+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Զրույց արվեստանոցում | Անի Քանանյան


Հայաստանում  ժամանակակից արվեստը գնալով զարգանում է: Դրան նպաստում է մի շարք երիտասարդ ու շնորհալի արվեստագետների ստեղծագործական գործունեությունը: Այդ արվեստագետներից մեկը Անի Քանանյանն է: Անին ծնվել է 1990-ին` Ջավախքում: Նկարել սկսել է մանկուց: Սկզբում հաճախել է նկարչական դպրոց,  ապա ընդունվել Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարան, սովորել այս  հաստատության Գեղանկարչության բաժնում: Այն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Դեկորատիվ-Կիրառական արվեստի բաժնում: Անի Քանանյանը մասնակցել է մի շարք հանրապետական ու միջազգային ցուցահանդեսների: Թիֆլիսում մասնակցել է «Հայոց Գողգոթա» ցուցահանդեսին և արժանացել II մրցանակի: Իսկ 2013-ին «Լիտվան մեր աչքերով» խորագրով ցուցահանդեսին է մասնակցել Լիտվայում: Ունեցել է նաև անհատական ցուցահանդեսներ: 2011-ին Նարեկացիում է ցուցահանդես ունեցել: 2013-ին անհատական ցուցահանդեսով է հանդես եկել Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում, իսկ 2016-ին Գևորգ Գրգորյանի (Ջոտտո) թանգարանում է բացվել նրա` «Հետքեր» խորագրով անհատական ցուցահանդեսը: Անին Վրաստանի նկարիչների միության անդամ է:

Ani-Kananyan-020 Ani-Kananyan-019 Ani-Kananyan-003


Անին կատարում է գեղանկարներ, ունի յուրօրինակ կավե ստեղծագործություններ: Շատ ինքնատիպ են Անիի գեղանկարչական աշխատանքները, հատկապես վերջերս ստեղծված գործերը: Իր գունանկարներում Անին արտահայտում է տրամադրություն: Գունային նուրբ անցումներով են աչքի ընկնում Անիի` թղթի, կտավի վրա գուաշով, մատիտով, յուղաներկով արված գործերը: Նշենք, որ Անիի ստեղծագործական գործունեության ավելի վաղ շրջանի գունանկարները ֆիգուրատիվ են: Դրանք ներկայացնում են դիմանկարներ, նատյուրմորտներ, տարբեր տրամադրություն արտահայտող ինքնանկարներ, թեմատիկ-կոմպոզիցիոն աշխատանքներ: Այդ գործերում ներկայացված դեմքերն արտահայտում են հոգեվիճակ, նկարչուհին հոգեբանական վերլուծության է ենթարկել ներկայացված կերպարները, այդ թվում և իր` ինքնանկարներում պատկերված կերպարները: Այս վաղ շրջանի աշխատանքներում իշխող է երկնագույնը: Անիի վերջին շրջանի գունանկարները արդեն աբստրակտ աշխատանքներ են: Խառը տեխնիկայով արված, ակադեմիզմի կապանքներից ազատված այս գործերը թե՛ գաղափարապես, թե՛ հորինվածքային առումով տարբերվում են նախորդներից: Հենց այս խորհրդավոր մակերեսներով ազատ կոմպոզիցիաներն են վկայում Անիի ստեղծագործական հասունության մասին:

Ani-Kananyan-016 Ani-Kananyan-014 Ani-Kananyan-015


Բավական հաջողված, խորը աշխատանքներ են սրանք, ինքնատիպ, արտահայտիչ: Այդ գունանկարներին բնորոշ է զուսպ գունաշարը, մեղմ, ոչ ճչացող գույները, տարբեր գույների մտածված ու հիանալի համադրությունը: Սրանք անմիջապես գրավում են դիտողին հորինվածքի կուռ կառուցմամբ, գունային ներդաշնակությամբ, կոմպոզիցիայում ներկայացված տարբեր տարրերի փոխկապակցվածությամբ, պատկերների ներքո թաքնված խորը իմաստով: Սակայն Անիի տարերքը կավն է… Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նրա կավե ստեղծագործությունները: Անին իր հիմնական ասելիքը, իր գաղափարները հաղորդում է այս նյութի միջոցով: Նա հիանալի է տիրապետում կավի առանձնահատկություններին: Անիի կավե աշխատանքներն աչքի են ընկնում իրենց անսովոր նյութականությամբ, ծավալայնությամբ, համարձակ լուծումներով, ռիթմիկ հորինվածքով: Օգտագործելով կավի բնական գույնը, նաև ուրիշ գույներ, պիգմենտներ, նա թրծման եղանակով հասնում է գեղարվեստական արդյունքի: Տպավորիչ են այդ կավե հորինվածքների ծալքավորումները, որոշ գործերի մակերեսների խոռոչները:  Հետաքրքիր են  «Կատարսիս» №1, №2, №3 տրիպտիխները:

       Անի Քանանյանը նշում է. «Ինչ ինձ շրջապատում է, կարող է ոգեշնչել: Դա կարող է լինել բնությունը, երաժշտությունը և այլն…»:

Ani-Kananyan-004 Ani-Kananyan-001 Ani-Kananyan-002


Անիի արվեստանոցում մոտիկից ծանոթացանք գործերին, զրուցեցինք նկարչուհու հետ` իր արվեստի շուրջ:

–  Գիտեմ, որ հայրդ` Գրիգոր Քանանյանը նույնպես նկարիչ է: Այսինքն` արվեստի հանդեպ սերը քո  գեներում է… Որքանո՞վ է հայրիկիդ արվեստը ազդեցություն թողել քեզ վրա: Թե՞  այնուամենայնիվ ի սկզբանե աշխատել ես ինքնատիպ լինել:

– Հայրս շատ քիչ է միջամտել իմ նկարչության ձևավորման պրոցեսսին, որի համար շնորհակալ եմ: Բնական է ,  որոշակի ազդեցություն կրել եմ, քանի որ առաջին կտավն ու յուղաներկի հոտը զգացել ու տեսել եմ նրա արվեստանոցում, լուռ ու աննկատ դիտորդի դերում լինելով ընկալել եմ պրոցեսսի զարգացումը: Սակայն հիմա, կարծում եմ` ակնհայտ են մեր տարբեր մոտեցումները նյութին, բավականին տարբեր ենք խառնվածքով, ինչն էլ արտահայտվում է գործերում: Գ. Քանանյանի աշխատանքներում գերակշռում են հագեցած գույները, իսկ գրաֆիկական գործերում`  հստակ գիծն ու շտրիխները, որոնց լրացնում են գրվածքները:

– Թերլեմեզյանի անվան ուսումնարանում սովորել ես Գեղանկարչության բաժնում: Ինչպե՞ս ստացվեց, որ այն ավարտելուց հետո ընտրեցիր կիրառական արվեստը և ընդունվեցիր Գեղարվեստի Ակադեմիայի հենց Դեկորատիվ-Կիրառական արվեստի բաժինը: Այժմ թե՛ գունանկարներ ես կատարում, թե՛ կավի հետ ես աշխատում: Այնուամենայնիվ ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ:

-Ես չեմ առանձնացնում իմ այս երկու տարբեր նյութերի աշխատանքները: Այդ երկուսը օգնեցին իրար: Նյութերը տարբեր են, բայց ասելիքս նույնն է: Իմ հիմնական գաղափարները արտահայտում եմ թե՛ կավի, թե՛ գույների միջոցով:  Այս երկու տարբեր նյութերի օգնությամբ ստեղծված աշխատանքներս ունեն ընդհանրություններ: Պարզապես կավի հնարավորությունները ավելի շատ են: Եկավ այն պահը, երբ ուզեցի ծավալ ստանալ: Օգնության հասավ կավը: Իմ գործերը չեն հիշեցնում խեցեգործության դասական ձևերը: Իմ աշխատանքները կավի` որպես «կիրառական» նյութի ընկալման մերժում են: Միևնույն ժամանակ` քանդակ կամ նկար չեն: Այո, Թերլեմեզյանում սովորել եմ գեղանկարչություն: Բայց հիմքը դրվելուց հետո, երբ ձևավորվում է աշխարհայացքդ և այլն, դու ունես հնարավորություն զարգանալու, նորը փնտրելու: Ինձ պետք էր նոր նյութ: Աշխատելիս հետևել եմ միայն նյութի զգացողությանս, վստահել եմ նյութին, որի արդյունքում կարծես մաքրվել, զտվել են գույներն ու ձևերը: Նկարչությունից պահպանվել է միայն հիմքի քառակուսի ֆորման, որը կարծես ներկայացնում է վերացականը կոնկրետության մեջ:

Ani-Kananyan-007 Ani-Kananyan-005 Ani-Kananyan-006


– Քո ` ավելի վաղ արված գեղանկարչական աշխատանքներից այս վերջին շրջանի գունանկարները տարբերվում են: Նկատում ենք անցում ֆիգուրատիվությունից դեպի աբստրակցիա: Մի փոքր մանրամասնի՛ր, թե ինչպես կատարվեց այդ անցումը:

– Պարզապես հիմա նկարում եմ այն զգացողությամբ, ինչ որ փոքր ժամանակ: Նյութերը, որոնցով հիմա աշխատում եմ (գուաշ, թուղթ ու մատիտ) մանկությանս նյութերն են ու ինչ որ կերպ վերապրում այդ տարիներից… Այժմ նկարում եմ մանկական անմիջականությամբ ու անկեղծությամբ: Նույնիսկ կարելի է ասել, որ այս վերջին գունանկարներս ինձ հիշեցնում են իմ մանկական տարիքում նկարած գործերս:

– Հուսով եմ` դեմ չես լինի, եթե քո կավե ստեղծագործությունները որոշակի վերապահումներով դիտարկեմ որպես լենդ-արտի մի տեսակ: Կարելի է նույնիսկ դրանցում փնտրել Մարկո Գրիգորյանի  հողարվեստի հեռավոր արձագանքները…

– Իմ կավե գործերի պարագայում ոգեշնչման աղբյուրը հենց բնությունն է, միկրո մասնիկները, որոնք չես նկատի անմիջապես, ժամանակ ու ուշադրություն է պետք: Ունեմ գործեր, որոնք, նյութի բնականության առումով, կարելի է համարել լենդ-արտի մի տեսակ: Այսինքն` վերցրել եմ բնական նյութը և իմ միջամտությունը շատ քիչ է եղել: Կավե որոշ գործերս բնական աղետների հետևանքներ են հիշեցնում: Այդ ամենն ինձ հետաքրքրում, հուզում ու ոգեշնչում է: Կավը ընկալման որոշակի ձև է դառնում` կախված դրա կիրառման ձևից: Հողային նյութը շատ ավելին կարող է դառնալ, քան այն, ինչ կա, եթե կարողանաս երկխոսության մեջ մտնել դրա հետ` բացահայտելով դրա հատկությունները:  Երկխոսության ընթացքում արվեստագետը և նյութը վեճի են բռնվում, որի արդյունքում անհետանում են ավելորդությունները, և մնում է միայն փոխհարաբերության լարումը: Ինչ վերաբերում է Մարկո Գրիգորյանին, նշեմ, որ շատ եմ սիրում նրա արվեստը: Բայց ես արդեն ստեղծել էի այս կավե գործերը, երբ ծանոթացա Մարկոյի այդ աշխատանքներին: Դիպլոմային աշխատանքս վերնագրել էի «Կատարսիս»: Երբ Ակադեմիայում փիլիսոփայություն առարկան էինք անցնում, յուրաքանչյուրս պետք է մի թեմայի մասին նյութ գրեինք: Ես ընտրեցի Կատարսիսը: Սկսեցի խորը ուսումնասիրել այն և արդյունքը եղավ այն, որ որպես դիպլոմային աշխատանք ընտրեցի հենց «Կատարսիսը»: Այդ աշխատանքն էլ դարձավ իմ այս կավե ստեղծագործությունների մտահղացման սկիզբը:

Ani-Kananyan-012 Ani-Kananyan-013 Ani-Kananyan-011


– Կավը քո տարերքն է… շատ ես սիրում աշխատել այս նյութով: Երբևէ մտածե՞լ ես կավից ֆիգուրատիվ քանդակներ անելու մասին:

– Ոչ: Քանդակագործությունը այլ արվեստ է, որի մեջ պետք է խորանաս: Դեռ չեմ մտածել քանդակով զբաղվելու մասին:

–  Գիտեմ, որ զբաղվում ես նաև որմնանկարների վերականգնումով: Մի փոքր խոսի՛ր քո` այս ոլորտում իրականացվող գործունեության մասին: Արդյո՞ք որմնանկարների հետ առնչվելը, հին որմնանկարներն իրենց գույներով որևէ ազդեցություն թողել են քո աշխատանքների վրա:

– Սկզբում աշխատել ենք Թբիլիսիի Սբ. Գևորգում: 3 տարի այստեղ եմ որմնանկարների վերականգնում իրականացրել: Աշխատել ենք նաև Քանաքեռի Ս. Աստվածածնում, Էջմիածնի Մայր տաճարում, Մուղնիի Սբ.Գևորգում: Այժմ սկսել ենք աշխատանքները Մեղրիի եկեղեցում: Որմնանկարները ազդեցություն աշխատանքներիս վրա, բնականաբար ունեցել են: Մոտիկից առնչվելով դրանց, անհնար է չազդվել: Այդ հին շերտերի հետ առնչվելը, դրանց վրա ժամանակի թողած հետքը տեսնելը, խամրածությունը… Բայց թե որքանով է տեսանելի այդ ազդեցությունն իմ գործերում` չեմ կարող ասել:

– Մի փոքր խոսի՛ր քո առաջիկա անելիքների մասին:

– Առայժմ ինձ մոտ բուռն ստեղծագործական շրջան է: Երբ հասունանա պահը, կներկայանամ ցուցահանդեսով: Դեռ այդ մասին չեմ մտածում, կոնկրետ չեմ պլանավորում:

– Շնորհակալություն…

Ստեղծագործությունների լուսանկարները՝ Անի Քանանյանի անձնական արխիվից


 

Ֆոտոպատմությունը՝ Էդ Թադևոսյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով