+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

ԶԱՆԳԱԿ գրատուն. նոր նախագիծ, արվեստային նոր շունչ


Հեղինակ՝  Անուշ Տեր-Խաչատրյան

«Զանգակ» գրատուն


Ինչի՞ց են ստեղծվում անժամանակյա մշակութային արժեքները:

Իհարկե, կրքից:

Կիրքն է հոսում Ջիմի Հենդրիքսի կիթառի միջով, ամեն անգամ երբ լսում ենք, կիրքն է կառուցել Դեյվիդ Ուորկ Գրիֆիթի Բաբելոնի կրկնօրինակը ֆիլմի նկարահանման համար ու նույն կիրքն էլ քանդել է այն: Էզրա Փաունդի ձայնով կիրքն է հնչեցրել նրա կանտոները (իտալերեն՝ երգ, տաղ) ու կիրքն է կառուցել Երևանի ամենամոդեռն ու նորարական կառույցներից մեկը՝ Շինարարների ակումբը:

Շենքը կառուցվել է 1929 թվականին երեք ըմբոստ երիտասարդների՝ Միքայել Մազմանյանի, Կարո Հալաբյանի և Գևորգ Քոչարի կողմից: Նախագիծը դեմ էր ճարտարապետության ակադեմիական ոճին, ինչն էլ պատճառ դարձավ սուր քննադատության:


Շենքը կառուցվում էր հեղինակների անձնական միջոցներով. յուրաքանչյուր ամիս իրենց աշխատավարձի մի մասը նրանք հատկացնում էին նախագծի իրագործմանը:

​Կառույցն ի վերջո ստացավ մարմին ու հոգի և սկսեց ապրել՝ դառնալով առաջին կոնստրուկտիվիստական կառույցներից մեկը՝ իր հարթ տանիքով ու ժապավենաձև պատուհաններով:

Շենքի առաջին մասնաշենքում անցկացվում էին տարբեր ցուցահանդեսներ ու պարապմունքներ, իսկ երկրորդում գործում էր ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեն: Հետագայում այդտեղ սկսեց գործել ռուսական դրամատիկական թատրոնը, որը 1938 թվականից կոչվեց Ստանիսլավսկու անունով, որը և գործում է մինչ օրս: Մշակութային արժեք ներկայացնող այդ կառույցը, սակայն, այսօր չի գործում իր ամբողջ ներուժով և որպես այդպիսին հաճախ անտեսվում է:

Ո՞ր պահից սկսած են այդքան կենդանի կառույցները վերածվում «ուրվականների», վերջույթների պես ճոճվում քաղաքի կենտրոնում, երբ մի ժամանակ իրենք էին ողնաշարը:

«Օ՜հ, կորած ու քամուց եղերգվա՛ծ ուրվական, վերադարձի՛ր»: (Թոմաս Վուլֆ)

Բայց կրքով լի ոգիները դեռ չեն կորել ու ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս քաղաքի որևէ անկյունից:

Դրանցից մեկը «Զանգակ» գրատունն է՝ իր թիմով: Մենք որոշել ենք շարունակել մեր «Օ՜հ, կապիտա՛ն, Մեր կապիտա՛ն»-ների գործն ու մեզ վրա վերցնել Շինարարների ակումբի շենքին թարմ շունչ հաղորդելու պատասխանատվությունը:


Կոնստրուկտիվիզմ բառի ծագումնաբանությունն ուսումնասիրելիս կհասկանանք, որ այն հաստատում է նոր գաղափարների կառուցումը արդեն գոյություն ունեցող գիտելիքի հիման վրա:

Կոնստրուկտիվիզմի գաղափարին հետևելով՝ «Զանգակ» գրատունը շուտով կօգտագործի Շինարարների ակումբի շենքի մի մասը որպես գրատուն՝ բերելով իր հետ նոր ոճ, նոր գույներ, նոր գաղափարներ ու մթնոլորտ և, իհարկե, շատ ու շատ գրքեր:

Գրատունը կլինի արվեստով լի տարածք, որտեղ կլինեն ոչ միայն բազմաթիվ գրքեր, այլև կկազմակերպվեն մշակութային ու գրական միջոցառումներ, թեմատիկ երեկոներ, գրքի շնորհանդեսներ, սեմինարներ և այլն: Այժմ տարվում են տարածքի վերանորոգման աշխատանքներ՝ պահպանելով կառույցի ամուր սյուները և´ ուղիղ, և´ փոխաբերական իմաստով, նաև ավելացնելով կյանքի նոր շերտեր:

Գրատունը կունենա հարմարավետ տարածք՝ աշխատելու համար, և փոքրիկ թեյարան՝ նոր լիցքեր ստանալու համար:

Բացումը կլինի շատ շուտով, ու եթե դուք էլ պատկանում եք կրքով ու կյանքով լեցուն ընթերցասեր հասարակությանը կամ ցանկություն ունեք դառնալու այդպիսին ու գտնել լավ, սպասված ու չկրկնվող գրքեր, ապա հետևե՛ք մեր նորություններին, որ այցելեք մեզ բացման առաջին իսկ օրից:

 

Հեղինակ՝  Անուշ Տեր-Խաչատրյան

«Զանգակ» գրատուն


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով