–Ուսանողներին, երբեմն նաեւ ընթերցողներին այնքան էլ պարզ չէ, թե թարգմանվող գրականության ուսումնասիրությունը ինչ դեր կարող է ունենալ թարգմանության գործընթացի վրա: Արդյո՞ք կան գեղարվեստական գրքեր, որոնք թարգմանելիս կարելի է հանգիստ խղճով չուսումնասիրել հեղինակին եւ բուն տեքստը: Զրուցում ենք թարգմանիչ Արամ Արսենյանի հետ:
– Բնական է, որ ցանկացած հեղինակի ստեղծագործությունը թարգմանելիս, կավելացնեի՝ նաև ընթերցելիս, անհրաժեշտ է ծանոթանալ դրա ստեղծման պատմությանը, նկարագրվող կամ ակնարկվող ժամանակաշրջանի հիմնական առանձնահատկություններին, ինչպես նաև հեղինակի ապրած տարիների սոցիալ-քաղաքական կյանքի ընթացքին, առկա գրական ուղղություններին, գրողի համառոտ կենսագրությանն ու նրա մյուս ստեղծագործություններին: Թարգմանչի համար պարտադիր է նաև մանրամասն ուսումնասիրել թարգմանվելիք գրքում ներառված թեմային կամ թեմաներին առնչվող այլ գեղարվեստական, փաստագրական ու պատմական գրքերը, գրաքննադատական, տեսական ու ճանաչողական գրականությունը, ծանոթանալ տվյալ գրվածքից առաջ և հետո հեղինակի հրատարակած մյուս գործերին, դրանց ոճական, բառապաշարային ու քերականական դրսևորումներին, պատկերային համակարգին և այլն: Այդ ամենը, ինչպես նաև տեքստի մանրամասն վերլուծությունը կնպաստեն առաջադրված խնդիրը հաջողությամբ լուծելուն:
– Վերջերս դուք թարգմանել եք Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» վեպը, որը Հնդկաստանի հին ու մոգական մշակույթների մի ամբողջ փունջ է բացում հայ ընթերցողի առջեւ: Ի՞նչից սկսեցիք վեպի ուսումնասիրությունը եւ որքան տեւեց այն: Ընդհանրապես, ինչպե՞ս կնկարագրեք այդպիսի ծավալուն ու բազմաշերտ վեպի հետազոտական շրջանը:
– Նշված գիրքն ինչ-որ առումով նաև հանրագիտարանային նշանակություն ունի և ներառում է կյանքի գրեթե բոլոր ոլորտների հետ սերտորեն կապված խնդիրներ, անձնական վերաբերմունք ու մոտեցումներ՝ սկսած կրոնից ու փիլիսոփայությունից մինչև գաղափարախոսություն, քաղաքականություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, պատմություն, արվեստ, գրականություն, բժշկություն, ազգային ավանդույթներ ու խոհանոց, առօրյա սովորույթներ և այլն, և այլն: Վեպին մասնագիտական առումով ծանոթանալու ընթացքում զգացի, որ այն որոշակիորեն գրողի աշխարհընկալման ու հավատամքի ամբողջական շտեմարանն է և հետագա բացահայտում ու զարգացում է ունեցել հեղինակի մյուս բոլոր գործերում: Այն, կարծես, այդ ստեղծագործությունների նախահիմքն է, որի մեջ բազմամշակույթ, բազմագիտակ և բազմահմուտ գրողը նախագծել է այն հիմնական թեմաները, որոնց մտադիր է եղել համակողմանիորեն և հանգամանորեն անդրադառնալ իրար հաջորդող գեղարվեստական գրքերում: Եվ պարզվեց, որ ավելի խելամիտ էր հետազոտական աշխատանքն իրականացնել թարգմանության ընթացքում, երկարատև դադարներ առնելով, նաև բազմաթիվ ծանոթագրություններ հավելելով: Այդ պատճառով էլ գրքի թարգմանությունը տևեց գրեթե մեկ տարի:
– Որպես ընթերցող, երբեւէ ունեցե՞լ եք զգացողություն, որ թարգմանիչը ծանոթ չէ վեպին կամ հեղինակին: Արդյո՞ք դա մասնագիտական հմտություն է՝ տեսնելը, թե որքան ամուր է թարգմանչի ու վեպի կապը:
– Որպես ընթերցող տարբեր զգացողություններ եմ ունենում, բայց անհնար է, որ թարգմանիչը ծանոթ չլինի իր իսկ թարգմանած վեպին կամ դրա հեղինակին: Այլ բան է, թե թարգմանչին հաջողվե՞լ է ըստ ամենայնի փոխանցելու հեղինակի հիմնական գաղափարն ու մտադրությունները, բառային աշխատանքը, տրամադրությունն ու ոճը, իսկ թարգմանչի ու վեպի կապը ժամանակավոր է, որովհետև թարգմանությունն ավարտելուց հետո երբեմն նույնիսկ ցանկություն չի լինում վերընթերցել այն, քանի որ միտքդ ու հոգիդ արդեն զբաղված են այլ ստեղծագործությամբ ու հեղինակով:
– Եթե նկատի ունենանք այնպիսի հատուկ իրադրություն, երբ վատ թարգմանությունը արդյունք է վատ աշխատանքի եւ ոչ թե թարգմանչի ապիկարության, արդյո՞ք ջանադիր ուսումնասիրությունը կարող է երաշխավորել թարգմանական բարձր որակ:
– Անկեղծ ասած, հարցի իմաստը դժվար եմ ընկալում: Վատ աշխատանքը կապ չունի գրական-ստեղծագործական գործունեության հետ, ապիկարն էլ ոչ մի դեպքում թարգմանությամբ պետք է չզբաղվի, իսկ միայն ջանադիր ուսումնասիրությունը երբեք չի կարող բարձրորակ թարգմանություն երաշխավորել, այլապես բոլոր գրականագետներն ու լեզվաբանները լավագույն թարգմանիչները կլինեին:
– Կկիսվե՞ք ձեր փորձով, պատահե՞լ է, որ հենց թարգմանական նյութի հետազոտության ընթացքում պարզեք, որ այդքան էլ չեք ուզում թարգմանել այն: Այսպիսի օրինակով կարո՞ղ ենք գնահատել թարգմանությունից առաջ թարգմանության նյութի շուրջ տարվող հետազոտական աշխատանքի կարեւորությունը:
– Ինչպես գիտեք, գիրքը թարգմանելու և հրատարակելու երկու ուղի կա. կա՛մ հրատարակիչն էընտրում և պատվիրում, կա՛մ էլ թարգմանիչն ինքն է նախաձեռնում: Եվ նույնիսկ առաջին դեպքում թարգմանիչը միանգամից չի համաձայնվում ձեռնամուխ լինել թարգմանությանը, ինչպես Դուք եք ասում, սկզբում հետազոտական աշխատանք է տանում: Իսկ երկրորդ դեպքում թարգմանիչը, բնականաբար, ընտրությունը կատարում է հենց այդ սկզբունքով: Ուստի, ուսումնասիրության ընթացքում էլ անմիջականորեն որոշվում է՝ թարգմանե՞լ տվյալ ստեղծագործությունը, թե՞ ոչ:
Զրուցեց Կարին Գրիգորյանը
Լուսանկարը՝ «Զանգակ»
Թողնել մեկնաբանություն