Հայաստանում ֆոտո լրագրությունը հիմնվել է 1920-ական թվականներին, որի կայացման ակունքներում կանգնած է Նեմրութ Բաղդասարյանը: Նա առաջիններից էր, ով հայկական լրագրերում զետեղեց լուսանկարներ: Մինչ այդ լրագրերում տեղադրվում էին ձեռքով արված նկարներ, որոնք սակայն չէին կարող ընթերցողի վրա ունենալ այն ներգործությունը, որը կարող էր ունենալ լուսանկարը:
Նեմրութ Բաղդասարյանը մեծ ներդրում ունի Հայաստանում թե՛ ֆոտոլրագրության և թե՛ լուսանկարչության կայացման և զարգացման գործում:
Նեմրութ Բաղդասարյանն առաջին անգամ լուսանկարչությանը ծանոթացել է 1920-ական, երբ փողոցում պատահաբար տեսել է մի մարդու լուսանկարելիս: Այդ շրջանում լուսանկարչությունը դեռ նոր էր մուտք գործում Հայաստան և լուսանկաչական ապարատն, ինչ խոսք, նորություն էր: Երիտասարդ Նեմրութի մոտ հետաքրքրություն է առաջանում լուսանկարչության հանդեպ, և նա շուտով սկսում է լրջորեն զբաղվել դրանով: Նա իր առաջին լուսանկարները նկարում է ներկայիս Շահումյանի արձանի տեղում գտնվող, ռուսական եկեղեցու մոտ: Այդ շրջանում ի հայտ էին եկել փողացային լուսանկարիչներ և Նեմրութը նրանցից մեկն էր[1]:
Ինչպես նշեցինք, Նեմրութ Բաղդասարյանը համարվում է Հայաստանի ֆոտոլրագրության հիմնադիրներից մեկը (նաև միակ լուսանկարիչը, ում շնորհվել է արվեստի վաստակավոր գործչի կոչումը): Նրա գործը շարունակում են իր որդիները՝ Հերբերտ, Գագիկ եւ Մելիք Բաղդասարյանները, ու թոռները` Հայկ և Վահրամ Բաղդասարյանները[2]:
Նեմրութն իր կյանքի ընթացքում օգտագործել է GOMZ, Фохтландер, Linhof, Nikon, Mamiya, ֆոտոապարատներ: Նա այն լուսանկարիչներից է, ովքեր լուսանկարելուց հետո աշխատում են լուսանկարի վրա: Այսինքն՝ լուսանկարի քիմիական մշակման ժամանակ տալիս են համապատասխան կարգավորումները: Եթե ներկայումս այդ աշխատանքը շատ դյուրին է ֆոտոշոփի կամ այլ ծրագրերի շնորհիվ, որը մի քանի րոպեների ընթացքում կտրում կամ լուսավորում է լուսանկարը, ապա Նեմրութ Բաղդասայանի ապրած ժամանակաշրջանում լուսանկարչից մեծ հմտություն և ջանքեր էին պահանջվում: Այդպիսի մի օրինակ է Ստալինի արձանի բացման լուսանկարը (նկ.1):
Վերոհիշյալ արձանի բացումը տեղի է ունեցել 1950թ. դեկտեմբերի 21-ին: Հաղթանակի այգում դեկտեմբեր ամսին սովորաբար մշուշ է լինում և բնականաբար այդ բարձրության արձանը լուսանկարել առանց որևէ միջամտության հնարավոր չէր: Ինչպես նշում է նրա որդին՝ Նեմրութը դեռ նոյեմբեր ամսից շատ էր լուսանկարել արձանը (արձանը տեղադրված է եղել շատ ավելի վաղ քան պաշտոնական բացումը),և բացման օրվա լուսանկարի հետ համադրելով ավելի վաղ արված լուսանկարը ստանում է վերջնական արդյունքը:
Քիմիական մշակման ժամանակ նա ձեռքի օգնությամբ փակելով լույսի աղբյուրը կարողացել է լուսանկարներին տալ իրեն ցանկալի էֆեկտները: Սա բավականին բարդ պրոցես է, որը խոսում է լուսանկարչի հմտության մասին: Երբեմն իր լուսանկարները վերջնական տեսքի բերելու ընթացքում, կիրառել է նաև չափերի փոփոխում՝ լուսանկարը չափագրելով, ապա՝ կտրելով (նկ.1,1):
1920-ական թվականներին, լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանը սկսելէ լուսանկարել Երևանը պատկերող իր առաջին լուսանկարները, որոնց շնորհիվ մեզ է փոխանցվել այն ժամանակների ոգին: Այդ լուսանկարներում պատկերված են ճարտարապետական կառույցներ՝ իրենց ողջ հմայքով: Հաշվի առնելով, որ միշտ ունեցել է սահմանափակ թվով կադրեր՝ տպավորիչ է, թե ինչպիսի համբերություն և վարպետություն է դրսևորել լուսանկարիչը : Ամեն մի կառույց դիտվում է որպես ճարտարապետական մտքի թռիչք և ներկայացվում է իր ամբողջության մեջ՝ ներառելով լանդշաֆտը:
Բաղդասարյանի լուսանկարների մի շարք տեղին է անվանել «Արարման պահին»: Այս լուսանկարներում պատկերված է կառույցների, քանդակների և նույնիսկ մտքերի ստեղծման պահը: Երեք ճատարապետների լուսանկարը(նկ.2) արված է Երևանյան ինչ-որ նախագծի քննարկման ժամանակ: Լուսանկարում հստակ երևում է իրերի ներդաշնակ դասավորութունը: Նեմրութը միշտ աշխատել է ստեղծել համապատասխան միջավայր, իմաստալից ֆոն: Նույնիսկ աթոռի դիրքն է օգնում ընդհանուր կոմպոզիցիայի ճիշտ ընկալմանը:
Այս շարքից հետաքրքրական է Գառնու տաճարի վերականգնման լուսանկարները՝ ընդամենը մի քանի լուսանկար նայելով ծանոթանում ես աշխատանքի ողջ գործընթացին (նկ.3,4,5): Հետաքրքիր է նաև մեկ այլ լուսանկար, որին պայմանականորեն անվանենք «Էրեբունու առաջին ջուրը» (նկ.6): Այստեղ ետնախորքում երևում է Էրեբունու հայտնի թանգարանը, որը մատնանշում է լուսաբանվող իրադարձության վայրը: Կենտրոնում երկար խողովակից դուրս ցայտող ջուրն է ՝ իրադարձության առիթը: Եվ վերջապես ցայտող ջուրը շրջապատող մարդիկ և նրանց ուրախությունը:
Մեր ընդգրկած լուսանկարները նշանակալից են նաև պատմական-փաստագրական տեսանկյունից: Լուսանկարներից մեկը ներկայացնում է Զվարթնոց օդանավակայանի կառուցումը (նկ.7), ներկայումս օդանավակայանը կանգնած է քանդվելու վտանգի առջև ,և գուցե հետագայում հենց այս լուսանկարի միջոցով գալիք սերունդները ծանոթանան այս գեղեցիկ և յուրահատուկ ճարտարապետական մոդելին: Հետաքրքիր է նաև բանվորներին պատկերող լուսանկարը (նկ.8), որտեղ շինհրապարակի իրար հաջորդող սիմետրիկ երկաթե դետալները գեղեցիկ ֆոն են կազմում երկու բանվորների համար:
Հաջորդ շարքը հավանաբար Նեմրութի արած լուսանկարներից ամենահետաքրքիրն է: Եթե նախորդ լուսանկարներում նա փորձում էր դիտողին ֆիքսել տվյալ պահը, ապա այս լուսանկարներում նա ստիպում է դիտողին խորհել: Այս շարքի լուսանկարները բնութագրվում են խոհափիլիսոփայական տրամադրություններով: Օրինակ՝ ճաքած հողի վրա զույգ ձեռքեր և մայր հողի արգասիքը՝ խաղողի տեսքով (նկ.13): Վերջինս Վահան Քոչարն անվանում է «Վաստակ»: Նույնպիսի հորինվածք ունեն նաև հաջորդ երեք լուսանկարները (նկ.14,15,16):
Նեմրութ Բաղդասարյանը լուսանկարել է նաև հայտնի մարդկանց՝ Մարտիրոս Սարյանին (նկ.17), Վիկտոր Համբարձումյանին (նկ.18), Արա Սարգսյանին, Արա Հարությունյանին և այլոց: Նա մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ժամանակի մտավորականության հետ:
Պատմական իրադարձությունները ֆիքսելու մեծ վարպետ է Նեմրութը: Նա լուսանկարել է Ինդիրա Գանդիին՝ Հայաստան այցելության ժամանակ(նկ.19): Ինչպես նաև Վեհափառ Վազգեն Առաջինի և ԽՍՀՄ մշակույթի նախարարի հանդիպումը (նկ.20):
Ուշագրավ են նաև տարբեր ներկայացումների ժամանակ արված լուսանկարները (նկ.21), որոնք համեմված են դինամիկայով և նուրբ ռիթմով: Կարծես լուսանկարիչը փորձել է որսալ կատարյալ կադրը: Ինչ զգոն և հմուտ պետք է լինի լուսանկարիչը, որպեսզի ունենալով ընդամենը մի քանի լուսանկար անելու հնարավորություն, կարողանա ֆիքսել շարժման ամենաարտահայտիչ պահը:
Այսպիսով ՝պետք է փաստել , որ Նեմրութ Բաղդասարյանի լուսանկարները իրենց ուրույն տեղն ունեն հայ լուսանկարչության պատմության մեջ, որպես մնայուն արժեքներ: Միանշանակ մեծ է նրա վաստակը հայ լուսանկարչության զարգացման գործում:
1925-1929թթ. Նա աշխատել է Արհմիությունների տանը, որպես լուսանկարիչ: 1925թ. Երևանի պիոներների կենտրոնական տանը եղել է լուսանկարչական խմբակի ղեկավար, ապա «Պիոներ կանչ» թերթի ֆոտոթղթակից:
1941թ. աշխատել է «Կոմունիստ» թերթում , որպես ֆոտոթղթակից:
1958թ. «ՍովետականՀայաստան» ամսագրի լուսանկարիչ:
1959թ. դարձել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ:
1960թ. Մինչև իր կյանքի վերջը ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության ֆոտոթղթակից:
1967թ. արժանացել է Հայկական ՍՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ կոչմանը:
1975 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով :
[1]Սույն կենսագրական տվյալները ևս հաղորդել է Մելիք Բաղդասարյանը, մեզ հետ ունեցած հարցազրույցի ժամանակ:
Թողնել մեկնաբանություն