Խաչքարերը, որոնք հանդիսանում են հայ ժողովրդի հավատի խորհրդանիշ ձևավորվել են 8-9-րդ դարերում։ Խաչքարերի կերտման սկզբնական շրջանում պատկերաքանդակը դեռ բացակայում էր, քանի որ, ինչպես գիտենք, իսլամական կրոնը մշակութային հուշարձանները չի թույլատրում զարդարել պատկերներով, իսկ այդ շրջանում հայ ժողովուրդը դեռ վերջնականապես չէր թոթափել արաբական տիրապետության լուծը։
12-րդ դ․-ի վերջից խաչքարային հորինվածքում տարածում են գտնում պատկերաքանդակները, իսկ ահա 13-րդ դ․-ի վերջից, երբ խաչքարային արվեստի ծաղկումը հասել էր իր գագաթնակետին, հայտնվում են «Ամենափրկիչ» կոչված խաչքարերը, որոնց մեր ժողովուրդը վերագրել է բուժիչ հատկություն։ Դրանք 4-ն են` Հաղպատի 1273 թ., Ջղինգյոլի 1279 թ., 1281 թ. Դսեղի և 1285թ. Մարցի խաչքարերը: Սրանց վրա տեղ է գտել Քրիստոսի խաչելության տեսարանը:
Հանդիպում են 12-13-րդ դդ. թվագրվող այնպիսի խաչքարեր, որոնց վրա ներկայացված են սրբերի, հրեշտակների, առաքյալների ու անգամ հասարակ մահկանացուների կերպարներ և որ ամենակարևորն է՝ խաչքարերի վրա պատկերվում են Քրիստոսը, Տիրամայրը։
12-13-րդ դդ․ հայ քանդակագործությունը վերելք է ապրում։ Վանական շինությունների ճարտարապետական հորինվածքներին լրացնելու են գալիս քանդակային հարդարանքները։ Հայ քանդակագործության մեջ տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, ի հայտ են գալիս նորություններ, քանդակագործական արվեստի նոր ձեռքբերումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև խաչքարերի հորինվածքը լրացնող տարրերի՝ պատկերաքանդակների վրա։ Դա բնական է, քանի որ խաչքարերը հայ քանդակագործական արվեստի անբաժան մասն են կազմում։ Ճիշտ է քանդակագործ վարպետը խաչքարերի պատկերաքանդակները կերտելիս փորձ է անում ուշադրություն դարձնելու օրինակ` պատկերված ֆիգուրների դիրքերին, ժեստերին, բայց այս և նմանատիպ այլ փորձեր դեռ պրիմիտիվ մակարդակի վրա էին, դեռ կար որոշակի պարզունակություն, ինչը կապված էր այն հանգամանքի հետ, որ ավելի շատ ուշադրություն էին դարձնում ոչ թե պատկերված կերպարի նյութական մասին՝ մարմնին, այլ՝ հոգևորին, փորձում էին ներկայացնել պատկերված պերսոնաժների հոգևոր հարստությունը։ Կերպարները հիմնականում խոշոր աչքերով են. դրանց միջոցով շեշտը դնում էին հայացքի վրա։ Պատկերաքանդակների կերտման մեջ դեռ տեսնում ենք որոշակի կոպտություն։ Հագուստի ծալքավորումը հաճախ չոր էր արվում։ Այս շրջանի խաչքարերի պատկերաքանդակներում ներկայացված անձանց գլուխները որոշ դեպքերում դեռ հենվում են ոչ թե պարանոցի, այլ՝ ուսերի վրա: Միայն կարճ ժամանակ անց ենք հայ քանդակագործության մեջ տեսնում հակառակ միտումը (երբ գլուխները սկսում են հենվել պարանոցի վրա)։
Տարածված թեմաներն էին՝ Ամենակալը գահին, Դեհիսուսը (երբ ներկայացվում է Քրիստոսը, նրա երկու կողմերում՝ Տիրամայրն ու Հովհաննես Մկրտիչը), Ահեղ Դատաստանը, նույնիսկ տերունական շարքից տեսարաններ էին ներկայացվում, օրինակ՝ Ավետումը, Մկրտությունը։ Ուշագրավ են Այրիվանքի 1213 թվ-ի խաչքարի վրայի պատկերաքանդակները, Իմիրզեկից ծագող խաչքարի (կանգնեցվել է 1233 թվականին) քիվի պատկերաքանդակները:
Պատկերաքանդակներով հարուստ խաչքարեր հայտնի են Գտչավանքից, Դադիվանքից, Կարմրաշենից։
Սկսած 13-րդ դ-ից խաչքարային վերնամասում տեղ է գտնում Աստվածածնի պատկերը:
Իր կատարման վարպետությամբ 13-րդ դ․-ի խաչքարերի մեջ առանձնանում է հոյակերտ մի խաչքար՝ Դսեղի «Սիրուն խաչ» անվամբ, որի քիվին ներկայացված է Ամենակալը գահին հորինվածքը:
Կրոնական թեմաներով պատկերաքանդակներ կերտելու ավանդույթը շարունակվեց նաև հետագա շրջանի խաչքարերում՝ սկսած Մոմիկից:
12-13-րդ դդ. հանդիպում են խաչքարեր, որոնք կրում են աշխարհիկ պատկերաքանդակներ։ Մահկանացուների պատկերաքանդակները լիարժեք արտահայտություն ունեցան Արցախի 12-13-րդ դդ. խաչքարերում՝ երևան բերելով ժողովրդական պատկերացումների մի շարք կողմերը [1, էջ 37]։ Պատկերվում են ռազմիկներ, իշխաններ, կանայք, արհեստավորներ, երեխաներ։ Հանդիպում են դեպքեր, երբ ոչ միայն պատկերվում են աշխարհիկ անձինք, այլև՝ թեմաներ, որոնք առնչվում են առօրյա կյանքի հետ։ Ներկայացվում են ռազմի, որսի, խնջույքի, սգո թեմաներ։ 12-13-րդ դդ․ է թվագրվում մի խաչքար (Կոշիկ անապատ), ուր ներկայացված է հեծյալը։ Մեծ հմտությամբ պատկերված են ձին, զենքը, հեծյալի գլխարկը։ Ձին ներկայացված է շարժման մեջ:
«Ընտանեկան» խմբաքանդակի լավագույն օրինակ է 1265 թվականի՝ Պետևանի կանգնեցրած խաչքարը Քանաքեռում։ Քիվին, խաչի երկու կողմերում Պատևանն ու իր որդին են, եզրագոտում ևս երկու կերպարներ են. սրանք Պետևանի մյուս որդիներն են, որոնցից մեկի ձեռքին սափոր և գավաթ է։ Այս խաչքարում քանդակագործ վարպետը ուշադրություն է դարձրել կերպարների հագուստներին։ Ձեռքերի ու ոտքերի կատարման մեջ նկատվում է անհամաչափություն։
Խնջույքի տեսարաններ պատկերող խաչքարերի հորինվածքում ներկայացվում են սափորն ու գավաթը: Գավաթը մատնաշում է գինին, իսկ վերջինս փոխարինում է արյանը և փաստորեն դրանով խաչքարը ձեռք է բերում անմահություն պարգևելու գործառույթ [ 2, էջ 305]։
Աշխարհիկ թեմաներով պատկերաքանդակները խաչքարերի վրա, նյութ են տալիս ուսումնասիրելու տվյալ ժամանակաշրջանի տարազը, զենքի տեսակները։
Այսպիսով, պատկերաքանդակների հայտնվելը 12-13-րդ դդ․ խաչքարերում իսկապես հպարտանալու առիթ է տալիս մեր բազմադարյան մշակույթ ունեցող ազգին։
Աղբյուրներ՝
1. Պետրոսյան Համլետ, Խաչքար, Երևան, 2014:
- Պետրոսյան Համլետ, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008։
Թողնել մեկնաբանություն