+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 25 Դեկտեմբեր 2024

Արշակ Չոպանյան

Բաժին: ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Arshak-Tchopanyan-001

Արշակ Չոպանյան

Արշակ Չոպանյանը ծնվել է 1872թ. Կ.Պոլսում: Սկզբնական կրթությունը ստացել է Պեշիկթաշ թաղամասի Մաքրուհյաց դպրոցում, ապա 1887թ. սովորել է Կ.Պոլսի Կենտրոնական վարժարանում: Վարժարանի ուսանողները ազատ տիրապետում էին հայրերեն աշխարհաբարին և գրաբարին, ֆրանսերենին, ինչը թույլ էր տալիս Չոպանյանին ծանոթանալ հայ հին և նոր գրականությանը և համաշխարհային դասական հեղինակների գործերին: Արդյունքում, Արշակ Չոպանյանը թարգմանություններ է անում ֆրանսիական գրականությունից, որոնք լույս են տեսնում ‹‹Արևելք›› օրաթերթում (խմբագիր՝ Ա.Արփիարյան):

Կենտրոնական վարժարանը ավարտելուց հետո Չոպանյանը դասավանդում է դպրոցներում, միևնույն ժամանակ գրելով արձակ էջեր, ֆրանսիական գրականությանը ծանոթացնող հոդվածներ՝ Ա.Արփիարյանի ‹‹Հայրենիք›› օրաթերթի համար, դառնալով նրա հիմնական աշխատակիցը:

Արշակ Չոպանյանը 1891թ. հեղինակել է նաև ‹‹Արշալույսի ձայներ›› ժողովածուն, որը բաղկացած էր չափածո, արձակ և գրականագիտական ստեղծագործություններից: 1893թ. Արշակ Չոպանյանի ‹‹Մութ խավեր›› դրաման հաջողությամբ բեմադրվում է Պոլսի թաղամասերում:

1893թ. Արշակ Չոպանյանը մեկնում է Փարիզ՝ մեկ տարով, որտեղ ավարտին է հասցնում 1891թ. սկսած բանասիրական իր առաջին երկը՝ ‹‹Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը››:

1895թ. Ա.Չոպանյանը վերադառնում է Կ.Պոլիս, որտեղ հիմնադրում է ‹‹Ծաղիկ›› կիսամսյա հանդեսը, որտեղ տպագրվում են հոդվածներ  Գրիգոր Նարեկացու, Հակոբ Պարոնյանի, Պետրոս Ադամյանի, ինչպես նաև ֆրանսիահայ  գրողների մասին: Շատ կարևոր մի նախաձեռնություն էր, որը ընդհատվեց 1895թ. քաղաքական իրադարձությունների պատճառով: Վերջինս զանգվածային արտագաղթի պատճառ դարձավ և գրական շարժման ականավոր գործիչները սկսեցին արտագաղթել տարբեր եվրոպական երկրներ, շարունակելով այնտեղ իրենց գործունեությունը:

Այսպիսով, 1898թ. Արշակ Չոպանյանը Փարիզում  հիմնադրում է ‹‹Անահիտ›› գրական-գեղարվեստական հանդեսը, որի հետ նա կապում է իր հետագա կյանքը: Փարիզում նոր շունչ է ապրում Չոպանյանի գրականագիտական գործունեությունը՝ ազատված գրաքննությունից:Arshak-Tchopanyan-003

‹‹Անահիտ›› հանդեսը լույս է տեսնում երկու պարբերաշրջաններով՝ 1898-1911թթ. և 1929-1949թթ.: Արշակ Չոպանյանը իր հանդեսում եղել է և՛ խմբագիր, և՛ գրել է յուրաքանչյուր պարբերականի համարում հայ հասարակական, քաղաքական, մշակութային հոդվածներ, ինչպես նաև հանդեսի լրատվական բաժինը: ‹‹Անահիտ›› հանդեսի ծրագիրն էր՝ տպագրել ուսումնասիրություններ հայ ժողովրդի պատմության, գրականության, գեղարվեստի և լեզվի մասին, ուսումնասիրություններ գիտության մասին, վիպակներ, վեպեր, բանաստեղծություններ և արձակներ՝ թե՛ հայերեն և թե՛ օտարալեզու: Լրատվական բաժինը իրենից ներկայացնում էր հայ հասրակական և մտավոր կյանքի անգին մի տարեգրություն, որն ընդգրկում է գրական, գեղարվեստական, քաղաքական իրադարձություններից մինչև կյանքից հեռացած գործիչների մահախոսականներ: Իհարկե, հետագայում այս ծրագիրը համալրվեց և կատարելագործվեց:

Արշակ Չոպանյանը ‹‹Անահիտում›› տպագրել է անտիկ շրջանի և հետագա դարերի դասական գրականության շատ նմուշներ, արվեստի տարբեր ճյուղերին՝ նկարչությանը, քանդակագործությանը, երաժշտությանը, թատրոնին, ճարտարապետությանը նվիրված հոդվածներ: Հանդեսում տեղ են գտել Թորոս Թորոմանյանի արժեքավոր ուսումնասիրությունները հայ հին ճարտարապետության մասին, Գարեգին Հովսեփյանի հոդվածները՝ հայ մանրանկարչության վերաբերյալ: Արշակ Չոպանյանը տպագրել է նաև առանձին հոդվածներ Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդգար Շահինի և արվեստի այլ բնագավառների ներկայացուցիչների մասին: Ի դեպ, Էդգար Շահինը ‹‹Անահիտ›› հանդեսի առաջին ճակատազարդի հեղինակն է՝ հին հայկական մանրանկարչական ոճով, իսկ երկրորդինը՝ Մելքոն Քեպապճյանն էր:

Arshak-Tchopanyan-002Սա հսկայական աշխատանք էր, որը կարող էր անել միայն շնորհալի,  բարձր կրթվածությամբ և աշխատասեր մարդը, որը անսահման հայրենասեր էր և իր հայրենիքի մշակույթն էր տարածում ամբողջ աշխարհով, այդպիսով կռվելով թշնամու դեմ, թույլ չտալով նրան ոչնչացնել իր ազգը: ‹‹Անահիտ›› հանդեսը ծառայում էր ընթերցողների մտավոր մակարդակի բարձրացմանը, նրանց հաղորդակից էր դարձնում համաշխարհային գեղարվեստական մտքին:

Արշակ Չոպանյանի ստեղծած գրականության ցանկում մեծ տեղ են գրավում հայրենիքին նվիրված ստեղծագործությունները, որոնք հատկապես նոր թափով են գրվել Փարիզում ապրելու տարիներին: Չոպանյանը ունեցել է գրական կեղծանուններ՝ Թիթեռնիկ, Դարվիշ, Ֆանտազյոր: Նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել արևմտահայ գեղարվեստական գրականության և քննադատական մտքի վրա:

Աղբյուր՝ http://hpj.asj-oa.am/1865/1/1972-3(129).pdf


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով