+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Հայ դիզայները Vogue-ի էջերում. երբ արվեստը սկսում է քայլել


Նորաձևություն և գեղանկարչություն. Վահան Խաչատրյանի աշուն-ձմեռ 2016-2017 հավաքածուն…

Vahan-Khachatryan-027

Հայկական նորաձևությունը մեր օրերում սկսել է նոր քայլերով և առատ մտքերով առաջ գնալ և առանձնանալ համաշխարհայինի համատեքստում: Ամեն օր թերթելով Ֆեյսբուքը, Ինստագրամը և այլ սոցիալական կայքեր կարող ենք տեսնել երիտասարդ սկսնակ դիզայներների, որոնց ստեղծած զգեստների կոմպոզիցիոն լուծումները, գունային ընտրությունները, մատուցման ձևը մոտեցնում են նրանց համաշխարհային տենդենցների, ինչը շատ է ուրախացնում մեզ և թույլ է տալիս կրել հայ դիզայներների նորաձև հագուստներ և ներկայանալ աշխարհին հպարտ քայլվածքով: Այդ երիտասարդ և բավականին մեծ անուն ունեցող դիզայներներից է Վահան Խաչատրյանը, որը վաղուց հատել է համաշխարհայինի սահմանը: Նա սովորել է Իտալիայում և աշխատում է Հայաստանում: Վերջերս Վահան Խաչատրյանը ընդգրկվել է vogue.com-ի պաշտոնական դիզայներների շարքում, ինչը մեծ ձեռքբերում է:

Դիզայների բոլոր նշանակալի փաստերի կողքին ավելացել է նաև  աշուն-ձմեռ 2016-17 հավաքածուն, որը ներշնչված է անմիջապես գեղանկարչությունից: Ներշնչման աղբյուրը նրա պապիկն է` Սուրեն Ստեփանյանը: Իր հարցազրույցներից մեկում Վահանը նշում է, որ իր պապիկի կտավների կողքին ապրելով նա կլանել է իր մեջ արվեստը, դա նաև եղել դիզայներ դառնալու ճանապարհի կարևոր մասնիկը: Հրաշալի, գունեղ և բարձրորակ հավաքածու, որտեղ Վահան Խաչատրյանը զգեստների բարդ, երբեմն անհամաչափ լուծումները հավաքել է նուրբ, զգայուն, մոնոտոն գույների մեջ, տալով Սուրեն Ստեփանյանի կտավների ողջ հմայքը, թողնելով գեղանկարչությանը կլանել նորաձևությունը, միախառնվել և քայլել մեկ ուղղությամբ: Զգեստների վրա պատկերված նկարների հատվածները շարունակվել են մոդելների դիմահարդարման մեջ, որի շնորհիվ կինը և հագուստը դարձել են մեկ ամբողջություն: Տպավորություն է ստեղծվում, որ կտավները դուրս են եկել իրենց սովորական միջավայրից և սկսել են քայլել, ձեռք բերելով մեկ այլ ֆունկցիա, դարձել են նոր արվեստի գործ:

Շնորհավորում ենք Վահան Խաչատրյանին այս գեղեցիկ հավաքածուի և vogue.com-ի պաշտոնական դիզայներների շարքում ընդգրկվելու կապակցությամբ և սպասում ենք նոր հավաքածուների, որոնք ամբողջ աշխարհին կներկայացնեն հայկական մշակույթը և արվեստը:

Լուսանկարները` www.vogue.ru կայքից:

https://www.youtube.com/watch?v=L8hmWnNzrNw



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով