+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Bravo, Virtuoso! Դառը իրականության ծաղրանկար


Չարն ու բարին իրարից խռոված, բայց միևնույն ժամանակ, անբաժան եղբայրներ են, որոնցից և ոչ-ոք այդպես էլ առաջինը չմեկնեց ձեռքը հաշտության:

Ծնունդով գյումրեցի, բնակության հասցեով ֆրանսիացի ռեժիսոր Լևոն Մինասյանի «Bravo, Virtuoso» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում ծավալվող զավեշտալի իրադարձությունները նշածիս եթե ոչ հանճարեղ, ապա գոնե լավագույն ապացույցն է:

Հմայիչ արտիստների մասնակցությամբ, Հայաստանի, Ֆրանսիայի և Բելգիայի համատեղ արտադրությամբ ստեղծված սոցիալական կինոֆանտազիայում հմտորեն միաձուլվել են զուգահեռ իրականություններ, հակասություններ, հավերժական զգացմունքներ ու մռայլ երևույթներ, և այդ ամենը ներկայացվել է համաշխարհային կինոյին, տեղական ու արտասահմանյան հանդիսատեսին հասանելի կինոլեզվով՝ սև կատակերգության միջոցով: Թեպետ կինոժապավենը դժվար է գցել ժանրային վանդակի մեջ, այդուհանդերձ պետք է նշել, որ օգտագործելով քրեական դրամային, քաղաքական սատիրային ու կոմեդիային բնորոշ սյուժետային իրավիճակները, մեյնթրիմային կինոյի ռեալիզմը, ինչպես նաև՝ նեղհայկական հասարակական հակասությունները, ֆիլմմեյքերներին հաջողվել է կարծես ստեղծել արդի հայ կինոյի մյուս, ոչ պակաս դիտարժան նախագծերից տարբերվող արտադրանք, գունեղ, բազմաշերտ կերպարներով, ծիծաղաշարժ, երբեմն հուզող գծերով:

Bravo-Virtuoso-009

Ինքը՝ սյուժեն նորություն չէ, բայց լավ է խաղարկված. Ալիկ անունով երիտասարդ կլառնետիստ (Սամվել Թադևոսյան) իրենից անկախ հայտնվում է կեղտոտ քրեական պատմության կիզակետում: Եվ, ինչպես, ժանրն է պահանջում, շտապ փողի կարիք ունի, որը անհրաժեշտ է փրկելու համար կյանքից վաղաժամ հեռացած հարազատ նվագախումբը… ճակատագիրը, թե պատահականությունը տալիս է նրան այդ շանսը, երբ հերոսը հայտնաբերում է մի հնամաշ հեռախոս, փողի կապոց ու… ատրճանակ:

Bravo-Virtuoso-010 Bravo-Virtuoso-004 Bravo-Virtuoso-007


Հենց այդտեղ էլ «կաշը» սկսվում է՝ լի արտասովոր, վտանգավոր, ծաղրական ու ռոմանտիկ արկածներով: Ֆիլմում մեծ տեղ է հատկացված մի քիչ տարօրինակ, բայց գեղեցիկ սիրո համար, ինչը խթան է հանդիսանում, որպեսզի ստվերագծվի սյուժեի նուար տարրը՝ ճակատագրական գեղեցկուհին՝ Լառան (Մարիա Ախմետզյանովա), որը տակնուվրա է անում հերոսի, առանց այն էլ գլխիվայր շուռ եկած կյանքը:

Եթե մի պահ կտրենք ու դեն նետենք քրեական, կատակերգական կադրերը, ռաբիզի ու դասականի, չարի ու բարու անողոք պայքարը, որը ցնցող էր ներկայացված ֆիլմում, ապա կարող ենք գալ այն եզրակացության, որ ժամանակակից կինոն, կարևոր չէ, արևմտյան և արևելյան, գրեթե միշտ բերում է այն համոզմանը, որ ոչինչ չկա կարևոր կրքոտ սիրուց, և բոլոր խոչընդոտները, որ կպատահեն այդ հավերժ զգացմունքի ճանապարհին, անպայման պետք է ջնջվեն…

Bravo-Virtuoso-002 Bravo-Virtuoso-008Bravo-Virtuoso-006


Հ.Գ. Ստացվել է ֆիլմը, թե ոչ, որոշելու է հանդիսատեսը: Այնպես որ, մարտի 3-ից կարող եք գնալ կինոթատրոն ու ինքներդ գնահատեք: Կինոն՝ հանդիսատեսի համար է:

Արտադրող ընկերություններ՝

Agat Films & Cie [FR]

HK productions [AM]

Artémis Productions [BE]

Seppia Production [FR]

Ժանր՝ Black Comedy, Action, Crime

Կարգախոսը՝ Ալիկը վիրտուոզ է, բայց ոչ մարդասպան…

Ռեժիսոր, սցենարիստ՝ Լևոն Մինասյան

Բեմադրող օպերատոր՝ Մկրտիչ Մալխասյան

Պրոդյուսերներ՝ Հրաչ Քեշիշյան, Ռոբեր Գեդիկյան, Մարկ Բորդյու

Տևողությունը՝ 102 ր.

Դերերում՝ Սամվել Թադևոսյան, Մարիա Ախմետզյարովա, Վրեժ Հակոբյան, Մկրտիչ Արզումանյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Մկրտիչ Մալխասյան, Արման Նավասարդյան և այլոք:

Կոմպոզիտորներ՝ Տիգրան Համասյան, Միշել Պետրոսյան



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով