+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

ԴԱՆՔԸՐՔ | Փրկությունը որպես կյանքի իմաստ…


Էսթեթիկ գլուխգործոց… պատերազմական ֆիլմ գրելու ու էկրանավորելու ինքնատիպ  վարպետաց դաս. այսպես կարելի է բնութագրել խոշորածավալ բլոքբաստերների աշխարհում իր հեղինակային էգոն չկորցրած բրիտանացի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Դանքըրք» (իրական դեպքերի վրա հիմնված իր առաջին ֆիլմը) կինոէպոսը: Սկզբունքորեն հրաժարվելով պատերազմական ֆիլմին բնորոշ կլիշներից, բծախնդիր Նոլանին վարպետորեն հաջողվել է վերարտադրել ու հանդիսատեսին փոխանցել  պատերազմ կոչվող երևույթի ողջ նողկությունը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ 1 ժամ 40 րոպե տևողությամբ կինոկտավում բացակայում է սյուժեն, կերպարները զրկված են նախապատմությունից ու անձնային որակներից, բայց դա ամենևին էլ այդպես չէ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, ֆրանսիական Դանքըրք թերակղզում թակարդի մեջ ընկած ու մահվան դատապարտված, բայց այլ ճակատագրի արժանացած 400 000 բրիտանացի, բելգիացի ու ֆրանսիացի զինվորների ու նրանց փրկության գործողության պատմության գեղարվեստական փոխակերպումը հենց այսպես էլ պետք է լիներ… անհասկանալի, խճճված, անհայտ կերպարներով, ահագնացող վտանգի անմար զգացումով, էկրանից այնկողմ տեղի ունեցող իրադարձություններին կատարյալ ներգրավվածությամբ (եթե Հայաստանում լիներ IMAX՝ հանդիսատեսի ինտերգրացիան գործողության վայր կլիներ էլ ավելի շոկային): Բացի այդ, սա, իր էությամբ, ռազմական բլոքբաստեր չէ, այլ՝ հեղինակային կինո, ռադիկալ, ոչ գծային սյուժեյով, երեք տեսանկյունից պատմված, ստեղծված անմիջական զգացական ընկալման համար, իսկ Հանս Ցիմմերի դողէրոցքային երաժշտությունը, անդադար կտկտացող ժամացույցի սլաքը  ժամանակի հետ մրցավազքի պատրանք են ստեղծում, կատարյալ ձուլվելով գլխակորույս գունային գամմաների ու գլխակորույս պատկերին, սյուժետային սաստիկ թռիչքն էլ լրացնում է ու էլ ավելի գրավիչ դարձնում այս սարսափելի ծանր ֆիլմը, անգամ ժանրին հատուկ արյունալի տեսարանների բացակայության դեպքում:

«Դանքըրք»-ը նախադեպը չունեցող ֆիլմ է, որը համեմատության կարիք չունի: Այստեղ չեն կրակում տարատեսակ զինատեսակներից,  չեն խաղացնում մկաններով, ու չեն գոռում՝ «Մենք բոլորին կհաղթենք ու հերոս կկարգվենք»: Այստեղ դուք չեք ուռա-հայրենասիրություն, այլ մինչև գագաթնակետը սրված զգացմունքներ: Դուք կդառնաք հասարակական հերոսության, միասնականության ու բացառիկ    անշահախնդրության  ականատեսը, որի կարիքն այսօր բոլորս ունենք: Այնպես որ սա հիվանդագին ակտուլ ֆիլմ է, որը  սովորեցնում է, թե ինչպես կարելի է մի կողմ դնել էգոն, իսկ հայրենակցիդ փրկությունը դարձնել կյանքի իմաստ:

Միով բանիվ, գլխապտույտ կինոէպոս…



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով