+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Ֆրիդա. Այդ տարօրինակ հանճարը


Frida-001Մեծագույն գեղանկարիչների խոհուն ու նրբագեղ աշխարհն ու նրանց՝ հաճախ դժբախտ ու զրկանքներով լի կյանքը, մշտապես գտնվել են համաշխարհային կինեմատագրաֆի ուշադրության կենտրոնում: Այդ տարօրինակ հանճարների մասին պատմող կենսագրական ֆիլմերը դիտելիս, մեզ հնարավորություն է ընձեռվում խորասուզվել վառ անհատների ներաշխարհ, վկան դառնալ նրանց կրքերի, վերելքների ու անկումների, հետևել իրենց վրձնի յուրաքանչյուր հպման թղթին, որի արդյուքնում ստեղծվում են շրջակա միջավայրի ու մարդկային մարմնի գեղեցկությունը գովերքող կտավներ:

«Արվեստագիր» առցանց մշակութային հանդեսի կինո բաժնի մշտական սյունակագիր Միքայել Մարգարյանը մեծ սիրով ներկայացնում է Ձեր՝ սիրելի ընթերցողների դատին, հանճարեղ արվեստագետներից մեկի կյանքը վերարտադրող ոչ պակաս հանճարեղ  «Ֆրիդա» ֆիլմը:


ՖՐԻԴԱ ԿԱԼՈ. «Հաճոյախոսությունների կարիքը չունեմ. քննադատե՛ք ինձ»

Ծագումով մեքսիկուհի Ֆրիդա Կալոն XX դարի կերպարվեստի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է:

Նրա ապրած կյանքն ու անցած ստեղծագործական ճանապարհն ապացուցում են բոլորիս քաջ հայտնի այն ասույթը, ըստ որի. ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում:

Frida-002Frida-011

Ընդհանրապես, հիվանդություններն ու դժբախտույթունները հետապնդել են Ֆրիդային իր ողջ կյանքի ընթացքում, բայց արտիստուհին չի ընկճվել, հանձնվել, այլ ընդհակառակը՝ ավելի ամուր է դարձել, ձգտել է արարել, սիրել, ապրել…

Հարկ է նշել, որ հոլիվուդյան ռեժիսոր Ջուլի Թեյմորի առջև լուրջ խնդիր էր դրված. նկարահահանել մի ֆիլմ, որում կներկայացնի ֆրիդայի կյանքի դրամատիզմը այնպիսին, ինչպիսին այն եղել է իրականում. ցնցող, զգայական, առանց չափազանցության:

Եթե լինենք անկեղծ, խոսել, գեղարվեստորեն արտացոլել Ֆրիդային չափազանց բարդ է՝ դրա համար գերբնական ուժ, բացառիկ դերասանական վարպետություն է պահանջվում: Գաղտնիք չէ, որ Ֆրիդայի իր արարած կտավներում ամփոփել է իր կենսագրությունը: Իր կախարդական վրձինը վերարտադրել է այդ տաք, կրքոտ ու մշտապես ռիսկի գոտում գտնվող կնոջ սերը, ցավը, վիշտը, տառապանքը:

Frida-009 Frida-005 Frida-007


Ըստ իս, լատինամերիկյան ծագում ունեցող դերասանուհի Սալմա Հայեկին հաջողվեց մարմնավորել այդ կերպարն ազդեցիկ կերպով, ու կարողացավ համոզել, որ նկարչուհու ցավն իրենն է:Մի առիթով իրական Ֆրիադան ասել է. «Ես նկարում  եմ  ինքս  ինձ, քանի  որ  ժամանակի  մեծ  մասն  անցկացնում  եմ  միայնության  մեջ, և դա այն  թեման  է, որին  ես  շատ  լավ  եմ  ծանոթ»: Ու թեև, լինելով սիրված ի դեմս մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերայի և խորհրդային հեղափոխական գործիչ Լև Տրոցկիի, Ֆրիդան ուղղակիորեն դատապարտված է եղել մենության, նաև այն դեպքում, որ խրախճանքների, արկածների ու բոհեմիկ կյանքի վայելքներին տրվել է ամբողջ էությամբ: Դա նկատելի է ֆիլմում: Մի պահ անգամ մոռանում էս, որ Սալման ամենևին էլ Ֆրիդան չէ. թեպետ նմանությունն անժխտելի է:

Արդեն նշեցի ֆիլմի հաջողության գրավականն ապահոված երկու տարրերը՝ ռեժիսոր Ջուլի Թեյմորը և դերասանուհի Սալմա Հայեկը: Իսկ ահա երրորդ բաղադրիչը, որը հանդիսատեսին գամում է էկրանին՝ դերասան Ալֆրեդ Մոլինան է, որը մարմնավորում է մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվիերային, որի ավանդը մեքսիկական գեղանկարչության զարգացման մեջ անգնհատելի է ու ահռելի:    Այդ գեր, կրքոտ, բռնակալ, անընհդատ դավաճանող հանճարը Ֆրիդայի ամուսինը դարձավ, երբ նկարչուհին ընդամենը 22 տարեկան էր, իսկ նա՝ հասուն, փորձառու տղամարդ: Դիեգոյի մասին Ֆրիդան կասեր. «Ես ունեցել եմ մեծագույն երկու վիշտ. մեկը, հիվանդությունն էր, որ ինձ տապալեց, մյուսը՝ Դիեգոն…»:

Frida-006Frida-013


Իմ կարծիքով Ալֆրեդ Մոլինան գերազանցապես է կատարել իր առջև դրված խնդիրը՝ փոխանցել է այդ կիրքը, որը քայքայեց Ֆրիդային,  ու ծանր հարված հասցրեց՝  չմայրանալու դատապարտելով, կոտրելով նկարչուհու ամենասուրբ երազանքները: Մոլինային հաջողվեց կերտել այդ հակասական, տարօրինակ, տաղանդավոր, կնամոլ ու պեդանտ Ռիվիերային:

Ինչպես գիտեք, ես նախընտրում եմ չխոսել ֆիլմի սյուժեյի մասին, հնարավորություն տալով կինոսիրողին անձամբ դիտել կինոն, խորասուզվել կադրի մեջ, վերապրել յուրաքանչյուր տեսարան, երկխոսություն:

Այո՛, ֆիլմը գերել է ինձ ու ստիպել թերթել այդ հանրահայտ նկարչուհու կյանքի էջերը, ընկղմվել նրա արվեստի մեջ, անձնական ցավ ապրել ծնված օրվանից (1907 թ.) Ֆրիդային բաժին հասած դժբախտությունների պատճառով, երբ նա մանուկ հասակում հիվանդանում է,  շատերի  ծաղրանքներին արժանանում: Ու ես անկեղծ հպարտություն եմ ապրում, ամեն անգամ, երբ դիտում եմ այս ֆիլմը, որի հերոսուհին, ինչպես իրական Ֆրիդան ուժեղ կամքի տեր մարդ է, երբ դաժան ավտովթարից հետո, անկողնին գամվելով նա ձեռքին է վերցնում վրձինը ու նկարում սեփական կյանքը:

Frida-012 Frida-003


Նա (Սալմա Հայեկի մարմնավորմամբ) լավագույնս կերպով ապացուցում է, որ կյանքը հիասքանչ է իր մոխրագույն ու երփներանգ երանգներով, իսկ սերը՝ ուժ է, որով կարելի է դիմակայել ցավին ու չնայած ամեն ինչի՝ ապրել: Ի դեպ, այդ գաղափարն ամփոփված է իր վերջին գործերից մեկում. «Կեցցե՜ կյանքը»…

Անվանումը՝  Ֆրիդա

Ռեժ՝  Ջուլի Թեյմոր

Երկիր՝  Մեքսիկա, Կանադա, ԱՄՆ

Տարեթիվ՝  2002 թ.

Ժանր՝  մելոդրամա, դրամա, կենսագրություն

Տեւողությունը՝  123 րոպե (2:03)

Դերերում՝  Սալմա Հայեկ, Ալֆրեդ Մոլինա

Պրեմիերա (ԱՄՆ):  25.10.2002

Վարկանիշը MPAA՝  R

Բյուջեն՝  $12 000 000

Հասույթը (ԱՄՆ):  $25 885 000

Հասույթը (աշխարհ):  $30 413 474



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով