«Ոչ մէկ խոչընդոտ չի կրնար կասեցնել զիս իմ առաքելութեանս մեջ, որուն նուիրականութեանը համոզուած եմ ես բոլոր սրտովս»:
Կոմիտաս երգահանի, մտավորականի, հոգևորականի, մանկավարժի յուրաքանչյուր նախաձեռնություն մշտապես զուգակցվել է հայ ազգային ինքնությունը պատվախնդրորեն վեր հանող, մատնանշող, բացահայտող առաքելությամբ: Անշուշտ, այդ առաքելությունը մեր երախտագիտական ակնարկով չէ, որ պիտի արժևորվի, բայց, այդուհանդերձ, ստորև բերված կոմիտասյան ուղերձն արդիական է, ժամանակի պահանջ ու թանկագին պատգամ:
«Ին՞չ է ազգային երաժշտությիւնը, ին՞չն է նիւթ տալիս ազգային ժողովրդական երգերին: Արդեօք նրա հպարտ լեռները, խոր ձորերը, դաշտերը, բազմազան կլիման, պատմական հազար ու մի դէպքերը եւ անցքերը, ժողովրդի ներքին եւ արտաքին կեանքը»: 1905 թ. ապրիլի 6-ին Կոմիտասն այս հարցադրումով է սկսում ելույթն ու անմիջապես հնչեցնում պատասխանը. «այո՛, այս բոլորը, բոլորը նիւթ են կազմում ազգային երաժշտութեան, մի խօսքով այն ամենը, ինչ ազդում է այդ ազգի զգայարանքների եւ մտքի վրայ»: Թիֆլիսի Հովնանյան դպրոցի լեփ-լեցուն դահլիճում այսկերպ սահմանելով ազգային երաժշտությունը՝ շարունակում է խոսել հայ եկեղեցական ու ժողովրդական երգերի ստեղծման պայմանների, տեսակների, արտաքին ազդեցությունների, ներքին փոխազդեցությունների մասին և ամփոփում կարևոր փաստով, այն է. «Մեր ժողովրդական եւ եկեղեցական եղանակները հավասար չափով չեն զարգացած: Առաջինները արտաքին քաղաքական պայմանների ազդեցութեան տակ ճնշուել, սեղմուել, ամփոփուել են, առանց կորցնելու իրանց խորութիւնը եւ արտահայտիչ ոյժը: Իսկ երկրորդները, եկեղեցու անձեռնմխելի հովանու տակ աճել, ընդլայնուել եւ զարգացել են»: Ընդունելով եկեղեցական երաժշտության առավել զարգացվածությունը, Կոմիտասն երբեք չի ստորադասել աշխարհիկը՝ ժողովրդականը: Վերջինս համարելով մեր ազգի հպարտությունը՝ մի ակնարկում գրում է. «Ժողովուրդն ստեղծում է ամեն մի երգ առանց կանխակալ մտածողութեան. մտքին կից, միաժամանակ անարուեստօրեն հոսում է եւ եղանակը»: Այս դիպուկ ձևակերպումից հասկանում ենք, որ ժողովուրդը, դյուցազներգով հերոսներին գովերգելիս, ողբերգերով մարդկային կորուստները սգալիս կամ շինականը, քաղհանի, հունձքի, գութանի երգ հյուսելիս, չի նպատակադրվել երգարվեստի նմուշ ստեղծել: Ինչ վերաբերում է բնության երգերի մեղեդու բնավորությանն, ապա այն անմիջականորեն պայմանավորված է միջավայրով, և պատահական չէ, որ Կոմիտասը, դրանք ուսումնասիրելիս և դասակարգելիս, առաջնորդվել է պատճառահետևանքային վերլուծություններով. «…լեռնային տեղերում դուք պիտի հանդիպէք առհասարակ բիրտ, բուռն եւ ցասկոտ, ըմբոստ եւ մի խօսքով մարտական եղանակի, որովհետեւ ինքը բնութիւնը այնտեղ անընդհատ կռուի մեջ է, փոթորիկ, որոտ, կայծակ, հեղեղ եւ այլն: Իսկ, ընդհակառակը, դաշտավայրերում ապրող ժողովուրդների մէջ հանդիպում էք խաղաղ, մէղմ, փափուկ, քնքուշ եղանակների, որոնք արդիւնք են համապատասխան բնութեան: ….Ապարանի գիւղերում, ուր հունձքը յաճախ ենթարկուած է լինում բնութեան պատուհասներին, գութաներգը տխուր է եւ մելամաղձիկ: Իսկ օրինակ, Լօռու գութաներգը զուարթ է եւ կայտառ»: Այստեղ տեղին է մեջբերել Կոմիտասի նամակից մի երկտող՝ ուղղված մանկիկ Վահագնին. «Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մեկ գործքով դրոշմել…»: Բնության այսպիսի ընկալման և կոմպոզիտորական գիտելիքի ներդաշնակ համագործակցությունից է, որ հաճախ ունկնդրին դժվար է տարբերազատել Կոմիտաս երգահանի հեղինակային ստեղծագործություններն, իր իսկ կատարած, ժողորդական երգերի մշակումներից:
1913 թ. աշնանը Կոստանդնուպոլսի «Ազատամարտ» օրաթերթում առաջին անգամ լույս է տեսնում վարդապետի «Հայը ունի ինքնուրոյն երաժշտությիւն» մեծարժեք աշխատությունը, որին պարբերականի խմբագրությունը կցել էր Լևոն Համբարձումյանի ուղերձը Փարիզից: Այդտեղ մասնավորապես ասվում է, որ համայնագիտարանի խմբագրությունը ցանկանում է զետեղել բաժին՝ նվիրված հայ երաժշտությանը: Սակայն հիասթափությամբ նաև հայտնում է, որ հայ երաժիշտներից չի գտնվել մեկը, ով հանձն կառներ այդ գործը: Եվ միայն թուրքական երաժշտության ակնարկում է, որ պիտի ծանոթագրվեին որոշ հայ երաժիշտներ:
Ինչպես գրում է Կոմիտասն այս կապակցությամբ՝ համայնագիտարանի խմբագիրների կողմից մեր ազգային երաժշտության անտեսումը հիմնականում կախված է եղել միջոցների ու մասնագետների պակասից: Իսկ այն օտար մասնագետները, որոնք նկատել են մեր երաժշտության ինքնատիպությունը չեն կարողացել ապացուցել երաժշտական օրենքներով: Շաղկապելով հայ երգի ինքնուրույնության ապացուցման խնդրի հետ՝ հիշատակենք նաև մի հայ հեղինակի երաժշտագիտական հրատարակության մասին: Ըստ Կոմիտասի՝ Պ. Լ. Եղիազարյանը, շտապելով, առանց խորը ուսումնասիրությունների, նյութ է հրատարակել, որտեղ օտար եղանակները ներկայացված են որպես հայ ժողովրդական երգ, «որով եւ անշուշտ սխալ եւ հակառակ կարծիք պէտք է կազմեն մեր բարոյականի եւ մտաւորի, անցեալի եւ ներկայի մասին»: Այս տողերում հստակորեն արտահայտված է և՛ երաժշտագետի, և՛ պատվախնդիր հայ մտավորականի խորը վրդովմունքը: Արձանագրենք, որ բերված օրինակի և նմանատիպ թյուրիմացությունների պատճառը երաժշտության օտարումն է, օտարամոլությունից բխող խեղաթյուրումը. «…Կ. Պոլսի տիրացուները ամիրաներին դուր գալու եւ նրանց զուարճացնելու համար, սկսել են եկեղեցական եղանակները շարգիների, թիւրքերի եւ մանիների ազդեցութեան տակ կլկլացնել, զարդարել. այդպիսով շարականների, մանաւանդ տօնականների վրա պատուաստուել է օտար ոճը եւ պղտորել նրանց հարազատութիւնը»: Նկատենք, որ վարդապետի նշածը թրքահպատակ Հայաստանի իրականության դրվագներից է, այնինչ անկախ հոգևոր մշակութային պայմաններում ազգային երգի օտարման ցանկացած դրսևորում ոչ թե մշակութային փոխառություն է, այլ ազգային երաժշտության պղծում: «Խե՜ղճ հայ ժողովուրդ. ազգ ես եւ ինքնուրոյն այնքա՜ն, որքան միւսները, այդ ո՛չ ոք կարող է հերքել: Ունիս յատուկ լեզու՝ կը խօսիս: Ունիս յատուկ ուղեղ՝ կը դատես: Ունիս յատուկ մարդաբանական կազմ, որով կը զատուիս այլ ազգերէն ու անոնց կազմէն: Սակայն սիրտդ, որ զգացմանդ աղբիւրն է, քուկդ չէ եղել. այլ՝ մի ինչոր Ասորա-Բիւզանդական եւ Հընդկա-Պարսկական է եղել»: «Ունիս յատուկ լեզու՝ կը խօսիս». հայ երգի ինքնուրույնությունն ապացուցելիս՝ Կոմիտասը մշտապես հիմնվել է ազգային երգի ու լեզվի կապի անխզելիության փաստի վրա, ասելով՝ «եթե ազգը ինքնայատուկ լեզու եւ գրականութիւն ունի, ունի ե՛ւ ինքնուրոյն երաժշտութիւն»:
Այսպիսով, մեկ դար առաջ վարդապետը, ջանք չխնայելով, եվրոպական ամբիոններում ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույնությունը, ինչը չէր հաջողվել հայ և օտար երաժիշտներին: Եվ բոլոր նրանց համար, ովքեր իրենց ելույթներով կպնդեն, որ հայ երաժշտությունն ասորաբյուզանդական, հնդկապարսկական, արաբաթրքական, աղվանավրացական կամ այլ խառնուրդ է, Կոմիտասը «կպատասխանի». «բայց, աշխարհի վրայ ո՞ր երաժշտութիւնն անխառն ու անապական է, մեր գիտցածով, միայն անասուններունը, որոնք նոյն ձայնն ու նոյն ելևէջը կ’երգեն, զի փոխառութեան շնորհք չունին. բայց մենք, Հայե՛րս, իրաւունք չունինք մէկ ու կէս կարծիքով կամ պատմութիւնով, լսուածն ստրկաբար արձանագրել, գրիչ շարժել եւ դատել մի պատմական ազգ, որ դեր է կատարել անցեալում, կատարում է ներկայում եւ դեռ պիտի կատարէ ապագայում, քանի շունչ կայ բերանում»:
«20-րդ դարի Շնորհալու», «նաիրյան հանճարի հազարամյա սերմնացանի» վարքը ներշնչանքի աղբյուր դարձավ իր և մեր ժամանակակից արվեստագետների, գիտնականների համար: Վիթխարի է վարդապետի գործը… Նա իսկապես «վերակնքեց» ազգային երգը: Իրեն հատուկ քննախույզ մտքով ուսումնասիրեց ազգային երգի ամեն ելևէջ, պարի յուրաքանչյուր շարժում՝ ոտնածայրից մինչև իրան ու գլուխ, հիմնավորեց ու մեկնեց բազկի ու դաստակի ամեն ծածան ու շորոր, զատեց օտարն ու ազգայինը: Յուրաքանչյուր ձևավորված մշակութային դրսևորում դիտարկեց յուր ժամանակի և տարածության մեջ, ուսումնասիրեց մշակութաստեղծ հանդիսացող մի շարք գործոններ՝ շոշափելով իր ցեղի ոգին ու բնավորությունը, կենսազգացողությունը, պատմական անցքերը: Իսկ ազգին ճանաչելու համար բացահայտեց հայրենի բնության յուրաքանչյուր հյուլեն… Իր ամբարած գիտելիքով, իմացությամբ կերտեց սկուտեղ՝ ազգայինը բյուրեղացնող մի հսկա «մաղ», ու այդպիսով ազգայինն իբրև նշխար ճաշակեցրեց մեզ և Ձեզ: Որպես ազգապահպանման առաջնային երաշխիք ու միջոց, սերմանեց մշակութային ինքնության բարձրագույն գիտակցում, օտարման հանդեպ զգուշավորություն ու պատգամեց. «Ճանապա՜րհ կայ, ճանապա՜րհ կայ: Բերնէն ականջ շա՜տ կարճ է. բանէն փաստ՝ շա՜տ երկար» [1]:
- Պետրոսյան Դ., Կոմիտասի մշակութաբանական հետազոտությունները, «Գիտական տեղեկագիր» ՀՊՄՀ, 1-2 (26-27), Երևան, 2016, էջ 173
Aram Badalyan
That was a very sophisticated article with deep analysis of the roots how we kept our origin as a nation through music. One must understand that with no national identity in language, culture and in this case music and songs there is no Nation or definition of nationality. Thanks to Komitas for his hard work and thanks to the author for reminding us what he did for our Nation.Great article!