+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Ի՞նչ է նշանակում ես գոյություն ունեմ… Սէվ (Հենրիկ Խաչատրյան)


Ի՞նչ է նշանակում ես գոյություն ունեմ…

Սէվ


Իմ ապրելու ձևն իմ գործերն են:

Ստեղծագործող մարդը թերի մարդն է, ով ուզում է ամբողջականանալ: Կիսատ պռատությունը մարդուն ավելի ստեղծագործ է դարձնում: Աշխարհը մեր մարմինն է, և փոխադարձ կապի ու կատարելագործման ցանկությունից էլ ստեղծվում է արվեստի պահանջը: Վառել եմ գրածներս, երեսուն տարեկանում` ծննդյանս օրը: Ինը տարեկանում որոշել էի դառնալ ֆանտաստ գրող: Մեծ-մեծ գրքեր էի կարդում ու առաջին կարդացածս գիտական ֆանտաստիկա էր, և որոշել էի դառնալ հայտնի ֆանտաստ գրող (հայտնին էլ ընդգծված):

Գրելը իմ ապրելակերպն էր, իսկ գոյությունս պահպանելու համար տարբեր պատահական աշխատանք էի անում: Գրում էի փոքր բաներ, ու շարունակում կարդալ… կարդալ ամեն ինչ. մի երկու երեք տարի, հնարավորինս խորացված, համեմատական լեզվաբանության վրա էի գլուխ կոտրում… և հասկացա, թե ի՞նչ է գրականությունը:

Եզրակացությունս այն էր, որ լեզուն ինձ ավելի շատ խանգարում է, քան օգնում գրելուն:

Sev-Henrik-Khachatryan

Սէվի դիմանկարը
Հեղինակ՝ Նարեկ Արզումանյան

Մարդը վստահում է ոչ թե իր զգացողություններին ու մտքին, այլ կարծրատիպերին:

Որպեսզի գույնը իսկապես ընկալվի, պետք է հասկանալ գույնի ու լույսի բացակայությունը:

Մենք մեծամասամբ համեմատելով ենք այս աշխարհը ընկալում, բայց համեմատելով ընկալվածը աշխարհի շատ փոքր մասն է, եթե  ոչ չնչին մասը: Մենք հիմնականում ընկալում ենք անմիջապես, և ընկալում ենք այնպիսին ինչպես մենք կանք: Հետևաբար աշխարհի ճանաչումը անխուսափելիորեն կապակցվում է ինքնաճանաչման հետ… վատ գիտես ինքդ քեզ, հետևաբար վատ գիտես քեզ շրջապատող աշխարհը։

Վստահի՛ր ինտուիցիային:

 Մենք անընդհատ ենթադրություններ ենք անում, կամ մեր պատկերացրածով`մտածում ենք, և ըստ դրանց որոշումներ ընդունում, բայց չենք ուկնդրում մեր մարմնին, նրանից եկող անընդմեջ ազդանշաներին: Մեր ինտուիցիան կարող է ավելի շատ բան հուշել, քան մեր ենթադրություն/կարծիքները:
Հիվանդանում ենք` մարմնի ու մտքի ֆունկացիաների անհավասարաչափ բաշխման հետևանքով: Եթե մենք լսենք մեր «ներսի» ազդանշանները, ապա մարմնի վիճակը ավելի կարգավորված կլինի, իսկ միտքը ավելի խաղաղ ու արդյունավետ:
Մարմին ասելով միայն մեր անձնական մարմինը նկատի չունեմ… բնությունը մեր մարմնի շարունակությունն է։

Ես իրապաշտ եմ:

Ես վերացապաշտական արվեստի հետևորդ չեմ:

Ինձ հետաքրքրում է շատ կոնկրետ բան` նյութը: Բայց նյութը ոչ միայն որպես նյութականություն, այլ նաև որպես որոշակիություն, կոնկրետություն, անհատական փորձով ստուգել/հաստատելու հնարավորությամբ… այս իմաստով ես անհավատ եմ, գերադասում եմ գիտելիքը, հավաստին, հաստատվողը… հարգում եմ, հիմնականում, բոլոր հեղինակություններին, բայց հարյուր տոկոսով ոչ ոքի չեմ վստահում…

Իմ գործերում ծանոթ, ճանաչելի պատկերի բացակայությունը հաճախ շփոթում են վերացապաշտության հետ։

Sev-Henrik-Khachatryan-super-whiteԻմ արածում` ինչպեսին երեխաների մոտ է, նմանակելու խնդիր չկա՛:

 Մարդու ստեղծագործական գործունեությունը վելուծող/մեկնաբանողների մեծ մասը, հիմնականում,աշխարհը դիտարկում են այն տեսակետից, իբր մեր գիտակցությունը, հայելու պես անդրադարձնելու ունակություն է, գործիք. Սա շատ պարզունակ մոտեցում է, այնքան պարզունակ, որ ավելի շատ կեղծ, մտացածին եզրահանգումներ է բերում, քան դույզն ինչ մոտենում է այդ երևույթի մեկնաբանմանը…
Երեխան խաղալիս ոչ թե նմանակում է, այլ փորձում է հասկանալ իրեն շրջապատող իրականությունը, ներդաշնակ հարաբերվել կարողանալու համար… ուսում/ճանաչողությունը հիմնականում ամբողջացրած անհատը, աշխարհը ո՛չ թե բացատրում, մեկնաբանում, փոխում է, այլ ԳԻՏԱԿՑՈՒՄ Էու ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ… որն էլ մեր կյանքն է…

Սէվ անվանս հեղինակը իմ լավ բարեկամ և ուսուցիչ` Քիքին է (ԳրիգորՄիքայելյան):
Սակայն սևն ինձ համար գույն չէ: Սևն անհայտն է: Հիմա գիտությունն էլ է պարզել, որ տիեզերքի իննսունհինգ տոկոսը սև էներգիաէ և սև նյութ:
Հարցը այն է, որ երևացող, անմիջապես ընկալվող լույսը ամենակարևոր չէ և լույսի հակառակն էլ մութը, խավարը չէ: Իմ ակնարկած սևը ոչինչն է: Բուդիզի բերած շունիաթաի (Śūnyatā)` զրոյի գաղափարը: Շունիաթանդատարկության սկզբունքն է: Այսինքն` դատարկությունը ամեն ինչն է, և դրանում հայտնվող ցանկացած բան պատրանք է: Գույնը լույսի ինտերֆերենցիայի` ներխուժման ու փոխբեկման արդյունք է: և այն բոլոր մակերևույթները, որոնք կլանում են լույսը, սև են: Սակայն միակ իրական լույսը Սև ԼՈՒՅՍՆ է…

Աշխարհը միշտ ստեղծվում է: Կա հիմնական երկու պատկերացում.

Աշխարհը ստեղծվել է՛։ Աշխարը ստեղծվում է՛։

Առաջին մոտեցումը շատ է պարզունակացնում աշխարհի ինչ լինելը, քանզի այն մարդակենտրոն (anthropocentric) է…

Իմ համոզմամբ, եթե աշխարհն ամեն պահ է ստեղծվում, հետևաբար մենք այդ ստեղծման անմիջական մասնակիցն ենք. Կարևոր էլ չէ մենք ակտիվ ենք այդ պահին, թե՞պասիվ… միևնույն է պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է, նոր ապա բոլորինս: Իսկ մարդիկ, հիմնականում, խուսափում են ազատությունից, քանի որ պատասխանատվության խնդիր կա` իր և աշխարհի համար:

Sev-Henrik-Khachatryan-mr-&mrsԱզատությունը ամենապատասխանատու բանն է:

«Ի՞նչ է մնում անել բանտարկյալին, եթե ոչ ազատ լինել։»
Ժան Պոլ Սարտր:

Ոչինչը ազատությունն է: և ոչնչից, ազատությունից, է ստեղծվում ամեն ինչ: և ոչինչը դատարկը, փուչը կամ սնամեջը չէ՛, քանի որ այն դուրս է ժամանակից ու տարածությունից… դատարկը պարզապես վիճակ է, անցողիկ, հարընթաց վիճակ: Տարածաժամանակային դատարկությունը միշտ և անմիջապես լցվում է… ու դատարկություն չի հանդուրժում։

Մենք բառեր ենք օգտագործում, սակայն գտագործելուց պետք է վստահ լինենք, որ այդ բառերի համադրությունը գոնե մոտենում է իրականությանը, իրականին:

Եթե ամեն ինչ չի, որ ասվում է, գոնե պիտի վստահ լինենք, որ ասվում է հիմնականը`էականը, և եթե ասած/արտահայտածը ամբողջապես չի բացատրում, բացահայտում իրեն, գոնէ ճանաչել է տալիս:

Մենակ մարդը միշտ մտածում է, որ ինքը սխալ կետում է հայտնվել: Սակայն միջավայրը ինձ օգնեց հասկանալ, թե ո՞վ եմ ես:
Քսանչորս տարեկան էի,երբ հանդիպեցի մի խումբ մարդկանց, ովքեր ապրում էին շատ յուրօրինակ կյանքով, ակտիվ շփվում էին միջավայրի հետ, բայց մեծ կարևորություն չտալով այդ միջավայրը կառավարել փորձող համակարգին: Քանզի համակարգը չէ՛, որ որոշում է մեր ինչ և ով լինելը, ցանկացած համակարգ ընդամենը միջավայրի մտային, արհեատածին կառույց է… ամենաակնհայտ համակարգը մշակույթն է` գիտություն, տնտեսություն, քաղաքականություն, ավանդություններ:

…Արվեստը գերխնդիր չունի, այն ինքնաբուխ ու ազատ դրսևորում է, որ հարաբերվելով միջավայրի` հասարակության հետ, օգնում է մարդկանց շփվել, համագործակցել և արարել: Արվեստագետի ապրելու ձևերից մեկը իրարածը ցուցադրելն է, կամ վաճառելը…

Արվեստագետը ցուցադրվում է այն դեպքում` երբ արդեն ասելիքունի: Ինձ միշտ հետաքրքիր է մարդու՛ն, հետևաբար`

ինքս ինձ ճանաչելը:
Ստեղծագործության ընկալումը դիտողի կողմից շատ բան է ասում դիտողի մասին: Իմ գործերի օգնությամբ ես ճանաչում եմ մարդկանց: Արվեստի գործը`առարկան, կատալիզատոր է, այն` կախված կոնկրետ մարդու վերաբերմունքից, օգնում է և՛դիտորդին և՛ ինձ բացահայտել ինքներս մեզ, մեր ներքին, թաքուն` «մութ անկյունները»:

Մարդ-անհատի առաջին և հիմնական խնդիրն է հանգուցալուծել ձանձրույթի թնջուկը:

Sev-Henrik-Khachatryan-fireboxԿյանքի շարժիչը անհրաժեշտությունն է։  Կյանքի շարժիչը անխուսափելին է։

Այս պարագայում կյանքի շարժիչը ձանձրույթն է՛։ Երբ հասուն տարիքում, վերջապես, անհրաժեշտի ու անխուսափելիի խնդրը որոշակիության է բերվում, հայտնվում է ձանձրույթը` «Weltschmerz»-ի՝ Տիեզերական Թախծի տեսքով, որը կարող է հաղթահարվել միայն ստեղծագործելով…
Հիմնական անխուսափելին մահն է… ու ի՜նչ տառապանք է, անընդհատ մահվան վախի մեջ լինելը, մահվան սպասումը…Լիարժեք` հագեցած, կյանքը հնարավոր է միայն մահվան վախի հաղթահարման պարագայում։
Սպասել մահվան, նույնն է թե սպասել կյանքին՝ ապրելուն…Եթե անգամ կա՛ սկիզբ ու վերջ, ապա կյանքն ու մահը հարափոփոխ զույգ են` փոխլրացնող երկվորյակներ… սա նման է շնչառությանը` շնչել/արտաշնչելու կերպով. Մեկը առանց մյուսի անհնար է…

…Եթե արժանապատիվ չես ապրում, կյանքդ իմաստ չունի: Եթե մարդը իր գոյությունն գիտակցող արարած է, ուրեմն իր անգիտակից լինելը անհեթեթություն է: Ինչպես կարող է մարդ համարի, որ գիտակցություն ունի և չօգտագործի այն: Այնինչ մարդիկ իրենց գիտակցական կյանքում շատ անգիտակից բաներ են անում:

Մեղք գոյություն չունի` կա կամ գիտակցություն կամ տգիտություն:

Արվեստն ինքնաճանաչողության ձև է: և ինձ համար շատ կարևոր է, որ կամքիս հակառակ չգնամ, չ՛սահմանափակեմ ու չ՛արգելակեմ և ի՛մ և մյուսների ազատ հոսքը` կյանքը,և որպեսզի՛ ինձ հետ ապրող մարդիկ շատ չնեղվեն ու ստիպված չանեն բաներ, որ իրենց սրտով և կամքով չէ՛:

Ես պացիֆիստ չեմ, բայց դեմ եմ ցանկացած բռնության… բռնություն գործադրելը թուլության նշան է։

Իմ միակ նպատակն է, տառացիորեն ամեն վարկյան, փորձել հասկանալու գիտակցել, թե ո՞վ եմ և ինչու՞եմ ապրում:

Մեր խուճուճ ժամանակներում հաճախ է հառնում ՎԵՐՋԻ հարցը… անգլերեն  verge (վըրջ), լատիներեն, իտալերեն verge (վերջե)… եզր, վերջույթ, ծայր… առաջացած տարիքը ծերությունն է, ծեր – ծայրին, եզրին հասածը, միգուցե վերջացողը… էդ շարքից է նաև ավարտը, ամբողջացումը, ամբողջական դառնալը, որը նաև ՈՂՋ-ն է, որը ԱՄԲՈՂՋ-ի արմատն է (Բոլոր, ողջ, լրիվ, ամբողջական, ամեն, ամենայն, բովանդակ, համակ, համորեն, (գվռ.) լոխ, լման, դիփ, չիմ (առարկան՝ երևույթը են իր բոլոր մասերով, առանց պակասորդի կամ մնացորդի): Վերջը, վախենալի, ահաբեկող է քանզի մենք որպես մաս, մասնիկ մեծ դժվարություն ունենք ընկալելու ամբողջը – ամբողջականը, բայց լրումը գալիս է ինքնաբերաբար, հիմնականում առանց մեզ հարցնելու… իսկ երբ մենք են հարցադրման հեղինակ/սկզբնավորողը ամեն ինչ պարզվում, հստականում է, անհանգստացնող, տանջող հարցեր չեն մնում… ինչ սկսվել է պիտի ավարտվի/վերջանա… ինչը սկիզբ ունի, ունի՛ նաև ավարտ… վերջը բնական է… ու օրինաչափ։


Sev-Henrik-Khachatryan-217Սէվ (Հենրիկ Խաչատրյան) ավանգարդիստ, արվեստագետ:

Ֆանտաստ գրող դառնալու նրա պատանեկան ձգտումը տարանցվեց ինքնարտահայտման մեկ այլ ասպարեզ, ուր Սէվը կարողանում է նյութը`մատերիան, վերակերպել գեղագիտականի ու այն օժտել գաղափարով, ինքնությամբ և իմաստով: Աշխատանքային գործիքը կրակն է, որին կառավարելու մեջ Սևը վարպետացել է անցած երեսուն տարիների ընթացքում:
Սէվի անհանգիստ խառնվածքի արտահայտման կերպն է նրա կյանքը: Ութսունակաների կեսերից ներգրավվել է Երևանի արդի արվեստի մեջ շոշափելի շարժում բերած ավանգարդիստական շրջանակներին: Երրորդ հարկ ավանգարդիստական խմբի արվեստագետներից է, նույն ժամանակ հրատարակվող «Այսօր» ամսագրի համահիմնադիրն ու համախմբագիրը: Նաև նրա ջանքերով է հիմնադրվել Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնը, կազմակերպվել Գյումրիի միջազգային բիենալեն (Վազգեն Պահլավունի Թադևոսյանի և Ազատ Սարգսյանի հետ):
Սեփական մտածողության նոր շերտեր բացահայտելու մղումը նրան ժամանակին դրդել է իր համախոհների հետ անգամ կուսակցություն հիմնադրել («Հայաստանի Անիշխանականների Կուսակցություն»):
Ինքն իրեն հավատարիմ լինելըու իրներքին մղումներին հետևելը Սէվին բնութագրող գծերից են, իսկ լիարժեք ինքնարտահայտումն էլ ներքին ներդաշնակություն գտնելու նրա միակ ճանապարհն է:
Բազմաթիվ ցուցադրությունների հեղինակ է: Վերջին ամիսների ընթացքում նրա աշխատանքերը ներկայացվեցին Բեվերլի Հիլզի «Գարբուշյան» ցուցասրահում և Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում:
1999-ի վերջերից բնակվում է Միացյալ Նահանգներում:
Սէվը ներդաշնակ ընտանիք ունի, և նրա երկու դուստրերը ժառանգել են նրա անբռնազբոս երևակայությունն ու անկաշկանդ մտածելու կարողությունը:
Սէվը սիրում է սուրճ ու ծխախոտ, մտածել, բանավիճել, շփվել բարեկամների ու ընկերների հետ, իր յուրահատուկ հումորով կատակել, ստեղծագործել:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով