+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Դոնբաս. Լոզնիցայի ետնախորշային կիտչը


Կաննի 71-րդ կինոփառատոնի «Հատուկ հայացք» (Un certain regard) ծրագիրի բացումը այս տարի տեղի ունեցավ տոնական մայիսի 9-ին, իսկ բացման ֆիլմի աղմկահարույց ընտրությունն էր Սերգեյ Լոզնիցայի «Դոնբասը»:

Ինչպես և մինչ կինոդիտումը, այնպես էլ ֆիլմից հետո աղմուկ բարձրացավ թեկուզ միայն այդ ընտրության տրամաբանության շուրջ, քանի որ և ոչ մեկ հակվածչ էր հավատալու, թե սա պարզապես օրացույցային համընկնում է. պատաhականություններին Կաննում վաղուց արդեն չեն հավատում։

Հակասական արձագանքների առիթ ստեղծում է թեկուզ հենց ուկրաինացի կոսմոպոլիտ Սերգեյ Լոզնիցայի անունը և այս ընտրությունը անկախ ֆիլմի համատեքստից արդեն իսկ ընկալվում է որպես «ռուսոֆոբ» դրսևորում, հաշվի առնելով Լոզնիցայի ստեղծագործական և անգամ քաղաքացիական անթաքույց հակաիշխանական հայացքները։
Դրան էլ վրադիր՝ ֆիլմի թեման, անվանումը ու նաև պրեմիերայի ամսաթիվը՝ մայիսի 9-ը:

Ծանոթանալով ֆիլմի բուն նյութին՝ «Դոնբասի» ընտրությունը կարելի է գնահատել նաև միանգամայն այլ տեսանկյունից՝ որակելով ընդհուպ մինչև դիպուկ և իմաստուն, քանի որ ուկրաինական կոնֆլիկտի հիմնական մոտիվներից մեկը ազգային ինքնության հիմնահարցն է, որի բիրտ դրսևորումն է՝ նացիոնալիզմը, առավել բիրտը՝ ֆաշիզմը: Նաև պարզ է, որ մայիսի 9-ը եվրոպական գիտակցության մեջ ոչ թե խորհրդային հաղթանակի օրն է, այլ ֆաշիզմի գլխատման՝ հումանիստական աշխարհի հաղթանակի, հետևաբար մայիսի 9-ը այդքան ռուսամետ տոն չէ եվրոպայում, որպեսզի պայմանականորեն՝ «հակառուսական» ֆիլմը ընկալվի որպես հակամայիսինյան:

Դոնբասը կիզակետ է, որտեղ մեկտեղվել է  21-րդ դարի նույնքան հակասական պատերազմական էությունը՝ «հիբրիդային պատերազմը»: Ժամանակակից պատերազմների և հետպատերազմական կոլափսի հիբիդայնությունը ուսումնասիրելով Լոզնիցան ակամայից գտնում է իրեն իսկ բնորոշ ամենադիպուկ կարգավիճակը՝ «հիբրիդ». Գեղարվեստականի ու վավերագրականի, բարձրաճաշակի և թրեշի, կոսմոպոլիտի և ազգայնականի,  դիտարկողի և մանիպուլյատորի, պատմիչի և ագիտատորի:

Հիշենք, որ տարիներ առաջ Դոնբասով՝ որպես ստեղծագործական տարածություն, գայթակղվել էր մեկ այլ հռչակավոր վավերագրող՝ավստրիացի Ուլրիխ Զայդլը «Իմպորտ-Էքսպորտ» ֆիլմում:

Մյուս հռչակավոր վավերագրողի՝ Լոզնիցան Դոնբասը նկարահանել է արդեն իր համար ոչ խորթ՝ գեղարվեստական ժանրում ու թեպետ թեմատիկ առումով ֆիլմը շարունակում է իր վերջին տարիների վավերագրական շարքը, բայց ոճ ային և էսթետիկական տեսանկյունից այն շարունակում է խաղարկային «Իմ երջանկությունը» (‘’Счастьемое’’, 2010) և մասնավորապես՝ «Հեզը» (‘’Кроткая’’, 2017) ֆիլմերին բնորոշ դրամատուրգիական ռադիկալիզմը, կարնավալային գրոտեսկը, խարխլված գեղագիտությունը և ետնախորշային կիտչը: Լոզնիցայի ձեռքով արդեն վաղուց դադարել են գրել Տոլստոյն ու Դոստոևսկին, այլ գրում է Գոգոլը, իսկ նկարում՝ Բոսխը: Դոնբասը ոչ թե վավերագրական քրոնիկոնի նյութ է կամ դյութիչ կինոլոկացիա, այլ նախորդ ֆիլմերի տրամաբանական շարունակություն, բռնած թեկուզև քարկոծվող ուղուց չշեղվել դրդող մոլուցք։

Վերջին 4 տարում Լոզնիցան արդեն 5-րդ անխնա հայացքն է նետում վաղ կամ դեռ վերքնիբաց անցյալին՝ «Մայդան» (Майдан, 2014), «Լենինգրադյան պուտչ» (Событие, 2015) «Աուստերլից» (Аустерлиц, 2017) և վավերագրականներից վերջինը՝ «Հաղթանակի օրը» (День победы, 2017), որտեղ այս էպիկական օրը անցյալ տարի թաքնված էր վերնագրում, իսկ այս տարի գեորգիևյան ժապավենակապ բումերանգով դեպի իրեն է վերադառնում նոր ֆիլմի պրեմիերայի ամսաթվի տեսքով։



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով