+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Սինտրոնը Աքորիի Բգավոր եկեղեցում


Աքորիի Բգավոր  եկեղեցին, որն այսօր կիսավեր է, գտնվում է Թումանյանի շրջանի համանուն գյուղում: Եկեղեցին չունի վիմական արձանագրու­թյուն­ներ: Նրա վերաբերյալ հայտնի չեն պատմական տեղեկություններ և հի­շա­տա­կություններ: Բգավորի եկեղեցին սերտ կապի մեջ է նույն տարածաշրջանում գտնվող Քո­բայրի, Ախթալայի հուշարձանների հետ և թվագրվում է 13-րդ դարի սկզբով: Եկե­ղեցին կառուցվել է Զաքարյանների շրջանում:

Ժոզեֆ Թիերին, հենվելով եկեղեցական կառույցի և նույն ժամանակի վրացական հու­շար­ձանների գեղարվեստական հարդարանքի նմանության վրա, Բգավորի եկե­ղե­ցում տեսնում է վրացական ճարտարապետության ազդեցություն: Մինչդեռ Զա­քար­յանների շրջանում հայ-վրացական ճարտարապետական ընդհանրությունները, ինչ­պես իրավացիորեն նշվել է հայագիտական գրականության մեջ, պայմանավորված են եղել հայ-վրացական մշակութային համագործակցությամբ և կրոնական դա­վա­նան­քի (քաղկեդոնականության) ընդհանրությամբ:

Աքորիի Բգավոր եկեղեցու հատակագիծը

Աքորիի Բգավոր եկեղեցու հատակագիծը

Աքորիի Բգավորն իր հորինվածքով պատկանում է եռանավ թաղածածկ դահ­լիճ տիպին, որտեղ աղոթասրահն ունենալով քառակուսի համաչափություններ, երկ­թռիչք զույգ կամարաշարերով բաժանված է երեք նավերի, որոնցից միջինն ավելի քան երկու անգամ լայն է եզրայիններից: Կենտրոնական նավն արևելյան կողմում ավար­տվում է կիսաշրջանաձև խորանով: Այն բեմից զգալիորեն հետ է ընկած և պսակ­ված է գմբեթարդով: Խորանի երկու կողմերում գտնվում են կրկնահարկ ավան­դա­տները, որոնք կապվում են աղոթասրահի հետ:

Աքորիի Բգավոր եկեղեցու ներտարածքը, խորանի հատվածը

Աքորիի Բգավոր եկեղեցու ներտարածքը, խորանի հատվածը

Խորանում պատի երկայնքով ձգվում է սինտրոնը (աստիճան` նախատեսված հոգևորական դասի համար), որը երկաստիճան է և կառուց­ված է քարից: Աքորիի Բգավոր եկեղեցու սինտրոնն համեմատաբար նեղ է, որը ֆունկ­ցիոնալ առումով նպատակահարմար չէ և հնարավոր է, որ այն հանդես չի եկել որպես իրական նստատեղ: Կարծում ենք այստեղ գործ ունենք կեղծ սինտրոնի հետ: Քաղկեդոնական եկեղեցիների համար, հատկապես 13-րդ դ., դա տարօրինակ չէ: Սին­տրոնը կարևոր սիմվոլիկ հատված է, բայց ֆունկցիոնալ այն արդեն կարող է և չկի­րառվել: Դա հատուկ է բյուզանդական եկեղեցիներին, որտեղ սինտրոնն աս­տի­ճա­նա­բար վերածվում է սիմվոլիկ տարրի, բայց և այնպես վերջինիս ներկայությունն ունի հս­տակ խորհուրդ: Նույնը և վերաբերում է հայկականին:

Աքորիի Բգավոր եկեղեցու խորանում տեսնում ենք մեկ այլ կարևոր լուծում: Այստեղ արևելյան պատին` սինտրոնի կենտրոնում, կա խորշ: Վերջինիս մեջ կարող էր դրվել եպիսկոպոսական գահը: Հայկական մյուս եկեղեցիները (ոչ քաղկեդոնական) չունեն նման խորշ:

Աքորիի Բգավոր եկեղեցին առանձնանում է 13-րդ դարի հայկական ճարտարապետական հուշարձանների մեջ և արժանի է ավելի մանրամասն ուսումնասիրության:

Նյութի աղբյուր

 

Շախկյան Գ., Լոռի, պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986, էջ 57-59

Тьерри Ж. М., Церковь «Бгавор» в Акори //4-ый международный симпозиум по грузинскому искусству. Т., 1983



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով