+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Աստվածաշունչն ըստ Առոնովսկու


Աստվածաշնչյան թեմաներին, թե՛ հստակ կադրում սյուժե ստանալը, թե՛ ամբողջ ֆիլմը պատմությունով սիմվոլիկ կերպով մեկնաբանելը շատ ռեժիսորների է հաջողվել: Դարրեն Առոնովսկու վերջին՝ «Մայրիկ» ֆիլմը աստվածաշնչյան հերոսներին, և պատմություններին կապող շղթա է, բարդ ֆիլմ իր սյուժետային ընթացակարգով և հասկացվելու կարողությամբ: Ֆիլմում հերոսներն անուն չունեն: Ամբողջ ընթացքում գլխավոր հերոսը, որը գրող էր, փորձում է վերագտնել իրեն և նոր գիրք գրել, ի վերջո դա նրան հաջողվում է. Հերոսին կարելի է դիտարկել, որպես հայր Աստծո ալեգորիա, իսկ գրքին «Նոր կտակարանի»: Կինը՝ որի աչքերով է կարելի է ասել ֆիլմն ընթանում, մարմնավորում է մայր բնությունը, Մարիամ Աստվածածնին: Պատմությանը ծանոթանալիս տեղեկանում ենք, որ հրդեհից հետո կինը, ամբողջ տունն իր ձեռքերով վերակառուցել է, և այդպես ամուսնու համար ոգեշնչման աղբյուր հանդիսացել: Ֆիլմի սկզբում նրանց հյուր է գալիս անծանոթ մարդ, որի կողոսկրը ինչպես պարզվում է հեռացրել են և նա շուտով մահանալու է: Հյուրին դիտարկենք, որպես Ադամի ալեգորիա, քանի որ Աստված վերցրեց նրա կողոսկրերից մեկը, տեղում միս լցրեց և այդ կողից ստեղծեց Եվային Ադամի համար:


Հաջորդ առավոտյան նրանց հյուրընկալում է հյուրի կինը՝ Եվան: Նրանք երկուսն էլ գրողի մեծ երկրպագուներն են, և ցանկանում են, որպեսզի ամուսինը իր կյանքի վերջին օրերն անցկացնի իր հետ: Սա սիմվոլիկ կերպով կարելի է մեկնաբանել, Ադամի և Եվայի մեղքերի թողություն, իսկ բուն մեղքը լինում է հաջորդ հատվածներից մեկում, երբ գրողի աշխատասենյակում դրված իրերի մեջ ամենաարժեքավորը կոտրում են հյուրերը, իսկ մինչ դա նրանց նախազգուշացրել էին, որպեսզի առանց գրողի չմտնել այդ սենյակ, սա ընկալենք որպես Ադամի և Եվայի գայթակղություն, թանկարժեք իրն էլ արգելված պտուղ(խնձոր):

Ֆիլմի ընթացքում, իրենց մահամերձ հոր մոտ են գալիս երկու որդիները, նրանց վարքագծց երևում է, որ հաշտ չեն ապրել և թշնամանք են տածում միմյանց նկատմամբ, ու եղբայրներից մեկը մյուսին սպանում է սկսված ծեծկռտուքի ժամանակ, այս եղբայրներն էլ Կայենի և Աբելի ալեգորիաներն են՝ Ադամի և Եվայի որդիների: Երբ, որ նոր գրքի ստեղծումից հետո բնակարանում սկսվում է քաոս, մարդկային հոծ բազմության առաջ գալուց հետո, ծորակը չի դիմանում մարդկանց հենվելուն և պայթում է, ինչը մեծ ջրհեղեղն է հիշեցնում:

Երբ որ Մարիան դժվարությամբ, բայց ունենում է երեխային, ամուսինն ասում է, որ շատ նվերներ ունեն մարդիկ երեխայի համար և օպերատորն այդ պահին դիտողին է ցույց տալիս զամբյուղում լցված խաղող, ինչից էլ կարելի է եզրակացնել, որ երեխան Քրիստոսն է, որին երկրպագելու էին եկել բազմաթիվ մարդիկ՝ մոգերի ալեգորիաները, իսկ գրողը՝ հայրը, երեխային տանում է ամբոխի մոտ, որին ուտում են հավաքվածները, զոհաբերության ալեգորիան է ի հայտ գալիս, սիմվոլիկ կերպով խաչված Քրիստոսին արդեն մանուկ վիճակում մահացած ներկայացնելիս:


Ֆիլմի վերջում Մարիամը տունը  կրակի է տալիս, բոլորը մահանում են, ինքը շատ այրվածքներ ստացած, հաջորդ կադրում, ամուսնու գրկում է, և վերջինս ասում է, որ ես պետք է շարունակեմ արարել, այսինքն արդեն անուղղակի կերպով հասկացվում է նրա արարիչ, այլ ոչ հենց գրող լինելը. Ու նրա ներսից հանում է սիրտը, և ամեն ինչ սկսվում է նորից, բայց դերասանուհին արդեն փոխված: Եթե ֆիլմը դիտարկենք, մարդը, որպես բնության սպառնալիք, գրողը ֆիլմի վերջում հերոսուհուն տուն է անվանում, ինչը ամբողջ երկրագնդին  կարող է մարմնավորել, մարդիկ որոնք ներս են թափանցել նրա տարածք, դանդաղ, բայց ոչնչացնում են նրա ներքինը,  սակայն լավ խորհողը կհասկանա, որ մոխրից էլ կարելի է ստեղծել նոր ծնված աշխարհ, միայն գիտակցելով, որ այն առաջվա տեսքը չի ունենա, դա էլ բացատրում է վերջին կադրում դերասանուհու փոխված լինելը:

     Ֆիլմի վերնագիրը Mother! կարող ենք դիտարկել և որպես սարսափելի պահերին մեզանից հաճախ լսվող ճիչ, և իհարկե որպես, մոր խորհրդանիշ՝ ծնող, տան օջախի պահապան, մուսա, կին, բնություն:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով