+374 99 12 80 82 Երեքշաբթի - 21 Նոյեմբեր 2017

[Նոր գիրք] «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա». զրույց գրքի հեղինակների հետ


Շատ շուտով հայ ընթերցողի սեղանին կդրվի «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» գիրքը, որը լուսանկարչության մասին ուսումնական ձեռնարկ է: Գրքի հեղինակներ Վահե Բուդումյանը և Կարին Գրիգորյանն ունեն լուսանկարչության շուրջ տեքստերի թարգմանության և դասավանդման տարիների փորձ, ինչը և երևան է բերել լուսանկարչության մասին դասագիրք ունենալու այսօրվա կարիքը: Գիրքն ունի երկու փոխլրացնող բաժին՝ առաջինն արծարծում է լուսանկարչության պատմա-տեսական, երկրորդը՝ տեխնիկական հարցերը: Գրքի վերջում ընթերցողը կգտնի մասնագիտական եզրերի բառարան:

Գրքին վերաբերող այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք հեղինակների հետ:

Tasks-of-photography-004


Կարին Գրիգորյան

Tasks-of-photography-001

Վահե Բուդումյան
Լուսանկարը՝ Ալեք Լեվասգանիի


_Խնդրում եմ մի փոքր պատմեք, թե ինչպե՞ս  սկսեցիք աշխատել գրքի վրա:

 Կարին._Գիրքը ծնվել է մեր համատեղ քննարկումների, համագործակցության, ստեղծագործական աշխատանքի  արդյունքում, որովհետև ես և Վահեն, շուտով երևի մեր համատեղ աշխատանքի տասնամյակը նշենք (ծիծաղում է): Մի քանի տարի առաջ մեր խոսակցությունները սկսեցին ավելի ինտենսիվ բնույթ կրել գրքի՝ լուսանկարչության ձեռնարկ ունենալու շուրջ: Մինչ այդ մենք թարգմանում էինք լուսանկարչության պատմությանը, տեսությանը, քննադատությանը վերաբերող բազնմաթիվ հոդվածներ:

 Վահե._Մենք երկուսս էլ ներգրավված ենք «Մեդիալաբ» նախագծում, որտեղ դասավանդում ենք լուսանկարչության հետ կապված դասընթացներ: Կարինը մինչ հիմա դասավանդում է լուսանկարչության տեսություն. մենք դա անվանում ենք լուսանկարչության պատմություն և լուսանկարի ընթերցում: Ես էլ դասավանդում եմ լուսանկարի տեխնիկական հարցերը: Եվ դասավանդման ընթացքում անընդհատ առերեսվում էինք այդ խնդրի հետ, որ, փաստորեն, չունեինք լուսանկարչական գրականություն, որը կկարողանայինք տրամադրել ուսանողներին: Եղած գրականությունն էլ հիմնականում օտար լեզուներով է: Կա մեկ-երկու խորհրդային շրջանի գիրք, որ լուսանկարչական ձեռնարկ է և անդրադառնում է թե´ տեխնիկական, թե´ տեսական հարցերին, բայց դա էլ վաղուց հնացել է: Այսպիսով՝ գրականության պակասի խնդիր կար և որոշեցինք մի ձեռնարկ ունենալ, որը մեզ կօգներ դասավանդման հարցում:

 Կարին._ Շատ կարևոր է նշել աշխատանքը, որն արվել է գրքի շուրջ: Մասնավորապես, այն բոլոր եզրերը, որոնք մենք փորձել ենք հավաքագրել և ներկայացնել հայերենով՝ ներկայացվել են նաև ռուսերենով և անգլերենով, քանի որ կրկին մեր համատեղ աշխատանքի ընթացքում անընդհատ բախվում էինք այն խնդրին, որ եզրերը թարգմանված չեն, չեն օգտագործվում, շրջանառության մեջ չեն: Սակայն աշխատանքը ցույց տվեց, որ թարգմանության փորձեր եղել են և այդ ամենը պարզապես պետք էր նորից ներկայացնել և գիրքը, կարծում եմ, բավական արժանի տեղ է, այդ բառացանկը ներկայացնելու համար:

 
Tasks-of-photography-005

_Այսինքն՝ գիրքը նաև դասագիրք է: Դուք ձգտե՞լ եք դրան:

Կարին._Մեր մտքում եղել են մարդիկ, ովքեր սկսել են զբաղվել լուսանկարչությամբ, կամ արդեն որոշ ժամանակ զբաղվում են, բայց բախվում են մասնագիտական գրականության պակասի խնդրի հետ: Հիմնականում փորձում են օգտվել ռուսերեն և անգլերեն գրականությունից, որը շատ կցկտուր և ոչ համակարգված է: Ուստի մենք փորձել ենք ի մի բերել ժամանակին մեր կողմից ուսումնասիրած, ընթերցված գրքերը լուսանկարչության թե´ պատմության, թե´ տեսության և թե´ տեխնիկական հարցերի շուրջ: Գրականությունը, որից մենք օգտվել ենք, արևմտյան  կրթահամակարգում ներառված գրականություն է: Մեզ մոտ չկա համակարգված ուսուցում, կրթություն լուսանկարչության գծով: Իհարկե, կան վարպետներ, ովքեր ունեն աշակերտներ, սովորեցնում են ինչպես լուսանկարել, բայց ինչ վերաբերում է տեսական մասին՝ մեր բուհերը չեն տրամադրում որևէ  տեղեկություն կամ գիտելիք: Այդ պատճառով տեքստը գուցե կարժևորվի հենց ուսանողների կողմից:

 Վահե._Գիրքը նախատեսված է երիտասարդների, սկսնակ լուսանկարիչների համար և, այո, ձեռնարկի տրամաբանությամբ է գրված, այսինքն՝ այն նաև դասագրքային տրամաբանության մեջ է:

 

_Այդ դեպքում կներկայացնե՞ք գրքի կառուցվածքը:

 Վահե._Գիրքը կազմված է երկու փոխլրացնող բաժնից: Առաջինը  «Տեսություն» բաժինն է, որի հեղինակն է Կարին Գրիգորյանը: Երկրորդը՝ «Տեխնիկա» բաժինն  է: Դրանց հաջորդում է բառացանկը, որի մասին Կարինն արդեն նշեց: Գրքի կառուցվածքն այնպիսինն է, որ կարելի է փնտրել որոշակի հասկացություններ, այսինքն՝ գրքից օգտվել այնպես, ինչպես հանրագիտարանից: Եթե ընթերցողին  հետաքրքիր է, տեխնիկական առումով, օրինակ, «պահաժամ» հասկացության նշանակությունը, ապա նա կարող է հեշտությամբ  ցանկից գտնել այն,  անկախ նրանից կարդացել է նախորդող և հաջորդող մասերը, թե ոչ: Դրանից բացի, գրքի ընթացքին զուգահեռ, կան նաև ծանոթագրություններ, որոնք գրքի ընթացքի հետ այնքան էլ կապ չունեն, այն առումով, որ կարելի է կարդալ գրքի բովանդակությունը առանց ծանոթագրությունների և ստանալ լիարժեք ու ամբողջական գիտելիք և տպավորություն: Բայց, եթե ընթերցողը որոշի  կարդալ ծանոթագրությունների մասը, որոնք տեխնիկական մասի լուսանցքում են տրված՝ ապա  կստանա հավելյալ ավելի խորը տեղեկատվություն: Ահա թե ինչու, կարծում ենք, որ   գիրքը ոչ միայն սկսնակ լուսանկարիչներին և երիտասարդներին օգտակար կլինի, այլ նաև մասնագետներին և ավելի հմուտ լուսանկարչներին:

 Tasks-of-photography-003

 _Իսկ ինչպե՞ս եք առաջնորդվել գրականության ցանկի ընտրության հարցում:

 Վահե._Շատ կարևոր հարցադրում է: Երկու մաս ունենք. տեսություն և տեխնիկա: Եվ գրանությունն էլ, համապատասխանաբար, երկու տեսակի պետք է լինի: Տեսության հետ կապված՝ հարցն ավելի հեշտ էր, քանի որ կան դրան վերաբերող դասագրքային տեքստեր, հոդվածներ, գրքեր, որոնք ուղղակի անհնար է շրջանցել և ցանկացած գիրք, որ հավակնում է լինել տեսության ձեռնարկ՝ պետք է դրանցից օգտվեր կամ դրանց հղում տար: Առաջինը պիտի լիներ Զոնթագի լուսանկարչության մասին հայտնի գիրքը, Բարտի «Կամերա լուչիդան» և այլն: Այսինք՝ ինչ-որ գրքեր կան, որոնք հիմնարար են և դրանք այսպես թե այնպես նպաստել են գրքի ստեղծմանը, եթե նույնիսկ նշված չեն գրականության ցանկում: Տեխնիկական մասի հետ կապված, հարցը մի քիչ ավելի բարդ էր, որովհետև այն ավելի արագ փոփոխվող է: Տեխնիկական հարափոխության արդյունքում  քիչ գրքեր կան, որոնք կարելի է դասագրքային համարել: Եթե Զոնթագի գիրքը ավելի քան 40 տարի դեռ համարվում է դասագիրք, անկյունաքարային գիրք, ապա տեխնիկական առումով այդպիսի գրքեր դժվար է նշել: Ամեն դեպքում կան որոշ գրքեր, որոնք կարևոր ենք համարել: Ես բացի գրքերից, նաև մի դասընթաց եմ նշել գրականության ցանկում, որ շատ կարևոր եմ համարել: 

_Իսկ ի՞նչ ժամանակշրջան է ընդգրկում. լուսանկարչության գյուտից մինչև ժամանակակից լուսանկարչության միտումնե՞րը:

 Կարին._Տեսության բաժնիը մի քանի գլուխներից է բաղկացած: Նախ փորձել ենք ներկայացնել լուսանկարչության դարը՝ թե ինչպիսին է եղել  այն ժամանակաշրջանը արևմտյան երկրներում, որտեղ ծնունդ է առել լուսանկարչությունը և այնուհետ տարածվել աշխարհով  մեկ; Այլ գլուխ ունենք, որքեղ քննարկվում է, թե ինչ է լուսանկարչությունը մի շարք հասարակությունների համար. մենք մասնավորապես կենտրոնանում ենք Խորհրդային Միության և ամերիկյան 20–րդ դարասկզբի հասարակությունների վրա: Ունենք գլուխ, որում խոսվում է, թե ինչպես ընթերցել լուսանկարը: Այս փոքրիկ գլխում փորձում ենք ընթերցողին ներկայացնել ամենատարբեր նշանակությունները, որ լուսանկարչական գործը կամ լուսանկարը կարող են ձեռքբերել տարբեր իրավիճակներում և համատեքստերում: Եվ էլի որոշ բաներ, որոնց մասին առայժմ կարող ենք չխոսել և թողնել, որ ընթերցողը ինքը կարդա և բացահայտի:

 Tasks-of-photography-002

_Ի՞նչ կցանկանայիք հավելել գրքի մասին:

 Կարին. _Գիրքը գունավոր է, նկարազարդումներով, որոնց մի մասը հեղինակը կրկին Վահեն է: Գրքում ներառված են լուսանկարներ: Նշեմ նաև, որ մենք նախատեսում ենք անվճար օրինակներ ուղարկել մարզային գրադարաններ ինչը շատ ենք կարևորում:

 Վահե. _Պետք է անպայման նշենք, որ բացի հեղինակներից շատ այլ մարդիկ կան, առանց որոնց ներդրման անհնար կլիներ գրքի ստեղծումը. սկսած մարդկանցից, ովքեր զուտ խորհուրդներով, շատ կարևոր դիտարկումներով են օգնել, ընդհուպ մինչև այն մարդիկ, ովքեր ավելի մեծ աշխատանք են կատարել գրքի վրա: Բոլորին իհարկե, թվարկել անհնար կլինի, բայց մի քանի անուն պետք է ավելի հաճախ ասենք: Նախ՝ հրատարակչությունը, որը ստանձնել է գրքի հրատարակությունը՝  Հովհաննիսյան իստիտուտն է, Ակտուալ արվեստի հետ համատեղ: Գիրքը խմբագրել են Աննա Ժամակոչյանը և Վարդան Ազատյանը: Լուսանկարների հեղինակներից մեկը Արեգ Ամիրխանյանն է: Մեզ խորհուրդներով օգնել են Նազիկ Արմենակյանը, Շուշան Եսայանը, Ռուբի Դավթյանը և Նանե Դավթյանը:

 Կարին. _Ընդհուպ մինչև մեր ընկերները, ովքեր օգնել են մեզ ձեռք բերել համապատասխան գրականություն: Գիրքը միավորում է մի խումբ մտահոգ մարդկանց և այդ մարդկանց աշխատանքի արդյունքն է: Այո, գրքի մտահղացումը մերն է, սակայն այն մեզ օգնել են իրականացնել բազմաթիվ մարդիկ, ընկերներ, երբեմն նաև ոչ այդքան մտերիմ մարդիկ: Շատ կարևոր է նշել, որ Հովհաննիսյան իստիտուտը և Ակտուալ արվեստը կարող ենք համարել գրքի աջակիցներ, քան հրատարակիչներ:

 Շնորհակալություն…

 Նշենք, որ շատ շուտով Վահե Բուդումյանի և Կարին Գրիգորյանի հեղինակած «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» գիրքը հնարավոր կլինի ձեռքբերել գրախանութներից:

 


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով