+374 99 12 80 82 Կիրակի - 24 Նոյեմբեր 2024

Հարազատ մեղեդիներ. Բացահայտելով Հասմիկ Հարությունյանին


Discovering-Hasmik-Harutyunyan-001«Երգը կարող է մարդուն ավելի լավը դարձնել, կարող է գազան դարձնել, կարող է թևեր տալ ու դարձնել արծիվ կամ թևաթափ անել այնպես, որ հուսախաբլ ինի: Պատահում է չէ, որ մարդկանց շատ են խնդրում մի բան երգել, հենց իմանում եմ, որ երգել գիտի. ես չեմ սպասում, որ ինձ խնդրեն. երգում եմ, որովհետև երգն օգնում է ապրել, մի լավ երգը կարող է շատ բան փոխել մարդու մեջ»,-ասում է ժողովրդական երգչուհի Հասմիկ Հարությունյանը:

Այսօր ամեն ազգ չէ, որ կարող է հպարտանալ իր գեղեցիկ ավանդական երգերով: Հայկական երաժշտությունը սերնդեսերունդ փոխանցվելով հասել է մեզ և հերթը  մերն է դրանք պահպանելու, փոխանցելու եկող սերնդին: Այս գործում մեծ է ավանդական երգի ու պարի համույթների դերը: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Հասմիկ Հարությունյանը հանդիսանում է այդպիսի ավանդական մի անսամբլի` «Շողակն»-ի, ինչպես նաև «ՀայրիկՄուրադյան մանկական անսամբլ»-ի հիմնադիրը: Մինչ այդ եղել է «Ակունք» ազգագրական համույթի անդամ: Անչափ կարևոր է նշել նրա «Հայկական օրորոցայիններ» ձայնասկավառակի մասին, որը 2004թ. «Նյու-Յորք թայմս» պարբերականի կողմից ճանաչվել է «համաշխարհային երաժշտության լավագույն ձայնասկավառակ»:

 

Կենաց ծառ կամ երգը մեր մեջ… (պատմում է Հասմիկը)

Discovering-Hasmik-Harutyunyan-002«Ընտանիք ու հայրենիք կորցրած տատս ու պապս Մուշից էին: Բայց բերել էին իրենց հետ մեր երգերը և ապրում էին նրանցով, որովհետև այդ երգերն օգնում էին իրենց հիշել թողած տունը, դպրոցը, բարեկամներին: Մշեցի տատս ամենուր բոլորի հետ երգում էր. նրան եմ շատ նման: Ինձ թվում է ամեն ընտանիք իր երգը պիտի ունենա. հարցրեք ձեր տատից ու պապից, թե որն է իրենց սիրելի երգը: Այ դրանով են կապվում սերունդները: Առանց այդ էլ կորցրել ենք մեր պատմական երկիրը. երգը չպիտի կորցնենք, որ  ետ գնալու ճանապարհ ունենանք: Այդ ճանապարհը կկորցնենք, եթե մշակույթի տերը չլինենք, որովհետև ամենը` ուժ, լույս, հույս մշակույթի մեջ է պահված: Նաև պետք է մի փոքր արժանի լինենք ու գնահատենք: Մեր մեծերը փրկել են, պահել, բերել են մեզ հասցրել գանձեր, որոնց, ի դեպ, մյուս ազգերը նախանձում են: Չնայած նրանք ավելի բարեկեցիկ են ապրում, բայց շատ ուրիշ բաներ չունեն, դրա համար էլ փորձում են իրենցով անել: Աշխարհում շատ քիչ ազգեր են, որ ունեն իրենց ֆոլկլորը` ավանդական երգն ու պարը, հեքիաթները, իմաստուն մտքերը, այն ամենը ինչ փոխանցվել է սերնդեսերունդ… որովհետև շատ քիչ ազգեր են այդքան հնուց հասել մինչև մեր օրերը` դարերի ու հազարամյակների միջով»:

Խաղաղության հետքերով…

Hasmik-Harutyunyan-001«Օրորոցայիններն ինձ համար ամենաազդեցիկ հայրենասիրական երգերն են: Եթե հենց օրորոցից փոխանցվի մարդուն ինչ-որ խորհուրդ, որը հետո հասկանալով, մարդ կյանքում իր տեղը, ապրելու նպատակը գտնի, ոչ ոք ոչմ եկին չի ճնշի իրականության մեջ, ամեն մեկն իր գործը կանի և ուրիշի տեղը չի գրավի, որովհետև կհասկանա, որ դա իրենը չէ: Ինչքա՜ն երանելի ժամանակներ կլինեն: Պատմական Հայաստանի ամեն շրջան ուներ իր օրորոցայինը,  բայց ողջ աշխարհում էլ` ուրիշ ազգերի օրորոցայինները եթե ուսումնասիրենք, մայրերը նույն բանի մասին են երազում. խաղաղություն, բարեկեցիկ կյանք և այլն: Ամեն ազգ ունի իրեն բնորոշ երաժշտականմ տածողություն: Օրորոցայինն այնպիսի մեղեդի պիտի ունենա, որ մտքովդ անգամ չի անցնի, թե երաժշտական կրթություն չունեցող մայրը այդպիսի հանդարտ երգով կարողանա քնեցնել մանուկին: Արժեքներ են դրանք, որ ստեղծվել են բնության հետ զրույցի միջոցով»:

Զարթոնք…

«Տոներն էլ վերածնվում են կամաց-կամաց: Հայտնի է, որ դեռ նախաքրիստոնեական ժամանակներից են եկել մի շարք տոներ: Այժմ արդեն եկեղեցում արարողությունից հետո բակում մեծ շուքով` ազգային երգ ու պարով, խաղերով համեմված շարունակվում են այնպիսի տոնակատարություններ, ինչպիսիք են Տրնդեզը, Սուրբ Հարության(Զատիկի) տոնը և այլն: Մշակութային զարթոնքը, որ սկսվել է դեռ նախորդ դարի վերջում, շարունակվում է մեր օրերում: Բոլոր ժամանակներում երգը պետք է: Հիմա, օրինակ, հայրենասիրական երգերը ոգի են բարձրացնում, ուժ են տալիս, սահմանին կանգնած զինվորին նոր հերոսություննների են մղում: Այնպես որ նախ և առաջ պետք է իմանանք մերը, հնուց մեզ փոխանցվածը, զգանք այնքան տարբեր` կենսունակ, հանդարտ, բայց միևնույն ժամանակ խրոխտ երգերի իմաստությունը, որ մաքրվենք, կարողանանք կրթել ու դաստիարակել մշակույթի միջոցով»:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով