+374 99 12 80 82 Ուրբաթ - 13 Դեկտեմբեր 2024

Բալերի անունները. «Պատերազմներն ավարտվում են միայն մեռածների համար»


Հաճախ, մեր տառապանքների պատճառն են դառնում նրանք, ում մենք կյանքից առավել ենք սիրում: Իսկական զգացմունքներն էլ բացահայտվում են այն ժամանակ, երբ արդեն ուշ է ինչոր բան փոխել: Կյանքի մայրամուտին՝  որոշելով հետ բերել պատերազմի պատճառով խեղված նախկին կենցաղը, տարեց զույգը վերադառնում է իր վերականգնված տունը: Մենք հետևում ենք նրանց առօրյային տարվա չորս եղանակների ընթացքում: Կինն օրեցօր դառնում է ավելի ու ավելի բացակա և իրեն կորցրած: Օգնելու փոխարեն ամուսինը նրա հետ կոպիտ և երբեմն էլ դաժան է վարվում: Սակայն այն գիտակցումը, որ ինչոր բան է կատարվում կնոջ հետ, նրան ստիպում է հարցականի տակ դնել սեփական վարքագիծն ու արժեքները: «Արվեստագիր» առցանց մշակութային հանդեսի մշտական սյունակագիր Միքայել Մարգարյանն անդրադարձ կատարեց «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթի ցանկում ներկայացված՝ խորվատ ռեժիսոր Բրանկո Շմիդտի, «Բալերի անունները» (“Imena višnje”) ֆիլմը:

Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում վերջերս կայացավ խորվատ ռեժիսոր Բրանկո Շմիդտի, Բալերի անունները (“Imena višnje”) ֆիլմի լրագրողական համայնքի համար նախատեսված պրեմիերան: Ֆիլմի հիմքում պատմություն է տարեց զույգի մասին, որը իր համար ճակատագրական որոշում է կայացնում՝ վերադարձ անցյալ դարի 90-ականների արյունալի իրադարձություններից մեկի՝ Բալկանյան պատերազմի պատճառով ոչնչացված հայրենի քաղաքի իրենց տունը:

Առաջին հայացքից՝ կենցաղային մակարդակի առօրէական դեպքերի շարանը, որին հետևում էինք կինոդիտման ընթացքում, խոստանում էին ոչնչով չգերել, սակայն որոշ ժամանակ հետո, սկսեցի գիտակցել, որ Սլավկո պապի և Կատա տատի կամաց-կամաց հին կյանքին ընտելանալը, տան և գյուղատնտեսության վերականգնումը, սկսեցին քայլ առ քայլ հետաքրքրել ու գամել էկրանին:  imena-visnje-002

Սկզբից ոտքերի ցավից տառապող Կատան տանից դուրս չի գալիս ու զբաղված է լինում հիմնականում ճաշ պատրաստելով, իսկ Սլավկոն անընդհատ տնտեսվարական հարցեր է լուծում, ծառերի սերմեր է բերում, իսկ կնոջ ռոմանտիկ թվացող խնդրանքին՝ բալենի տնկել, որպես պեդանտ ու կոպիտ անձանվորություն ուրվագծվող մեր աչքի առաջ, բիրտ մերժում է ստանում:

Հենց այդ պահից էլ սկսվում է տարեց զույգի իրարից անջատ կյանքը: Քչախոս ու բռնակալ Սլավկոյի գերխնդիրը դաժան պատերազմի հետքերը վերացնելն է, ինչին կինը սկեպտիկորեն է մոտենում: Միաժամանակ Կատայի մոտ հասունանում է ծերունական սկլերոզը, Սլավկոն էլ չի զլանում, ամեն առիթով, բղավում է կնոջ        վրա, որը գնալով սկսում է անփութավարի մոտենալ նախկին սովորությունները:

Ճաշի մեջ շաքարի հայտնվելը լցնում է ամուսնու համբերության բաժակը, ով այնքան է տարված լինում իր գործերով, որ չի նկատում, թե ինչպես է մթագնում կնոջ միտքը: Թե գիտակցո՞ւմ է, պարզապես վախենում ընդունել ճշմարտությունը: Ու այդ վախը ձգվում է մեկ տարի… ձմեռ, գարուն, ամառ, աշուն.. ու նորից ձմեռ: Օրերից մի օր, վերջնական ցնորված Կատան այնպիսի մի քայլ է անում, որ ստիպում է ամուսնուն վերանայել սեփական մոտեցումները…

Ինչը կստիպի՞ Սլավկոյին խելքի գալ ու համակերպվել կնոջ հիվանդության հետ: Կկատարի՞ արյդոք այն ժամանակ մերժած կնոջ խոստումը…

imena-visnje-003 imena-visnje-004

imena-visnje-001


Ինչպես արդեն նշեցի, ֆիլմը նկարահանված է խիստ կենցաղային ոճի մեջ, ինչը ինձ գերեց առաջին վայրկյաններից: Կինոարտահայտչական լուծումներով այն մոտեցված է դոկյու-ֆիքշն ժանրին, ստեղծելով պատրանք, թե մենք դիտում վավերագրական արարում, ինչը՝ հետպատերազմական պատմությունների դեպքում անհրաժեշտ է: Ընդգծվում է իրադարձությունների՝ կյանքից վերցված հավաքական քրոնիկոն լինելը: Ու անգամ եթե դուք լարված գործողություններով հագեցած ֆիլմերի սիրահար եք,  տարեց զույգի մեկ տարվա կյանքին հետևելը Ձեզ կձանձրացնի, մի զլացե՛ք հուլիսի 14-ին, ժամը 10:00-ին և հուլիսի 15-ին, ժամը 17:00-ին շտապեք Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ դիտելու այն:

imena-visnje-005 Ֆիլմն այս զուրկ բլոկբաստեր դառնալու ամբիցիաներից՝ կստիպի Ձեզ պարզապես վերանայել կյանքի հանդեպ ունեցած պատկերացումները, ու ևս մեկ անգամ համոզվել, որ պատերազմը միայն մեռածների համար է, ու մինչ այդ պտի ապրել ու մի բան անել, ինչին հավատում է ֆիլմի հերոս Սլավկոն: Դե՛ ինչ, ամրագրեք տոմսերը, բան չմնա՛ց:

Ռեժիսոր Բրանկո Շմիդտի խոսքերով, ֆիլմն առաջին հերթին՝ սիրո պատմություն է, ինչպես նաև՝ Յուգոսլավիայի անկմանը հաջորդած ողբերգական իրադարձությունների վերաիմաստավորում, որը բալկանյան ֆիլմերի գլխավոր թեմաներից մեկն է վերջին քսան տարիների ընթացքում: Այս ֆիլմը սովորեցնում է առաջին հերթին գնահատել այն, ինչ ունենք, չնեղանալ ու չնեղացնել հարազատիդ ամեն մանրուքի համար:

Հ.Գ. Բալկանյան պատերազմը կարելի է ինչ-որ տեղ համեմատել Ղարաբաղյանի հետ: Պատճառները տարբեր էին, միգուցե, սակայն երկուսն էլ մի թելով են կապված՝ խեղված մարդկային ճակատագրեր, անտուն մնացած, պանդխտության բռնված, խաղաղության որոնումների մեջ մոլորված…

imena-visnje-006

Բալերի անունները

Պրոդյուսեր՝          Գորան Ռադման

Ռեժիսոր՝    Բրանկո Շմիդտ

Սցենարի հեղինակ՝  Յոսիպ Մլակիչ

Օպերատոր՝          Դրագան Ռուլիանչիչ

Նկարիչ՝  Իվանա Շկրաբալո

Երաժշտությունը` Զվոնիմիր Պոլյակ

Հնչյունը`  Օգնյեն Պոպիչ

Մոնտաժը`  Վեսնա Լաժետա, Հրվոյե Մրշիչ

Նկարահանվել են`       Նադա Ջուրևսկա, Իվո Գրեգորևիչ, Գորան Բոգդան



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով