+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

[Հայարդ] Հայկական ժամանակակից երաժշտության ընդհատակյա գործունեությունը. Զրույց խմբի համահիմնադիր և կիթառահար Անդրե Վարդանյանի հետ


2010 թվականը հայկական ռոք երաժշտության մեջ նշանավորվեց «Հայարդ» պրոգրեսիվ մետալ խմբի ստեղծմամբ:Կազմավորումն ու խմբի ակտիվ գործունեության մեկնարկը գրեթե միաժամանակ էին.համերգներ,մասնակցություն  ռոք փառատոններին և վերադարձ հաղթանակներով, տեսահոլովակ,եթերներ հեռուստատեսությամբ  և ռադիոյով: Այժմ  թիմը մասնատված է, կարելի է ասել՝«ընդհատակում»: Չնայած դրան ՝հայարդցիները շարունակում են անհատական գործունեություն ծավալել՝հետագա վերամիավորման հույս թողնելով: Խմբի համահիմնադիր և կիթառահար Անդրե Վարդանյանի հետ խոսեցինք թիմի անցած ճանապարհից,առկա  խնդիրներից, հայկական ռոք և մետալ բեմերից:

-Հիմնադրման օրվանից  պարբերաբար ելույթ եք  ունեցել  ակումբներում, ռոք փառատոնների  ընթացքում :Մի  տարին  դեռ  չբոլորած ՝ խումբը   մենահամերգ  ունեցավ:Ու՞ր եք , չկաք:
Այո՛,մենք  վարել ենք շատ ակտիվ երաժշտական կյանք:Բայց, երբ տարիների ընթացքում արածդ աշխատանքը քեզ չի վերադառնում,սկսում են ի հայտ գալ մի շարք խնդիրներ:Դժվար է թիմ «պահելը»,առանց համապատասխան ֆինանսավորման:Հատկապես,որ «Հայարդում» են տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ , ովքեր ընտանիք պահելու խնդիր ունեն:Հայաստանում շուկան շատ փոքր է,քիչ են ռոք երաժշտություն լսողները,իսկ փառատոններն ու նմանատիպ այլ մեծ համերգները անվճար են:Այժմ  աշխատում ենք  երգերի ձայնագրման ուղղությամբ,քանի որ անդամներից  շատերը երկրում չեն:Այս ամենն  էլ  բերում է գործունեության պասիվացմանը:

Hayard-001

Կազմը   2010 թից  հետո բազմաթիվ փոփոխությունների ենթարկվեց: Ո՞րն էր անկայունության պատճառն իսկզբանե:

Թիմը ստեղծվեց  2010-ին ՝իմ և Արթուրի կողմից:Սկզբում փոխվեց բասիսիտը ՝ Արթուր Արևշատյանը,ով  տարիքով շատ մեծ էր մեզանից:Այնուհետև վոկալիստը պետք է ուսումը շարունակեր Մոսկվայում,ստեղնաշարային  գործիքներ  նվագողը գնաց բանակ,այնուհետև հեռացավ նոր վոկալիստը՝պատճառաբանելով,թե խմբի ոճն իրեն հոգեհարազատ չէ:
Այս մշտական անկայունության պատճառը  ֆինանսն է,եթե նման աշխատանքներում չկա համապատասխան ֆինանս,գործունեությունը երկար տևել  չի կարող:Չնայած որ պոտենցիալ  թիմի մեջ բոլորս էլ տեսնում էինք,պարզապես  ոչ  բոլորը  ունեցան բավականաչափ կամք ՝դժվարություններին դիմանալու:

 Hayard-003

-Ի՞նչ  եք կարծում՝ մեր  բեմում   պրոգրեսիվ մետալը զարգացնելու ձեր փորձերը՝ հաջողվեցի՞ն:Ինչոր շարժ  նկատե՞լ եք  այս  ընթացքում:

Դա միակ բանն է,որ վստահ կարող եմ ասել՝այո: «Հայարդը» շատ մեծ դեր է ունեցել հայկական  պրոգրեսիվ ռոքի և մետալի զարգացման մեջ:Երբ սկսեցինք նվագել, շատերը  ծանոթ  էլ  չէին այս ոճին:Պրոգրեսիվ մետալը ոչ բոլորին է հասանելի :Մեծ պրոֆեսիոնալիզմ  է պահանջում այս  ոճում ստեղծագործելը:Այդ պատճառով լսում են կամ երաժիշտները,կամ երաժշտությունից  շատ  լավ  հասկացողները:Այսօր շատ երաժիշտների կամ խմբերի եմ տեսնում,ովքեր այն ժամանակ գալիս էին մեր համերգներին,իսկ այժմ այս ոճում  ստեղծագործում են: Այս առումով,կարող եմ ասել,որ մենք  իսկապես շատ բան փոխեցինք:

Ձեր  դեբյուտային  ելույթում  ամբողջովին  կատարվել են  «Dream Theater» խմբի երգերը,որը նաև ձեր  ոգեշնչման  աղբյուրն էր: Արդյոք փոխվե՞լ են կուռքերը ժամանակի ընթացքում:
-Անկեղծ ասած ոչ (ժպտում է): Իրենք «մաստեր»  են և մինչ այժմ էլ սովորելու շատ բան ունենք:

Hayard-005 Hayard-002


 –Ռոք  խմբերի՝  գնալով աճող քանակը մեր երկրում, ինչո՞վ է պայմանավորված:Իսկապե՞ս այսօր մեծ  է  այս երաժշտության պահանջարկը:

Ամենացավոտ հարցը:Այսօր ռոքը տարածվել է դեռահասների շրջանում,այն լսելն էլ դարձել է գլամուր:Կիթառ ձեռք բերելն ու ինտերնետի միջոցով մի քանի բան նվագելը շատ հեշտ է ,ռոք խումբ   «բացելը»  (ստեղծելը կամ հիմնելն  էլ  չէ, «բացելը»  ) խիստ մոդայիկ :Սկսնակներն էլ հիմա  չեն ցանկանում մասնագիտական կրթություն ստանալ,ինքնակրթությամբ են զբաղվում,և, սխալ սովորելով,երկու նոտա կպցնում են  իրար ու խումբ բացում:
Հայաստանում իսկական ռոքը եղել է մեր ծնողների ժամանակ:Երբ պատմում են իրենց ժամանակներում կազմակերպված փարթիների և համերգների մասին,անգամ երբ լուսանկարներն ես տեսնում,հասկանում ես,որ իրենք ապրել են ռոքով:
Մի շատ կարևոր գործոն էլ կա,որով պայմանավորված է անորակ խմբերի մեծ թիվը.
նախկինում երևանյան ակումբներ ամեն մեկին չէին թողնում համերգներ տալ,հաշվի էին առնում նաև որակը:Երբ մենք սկսեցինք առաջին քայլերն անել,լսումներ էին անցկացվում՝նախքան երգելու իրավունք տալը:Նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվում՝սպասելիքները չարդարացնելու (վատ կատարման կամ լսարան չապահովելու) դեպքում ,խումբը պետք է որոշակի գումար վճարեր: Հիմա նման արգելքներ չկան,ելույթներ ունենալը բոլորին հասանելի է դարձել:

Hayard-006

Իսկզբանե  նվագում  էիք  «քավեր »  գործեր,հետո սկսեցիք  տեղ  տալ հեղինակային երգերին: Ի՞նչ  տարբերություն  եք  տեսնում  հանդիսատեսի  մեջ  ձեր հեղինակայնի և քավր երգերը կատարելիս:Արդյոք  քավրների ժամանակ նրանք պարզապես  նոստալգիա  չե՞ն ապրում:

Մեր  ազգը  ցանկացած նորություն մեծ դժվարությամբ է ընդունում:Ցանկանում  է լսել այն,ինչին արդեն սովոր է:Դրա համար պետք է սկսել քավերներով և ընթացքում մանր-մանր «կաթացնել» հեղինակային երգերը:Ապա,երգերի բավականաչափ լինելու դեպքում,նվագել միայն հեղինակայինները:Ես ինքս հարց եմ դրել մեր խմբի առաջ.եթե լինեն համերգներ,ապա միայն հեղինակային երգերով:Եթե մենք ունենք մեր սափական միտքը,ի՞նչ կարիք կա մյուսներինը ներկայացնելու:Առաջին անգամ քավերի տարբերակ ընտրել էինք մի բան,որը  ոչ ոք դեռ չէր նվագել,դա նորություն էր: Արդյունքում Հայաստանում շատ ռոք լսողներ սկսեցին ճանաչել ու հետաքրքրվել Dream Theater-ով:

 Hayard-004

Դուք  նաև աշակերտներ ունեք ,որոնց  կիթառի դասեր  եք  տալիս: Ինչպիսին  է «մատաղ» սերնդի  հետաքրքրվածությունը  ռոք  երաժշտության  հանդեպ:

Այո,ես ստուդիա ունեմ և շատ աշակերտներ:Այսօրվա հայտնի լիքը խմբերում (ինչպիսիք են  Միկադոն, Second Moon-ը,Վուդուն,Ադանան և այլն) նվագում են իմ աշակերտները:
Աշակերտներիս  մեջ մեծ ցանկություն եմ տեսնում,ու հրաշալի դեմքեր են հանդիպում,որոնք հույս են ներշնչում և ստիմուլ տալիս աշխատելու:Աշակերտներ կան,ովքեր հնարավորություն չունեն դասերի համար վճարելու,նրանց ևս մեծ սիրով եմ օգնում:Հաճախ կիթար էլ չեն ունենում, ինքս եմ  նվիրում իրենց:

Ի՞նչ խորհուրդ կտաք  նորաթուխ ռոք խմբերին:

-Որ կիրթ լինեն,շատ աշխատեն, ամեն մի մանրուքի վրա:
Չշտապեն համերգ տալ: Դիմեն  որակյալ մասնագետների՝խորհրդատվություն ստանալու համար:Բարձր որակ ստեղծեն,նոր դուրս գան բեմ,եթե իհարկե երկար կյանք են ուզում ունենալ:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով