. տարածքը հանձնվում է ժամանակակից արվեստի կարևորագույն մեկ ներկայացուցչին: Վերջինս ազատ կարող է տնօրինել Պալեն` ցուցադրելով մեկ գաղափարի շուրջ համախմբած իր արվեստանմուշները: Չմոռանանք, որ խոսքը գնում է ժամանակակից արվեստի մասին, որտեղ արվեստանմուշը բավականին լայն հասկացություն է: Ժյուրիի կողմից նախորդ տարիներին արդեն հրավիրվել են Անսելմ Քիֆերը, Ռիչարդ Սեռան. Քրիստիան Բոլտանսկին, Անիշ Քափուրը, Դանիել Բյուրեն, Իլյա և Էմիլիա Կաբակովները: Այս տարի Մոնումենտայի հյուրը Խուան Յոն Փինն է:

Ծագումով չինացի այս արվեստագետը ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում, նրան ներկայացնում է հանրահայտ Kamel Mennour ցուցասրահը: Մոնումենտա 2016-ի կուրատորը Ժան դը Լուազին է, խորագիրը` «Կայսրություններ»: Հետաքրքիրն այն է, որ Խուան Յոն Փինն այս ցուցահանդեսի գաղափարն ուներ դեռևս 2006 թվականից, երբ Մոնումենտան նույնիսկ գոյություն չուներ: Նա պատկերացրել և գծագրել էր ողջ ցուցադրությունն այնպես, ինչպես այն այսօր ներկայացված է Գռան Պալեում:

Օձ, կոնտեյներ և Նապոլեոնի գլխարկ. Այս երեք գաղափարների շուրջ է կառուցված «Կայսրություններ» հսկայական ցուցադրությունը:

Who-is-Huang-Yun-Ping-001

Who-is-Huang-Yun-Ping-002

Խուան Յոն Փինն այսպես է ներկայացնում իր աշխատանքը.

Նախապատրաստության մասին.

Աշխարհում ամեն ինչ հարաբերական է: Գռան Պալեն մեզ թվում է հսկայական, բայց համեմատ բնության, այն չնչին է: Մեր դարում բոլոր չափսերը ձեռք են բերում նոր իմաստ: Մարդու դերն այս ամենում նույնպես փոխվում է: Մոնումենտան միայնակ իրականացնելն անհնար էր: Միակ բանը, որ պատրաստել եմ իմ ձեռքերով` ցուցահանդեսի մակետն է, որն անկասկած պետք է լիներ բացառիկ ճշգրտության: Նմուշների մեծ մասն արտադրվել է Ֆրանսիայում : Օրինակ` օձի գլուխը պատրաստվել է Չինաստանում, բայց հսկայական մարմինը Ֆրանսիայում: Անչափ հետաքրքիր էր համագործակցել այստեղի տարբեր ոլորտի մասնագետների հետ:

Մոնումենտայի խորագիրը.

«Կայսրություններ»: Ուշադրություն դարձրեք, որ այն հոգնակի թվով է, խոսքը վերաբերում է բազմաթիվ կայսրություններին: Սակայն ապագայում գլոբալիզացիան կարող է դառնալ միակ և ամենակալ կայսրությունը : Այն մոնոպոլիզացնում է արար աշխարհը, և մենք կայուն քայլերով գնում ենք դեպի գլոբալիզացիա կոչվող կայսրությունը, այս անգամ` եզակի թվով: Գլոբալիզացիան աբստրակտ երևույթ չէ, յուրաքանչյուրս այն ապրում է ամեն վայրկյան իր առօրյայում:

Օձ.

Աշխատանքս պետք չէ դիտարկել` հիմնվելով իմ արևելյան մշակութային ծագումնաբանության վրա: Օձի կերպարը բազմիմաստ է: Այն հանդիպում է նաև արևմուտքի պատմության և ավանդույնթների մեջ, առաջին օրինակը Աստվածաշունչն է: Այս օձը, թափանցելով մայրաքաղաք, մտնելով Գռան Պալե, մտածել է տալիս նույնիսկ գաղթականության երևույթի մասին: Ես ինքս գաղթական եմ: Արվեստագետը միշտ շարժման մեջ է, նույնիսկ, եթե անշարժ է:

Կոնտեյներներ և նապոլեոնական գլխարկ.

Կոնտեյնեռները խոսում են տնտեսության մասին, գլխարկը` պատերազմի : Տնտեսությունը պատերազմի մեկ այլ տեսակ է, մշակույթը` նույնպես: Արվեստի աշխարհում բազմաթիվ պատերազմներ կան:

Մոնումենտա 2016.

Այս հրավերն ինձ համար, իհարկե, շատ ոգեշնչող էր: Սակայն ես պետք է զգոն մնամ: Ռիսկերը շատ են: Ես գիտակցում եմ, որ ստեղծածս իր ուրույն ձևով քաղաքական բնույթ է կրում: Այն աշխարհի ուշադրության կենտրոնում է և անխուսափելիորեն դառնում է թիրախ: Զգոնությունը կարևոր է:

Who-is-Huang-Yun-Ping-003

Մոնումենտան տևում է երկու ամիս: Այցելության ընթացքում, դիտողի տրամադրության տակ են տասնյակ մեդիատորներ1: Մի քանի հարց-պատասխան` վերջին դետալները պարզաբանելու համար:

Օձի կմախքը շրջում է ամբողջ տարածքով: Մի պահ ստեղծվում է տպավորություն, որ ցուցահանդեսն ինքնին տուփերից բաղկացած վտանգավոր լաբիրինթոս է:

Օձի 250 մետր երկարությամբ մարմինը և նրա ստվերը ամենուր են: Լայն բացած բերանով օձը փորձում է բռնել իր պոչը, որը գտնվում է Գռան Պալեյի մյուս հատվածում: Շրջանի գաղափարն այսպիսով իհարկե ցուցադրության հիմքում է: Արվեստագետը նման ձևով բացատրում է, որ ոչ մի կայսրություն հավետ չէ, դա մշտական փոփոխվող շրջան է: Յուրաքանչյուր իշանությանը փոխարինելու է գալիս մեկ ուրիշը, ինչպես օձն ամեն տարի փոխում է իր մաշկը:

Պատահական չէ նաև Նապոլեոնի գլխարկի տեղադրումը տուփերի վրա:

Մոնումենտայում ամենը փոխկապակցված է: Տուփերը խորհրդանշում են գլոբալիզացիան, Նապոլենի գլխարկը` իշխանությունը: Գլխարկը դրված է տուփերից կառուցված երկու սյան վրա: Արդյունքում մենք տեսնում ենք ինքնատիպ հաղթակամար, որն ունի վատ լուր բոլորիս համար` «Գլոբալիզացիան իշխելու է աշխարհը»: Բայց գլխարկը գտնվում է օձի բերանի ճիշտ հակառակ կողմում: Այսինքն կայսրությունը վտանգի տա՞կ է…:

Ցուցահանդեսը կարելի է դիտել նաև Պալեի պատշգամբներից:

Եվ դա նույնպես պատահական չէ: Արվեստագետը դիտողին հնարավորություն է տալիս տեսնել իշխանությունը հնարավոր բոլոր դիտակետերից և, մտովի փոխառելով նապոլեոնական գլխարկը, դառնալ ժամանակավոր իշխանության ժամանակավոր կայսր:

Who-is-Huang-Yun-Ping-004


Who-is-Huang-Yun-Ping-005


Who-is-Huang-Yun-Ping-006


1) Ո՞վ է մեդիատորը:

Դա ոլորտի երիտասարդ մասնագետ է, որը շրջում է ցուցահանդեսային տարածքով և պատասխանում այցելուի հարցերին, մեկնաբանում և քննարկում իր հետ ցուցահանդեսին վերաբերող յուրաքանչյուր դետալ: Ցավոք, մի մասնագիտություն, որ Հայաստանում դեռևս լայն տարածում չունի:

 



2 մեկնաբանություն
  1. Արա

    5 Հունիս 2016 13:05

    Ֆրանսերենում ,,r,,-ն այնքան փափուկ է արտասանվում, որ երբեք չի կարող հնչել ,,ռ,, Ուստի՝ Գրանդ Պալե… Նույնիսկ մեծ ջանքերի գնով հնարավոր չէ HUANG YONG PING -ը Խուան Յոն Փին կարդալ… Եվ հետո՝ արդեն վերնագրում աղավաղված է ,,միջոցառման,, անվանումը… Մունումենտա

    Պատասխանել
    • Lilit

      Lilit

      11 Հունիս 2016 10:24

      Հարգելի Արա,

      “Պալե” բառը ֆրանսերենում արական սեռի է, հետևաբար ոչ թե “գրանդ” այլ “գրան”,իսկ “ր” թե “ռ” օգտագործելը զուտ նախընտրության հարց է, քանի որ օգտագործվում է բառի օտարալեզու տարբերակը:
      Ինչ վերաբերում է արվեստագետին, նրա անվան հայերեն արտասանությունը ճշտել եմ չիներենի մասնագետներից:

      Միջոցառումը կոչվում է Monumenta, հետևաբար հայերեն Մոնումենտա և ոչ Մունումենտա:

      Շնորհակալ եմ ուշադրության համար,

      Լիլիթ

      Պատասխանել

Պատասխանել Lilit-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով