+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 11 Դեկտեմբեր 2024

Հայ արդի դրամատուրգիան՝ գաղափարա-տնտեսական ճգնաժամների պայմաններում


Ժամանակակակից աշխարհի նյութականացումը վաղուց արդեն իր հետքն ու ազդեցությունն է թողել մշակութային ասպարեզի վրա, հատկապես՝ կինոյի և թատրոնի: Թեպետ, ես ինձ չեմ դասում այն մարդկանց շարքին, ովքեր համարում են, թե արվեստագետը պետք է սոված մնա՛: Մի տեսակ, իմ համեստ կարծիքով, այդ «սոված» պիտակը նսեմացնում կամ ցածրացնում է ստեղծագործողին:

Բայց սա դեռ ամենևին չի նշանակում կուրորեն տարվել փող աշխատելու մոլուցքով, քանզի յուրաքանչյուր ծայրահեղություն կործանարար հետևանքներ է ունենում, ինչպես Խորհրդային միության փլուզումը, որի պատճառով կազմաքանդվեց ոչ միայն մեր երկրի տնտեսությունն ու իշխանա-քաղաքական համակարգը, այլև մշակույթը, ինչը բերեց ազգի որոշ հատվածի գեղագիտական ճաշակի անկմանը:

Այդ օրհասական ու ճգնաժամային պայմաններում, երբ զարթոնք ապրեց ազատագրական պայքարը, 1915 թվականի մղաձավանջները կրկին իրենց մասին հիշեցնել տվեցին՝ թուրք հրոսակների փոքր եղբայրների՝ ազերի-ասկյարների բարբարոսությունների տեսքով, որոնք հետևանքն էին Ղարաբաղի հայ բնակչության ազատ ապրելու կամքի դրսևորման, հայ թատրոնը կանգնեց լուրջ խնդրի առաջ, որից պետք է հնարավորինս արագ ելք գտնվեր…Modern-Armenian-Dramaturgy-Armen-Avanesyan

Ինչպես նշում է իր՝ «Արդի հայ դրամատուրգիայի հիմնախնդիրները (1991-2008)» ատենախոսությունում, գրականագետ Արմեն Ավանեսյանը. «որպես գրական սեռ՝ դրամատուրգիայի յուրհատկությունն այն է, որ դա սոսկ գրական տեքստ  չէ, այլև սերտորեն կապված է մեկ այլ երևույթի՝ թատրոնի հետ»:

Այո՛: Որպես գրական-գեղարվեստական և գաղափարախոսական հենք, հենց դրամատուրգիան է պատասխանատու անցումային շրջաններում ազգի գեղագիտության և մշակութային ինքնազարգացման համար: Հենց դրամատուրգիան է ընդհատակից վեր հանում հասարակական արդի խնդիրները, հնարավորություն ընձեռում զարգացնել միտքը, նպաստում թատրոնի զարգացմանը, սոցիալական կյանքի ակտիվացմանը, անհատի գիտակցությունը վեհ գաղափարներով սնում և հոգեբանորեն դաստիարակում: Երբեմն էլ՝ լրիվ հակառակ ազդեցություն է ունենում: Այսպես, օրինակ՝ «Գլամուռային չոբաններ», «Ֆուլ Հաուս», «7.5» և այլ անտերպրիզային ներկայացումներ, որոնց դրամատուրգիական արժեքն ու արծարծվող թեմաները, թացի ու չորի տարբերակման բացակայությունը, ստիպում են լրջորեն մտածել մատաղ սերնդի «ուղեղի» մասին, ու դրա մեղավորներին պատժելու ցանկությունից զատ սկսել ինքներս մեզանից…

…Այն է, ինչպես նշում է Ա.Ավանեսյանը, որակապես բարձր դրամատուրգիայի առաջխաղացումը, մանավանդ` «թատրոնն իրականանում է ոչ թե բեմում, այլ հանդիսականի հոգում»:

Նյութական բարեկացության մոլուցքն ու գեղագիտական անկումը

Ւր ատենախոսությունում՝ Ա.Ավանեսյանն իրավացիորեն անդրադառնում է 90-ականների քաղաքական-հասարակական ճգնաժամին, ԽՍՀՄ փլատակներից նոր պետականություն կառուցելուն, նյութական բարեկեցության մոլուցքին ու գեղագիտական անկմանը, որոնք սև բիծ թողեցին ոչ միայն հայ մարդու կենսաձևի, այլև՝ հայ գրականության ու դրամայի վրա: Պատերեզմական դրությունը, սևեռումը քաղաքականության, կրիմինալի ու բիզնեսի վրա (հասարակական կյանքի բոլոր ուղղություններում), էականորեն թուլացրեցին ընթերցող-գրականություն, ունկդնիր-երաժշտություն, հանդիսատես-թատրոն, հանդիսատես-կինո կապը, գեղագիտական փոփոխությունների ենթարկվեց նաև հայ արդի դրամատուրգիան:

Ավանեսյանը գրում է. «Հասարակական կյանքում ստեղծված իսկապես թատերային իրավիճակը (խորհրդարանների նիստերի հեռարձակում) թուլացրեց հանդիսատեսի հետաքրքրությունը բուն թատրոնի նկատմամբ, քանզի իրականության մեջ տեղի ունեցող զարգացումները երբեմն շատ ավելի գրավիչ էին, քան այն, որ ցուցադրվում էր բեմում, մյուս կողմից` դրամատուրգիայի` իբրև գրական սեռի ներսում ամրագրված կարծրակաղապարներն էին սպառել իրենց, ուստի բնական է, որ հայ դրամատուրգները ժանրային իրացման, թեմատիկ-բովանդակային հարցադրումների ու դրանց գաղափարական հագեցման նոր մոտեցումներ սկսեցին որոնել: Ամենից առաջ` դրամատուրգները հրաժարվեցին խորհրդային տարիներին գերիշխող ստանիսլավսկիական գեղարվեստական մեթոդից և իրենց հայացքն ուղղեցին դեպի արևմուտք` եվրոպական ու ամերիկյան դրամատուրգիա»:

Armen-AvanesyanՀարկ է նշել, որ արդի դրամատուրգների սևեռումը դեպի արևմտյան մշակույթ մեղմ ասած ժամանակավրեպ էր. մի իրողությունից մյուսն անցած հայ հասարակության համար անհասկանալի կամ անըմբռնելի էին եվրոպական ու ամերիկյան դրամատուրգիայի ավանդույթները կամ դրանց օտարածին մակերեսայնությունը, ինչպես նաև՝ արտաքուստ մոդայիկ թվացող «կառուցաբանական հնարքներն ու թեմատիկ-բովանդակային ընդօրինակումները» ժամանակակից ստեղծագործողների կողմից:

Թեպետ, եթե խորասուզվենք, ապա կտեսնենք, որ վերոնշյալը պարզապես արտահայտչամիջոց էր անդրադարձի բազմաթիվ վիճահարույց ու ճգնաժամային հարցերի, որոնք ուղեկցվում էին 90-ականների մթի, ցրտի, Ղարաբաղյան պատերազմի, ներքին դիմակայությունների ու ռեկետի այդ դժվարին տարիներին: Ի հեճուկս, դրամատուրգների՝ գեղարվեստա-գաղափարական հենքը արդիականացնելու, «մութ ու ցուրտ տարիներին» հայ թատրոնը խորը ճգնաժամի գագաթնակետին էր հասել, մինչդեռ թատերագետից սկսած ռեժիսորից վերջացրած,  մեղքի չափաբաժինը բարդում էին հենց թատերագիրների վրա, ինչը պարզապես անհեթեթություն էր:

Ճգնաժամն ու արևելյան երկրների դրամատուրգիայի ավանդույթները

Մեռած էկոնոմիկայի, ռաբիզի ու գողական բարքերի համատարած իշխանության պայմաններում մեղադրել դրամատուրգներին թատրոնի ստագնացիայի կամ էլ որակյալ ժամանակակից պիես գրելու անկարողության համար, դա ոչ միայն տեղին չէր, այլև աբսուրդային: Չէր կարելի ամբողջ մեղքը գցել հենց դրամատուրգների վրա, այդուհանդերձ բերվում էր գեթ մեկ արդարացված պահանջ՝ «նոր դրամատուրգիայի էքստրավագանտ բնույթն է և անհամապատասխանությունը խաղացանկային թատրոնի ֆորմատին»:

Մինչ օրս էլ, գրում է Ա.Ավանեսյանը, «արդի հայ դրամատուրգիայի վերաբերյալ հաճախ կարելի է հանդիպել մերժողական հայտարարությունների և ընկալումների»:

Ուշագրավ մի նկատառում. անցել է առնվազն 25 տարի, բայց կարծես 90-ականները շալակել ենք մեր օրեր: Հիմա էլ, երբ կարծես դանդաղ, բայց մշակութային զարգացման միտումներ են նշմարվում, չեն վերացել վայրիվերումների տարիներին հայ հասարակությունը խոցած բազմաթիվ արատավոր երևույթներ, որոնք մերժում են վեհը, բարձրաճաշակը, թատրոնը, գեղագիտությունը, ծաղրում մտավորականությունը (կեղծ՝ պլեբեյ կոնտինգենտի մասին չէ խոսքը), ինչը խանգարում է մշակութային երբեմնի վերելք ապրելու համար, ու այստեղ, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է թատրոնին, հաստատ դրամատուրգները մեղավոր չեն:

Թատերագիրն այսօր էլ ակտիվ ստեղծագործում են, ի հեճուկս այն հանգամանքի, որ նրանց գործերը երբեք չեն բեմադրվի ու հանրությանը չեն ներկայացվի:

Արմեն Ավանեսյանի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «1991-2008 թվականների ընթացքում շուրջ 400 պիես է գրվել, սակայն դրանց փոքր մասն է բեմականացվել ու ներկայացվել հանդիսատեսին»: Մեկ այլ խնդիր է թատերական քննադատների լռությունը: Բացառությամբ Հենրիկ Հովհաննիսյանի, Վարսիկ Գրիգորյանի, երջանակահիշատակ Լևոն Մութաֆյանի և այլոց թատերագիտական հոդվածները, որոնք հաճախ կարելի է գտնել մամուլի էջերում: Սակայն, ինչպես նշում է ատենախոսության հեղինակը՝ դրանք կրում են սոսկ անհատական բնույթ, և չեն շոշափում արդի հայ դրամատուրգիայի հիմնախնդիրները:

ottawa-little-theatre-building-insideԱյդուհանդերձ, շուրջ 25 տարի ձգվող թատերագիտական-գաղափարախոսական որոնումների պայմաններում բավական ակտիվ ու հաջող ստեղծագործական ճանապարհ են հարթում երիտասարդ թատերագիրներ Հովհաննես Թեքգյոզյանը, Արմինե Աբրահամյանը, Միքայել Վաթինյանը, Էմիլ Պետրոսյանը, Սեդրակ Աֆրիկյանը, Աստղիկ Սիմոնյանը, Արթուր Տեր-Դանիելյանցը

Վերջիններս, անշուշտ, դեռ պետք է հստակեցնեն ու զարգացնեն իրենց գրական-գեղարվեստական ըմբռնումները, կառուցողական, տեխնիկական ունակությունները, և ամենակարևորը` լեզուն, քանի որ խոսքի կառուցումը շատ կարևոր գործոն է պիես ստեղծելիս, բնականաբար չանտեսելով իրենց ավագ ու միջին սերնդակիցների (Աղասի Այվազյան, Պերճ Զեյթունցյան, Կարինե Խոդիկյան, Գուրգեն Խանջյան և այլոք) թողած գրական ու լեզվա-կառուցողական ժառանգությունը:

Օգտագործված գրականություն՝ Արմեն Ավանեսյան. «Արդի հայ դրամատուրգիան (1991-2008թթ):

Փաստ.

Գրականագետ Արմեն Ավանեսյանը ծնվել է 1980 թ, հոկտեմբերի 18-ին, Երևանում: 1997-ին ավարտել է Երևանի թիվ 106 միջնակարգ դպրոցն ու նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 2001-ին ավարտել է ուսումը և անցել պարտադիր զինծառայության: 2003-ին ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան հայ նորագույն գրականություն և քննադատություն մասնագիտությամբ: 2005-ին, ավարտելով մագիստրատուրան, ընդունվել է ասպիրանտուրա` հայ նորագույն գրականության ամբիոնում: 2006-ից աշխատում է «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսում, որպես գրականագիտության և քննադատության բաժնի վարիչ:

Նրա հեղինակությամբ երեք տասնյակից ավելի հոդվածներ են լույս տեսել հայաստանյան և սփյուռքի գրական մամուլում` գրականության և թատրոնի վերաբերյալ: 2010-ին պաշտպանել է «Արդի հայ դրամատուրգիայի հիմնախնդիրները (1991-2008)» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող է: 2011-ից Գրքի և հրատարակչական կենտրոնում հրատարակչական բաժնի պետ է:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով