+374 99 12 80 82 Երկուշաբթի - 25 Նոյեմբեր 2024

Նարեկ Վան. Մասնիկապատում


Նարեկ Վանի արվեստը բազմաշերտ է, այն մի քանի հստակ մոտեցումների համադրություն է, որում մեծ տեղ ունեն գիծը, գույնը, զարդանախշը, մոգականությունն ու բանաստեղծականությունը: Դրանք նկարչի առաջ քաշած հիմնական խնդիրներն են, որ վերջինս լուծում է յուրովի, ստեղծում իր գողտրիկ հեքիաթային աշխարհը:

Նկարիչ Նարեկ Վանը ծնվել է 1985թ. Երևանում` արվեստագետների ընտանիքում: Արվեստի նկատմամբ սերը Նարեկը ժառանգել է իր պապից` ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Շարամբեյանից, ում մշակութային գործուներությունը մեծ ազդեցություն է ունեցել նկարչի աշխարհայացքի ձևավորման վրա: Երիտասարդ նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը «Մասնիկապատում» խորագրով տեղի է ունեցել 2015թ. Երևանի «Դալան Արթ» ցուցասրահում, որտեղ ներկայացվել են նկարչի 24 աշխատանքներ և 1 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ:

Նույն թվականին ՀՀ նկարիչների միությունում Նարեկ Վանը մասնակցել է «Երիտասարդ նկարիչների հանրապետական ցուցահանդեսին», ինչպես նաև ունեցել մեկ ստեղծագործության ցուցահանդես-երեկոներ:  2015 և 2016թթ. ընդգրկվել է ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնում լավագույն գաղափար անվանակարգի և հանրային ժյուրիի կազմում:

Narek-Van-009Նարեկ Վանի ողջ ստեղծագործությունը կարելի է մեկ ամբողջություն համարել: Ոճական մոտեցումները ամենուրեք հիմնական են մնում ու կարմիր թելի նման անցնում իր բոլոր ստեղծագործություններով: Նույնը չի կարելի ասել թեմայի ընտրության մասին, ինչը գրավում է իր բազմազանությամբ:

Կասկածից վեր է, որ Նարեկ Վանն ունի սեփական ձեռագիր, որ դժվար է տեղավորել որևէ ուղղության կամ ոճական սահմաններում:

Հատկանշական է նկարչի  հիպոթետիկ քաղաքային տեսարանների շարքը (Քաղաքը, 2011թ., Երուսաղեմ, 2011թ., Երևան, 2012թ., Հին Երևան, 2014թ., Նարեկավան, 2015թ., Նարեկավան թաղամաս 2015թ., Հաղթանակ արևի նկատմամբ, 2016թ.), որտեղ նկարիչը պատկերում է իր ծննդավայր Երևանի առավելապես հեքիաթային կերպարն ու այլ քաղաքներ, որոնց շարքում առանձնանում է իր ներքին փոքրիկ երևակայական քաղաքը՝ Նարեկավանն իր թաղամասերով:

Այսպես՝ ի հայտ են գալիս քաղաքային տեսարաններ, խիտ-խիտ դասավորված, հեքիաթային տնակներ ու դղյակներ հիշեցնող շինություններ ու քաղաքի «բնակիչներ», որ սակայն չեն կորցրել իրենց նախնական կերպարն ու  մնում են ճանաչելի ու միանգամայն իրական: Որպես Երևանցի՝ Նարեկ Վանի գործերում տեղ են գտել տեսարաններ, որտեղ Երևանը հանդես է գալիս իբրև անընդհատ փոփոխվող, քանդվող ու վերակառուցվող մի կենդանի քաղաք:

Մասնագիտությամբ աստվածաբան լինելով՝ Նարեկ Վանն իր ստեղծագործություններում անդրադառնում է նաև աստվածաշնչյան՝ հիմնականում Հին կտակարանային թեմաներին (Էդեմական պարտեզ, 2005թ., Դժոխք, 2005թ., Դրախտ, 2006թ., Ելից, 2007թ., Սոդոմ և Գոմոր, 2012թ., Հոբ, 2012թ., Կենաց ծառ, 2013թ., Բաբելոնյան աշտարակը, 2014թ., Նոյան տապան, 2015թ.), որտեղ առավել ցայտուն է արտահայտվում նկարչի հետաքրքրությունը քրիստոնեական մանրանկարչական ավանդույթների հանդեպ: Իր այս շարքում նկարիչը չի ներկայացնում է այդ պատկերների իր տարբերակը, հաճախ նույնիսկ ներմուծում ոչ ավանդական կերպարներ ու խորհրդանշաններ:

Այսպես՝ առաջ են գալիս լուսանցազարդեր, դրախտային կենդանիներ ու սիրիններ, հին կտակարանային  կերպարներ ու դրանց ալեգորիկ վերարտադրություններ: Այս բոլոր հղումները Նարեկ Վանին հաջողվում է կիրառել ոչ ակնհայտորեն, վերցնելով միայն հիմնականը՝ գաղափարը, իսկ ձևաստեղծման մեջ մնում ինքուրույն:

Narek-Van-001

Հոբ Երևելի, 2015թ.

Narek-Van-002

Նարեկավան, 2015թ.

Narek-Van-003

Տիեզերք, 2011թ.


Վերը նշված երկու հիմնական թեմատիկ ուղղություններից զատ, նկարչին հուզում են նաև այլ հեքիաթային-առասպելական, կենսական, սոցիալական ալեգորիկ թեմաներ (Ջրեր, 2004թ., Կինը, 2007թ., Արևը պայծառ երկնքում, 2009թ., Երկիր, 2011թ., Տիեզերք, 2011թ.,  Կա՛նգ առ, 2012թ., Հակադրություն, 2012թ., Օդ, 2012թ., Անվերնագիր, 2013թ., Փոքրիկ իշխանը, 2015թ.), որոնք նրան հաջողվում է բերել սեփական նկարչական դաշտ, անցկացնել դրանք իր անձնական պրիզմայով ու մատուցել յուրովի:

Նարեկ Վանի այս շարքի ստեղծագործությունները մշտապես կրում են էքզիստենցիալ լարվածություն: Դրանք պատմում են, ակնարկում, փաստում կամ հիշեցնում կենսականի ու կարևորի մասին: Դրանցում առկա է որոշակի կերպարանափոխված ֆիգուրատիվություն, երբ մեր շրջապատող աշխարհը մեր առջև հանդես է գալիս բոլորովին այլ իրականության մեջ և բոլորավին նոր՝ մոգական, առասպելական նկարագրով, որտեղ յուրաքանչյուր  կերպար ու մասնիկ կարևոր է ու անփոխարինելի և այդ ամբողջության անքակտելի մասն է կազմում:

Այսպիսով՝ Նարեկ Վանի արվեստի ծագումնաբանությունը միանշանակ չէ: Այն պարտական է ոչ միայն մոդեռնիզմին, հայկական և բյուզանդական միջնադարյան մանրանկարչական ավանդույթներին, միջնադարյան պատկերագրությանն առհասարակ, այլ սերում է նաև ժողովրդական արվեստի խոր ակունքներից: Նրա արվեստը ծես է, ծիսականություն, օժտված հատուկ կանոնակարգվածությամբ ու մանրամասնություններով:

Narek-Van-004

Հովնան, 2016թ.

Narek-Van-006

Նոյան տապան, 2015թ.

Narek-Van-005

Նարեկավանի շուկան, 2016թ.


Նարեկ Վանի արվեստն արտահայտիչ է, օժտված պլաստիկ բազմազանությամբ: Ստեղծագործությունն առավել գրավիչ է դառնում, երբ նկարիչը պատկերում է տարածականություն՝ անդավաճան մնալով իր ձեռագրի հարթապատկերային նկարագրին, գծում, քարտեզագրում է հարթություններ, ֆիքսում, արձանագրում  զգացողություններ, հավերժացնում սիմվոլներն ու իրականությունը՝ առանց դրանք միմյանցից զատելու:

 Ստեղծագործության մակերեսը միշտ հագեցած է, լի դինամիզմով ու շարժով, նրա ստեղծած բազմաթիվ մասնիկներն անընդհատ տրոհվում ու կրկին միավորվում են կտավի կամ թղթի մակերեսին, ստեղծելով ամբողջական, վիզուալ պատկեր,  ճիշտ այնպես, ինչպես պատումներն են միավորվում ու վերածվում մի ամբողջական պատմության: Narek-Van-007Այս ամենին միանում է  վառ գունաշարը, որը գործերին հաղորդում է  բովանդակային արտահայտչականություն և էմոցիոնալություն, այն միշտ պահպանում է իր կարևորությունը, չնայած ձևի ու գծանկարի բարդությանն ու հստակությանը:

Վաղ շրջանի ստեղծագործությունները մոնոքրոմ են՝ սահմանափակված միայն սև գծանկարով: Ավելի ուշ նկարիչը կիրառում է հարուստ գունաշար, ինչը բոլորովին նոր նկարագիր է հաղորդում իր արվեստին: Գույնը Նարեկ Վանի ստեղծագործություններում որպես կանոն պահպանում է իր նախնական անխառն բնույթը, հանդես է գալիս որպես զուտ գույն, ու այդպիսով՝ վերածվում առանձին բառի ու նախադասության՝ այդ պատումներից յուրաքանչյուրում:

Ավելի ուշ շրջանի ստեղծագործություններում այս ամենին միավորվելու են գալիս ժամանակակից կյանքի հղումներ՝ կոլաժների տեսքով, որտեղ օտար պատկերները ներխուժելով Նարեկ Վանի կտավներ, վերածվում են  նոր մասնիկների,  ներդաշնակորեն ձուլվում կտավի մակերեսին, լուծում գաղափարական ու վիզուալ խնդրներ, բայց միևնույն ժամանակ պահպանում իրենց կապն արտաքին աշխարհի հետ:

Ի վերջո ստեղծվում է տպավորություն, որ ամեն ինչ լուսավորվում է միևնույն զգացողությամբ,  ամեն ինչ և զուսպ է ու բանաստեղծական, և էքսպրեսիվ միևնույն ժամանակ: Նարեկ Վանի յուրաքանչյուր նոր ստեղծագործություն օժտված է յուրատեսակ էներգիայով ու միևնույն ժամանակ՝ պարզությամբ:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով