+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 11 Դեկտեմբեր 2024

«Չներվածները». սենտիմենտալ էքշնի ծնունդը հայկական կինոյում


Հունիսի 4-ից երևանյան բոլոր կինոթատրոններում կարող եք դիտել երիտասարդ, բայց խոստումնալից կինեմատոգրաֆիիստ Տիգրան Նալչաջյանի երկար սպասված  «Չներվածները» քրեական մելոդրաման, որի պրեմիերան կայացավ չորեքշաբթի, «Մոսկվա» կինոթատրոնի լեփլեցուն կարմիր դահլիճում: Ֆիլմը նկարահանվել է «Stage 7»փրոդաքշնի կողմից«ԱուդիոՎիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ աջակցությամբ,Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացումծրագրի շրջանակներում: Հոգեցունց կինոպատումի  առանցքային կերպարները մարմնավորել են շնորհալի նորահայտ դերասաններ Տիգրան Նալջաջյանը /համատեղությամբ պրոդյուսեր, սցենարի հեղինակ, ռեժիսոր/, Լուսինե Իսպիրյանը, Միկա Բաբայանը, Սոֆիա Ապրեսյանը, Մարգարիտա Հունանյանը, Արթուր Ղազարյանը, Գևորգ Կալեմդարյանը, որոնց կողքին կոլորիտային ու դժոխային խարիզմայով հանդես են եկել պատմության բացասական կերպարները մարմնավորող փորձառու դերասաններ Արթուր  Մկրտչյանը, Տիգրան Մնացականյանը:  Ի դեպ, ֆիլմի յուրահատկության ու համարձակության մասին սկսել էին խոսել դեռ մինչև մեծ էկրաններ բարձրանալը. կինոյի սիրահարներին, մասնավորապես, մի հարց էր տանջում. «Ո՞վքեր են ի վերջո այդ չներվածները»:  Ինչևիցէ, ֆիլմն արդեն մեծ էկրաններին է. շտապե՛ք մայրաքաղաքի կինոթատրոններից որևէ մեկը, գնեք տոմսը և վայելեք կինոնկարը: Ձեզ տանջող հարցի պատասխանն էլ անպայման կստանա՛ք…

«Չներվածները» կինոնկարը մի նոր էջ է բացում հայկական ֆիլմարտադրության արդի շրջանում` նախանշելով սենտիմենտալ էքշն ժանրի ծնունդը: Ֆիլմը անհավանական ջանքերի և քրտնաջան ստեղծագործական աշխատանքի արդյունք է: Քանզի ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում քրեական դրամա ժանրը, մեղմ ասած, լավ ժամանակներ չի ապրում, որովհետև չգիտես ինչու «քրեապատում» ասելով մեր երկրում պատկերացնում են միայն “գողական” ռոմանտիկա, գռեհիկ, աղավաղված խոսք, արյուն, դաժանություն, բռնություն և այլն: Սուտ կլինի ասել, թե խնդրո առարկա դարձած ֆիլմում չկան հեղինակություններ, բացասական երևույթներ, արյուն, բռնություն… բայց… միևնույն ժամանակ կինոստեղծագործության հեղինակներին հաջողվել է ստեղծել /համենայն դեպս` նրանք ոչ մի ջանք չեն խնայել/ փայլուն, գերլարված, գործողություններով հագեցած գեղեցիկ ֆիլմ, բազմաշերտ հանդիսատեսի համար:The-Unforgiven-poster

Հեղինակը /չնայած սա նրա առաջին ծավալուն լիամետրաժ աշխատանքն է և մյուս բոլոր ֆիլմերը կգերազանցեն մեկը մյուսին/ հանդիսատեսի դատին գեղարվեստական մի իրապատում է հանձնում, որտեղ բոլոր կերպարներն ու իրավիճակները  համահունչ է մերօրյա իրականության հետ, բայց նույն միջոցին զուրկ են գռեհիկ, կենցաղային տարրերից, իսկ սիրային գիծը, որ բարակ, բայց ամուր թելի պես անցնում է ֆիլմի ողջ ընթացքում անտարբեր չի թողնի և ոչ մեկի /թեպետ սիրային գծի կուլմինացիան անսպասելի էր` սիրտը մորմոքեցնող/: Մյուս կողմից` սա մի պատմություն է հավատարմության, ընկերության, դավաճանության, մեղքի ու հատուցման միջև գոյություն ունեցող նուրբ սահմանի մասին. անմահ հասկացություններ, որոնք սահուն կերպով /սիրային գծի հետ միասին/ անցնում են մինչև ֆիլմի հանգուցալուծում:

Դժվար է կտրվել էկրանից, երբ ականտեսն ես դառնում տարատեսակ գործողություններով հարուստ մի կինոպատման, որտեղ կարծես խնդիրները անդադար թափվում են գլխավոր հերոսների գլխին, սակայն նրանց հոգու խորքում ինչ-որ հզոր  ու հպարտ ուժ ստիպում է նրանց ոտքի կանգնել ու շարունակել պայքարը հանուն սիրո ու արդարության: Պատահական դեր չեն խաղում նաև ֆիլմի համար հատուկ գրված վոկալային և գործիքային չափազանց էմոցիոնալ երաժշտական համարները, որոնք, լրացուցիչ սրություն կամ մեղեդայնություն են հաղորդում գործողություններին:

Ու ինչպես նշվում էր գովազդային արշավի ընթացքում` առաջին հայացքից մարտական բեմադրություններով, /որոնք բեմադրել է ճանաչված մասնագետ, Հայաստանի «Ջիթ Կուն Դո» ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Ղանդոյանը/ արյունալի տեսարաններով /չափի զգացումը պահպանվել է/ ու գեղեցիկ սիրո պատմությամբ աչքի ընկնող դրամայում ընկած է նաև ևս մի խորքային թեմա, ինչպիսին է դարի սարսափ հանդիսացող թրաֆիկինգ կոչվող հանցագործությունը /մարդկանց առևտուր/. հենց այս անմարդկային երևույթն էլ հիմք է հանդիսացել ֆիլմի քրեական գծի համար: Դա` ինչպես նշում է ֆիլմի հեղինակը, քաղաքակրթության դեմ հանցագործություն է, որի արդյունքում անմեղ մարդկանց ճակատագրեր են որոշվում, իսկ մարդկային ճակատագրերը, կոնֆլիկտային թեմաները լավագույն հիմքն են գեղարվեստական ֆիլմ ստեղծելու համար: Ստացվում է, որ “Չներվածները” ոչ միայն գեղեցիկ դետեկտիվ մելոդրամա է, այլև կոչ երիտասարդներին` լինել զգոն ու չտրվել կասկածելի ու գայթակղիչ առաջարկներին. օրինակ` աշխատանք արտերկրում…

The-Unforgiven-Narek-NaneՈւ ես համաձայն եմ ֆիլմի գլխավոր աջակից «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանի այն դիտարկմանը, թե «թրաֆիքինգի թեման նման ձևաչափով էկրաններին բարձրացնելը ևս մեկ ձեռքբերում է այդ երևույթի վտանգների մասին երիտասարդներին զգուշացնելու գործում և շահագռգիր կառույցները պետք է ավելի հաճախ սատարեն նման աշխատանքներ և երիտասարդ ռեժիսորներին, որպեսզի ապագայում հնարավոր լինի ստանալ փորձով և սխալներով կոփված բարձր որակի, պրոֆեսիոնալ աշխատանքներ»:

…Մոտենալով սույն գրախոսականի հանգուցալուծմանը, մի քանի բառով ներկայացնեմ այն, թե ինչ է սպասվում հանդիսատեսին կինոդիտման ընթացքում /բնականաբար` խուսափելով սպոյլերներից/. ուրեմն  այսպես, նրա անունն է Նարեկ, իրավաբան է, սակայն ճակատագրի հեգնանքով երեք տարի անցկացրել է ճաղերի ետևում: Եվ ահա, նա ազատության մեջ է. նոր կյանք, նոր հույսեր, ապագայի հանդեպ սպասելիքներ, երկար սպասված հանդիպում սիրած աղջկա հետ: Նա ունի ուրախ ու նեղ օրերի ընկեր` Արսենը, ով ներքաշված է կասկածելի գործերի մեջ, բայց գլուխ է գովում իր ներկայիս անհոգ ապրուստով: Փորձելով հասկացնել կյանքի հանդեպ ռոմանտիկ պատկերացումներ ունեցող Նարեկին, թե ինչպես են մեր օրերում գումար վաստակում, Արսենը նրան գործնական առաջարկ է անում` միանալ քրեական հեղինակություն Վաղոյի գործերին, հերոսը կտրականապես մերժում է ընկերոջն ու սկսում  աշխատանք փնտրել, սակայն`ապարդյուն. դատվածությունը տաբու է:  Միևնույն ժամանակ Նարեկը կանգնում է փակուղային երկմտանքի առջև. որտեղից գտնել նրա ընկերուհու` Նանեի, հիվանդ քրոջ բուժման համար անհրաժեշտ գումարը: Հուսալքված ու ընտրությունից զրկված Նարեկը ստիպված է լինում ընդունել Արսենի առաջարկը և համագործակցել Վաղոյի հետ: Այդ որոշումը դառնում է ճակատագրական: Նանեին օգնելու առաքելությունն էլ սրընթաց վերածվում է ոչ միայն պայքարի հանուն կյանքի, այլ նաև մարդկանցից առևտրի դեմ… Կհաջողվի՞ Նարեկին վերականգնել չարի ու բարու փխրուն հավասարակշռությունը… Կներվեն արդյո՞ք հերոսները…  կհասկանաք միայն ֆիլմը դիտելուց հետո: Դե ինչ… շտապեք կինոթատրոն…

THE UNFORGIVEN

 

Դերասանական անձնակազմ

ՆԱՐԵԿ – Տիգրան Նալչաջյան

ԱՐՍԵՆ – Միկա Բաբայան

ՆԱՆԵ – Լուսինե Իսպիրյան

ՎԱՂՈ – Արթուր Մկրտչյան

ԲԵՆՈ – Տիգրան Մնացականյան

ԱՐՏԱՇ – Արթուր Ղազարյան

ԱՆՆԱ – Սոֆյա Ապրեսյան

ԱԼԻՆԱ – Մարգարիտա Հունանյան

ԿԱՌԼԵՆ – Գևորգ Կալեմդարյան

 

Տեխնիկական անձնակազմ

 

Տիգրան Նալչաջյան –  Գլխավոր պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր

Վահե Տերտերյան  Գլխավոր օպերատոր

Պետիկ Ավետիսյան Երկրորդ օպերատոր, մոնտաժ, հետարտադրություն

Գրիգոր Փիլոյան Հնչյունային օպերատոր

Հայկ Հարությունյան Ռեժիսորի օգնական

Վարդան Թորոսյան – Կոմպոզիտոր

Միկա Բաբայան, Վովա Թովմասյան  պրոդյուսերներ

Լիանա Օջախյան Դիմահարդար

Լիպարիտ Բունիաթյան Տեխնիկ

Կարեն Հարությունյան Տեխնիկ

Մինաս Գևորգյան Տեխնիկ

Հունիսի 3-ից` “Մոսկվա” և “Սինեմասթար”, հունիսի 4-ից` “Նաիրի” և Գյումրիի “Հոկտեմբեր” կինոթատրոններում, նորաբաց “Հայաստան” կինոթատրոններում:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով